ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրը

Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրվա` Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունն մեծ ընդունելություն էր կազմակերպել Երևանի «Դվին մյուզիք-հոլ» հյուրանոցի ընդարձակ սրահում: Մասնակցում էին 1000-ից ավել հյուրեր, այդ թվում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Երկու երկրների հիմները հնչեցնելուց հետո, ելույթով հանդես եկան ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հատված ԱՄԷ դեսպան Ն.Գ. Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի ելույթից. «Հարգելի նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, հոգևորականներ, դեսպաններ, դիվանագիտական և հյուպատոսական կորպուսի անդամներ, բիզնես կառույցի ներկայացուցիչներ՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար։

Այսօր մենք նշում ենք էմիրաթցիների համար թանկագին մի օր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48 ամյակը։ 1971թ․այսօրը միավորվեցին Էմիրությունները, և սկիզբ դրվեց մեր պետության վստահ և հաղթական քայլերին՝ հանուն առաջընթացի, զարգացման և տարբեր ոլորտներում առաջադիմական նկրտումների։ Սա արտացոլում է նաև «Էմիրությունների 2021թ․տեսլականը», որի նպատակն է պետության հիմնադրման 50-ամյակին ընդառաջ Էմիրությունները դարձնել աշխարհի լավագույն և հարուստ պետություններից մեկը։ Այն առաջընթացը, զարգացումը և բարգավաճումը, որ մենք այսօր ապրում ենք ԱՄԷ-ում, ուղեկցվում է հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, որը հիմնված է չափավորության և ճշմարտության, բարության, մարդասիրության և հանդուրժողականության վրա: ԱՄԷ-ն դարձել է մարդասիրական խորհրդանիշ համաշխարհային մակարդակով։ Էմիրաթական դիվանագիտությունն իմաստուն ղեկավարության տեսլականի շնորհիվ կառուցել է եղբայրական և բարեկամական հարաբերությունների կամուրջներ աշխարհի պետությունների հետ։

Էմիրություններում ավելի քան 200 ազգություն է բնակվում ազատության, փոխադարձ հարգանքի և համակեցության մթնոլորտում՝ հիմնված հանդուրժողականության վրա: Վերոնշյալի վկայությունն է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցն Էմիրություններ և շեյխ ալ Ազհարի հետ «Մարդկային եղբայրության մասին համաշխարհային խաղաղության և համընդհանուր կենակցության համար» վավերագրի ստորագրումը, որն իրականացել է՝ համաձայն  Էմիրությունների տեսլականների։

Այս առիթով մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել Ամենակարող Աստծուն մեր իմաստուն ղեկավարության համար, որը ջանք չի խնայում հանուն հայրենիքի զարգացման,  քաղաքացու և բնակչի բարօրության ու երջանկության:

Ինչպես նաև պատիվ ունեմ ընգծել 1998թ․երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական սկզբից ի վեր ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև առանձնահատուկ հարաբերությունները։ Հայ-էմիրաթական ղեկավարությունը ձգտում է ստեղծել ապագայի հեռանկարներ ունեցող, ռազմավարական բովանդակությամբ ամուր հարաբերություններ։ Անկասկած, 2019թ․հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Էմիրություններ և նրա մասնակցությունը Կայունության շաբաթին մեծապես նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը։

ԱՄԷ-ն համարվում է հայկական արտադրանքի 8-րդ խոշոր արտահանողն ամբողջ աշխարհում, և  11-րդը՝ որպես ներմուծման երկիր՝ արտացոլելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ռազմավարական կշիռը:

Ինչ վերաբերում է ներդրումների ոլորտին, ապա էմիրաթական գործարար միջավայրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային հնարավորությունների բացահայտմամբ, հատկապես առևտրի ոլորտում։ Հայկական շուկայում կան մի քանի ազգային խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են ավիացիայի ոլորտում «Ֆլայ Դուբայը» և «Էյր Արաբիան», առևտրի ոլորտում՝ «Քարֆուրը» և «ԲԻ ԷՄ Դաբլյուն»։

Երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների առումով նկատելի է ԱՄԷ-ի զբոսաշրջիկների թվի աճը դեպի Հայաստան. անցյալ տարի զբոսաշրջիկների թիվն աճել է 44,5%-ով` հասնելով 11.134-ի, 2017թ-ի 7705 զբոսաշրջիկների համեմատ: Ակնկալվում է, որ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական տարբեր ոլորտներում աճող համագործակցության արդյունքում առաջիկա տարիներին կշարունակվի նաև ԱՄԷ-ի տուրիզմի տեմպերի աճը դեպի Հայաստան։

Շնորհավոր ԱՄԷ հիմնադրման 48 ամյակը, Հարատև առաջընթաց և բարգավաճում»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ջերմորեն շնորհավորեց ԱՄԷ 48-ամյակը: Նշեց, որ 48 տարիների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններն առաջ է շարժվել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտների զարգացման հստակ ուղով՝ միաժամանակ դառնալով խաղաղության և հանդուրժողականության գաղափարների առաջամարտիկը տարածաշրջանում. «Շեյխ Զայեդի օրոք սկիզբ առած հայ-էմիրաթական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը: Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությանը: Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար: Երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ այս տարվա մայիսին գումարված Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը: Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց փոխվարչապետը:

Ելույթներ ունեցան նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որոնց և պատիվ էր վերապահվել հայտարարելու այն անունները, ովքեր մեկնելու էին ԱՄԷ. «Իմ ուղին» վերականգնողական ցերեկային կենտրոնից 3 պատանի և «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնի 3 երեխա: ԱՄԷ կրթական ծրագրով կմեկնեն նաև Հայաստանի բուհ-երի լավագույն 14 ուսանող:

Ընդունելության ժամանակ «Էյր Արաբիա» ընկերության կողմից կազմակերպվել էր վիճակահանություն, և 4 հյուր շահեց ԱՄԷ մեկնելու ուղևորատոմս:

Հատկանշական էր, որ արաբական և հայկական ճոխ հյուրասիրության կողքին, ներկայացված էր նաև հայկական անկյուն, որտեղ հայկական տարազներով կանայք ներկայացնում էին հայկական մշակույթն ու ավանդույթը:

print
406