ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Առողջ ապրելակերպն ու առողջ սննդակարգը կյանքի որակ են ապահովում

Երիտասարդ բժիշկէնդոկրինոլոգ ԼԻԼԻԹ ԴԻԼԱՆՅԱՆՆ ավարտելով Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի բժշկական համալսարանը, օր առաջ երազում էր վերադառնալ հայրենի քաղաք և իր ուսանած մասնագիտությամբ օգուտ տալ քաղաքին, թեպետ իրեն բազմաթիվ առաջարկներ են եղել՝ մնալու և այնտեղ աշխատելու:

— Համալսարանում մեզ վերապատրաստում էին որպես պոլիկլինիկայի բժիշկներ՝ թերապևտի որակավորմամբ, մանավանդ, որ Covid-19-ի շրջանն էր, մեր կարիքը շատ կար,  նաև ինձ անհատապես լավ առաջարկ կար: Սակայն ի սկզբանե որոշել էի ավարտելուց հետո վերադառնալ Գյումրի, որովհետև ինձ համար ամենալավ քաղաքը Գյումրին է: Վերադառնալուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում 2 տարի սովորեցի ներզատաբանության կլինիկական օրդինատուրայում, գերազանցությամբ ավարտելով ուսումը վերադարձա ծննդավայր,- ասում է Լիլիթը:

Էնդոկրինոլոգիան ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատական համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներսա մասնագիտական լեզվաբանությամբ։ Ժողովրդական լեզվով՝ ի՞նչ է ուսումնասիրում:

— Ներզատաբանությունը լայն հասկացություն է, իր մեջ ներառում է վահանաձև գեղձի հիվանդությունները (խպիպ՝ ավելի հայտնի է զոբ, թիրեոիդիտներ, հանգույցներ…),  շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև ցիկլի խանգարումները, անպտղությունը, հղիության կրելախախտը (վիժում)՝ վերջինների դեպքում մենք գինեկոլոգների հետ միասին պիտի աշխատենք, քանզի էնդոկրին համակարգի պաթոլոգիաները կարող են լինել հիմնական մեղավորները գինեկոլոգիական այդ խնդիրների ժամանակ։ Դեղորայքով չկարգավորվող զարկերակային գերճնշումը, անբնական առատ քրտնարտադրությունը, մաշկային արտահայտված չորությունը, մազակալումը և նույնիսկ ցելյուլիտը կարող են էնդոկրինոլոգիայի ուսումնասիրության դաշտում լինել:

Ի՞նչ կասեք թերևս ամենահայտնի էնդոկրին հիվանդության՝ Շաքարային դիաբետի մասին:

— Իսկապես, շատ տարածված խնդիր է և ինձ համար ցավալի է, որ շատ պացիենտներ նույնիսկ ամենակարևոր, էլեմենտար բաները դիաբետի մասին չգիտեն, կան, որ արդեն անցել են ինսուլինաթերապիայի, նույնիսկ ինսուլինի պահպանման տեխնոլոգիան չգիտեն:

Կարծում էի, թե պետական մակարդակով վերահսկվող հիվանդությունը պիտի որ բավական զարգացած լիներ ու պացիենտների հետ սկզբնական գիտելիքների փոխանցման աշխատանքներ տարած լինեին համապատասխան բուժաշխատողները:

— Անկեղծ ասած, ես կոմպենսացված դիաբետի հետ դեռ չեմ աշխատել, բոլոր պացիենտները դիմել են դեկոմպենսացիայի շրջանում, մտածել եմ անգամ ստացիոնար բուժման ուղեգրել, բայց նախ փորձել ենք կարգավորել ամբուլատոր պայմաններում ու արդյունք ենք ունեցել: Գրեթե բոլոր պացիենտների հետ, այսպես ասած՝ մինի-դասընթացներ ենք անցնում կապված դիաբետի հետ, ես իրենց ցույց եմ տալիս ինտերակտիվ նյութեր, սննդակարգի սխեման ենք քննարկում, դեղերի ընդունման ճիշտ ժամանակահատվածն ենք կարգավորում, որ հաճախ հիվանդները խախտելով, շաքարի բարձրացումներ և կտրուկ իջեցումներ են ունենում:

Ի՞նչ կասեք խպիպի և հիպոթիրեոզի մասին:

— Խպիպը դա վահանաձև գեղձի չափերի մեծացումն է տարատեսակ հիվանդությունների հետևանքով։ Վահանաձև գեղձի հիվանդությունները հիմնականում ժառանգական բնույթ ունեն և հատկապես կանանց մոտ են տարածված ու ցավալին այն է, որ արդեն խորացված տարբերակով են դիմում բժշկի: Հիպոթիրեոզը վահանագեղձի ֆունկցիայի իջեցումն է՝ ինչն առավել հաճախ է հանդիպում, և մեկ դեղով շատ հեշտ կարելի է կարգավորել, եթե գրագետ օգտագործվի, ինչը ևս տեսել եմ, որ ոչ հաճախ է պահպանվում: Հստակ սխեմա կա՝ խմել առավոտյան, քաղցած, որոշ դեղորայքների զուգահեռ օգտագործման դեպքում պահպանել ժամային ինտերվալները…

Որքան գիտեի, կա թունավոր խպիպ, կա, որ վիրահատական միջոցով են հեռացնում, կա, որ տնական բուժումներով են բուժում:

— Խպիպով, այսինքն վահանաձև գեղձի մեծացմամբ ուղեկցվող հիվանդությունները տարբեր են. դիֆուզ տոքսիկ խպիպ՝ ժողովրդի ասած թունավոր զոբն է (Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն) այս դեպքում բուժման մեթոդի ընտրությունը պահանջում է անհատական մոտեցում, կա վահանագեղձի տոքսիկ ադենոմա (Պլամմերի հիվանդություն), որի միակ բուժման եղանակը վիրահատությունն է, բազմահանգուցվոր խպիպ, էնդեմիկ խպիպ, սպորադիկ խպիպ և այլն։

Իսկ մարդն ինչպե՞ս իմանա, որ իր մոտ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում կա:

— Ամենատարածվածը հիվանդութան Աուտոիմուն թիրեոիդիտն է, եկեք իր օրինակով ներկայացնեմ հավանական կլինիկական դրսևորումները։ Ընդհանրապես, փուլային ընթացք ունի՝ առաջին փուլը դա վահանաձև գեղձի վնասման հետևանքով թիրեիդ հորմոնների անցումն է արյան մեջ (հիպերթիրեոզի շրջան): Սկզբում մարդու մոտ կարող է լինել ընդհանուր գերլարվածություն, դյուրագրգիռություն, վերջույթների դող, բայց կարող է և անցնել, և պացիենտը ոչ էլ նկատի: Մյուսը էութիրեոիդ փուլն է, այս դեպքում ևս կարող է կլինիկա չլինել՝ հորմոնները նորմալ լինեն, միայն սոնոգրաֆիկ դիֆուզ փոփոխություններ լինեն վահանագեղձում: Բժշկի մոտ են հասնում այն դեպքում, երբ պացիենտի մոտ արդեն հիպոթիրեոդի շրջանն է՝ վահանագեղձի ֆունկցիան իջած է: Երբ նկատում են ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, ապատիա՝ ոչ մի հետաքրքրություն կյանքին, մաշկի չափից ավել չորություն, թեփոտություն, եղունգների փոփոխություն, այտուցվածություն, աղիների գործունեության խանգարումներ… Պատկերավոր ասած՝ վահանաձև գեղձի կողմից արտադրված հորմոնները համարվում են մեր կյանքի կրակը, առանց որի ամեն ինչ դանդաղում է: Ու որքան շուտ սկսվի բուժումը, այդքան ավելի արագ կհասնենք դրական արդյունքի։

Լինելով ՌԴում, կուզենայի համեմատական տանեիք այնտեղի և այստեղի հիվանդների կամ ուղղակի սեփական առողջությամբ հետաքրքրվող մարդկանց բնավորությունների միջև: Անկեղծ ասած, նախանձելի է թե ռուսների, թե եվրոպացիների առողջության նկատմամբ սովորությունը:

— Անհամեմատելի է: Նախ այնտեղ անվճար բժշկական օգնություն է՝ առողջության ապահովագրության հետ կապված, իսկ մեր մոտ բացառապես պոլիկլինիկաներում է անվճար: Այո, հայերս այդքան ուշադիր չենք մեր առողջությանը, սովոր չենք առողջ ապրելակերպ վարելուն, առողջ սնունդ ընդունելուն:

Գուցե ընդհանուր առմամբ՝ սոցիալական պայմաննե՞րն են պատճառը, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բժշկի դռան մոտից սկսվում է վճարումները»: Ինչորէ: Իսկ դիաբետի մասին որ խոսեցինք, ասում են, թե կա գիրացնող շաքար, դա վատն է, կամ՝ ճի՞շտ է, որ վախից շաքարը բարձրանում է

— Դիաբետն, ըստ դասակարգման, լինում է տիպ 1, տիպ 2, հեստացիոն՝ որը հղիների մոտ է առաջանում, ու այն անցողիկ է և այլն: Տիպ 1 դա ինսուլինի բացարձակ բացակայությունն է, որի ժամանակ մարդը նիհարում է, ավելի շատ հանդիպում է երիտասարդ տարիքում, երեխաների մոտ, իսկ տիպ 2-ի ժամանակ մարդիկ գեր են, ինսուլինը հիմնականում նորմալ արտադրվում է, խոսքը դրա որակին է վերաբերում, և բջջի ընկալողականության հետ է կապված: Պատկերավոր՝ պացիենտին բացատրում եմ, որ մեր որովայնի ամեն հավելյալ ճարպային սանտիմետր հեռվացնում է մեր բջջին ինսուլինից և ինսուլինի համար շատ դժվար է լինում գլյուկոզան իջեցնել, ու դրա համար մենք ունենում ենք բարձր շաքար:

