ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Աստվածաշունչն ուսուցողական, բարոյական կերպար կերտող կոթող է»

«Շրջապատի» զրուցակիցն է աստվածաբանության մասնագետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ ԳՈՌ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Գոռ, ինչո՞ւ հենց աստվածաբանությունն ընտրեցիք որպես մասնագիտություն։

– Ինձ շատ հաճախ տրվող հարցերից է, որին պատասխանում եմ մեծ ոգևորվածությամբ ու հպարտությամբ: Դեռևս դպրոցական տարիներից մեծ սեր եմ ունեցել դեպի հայագիտական առարկաները, մասնավորապես, շատ եմ սիրել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մշտապես մասնակցել եմ տարատեսակ առարկայական օլիմպիադաների, որոնք էլ էլ ավելի մեծացրին իմ սերը դեպի Հայոց եկեղեցին, դեպի իմ հայրենիքը: Այս ամենից հետո ինձ հարկավոր էր այնպիսի մասնագիտություն, որը կօգներ առավել խորացնելու իմ գիտելիքները Հայոց եկեղեցու պատմության, հայ աստվածաբանության և կրոնների պատմության վերաբերյալ: Այսպես, ընտրեցի ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, որտեղ պիտի անցներ իմ կյանքի հաջորդական փուլերը: Իսկ այսօր, երբ սովորում եմ արդեն նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, առավել խորն եմ նայում հարցին և հասկանում, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը միակն է աշխարհում, որտեղ դասավանդվում են հայ տեսական ու պատմական աստվածաբանական գիտությունները՝ ուսանողներին տալով բացառապես աշխարհիկ գիտական կրթություն: Փաստորեն, տարիներ առաջ ոչ ամբողջական գիտակցմամբ կատարած քայլը կարևոր դեր ունեցավ անձի կայացման, աշխարհայացքի զարգացման և երևույթներին բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու գործում:

Երբվանի՞ց եք դասավանդում ու, առհասարակ, դասարան մտնելը ձեզ համար

– Դասավանդում եմ 2018 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Ես պատկանում եմ այն քիչ երջանիկների թվին, ում համար աշխատանքը մեկտեղվում է հաճելիի հետ: Դպրոցում աշխատելը հնարավորություն է տալիս գիտակցել, որ ես իմ փոքրիկ ներդրումն եմ ունենում Հայաստանի ապագայի կայացման գործում: Ցանելով բարի և ճիշտ գաղափարային սերմեր աշակերտների մեջ՝ կուզենամ վստահ լինել, որ մեր երկրի ապագան կլինի արժանահավատ ձեռքերում: Դասարան մտնում եմ մեծ ոգևորվածությամբ, հետաքրքիր դաս անցկացնելու երկյուղածությամբ, ներքին ինքնավստահությամբ: Դասարանն այն տեղն է, որտեղ ես ուղղակի մոռանում եմ իմ բոլոր խնդիրների մասին: Դասավանդելն ինձ օգնում է անընդհատ աշխատել ինձ վրա, միշտ նոր բաներ սովորել, որովհետև ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է քայլել ժամանակին համընթաց: Եվ որ ամենակարևորն է, սովորեցնելուց զատ բազմակի սովորում եմ իմ աշակերտներից:

Երիտասարդական կյանքի ընթացքն ինչպե ՞ս կգնահատեք։

– Իմ երիտասարդական կյանքն անցնում է բավականին բուռն, քանի որ միաժամանակ սովորում եմ երկու տարբեր բուհերում (սովորում եմ նաև ՀՊՄՀ Բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում)՝ դրանք համատեղելով դասավանդման հետ: Այն, ինչ միշտ պակասում է՝ ժամանակն է: Եվ եթե կարողանայի փոփոխել ինչ-որ բան, օրը կդարձնեի 26 ժամ, շաբաթն էլ 8 օր:

Դուք նաև տարվա «Լավագույն ուսանող» եք ճանաչվել

– Այո, «Տարվա լավագույն ուսանող-2020» հանրապետական մրցույթում Հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրատուրայի կրթական ծրագրում ճանաչվել եմ հաղթող՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի: Այս հաղթանակը նախորդած ծանր ժամանակներից հետո ինձ ապրեցնող և առաջ մղող կարևոր գործոն եղավ: Այն դարձավ իմ կյանքի այս շրջափուլի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որն ինձ մինչև այսօր օգնում և մոտիվացնում է ունենալ մեծ երազանքներ ու նպատակներ:

Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է։ Համաձա՞յն եք։

– Կարծում եմ՝ աստվածճանաչողության բարդ ընթացքն անընդհատ կատարվող երևույթ է: Յուրաքանչյուրս մեր կյանքի ամեն մի պահի պետք է ամեն ինչ անենք աստվածճանաչողության հասնելու համար: Դրա համար առաջնահերթ պիտի ինքներս մեզ ճանաչենք, մեր կյանքի հաջորդական փուլերն ապրենք այնպես, որ արժանանանք այդ իրողությանը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ինչքան էլ այս դժվարին ընթացքին լինեն խոչընդոտներ և բարդություններ, մենք ամեն բան պետք է անենք՝ անընդհատ պահելու մեր ձգտումն ու ջանքերը՝ հասնելու կատարելության:

Ի՞նչ է պակասում երիտասարդության լայն շերտին՝ բարեպաշտ կյանքով ապրելու համար:

– «Արա դիմացինին այն, ինչ կկամենաս, որ մարդիկ քեզ անեն»,- ասում է Նոր Կտակարանը: Եթե յուրաքանչյուր ոք ապրի՝ Ոսկե կանոնի կրողը լինելով, հավատացա՛ծ եղեք, ամեն բան կընթանա իր հունով, և մենք կունենանք բարեպաշտ հասարակություն: Իսկ այս գիտակցմանը հասնելու ճանապարհն սկսվում է կրթությունից: Այսինքն՝ խնդրի լուծման առաջնահերթությունը կապված է լավ և որակյալ կրթություն ստանալու հետ, որը պիտի խարսխված լինի ազգային արժեքներին՝ ազգ, ընտանիք, պետություն, եկեղեցի, լեզու, պատմություն, մշակույթ և այլն…

Ի՞նչ պետք է սերմանել այս օրերին` բարի պտուղների ակնկալիքով:

– Բարություն և շատ սեր: Ամեն մեկս պիտի լինենք առաքյալներ և ուսուցիչներ՝ բարություն և սեր քարոզելով բոլորին, բայց ոչ թե խոսքով, այլ գործով. սեր առ հայրենիք, սեր առ Աստված, սեր առ ընտանիք, սեր առ ընկեր, սեր առ եկեղեցի, սեր առ լեզու, սեր առ …շուրջ բոլորը: Անտարբերությունը չարիք է, որը հանգեցնում է մոլորակի աղետների մեծ մասին: Եթե սիրենք բնությունը, եթե սիրենք մադկանց, սիրենք մեր հայրեինքը, մոլորակը, վստահաբար հոգ կտանենք նրանց համար, որը միանշանակ կնվազեցնի պատերազմների, սովի, երաշտի և այլ աղետների թիվը:

Ի՞նչ եք կարդում այս օրերին և ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

– Բավականին ծանր ուսումնական տարվանից նոր-նոր  թեթևացած՝ սկսել եմ վերընթերցել իմ  սիրած գրքերը և կարդալ նորերը: Մեր ընթերցողներին խորհուրդ կտամ պարտադիր կարդալ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար»-ը, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Ուիլիամ Շեքսպիրի «Լիր արքա»-ն: Շատ կուզենամ, որ մարդիկ սկսեն ընթերցել Աստվածաշունչ մատյանը՝ անկախ իրենց կրոնական պատկանելիությունից, քանի որ Աստվածաշունչն ուսուցողական, բարոյական կերպար կերտող կոթող է:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

154