ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արձագանքը շատ չի ուշանա, մանավանդ, որ Գյումրին ուշադրության կենտրոնում է

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին ներկայացած կազմակերպությունները ակնկալում էին իրենց բիզնեսի զարգացման համար ստանալ պետության աջակցությունը, գտնել բիզնես գործընկերներ, վարչապետին ու կառավարությանը ներկայացնել իրենց խնդիրները, և ինչ-որ տեղ գովազդվել: Նման մի առիթ էլ հանդիսացավ, երբ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հանուն մարզերի զարգացման ֆորումն անցկացվեց Գյումրիում:

Թե ինչ տվեցին այս ֆորումները, ինչպիսի արդյունքներ ունենք կարճ ժամանակ անց, զրուցեցինք Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարին փոխարինող ԿԱՐԵՆ ԲԱԴԻՇՅԱՆԻ հետ:

— «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի հիմնական նպատակն այն էր, որ մենք կարողանայինք մեր մարզի տարբեր ոլորտների հնարավորությունները կյանքի կոչեինք: Ներկայացվել է 55 ներդրումային գաղափար՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներից: Ունենք շատ ներդրումային ծրագրեր, որոնք արդեն իսկ գործունեություն էին ծավալում և ընդլայնվում, սակայն նաև պետությունից աջակցություն էին ակնկալում մի քանի կետերով՝ ցածր տոկոսադրույքով վարկեր, այլ ներդրողներ, ովքեր ցանկություն կունենային իրենց հետ համատեղ բիզնեսն ընդլայնել, կային գործարարներ, ովքեր ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ ունեին և այլն: Կային ծրագրեր, որոնք գտան համապատասխան գործընկերներ, ունենք նաև ծրագրեր, որ այնքան շատ առաջարկություններ են ստացել, որ ընտրություն է եղել՝ գործընկերների միջև:

Ներկայացված փաթեթները կառավարությանը ներկայացվե՞լ են:

— Փաթեթները ներկայացվեցին Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ յուրաքանչյուրը քննարկվեց, խնդիրները վեր հանվեցին, թե որը՝ որ ենթակառուցվածքով կարող է լուծվել:

Հատկապես ո՞ր ոլորտի նկատմամբ է ավելի շատ հետաքրքրություն եղել:

— Կրթական, ՏՏ, զբոսաշրջություն… Առայժմ արդյունքներից չենք ուզում խոսել, թող ընթացակարգով ընթանա, հետո արդեն փաստացի գրանցած արդյունքներով կխոսենք: Բայց մյուս կողմից լիահույս եմ, որ ներկայացված ծրագրերի 70-80 տոկոսը իրականացվող ծրագրեր են, ուղղակի որքան շուտ զարկ տանք, այնքան ավելի շուտ գործն առաջ կգնա, ավելի շուտ աշխատատեղերը կստեղծվեն: Ֆինանսական սուղ միջոցները երբեմն շատ հետաքրքիր գաղափարների համար արգելակ են հանդիսանում, սակայն վարկային միջոցներով այն հնարավոր է իրականություն դարձնել, այստեղ է, որ պետությունն իր միջամտությամբ կարող է օգնել: Օրինակ, ավելացված արժեքի հարկի 3 տարով հետաձգումը, մաքսազերծումը կամ  ազատումն արդեն իսկ մեր մարզի մոտ 6 ընկերության տրվել են, և նույնը կարող է լինել այն կազմակերպությունների համար, որոնց առաջարկները բավարարում են պետության պահանջները: Մնում է դեռևս ՓՄՁ-ի համար մոտեցումները հստակեցվեն, որպեսզի իրենք էլ կարողանան զարգացնել բիզնեսը, բայց այս պահին իրենց տրվող վարկային տոկոսները դեռ բարձր են, իսկ պատճառը ևս հասկանալի է՝ մեր մարզի ռիսկային լինելու և աշխարհագրական դիրքի հետ է կապված:

Խոսենք դիվանագիտական ֆորումից, որտեղ ևս ներկայացվեցին մարզային զարգացման տեսլականների փաթեթներ: Չնայած քիչ ժամանակ է անցել, բայց

— Այս ֆորումն իր ընդհանուր գաղափարով ու մոտեցումով հիանալի էր, եզակի էր, առաջին անգամ էր, որ բոլոր մարզերը հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց մարզերի զարգացման հեռանկարները, հնարավորությունները, իրենց պոտենցիալը, որպեսզի դիվանագիտական հնարավորություններից ելնելով, կարողանային ներդրումային ծրագրեր բերել: 57 ծրագիր է ներկայացվել բոլոր մարզերից: Մեր մարզը կազմել էր 25 ծրագրային փաթեթ, ամբողջը ներկայացրեցինք և տրամադրեցինք դիվանագիտական խմբին: Ներկայացված 25 ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ, այնպես որ, ներդրողի համար ընտրության լայն հնարավորություն կլինի: Այս պահին դեռ վաղ է որևէ բան արձանագրելը, բայց համոզված ենք, որ արձագանքը շատ չի ուշանա, մանավանդ Գյումրին այսպիսի ուշադրության կենտրոնում է, և օր օրի զարգանում է: Մեր մարզպետն էլ գիտակ է, ծրագրային գաղափարներից հստակ պատկերացում ունի, այս բոլոր փաթեթները նա իր ձեռքի տակ ունի, ու բոլոր տեսակի հանդիպումների ու այցելությունների ժամանակ նա կոնկրետ փաթեթով է խոսում ու ներկայացնում: