ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անուրջների ժամանակը

Դեռևս հին ժամանակներում մոգերը և քրմերը կարողանում էին հատուկ արարողակարգերի օգնությամբ կատարել գիտակցության փոփոխություն: Դա նրանց հսկայական հնարավորություններ էր տալիս, որոնք հասու չէին հասարակ մահկանացուներին:

Ավստրալիայի հնաբնակները մոգական ծեսերի օգնությամբ կարողանում էին իրենց մարմինը բերել մի այնպիսի վիճակի, որին ժամանակակից գիտնականները տվել են «անուրջների ժամանակ» հասկացությունը: Հայտնվելով նման վիճակում, նրանք չէին զգում տարածությունն ու ժամանակը, տեսնում էին անցյալը և ապագան, ինչպես նաև այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի էին ունենում հեռավոր տարածության վրա:

Բնականաբար, հնաբնակներն անտեղյակ էին «աստղային ուղևորություններ» կոչվող երևույթից: Այսինքն, փոփոխված գիտակցության պարագայում, մարդն ի վիճակի է հայտնվել ոչ միայն հեռավոր անցյալում, նաև՝ ժամանակի և տարածության ցանկացած կետում: Նման կարծիք են հայտնել առեղծվածային երևույթներ ուսումնասիրող փորձագետները:

Հիշենք, թե ինչ են պատմում կլինիկական մահ վերապրած մարդիկ: Նրանցից շատերը հավաստիացնում են, որ «սահմանագծից այն կողմ» իրենք հանդիպել են հանգուցյալ հարազատների հետ: Հաճախ, մահվան պահին, մարդու աչքի առջև գալիս է իր անցած կյանքը՝ դրվագ առ դրվագ: Ի՞նչ եզրահանգում կարելի է անել. փաստորեն, մարդու հոգին գնում է դեպի անցյալ՝ այն սեփական անցյալը, որն երբեք չի անհետանում, այլ մնում է ուրիշ հարթության մեջ:

 Հայելային պայծառատեսություն

Երբեմն մարդիկ տեսնում են ուրվականների, լսում մահացածների ձայները, զգում նրանց ներկայությունը: Սա նշանակում է, որ անցյալի և ներկայի միջև գոյություն ունի շփում և մենք, ցանկության դեպքում, կարող ենք կապի մեջ մտնել անդրշիրիմյան աշխարհ գնացածների հետ:

Հոգեբույժ Ռայմոնդ Մոուդին, ով «Կյանքը՝ կյանքից հետո» հանրահայտ գրքի հեղինակն է, ավելի քան 10 տարի հետազոտական աշխատանքներ է տարել՝ «հայելային պայծառատեսության» ֆենոմենի բացահայտման ուղղությամբ: Նրան հետաքրքրել են այն բազմաթիվ պատմությունները, որոնք վկայում էին հայելիներում մահացած մարդկանց պատկերների ի հայտ գալու փաստը: Ալաբամա նահանգում բնակվող պրոֆեսորը հին ալրաղացի վերին մասում պատրաստել էր հայելապատ մի սենյակ՝ վարագույրապատ, ամուր փակված պատուհաններով: Սենյակի պատին կախված մեծ հայելու դիմաց տեղադրված էր մի բազկաթոռ: Այն գտնվում էր մի այնպիսի անկյան տակ, որ այցելուն հնարավորություն չունենար հայելու մեջ տեսնելու իր արտացոլումը:

Գիտափորձերին մասնակցում էին տարբեր սեռի և մասնագիտության մարդիկ՝ իրավաբաններ, հոգեբաններ, բուժաշխատողներ, ուսանողներ և այլն: Բժիշկ Մոուդին կամավորներին նախօրոք խնդրել էր նախապատրաստվել՝ իրենց հանգուցյալ հարազատներից մեկի հետ շփման մեջ մտնելու համար: Կամավորները մինչ գիտափորձը պետք է ուշադիր դիտեին մահացածի լուսանկարները, հպվեին նրա իրերին և հիշեին հանգուցյալի մասին: Երեկոյան, փորձի մասնակցին ուղեկցում են հայելապատ սենյակ, որը լուսավորված էր միայն թույլ վառվող լամպի լույսով: Տվյալ անձը նստում է բազկաթոռին և «անջատում» ուղեղը կողմնակի մտքերից և լիցքաթափվում: Այնուհետև սկսում է ուշադիր նայել հայելու մակերեսին: Այդ ժամանակ հարևան սենյակում հերթապահում էր Մոուդիի օգնականը, ով պատրաստ էր օգնության հասնել՝ չնախատեսված իրավիճակի դեպքում: Գիտափորձի ավարտին փորձարկման ենթարկված անձանց հետ Մոուդին երկարատև զրույցներ էր վարում, որոնց ընթացքում նրանք պատմում էին, թե ինչ են տեսել ու զգացել: Կամավորների կեսից ավելին հայտարարել են, թե հայելու մեջ տեսել են իրենց մահացած հարազատներին և շփվել հետները: Որոշ մարդիկ էլ պատմել են, որ հայելու մեջ տեսել են ոչ միայն այն անձանց, որոնց հետ ցանկանում էին հանդիպել, այլ նաև՝ անծանոթների:

Վան Գոգի տիեզերական ուղևորությունը

Մեր ժամանակներում բավականին մեծ տարածում է գտել ռեգրեսիվ հիպնոսի մեթոդիկան, որի միջոցով մարդուն կարելի է «ուղարկել» դեպի անցյալ: Իսկ ահա 1977 թվականին ամերիկացի հոգեբույժ Բրյուս Գոլդբերգին հաջողվել է Ֆրանչեսկա անունով իր հիվանդին «ուղարկել» դեպի ապագա: Որոշ ժամանակ անց Ֆրանչեսկան «վերադարձել է» ապագայից և հայտարարել է. « Իմ  անունը Տիա է: Ես ապրում եմ 27-րդ դարում: Զբաղված եմ Երկիր մոլորակի նախկին բնակիչների բնակության վայրի ուսումնասիրությամբ: Այն գտնվում է Մարս մոլորակի ծայրամասում»: Ի դեպ, միջմոլորակային աստղային թռիչքների մասին. վերջերս աստղագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ «Հաբբլ» տիեզերական կայանի նկարահանած աստղային երկնքի պատկերը շատ նման է Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավին: Երկու նկարներում էլ տեսանելի են նույն չափերի և ձևի տիեզերական մարմիններ: Միակ տարբերությունն այն է, որ Վան Գոգն իր կտավում օգտագործել է կապույտ երանգներ, իսկ լուսանկարներում գերակշռում է կարմիր գույնը: Հարց է ծագում. ինչպե՞ս կարող էր հայտնի նկարիչը տեսնել այդ ամենը: Չէ՞ որ «Հաբբլ» տիեզերական կայանն  աստղային երկինքը լուսանկարել է՝ գտնվելով Երկրից 20 հազար լուսային տարի հեռավորության վրա: Վարկածները շատ են: Դրանցից մեկի համաձայն՝ Վան Գոգը կարող էր «մեկնած» լինել տիեզերական ուղևորության: Եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, նշանակում է՝ դա կատարվել է կամ երազում, կամ՝ հիպնոսային վիճակում: