ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բնությունն է բնական ճանապարհով ծննդաբերելու հանգամանքը թելադրել

Հարցազրույց Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

— Մեկ տարուց ավել է, ինչ Գյումրու նախկին ծննդատունը միավորվեց Գյումրու բժշկական կենտոնին. հաջողված համարո՞ւմ եք այդ միավորումը:

— Հաջողված կամ ստացված օպտիմալացման օրինակ էր միավորումը՝ դրական արդյունքներով: Ինչ տվեց մեզ. կարողացանք բարելավել հիվանդանոցի ֆինանսատնտեսական վիճակը, ինչը հնարավորություն տվեց մեծ չափով մարել տարիների կուտակված աշխատավարձի պարտքը, կատարել ենք շենքի հիմնովին վերանորոգման աշխատանքներ՝ սկսած սանհանգույցից, վերջացրած ծնարաններով ու սենյակներով, համալրել և թարմացրել ենք բժշկական սարքավորումները և գործիքային բազան, դժվարամատչելի բոլոր հետազոտությունները հղիների համար դարձել են հասանելի։ Համալրվեցինք լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված հավաքակազմով, ինչի շնորհիվ մարզում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնց համար կարիք չկա հասնելու մայրաքաղաք, անզգայացման նոր սարքավորումներ ձեռք բերեցինք, գերժամանակակից էխոսկոպիկ սարքավորում ունեցանք: Բացի դրանից, Առողջապահության նախարարության և «Վիվա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տրամադրվեց էքսպերտ-կարգի ևս մեկ էխոսկոպիկ սարքավորում, նաև կաբինետ բացվեց: Շիրակի մարզն ընդգրկվեց պիլոտային ծրագրում. այժմ հնարավորություն կա պտղի սրտի սկրինինգ իրականացնելու: Մարզի բոլոր հղիներին հնարավորություն է տրվել անվճար անցնել առաջին երկու սկրինինգային հետազոտությունները: Հղին այսպես, թե այնպես, անցնում է այդ հետազոտությունը՝ 12, 18-22 և 32-34-շաբաթական շրջանում, սակայն այս էխոսկոպիկ սկրինինգով լրացուցիչ պարամետրերի գնահատում է տեղի ունենում, որը սովորական սկրինինգային հետազոտության ժամանակ չէր կատարվում, որովհետև, նախ՝ մասնագետներ չկան այդ ծրագրով վերապատրաստված, իսկ այս պիլոտային ծրագրով միանգամից երեք մասնագետ են վերապատրաստվել ՌԴ-ում և Մեծ Բրիտանիայում: Նաև, առաջին սկրինինգային հետազոտության ժամանակ կատարվում է անվճար գենետիկական հետազոտություն, որն հնարավորություն է տալիս հայտնաբերել վաղ շրջանում պտղի մոտ հավանական գենետիկական շեղումները և, եթե պտուղը զարգացման անցանկալի ելք պիտի ունենա՝ ընդհատվի, իհարկե, ծնողների հետ բացատրական զրույցից հետո, իսկ եթե հնարավոր է, ապա զարգացման ընթացքը կարգավորել: Իսկ ամենակարևորը, դրական արդյունքի ամենավառ ցուցանիշն է ծնունդների թիվը. նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 204-ի։ Աճել է նաև գրանցված հղիների թիվը.անցած տարվա այս ժամանակահատվածում 268 հղի էր հաշվառվել, իսկ այս տարի՝ 409։ 2022 թվականին գրանցվել է 670 ծնունդ, այս տարի ակնկալում ենք 900 ծնունդի հասցնել։ Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին, ապա մինչ միավորումը դրանից ստացած եկամուտը տարեկան կազմել էր 6 միլիոն դրամ, իսկ միավորումից հետո՝ 2022 թվականին տարին ամփոփվել է 39 միլիոն դրամով։

— Բժիշկ, ասենք թե գերժամանակակից սարքավորումներ կան, իսկ ամենակարևորը՝ լավագույն մասնագետներ նույնպե՞ս կան. սա հղիների համար ամենաառաջնային հարցն է: Ժամանակներ կային, որ հղիները դժգոհում էին մանկաբարձի կոպտությունից

— Բաժանմունքում աշխատում է բարձրակարգ որակավորում անցած բժիշկների թիմ, նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ։ Երիտասարդ մասնագետներ են, ինչ խոսք, սերնդափոխություն պետք է լիներ, սակայն երիտասարդները փորձառու մասնագետների կողքին աշխատելով, նույնպես փորձառություն են ձեռք բերել, դրան ավելացրած՝ ժամանակակից մոտեցումները, գիտության նորություններին ու տենդենցներից լավատեղյակ լինելը: Ինչ մնում է կոպիտ լինել-չլինելուն. շատ հաճախ ժողովրդի կողմից սուբյեկտիվ մոտեցում է: Չեմ բացառում, բայց… Այստեղ հնարավոր են ինդիվիդուալ բնավորության և բժշկի՝ իր մասնագիտական պարտավորության կատարման հարաբերություն, քանզի, հավատացեք, ծնունդ ընդունող մանկաբարձի հոգեվիճակն ավելի լարված է՝ նա երկու կյանքի պատասխանատվություն ունի:

— Հղիների բնավորության, ավելի ճիշտ՝ պահանջների փոփոխություն տեղի ունեցե՞լ է. դե, հիմա համացանցից շատ տեղեկություններ ենք ստանում:

— Այո, և դրա դեմ ողջ աշխարհն է պայքարում. կեսարյան հատումների մասին է խոսքը: Չեն ուզում ցավ քաշել, հարազատները, կողքից խորհուրդ տվողները, համացանցը… Բնության մեջ չի կարող ամեն ինչ անշեղորեն ընթանալ, բայց բժիշկն ավելի լավ գիտի, թե որն է ճիշտը, թե՞ հարևանի հարսը, որի խորհրդով պահանջ են ներկայացնում: Եթե կեսարյան հատման ցուցում չկա, ինչո՞ւ բժիշկը պիտի գնա դրան, սակայն նա ստիպված է «պայքարել» ազգականների դեմ: Եվ լինում են եզակի դեպքեր, որ ինչ իմանաս, թե հղին տվյալ պահին և հաջորդ պահին առողջական ինչ փոփոխությունների է ենթարկվելու, որ չգան ու ասեն. «Բա՜, մենք որ ասում էինք»… Սա անընդունելի է, ովքե՞ր են ասողները: Կարող է լավ ուսուցիչ է, անգամ գիտնական, կամ լավ մասնագետ՝ իր բնագավառում, բայց եթե բժիշկ չէ, ապա… Ցավոք, հեշտ ծննդաբերելու մոտեցումը մանավանդ երիտասարդ սերնդի մոտ արդեն մոդա է դարձել, ու վազում են կեսարյանի, չհասկանալով, որ բնությունն է բնական ճանապարհով ծննդաբերելու հանգամանքը թելադրել: Ի վերջո, վիրահատություն է, կարող է 100 հոգու վիրահատես, ու ամեն օրգանիզմ իր առանձնահատկությունն ունի, և արի ու տես, որ 101-րդի հետ խնդիրներ լինեն, ու գնա՜ց… Սկսվում են դատական հարաբերություններ, իսկ բժիշկները պաշտպանված չեն:

— Հիմա, իհարկե, հնարավորություն կա հստակ պարզելու սեռը… Տարիներ շարունակ պայքար էր գնում սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների դեմ: Անգամ, երբ կինը աղջիկ էր ծննդաբերում, ամուսինը գալիս, սկանդալ էր սարքում, թե՝ «Ընչի ես աղջիկ բերել…»: Նման սցենարների ականատես լինո՞ւմ եք:

— Նախ սկսեմ այնտեղից, որ երեխայի սեռը պայմանավորված է ամուսնով, և ոչ թե կնոջով: Եթե ամուսինը կնոջը փոխանցում է արական սեռի գենետիկական հավաքակազմ՝ բեղմնավորվում է արական սեռ, իսկ եթե իգականի՝ իգական սեռ: Այնպես որ, թող իրենց կանանց հանգիստ թողնեն: Բայց, ընդհանրապես, հայերն ուզում են անպայման տղա ունենալ: Մանավանդ, այսօր զոհված տղաների ծնողների մեծ փափագն է տղա ունենալը՝ դա հասկանալի է: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տենդենցն ինչ-որ չափով պակասել է, բայց որ ասենք խնդիրը վերացել է՝ ոչ: Ընդհանրապես նվազել է ընտանիքներում երեխաների թիվը: Այսօր 3-4 երեխա, իհարկե, ունենում են, մանավանդ պետական մեծ աջակցություն կա, բայց թիվը մեծ չէ: Ավելի շատ սահմանափակվում են երկու երեխայով, ցանկալի է՝ տարբեր սեռերի: Հասկանում եք, երկու երեխան դա չի կարող մեր ազգի դեմոգրաֆիկ աճը ապահովել. դա ընդամենը ծնողների վերարտադրություն է: Ծնողները մահանում են, այդ երկուսը փոխարինում են, և այդպիսով ազգի շատացում տեղի չի ունենում: Մի բան էլ ասեմ, հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշ կամ պատկեր արդեն ունենալը մի քիչ դժվարացել է այն առումով, որ արդեն դեղատներից դեղամիջոցներ են ձեռք բերում ու ինքնուրույն տանն անցնում այդ գործընթացը, մեզ մոտ հասնում են այն դեպքերը, երբ սխալ սխեմայով է տեղի ունեցել, ծայրահեղ վիճակում են հայտնվել:

2,702