ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բարեգործությունը ազգություն ու քաղաքացիություն չի ճանաչում

Ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը հարազատ քաղաք էր այցելել՝ մասնակցելու գյումրեցի հայտնի և պատվարժան մարդու՝ Հենրիկ Աբրահամյանի («Փուռչուլուկ Հենդո») 90-ամյա հոբելյանին: Ըստ Գագիկ Պետրոսյանի՝ գրեթե մեկ դար կյանքի ճանապարհ անցած մարդու ծննդյան տոնին գտնվելն իր համար կարևոր երևույթ է, երևույթ այնքանով, որ կապ չունի, մարդը որպես սպորտի, մշակույթի կամ քաղաքական ասպարեզի գործիչ է, այլ մեր հարազատ քաղաքի պատվարժան մարդկանցից մեկն է: «Ռուսաստանում, երբ ասացի, թե գնում եմ Գյումրի՝ ծննդյան հոբելյանի, հարցրեցին, թե ի՞նչ երևելի մարդու մասին է խոսքը: Ասացի, որ երևելի է նրանով, որ շուրջ մեկ դար պատվով ու արժանապատվությամբ ապրել է իմ հարազատ քաղաքում: Նա պատմություն է: Բացի այդ. ես իմ ծնողներին շատ վաղ եմ կորցրել, իսկ Հենրիկ Աբրահամյանն ինձ համար ոչ միայն ընկերոջ հայր է ու ծնող, այլև ավագ ընկեր»,- ասում է պարոն Պետրոսյանը:

Գագրիկ Պետրոսյանի հետ զրուցեցինք Ալեք Մանուկյան փողոցին հարող հատվածում նախատեսվող 5-աստղանի շքեղ հյուրանոցի շինարարական ընթացքից, թե «Դելֆինարիա»-ից, թե ներդրումային ծրագրերից և, ընդհանրապես, երկար զրույց ծավալվեց, քանզի պարոն Խաչատրյանը թեպետ հիմնականում Սոչիում է, սակայն, ինչպես նա է ասում, ձեռքը մշտապես մեր երկրի զարկերակին է, հետևում է անցուդարձին, ինչու չէ՝ նաև գործուն մասնակցություն ունենում:

Ըստ պարոն Պետրոսյանի, հյուրանոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2025-ին, այդ թվում ծածկած լողավազանի ու SPA կենտրոնի շինարարությունը: Ամբողջ տարածքը կբարեկարգվի, լանդշաֆտային դիզայնով կկանաչապատվի, կլուսավորվի: Հյուրանոցը կունենա Արտ կենտրոն, բիզնես կենտրոն, կապահովվի շուրջ 30-50 աշխատատեղ: Գագիկ Պետրոսյանն ասում է, որ ավելի շատ հակված է զբոսաշրջությունը զարգացնել: Իսկ դրա համար լուրջ հնարավորություններ և նախապայմաններ կան. Սոչիում նա ունի հյուրանոցների ցանց, և սա հնարավորություն է, որպեսզի տուրիզմի մի քանի ճյուղեր զուգահեռ զարգանան:

 — Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ ներկայիս իրավիճակները խոչընդոտ չե՞ն հանդիսանում. արտարժույթի տատանումներ, ռուս-ուկրաինական պատերազմ, սանկցիաներ:

— Եթե նկատի ունեք նախանշված ծրագրերը, որոնց իրագործումը կարող է խաթարվել ֆինանսական խնդիրներով, ապա՝ ոչ, քանի որ գլոբալ նպատակներն իրականացնելու համար դու նախ պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնես, և մաքսիմում պահուստային ֆոնդ ունենաս, որպեսզի կես ճանապարհին չմնան դրանք: Սա, եթե սխալ չընկալեք, նաև հայրենասիրության դրսևորում է, քանզի ես առավել քան հակված եմ Գյումրիում ներդրումային ծրագրեր իրականացնել՝ նպաստելու մեր քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

— Զբոսաշրջությունը զարգացնելու համար բավարա՞ր են մեր քաղաքի պայմանները: Ասում են՝ Գյումրիում դեռևս մեկօրյա տուրն է գործում:

— Եթե նկատի ունեք ենթակառուցվածքները, ապա՝ ոչ, դրանք զարգացման տեղ շատ ունեն: Մտադրություն ունենք այստեղ Զբոսաշրջային կենտրոն հիմնելուց զատ, հրավիրել հմուտ մասնագետների, որոնք տեղում դասընթացներ կանցկացնեն՝ թե՛ զբոսավարության, թե՛ սպասարկման և ծառայության, թե՛ խոհարարության և այլ մասնագիտությունների ուղղությամբ: Ինչ վերաբերում է մեկօրյա տուրին, ապա դրա հետ համամիտ չեմ: Մեր քաղաքը մշակութային գանձ է՝ իր պատմամշակութային արժեքներով, թանգարաններով, տեսարժան վայրերով, և ո՞վ է ասում, թե երբ տուրիստը մի երկիր այցելում է, պիտի սահմանափակված տվյալ տարածքում մնա, ի վերջո, խելացի, կրեատիվ տուր-ծրագրեր կարելի է կազմակերպել այնպես, որ տուրիստին ժամանակը չբավականացնի: Բացի այս, հնարավորություններ կան հայտնի մարդկանց, հայտնի ԶԼՄ-ների, բլոգերների Գյումրի բերելու: Ինչպես հասկացաք, սա գովազդային լուրջ արշավներ նկատի ունի: Գիտեք ինչ, ամեն ինչ էլ հնարավոր է, միայն թե երկրում կայունություն լինի, խաղաղություն լինի, կայուն-անվտանգություն ապահովվի, դա կարևոր է տնտեսության լիաթոք շնչելու համար:

— Ձեր կողմից հիմնվել է «Մենք» հիմնադրամը: Ի՞նչ ծրագրեր հնարավոր եղավ կյանքի կոչել: Ես ներկա եմ եղել, և գիտեմ, որ  նախատեսել էիք մեծ ուշադրություն դարձնել տարբեր ոլորտների՝ մշակույթ, սպորտ, և իսկ առաջնահերթ՝ պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: 

— Դե, հիմնադրամը հիմնվեց պատերազմից հետո: Անկեղծ ասած, ես չեմ սիրում բարեգործական ծրագրերի մասին բարձրաձայնել: Բայց որպես հիմնադրամի, այսպես ասած՝ հաշվետվություն, ինչպես և նախատեսել էինք, 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին օգնելուց զատ, հաշմանդամ դարձած զինվորների համար դասընթացներ կազմակերպվեցին, նրանցից երկուսը ծրագրավորման դասընթացներից հետո աշխատանքի են տեղավորվել, մարդ կա, որ նոր մասնագիտություն է սովորել, ասենք՝ դերձակություն, կոշկագործություն, սեփական գործ են հիմնել: Նրանց երեխաների համար սոցիալական խնդիրներ ենք լուծել, վերջերս նաև տաք հագուստ ենք ուղարկել մեր Հայոց բանակին: Իսկ մյուս ծրագրերը հընթացս…

— Թեպետ ձեռնպահ եք մնում մեկենասությունից խոսել, բայց… Գիտեմ, որ Դուք նաև սպորտին եք ուշադրություն դարձնում, շուրջ 30 տարի առաջ Գյումրիում բռնցքամարտի դպրոց հիմնեցիք և մինչ օրս հովանավորում եք: Կարծում եմ, նաև Ձեր նման մարդկանց շնորհիվ է, որ կյանքը զարգանում է տարբեր ոլորտներում: Դուք նաև Ռուսաստանի քաղաքացի եք և 2019թ-ին ստացել  եք «Ռուսաստանի բարերար» կոչում, և պարգևատրվել մեդալով… 

— Թույլ տվեք համեստորեն չմանրամասնել, միայն կասեմ, որ հիվանդ երեխաների համար ենք բարերարություն արել, և ոչ միայն: Եվ քանի որ Ռուսաստանում էլ է ներկայում պատերազմ, այն ծրագրերը, որոնք Հայաստանում են իրականացվում, նմանատիպ ծրագրեր այնտեղ էլ ենք իրականացնում: Վերջերս իմացա, որ հայ նախկին փոխգնդապետ, հիմա արդեն գնդապետ, իսկ ավելի հպարտանալին՝ ծնունդով գյումրեցի Անդրանիկ Սարգիսի Գասպարյանը Ռուսաստանի հերոսի կոչմանն արժանացավ, ես որոշեցի իրենց զորամասին նվերներ անել: (Գագիկ Պետրոսյանը ՌԴ հերոս Անդրանիկ Գասպարյանի տեսաուղերձը ցույց տվեց, ուր մեր համաքաղաքացին ողջ զորամասի անունից երախտագիտություն էր հայտնում, իսկ վերջում գյումրեցու ոգով ասում՝ «ախպերս, ցավդ տանիմ, աբրիս»,- հեղ.):

— Պարոն Պետրոսյան, իսկ ի՞նչ եղավ Գյումրիում Ձեր կողմից հիմնած «Դելֆինարիան»:

— Ցավոք, չնախատեսված վատ շրջանում բացեցինք. այստեղ որևէ ռիսկ հաշվի առնելը հնարավոր չէր, ի՞նչ իմանայինք, որ աշխարհում անհայտ հիվանդություն պիտի տարածվի՝ COVID-19, դրանից հետո հանդիսատեսի խնդիր ունեցանք, հետո պատերազմը սկսվեց… Մեկ տարի դելֆիններին պահեցինք, աշխատակազմին պահեցինք, բայց արդեն անհնար էր, ստիպված տեղափոխեցինք:

— Իսկ տեղում ի՞նչ է լինելու:

— Տեղում ուզում ենք կահույքի ֆաբրիկա բացել: Աշխատանքներ արդեն տարվում են, հիմնաքարը դրվել է: Կարծում եմ, նախնականով շուրջ 50 աշխատատեղ կստեղծվի, որն աճման միտում կունենա: Ամեն ինչ պլանավորածով ընթանալու դեպքում, փակ ցիկլ կապահովվի, այսինքն՝ ամենը տեղում արտադրելով կունենանք ժամանակակից կահույքի արտադրություն: Սարքավորումները շուտով տեղ կհասնեն: Ես մի հանգամանքին կուզենայի ուշադրություն հրավիրել, որն ինձ զարմացնում է. ասում ենք Գյումրիում աշխատատեղ չկա: Աշխատատեղեր կան, իսկ աշխատողներ կա՞ն: Գնում են ռուսաստաններ՝ արտագնա աշխատանքի, բայց տեղում աշխատուժի անհրաժեշտություն կա՝ շինարարի, պատաշարի, զոդողի… Այս մասին լուրջ մտածել է պետք, ճիշտ քաղաքականություն մշակել է պետք:

1,373