ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Աշխատելու եմ բաց եւ թափանցիկ». Շիրակի նորանշանակ մարզպետ

Անած շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատանքից ազատման դիմումը և հանրությանը ներկայացրեց նորին՝ Հովհաննես Հարությունյանին:

Հովհաննես Հարությունյանը 2013թ. բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայի ՆԳԳՎ կլինակական հոսպիտալում, այնուհետև այլ մասնավոր կլինիկաներում: 2016-2018թթ. ղեկավարել է Գյումրու «Բեռլին պոլիկլինիկան»: 2018թ. նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: 2019թ. փետրվարից զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ ապրիլից՝ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Հունվարի 21-ից արդեն Շիրակի մարզպետի պաշտոնում է: Ամուսնացած է, ունի մեկ որդի: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Նորանշանակ մարզպետը լրագրողների հետ առաջին հանդիպումը սկսեց պատերազմում հերոսի մահով ընկած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելով: Լրագրողի՝ Շիրակի մարզից 62 գերիների վերադարձի վերաբերյալ հարցին, մարզպետը պատասխանեց. «Մեր մարզի այս պահին ամենացավոտ հարցն է, որով ամենօրյա, ամենժամյա ռեժիմով զբաղվում են այն մարդիկ, որոնք այդ հարցի մեջ կարող են ունենալ ինչ-որ ներդրում կամ լուծման հնարավորություն կամ լուծման առաջարկներ»։

Դիտարկմանը, թե մեծ ռիսկ է սոցիալական ծանր հարցերով խտացված Շիրակի մարզի ղեկավարությունը ստանձնելը, Հ.Հարությունյանը պատասխանեց, որ առաջարկն ընդունելն իրեն հեշտ չի տրվել, Շիրակի մարզն, իրոք, սոցիալապես ծանր մարզ է, տնտեսական վիճակը ծանր է, մանավանդ, որ մի ամբողջ տարի ունեցել ենք կարանտինի մեջ հայտնված երկիր, մարզ, քաղաք, շատ ծրագրեր սառեցվել են։ Այժմ փորձելու է առաջնահերթ սառեցված հարցերը բարձրացնել, նոր սկիզբ տալ։ Ասաց, որ խոսել է էկոնոմիկայի նախարարի հետ և վերջինս խոստացել է մեկ շաբաթից այցելել Գյումրի:

Հարցրեցին, թե արդյո՞ք իր նշանակման համար ազդեցություն է ունեցել վերջերս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արսեն Թորոսյանը: Պատասխանեց, որ իրեն մարզպետի պաշտոն առաջարկվել է, երբ դեռ Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար չէր։

«Շրջապատը» հարցրեց, թե առողջապահության ոլորտից լինելով, արդյո՞ք դժվար չի լինի այլ ոլորտ կառավարելը: «Իմ մասնագիտական հմտությունները կարող են նաև օգնել: Ինչպես գիտեք, բժշկության մեջ ամենակարևորը ախտորոշումն է, եթե ունենք հստակ ախտորոշում, այդ ժամանակ բուժման մեթոդները հնարավոր է գտնել։ Այս պահին այսքան խնդիրներ, որ կուտակվել են, ճիշտ ախտորոշման դեպքում միգուցե կարողանանք թեկուզ երկարաժամկետ լուծում պահանջող հարցերի լուծումների սկիզբը դնել: Ինչ վերաբերում է կառավարչական հմտություններին, ապա նախարարի տեղակալի պաշտոնում ես համակարգել եմ ՀՀ 10 մարզերի առողջապահական համակարգերը, կառավարումը, զարգացումն ու արդիականացումը»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

«Շրջապատի» մյուս հարցին, թե կադրային փոփոխություններ, սեփական թիմի հավաքագրում լինելո՞ւ է, ասաց, որ հանդիպել է մարզպետարանի աշխատակազմի հետ, ներկայացրել իր մոտեցումներն ու պահանջները. «Եթե կա մարդ, որն իր աշխատանքը լավ է կատարում, պիտի աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացվում, որ երկիրը պիտի հզորացնեն, ուրեմն միասին չպիտի աշխատենք… Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հատկապես, այս դժվարին ժամանակներում: Ես այժմ իմ սիրելի քաղաքում եմ, իմ մարզում և պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար»:

Ինչ վերաբերում է ծանոթ-ընկեր-բարեկամների պաշտոնների նշանակել-չնշանակելուն, նշեց, որ ինքը չունի կադրերի բանակ. «Իմ թիմը Շիրակի մարզն է, իմ թիմը Շիրակի մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ են, որոնք պատրաստ են մարզի զարգացման համար կատարել աշխատանք»: Մեջբերեց սոցցանցերում պտտվող մի արտահայտություն. «Սիրիր քո երկիրն այնպես, որ թշնամին անգամ վախենա այդ սիրուց» և բացատրեց, որ այդպես եռանդուն պետք է աշխատել ու սիրել մեր երկիրը:

Հարցին, թե դեռ անցած տարվանից նախատեսվում էր մարզպետարանների օպտիմալացում, հիմա այն դեռ ակտուա՞լ է, ասաց, որ ոչ այնքան օպտիմալացում, այլ կառուցվածքային փոփոխություններ էր նախատեսվում, իրականում այդ հարցը քննարկման պրոցեսում է: Այդ հարցին կպատասխանի, երբ ծանոթանա մարզպետարանի կառուցվածքին ու ամբողջական պատկերացում կազմի:

Նաև նշեց, որ լրատվամիջոցների հետ աշխատանքում լինելու է բաց և թափանցիկ, իրար նկատմամբ հարգանքով, իսկ առաջիկայում լրագրողների հետ կհանդիպի առավել ընդգրկուն հարցերի ու խնդիրների մեկնաբանությամբ:

print
186