Ու պատկերավոր մեր հայ տղամարդկանց «ցմփորությունն» աչքիս եկավ, նշանակում է, նրանք ռիսկային գոտում են:

— Միանշանակ, ընդհանրապես, ճարպակալումը շատ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ: Երբ մենք պացիենտի հետ սկսում ենք աշխատել, առաջինը սննդակարգի սխեման ենք կազմում, և մեր բուժման առաջին արդյունքը՝ կորցրած կիլոգրամներն են ու ֆիզիկական ակտիվության բարձրացումը: Ինչ մնում է վախով պայմանավորած՝ շաքար ունենալուն, ապա դա մարդու օրգանիզմի նախատրամադրվածությունից է, որ կարող է ժառանգաբար գենում կա, բայց չի դրսևորվել, բայց ազդակի արդյունքում այն առաջանա: Բացի այդ, երբ ես Մուրացան հհ-ում կլինիկական օրդինատոր էի, փոքրիկ հետազոտություն ենք արել բժիշկներից մեկի հետ ու փաստեցինք, որ Covid-19-ի ժամանակ կտրուկ աճել էր տիպ 1 դիաբետով հիվանդացությունը: Այսինքն, Covid-19-ը ազդակ է հանդիսացել դիաբետ տիպ 1-ի կլինիկական դրսևորման։ Մենք քովիդի շրջանում դիաբետ տիպ 1-ի  բարձր ցուցանիշ ենք գրանցել: Այս հետազոտությունը ներկայացրեցինք Սմոլենսկի բժշկական համալսարանի և Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ, և իրենց մոտ էլ գրեթե նույն արդյունքներն էր։

Մեր զրույցից կարելի է ընդգծել հետևյալը. առողջ ապրելակերպ, առողջ սնունդ և առողջության հանդեպ քիչ ուշադրություն:

— Սննդակարգի և ֆիզիկական ակտիվության չընկալում, որը կարմիր գիծն է, և ես բացատրում եմ պացիենտին, թե որքան էլ մենք դեղորայք ընդունենք, սրսկման կուրսեր անցնենք, եթե սննդակարգը չպահպանվի, ֆիզիկական ակտիվություն մարմինը չունենա, արդյունքը բավարար չի լինի: Հաճախ դիաբետով պացիենտներն ինքնուրույն որոշում են, կամ ինչ-որ տեղից իմացել են, թե այս կամ այն սնունդն ընդունելով՝ կիջեցնեն շաքարը, ասենք քաղցրավենիքը կարելի է փոխարինել մրգեղենով, սա այն դեպքում, որ չկա որևէ միրգ, որ շաքարը չբարձրացնի, անգամ ամենաթթու-դառը միրգը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը (շաքարը): Կամ ասում են հնդկաձավարը լավ է և բուժում է դիաբետը… հացահատիկեղենը բարձրացնում է շաքարը, չենք ասում՝ չուտեն, բայց չափավոր, իսկ հայերս չափից ավել հաց ենք օգտագործում: Իսկ ինչ վերաբերում է էնդոկրին հիվանդություններին… Տեսեք, բոլոր հիվանդությունները մարդու օրգանիզմը քայքայում են ներսից, իսկ էնդոկրինը նաև արտաքնապես է վնասում մարդուն, տգեղացնում է: Կա էնդոկրին հիվանդություն, որի ժամանակ նկատվում են գանգի դիմային հատվածի փոփոխություններ՝ քթի, շուրթերի, ստորին ծնոտի մեծացում, վերհոնքային աղեղների արտահայտվածություն։ Այդ հիվանդությունը կոչվում  է ակրոմեգալիա: Ակրոմեգալիան պայմանավորված է աճի հորմոնի գերարտադրությամբ՝ աճման զոնաների փակվելուց հետո (հիմնական պատճառը հիպոֆիզի բարորակ ադենոման է):

Հ.Գ. Լիլիթ Դիլանյանը Էնդոկրինոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամ է, ելույթ է ունեցել Հայկական Թիրեոիդ Ասոցիացիայի հերթական կոնֆերանսի ժամանակ՝ «Պրոգրեսիվող օֆթալմոպաթիա՝ վահանաձև գեղձի տոտալ հեռացումից հետո» զեկույցով, ինչպես նաև մասնակցել է միջազգային գիտահետազոտական կոնֆերանսների։

1,807