ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Գյումրեցիներին արիստոկրատ մարզաձեւերն այնքան էլ դուր չեն գալիս, բայց ինչի մեջ էլ մտնեն՝ արդյունք տալիս են

Հարցազրույց Գյումրու համայնքապետարանի Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ ՄԵԽԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ղազարյան, Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ, որոնցից մեկ ոսկին ու մեկ բրոնզը Գյումրի են գալիս՝ Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի շնորհիվ: Առաջին հարցս. ի՞նչ եղավ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման հարցը. ո՞ր փուլում է այն գտնվում:

– Այո, շատ ուրախալի է, որ մեր մարզիկները դարձյալ իրենց բարձրության վրա էին: Ասեմ, որ արդեն կայացել է մարզահամալիրի նախագծային մրցույթը, և մայիսի վերջ նախագծային աշխատանքները կավարտվեն: Ձգձգվելու պահը կապված էր մրցույթի մասնակիցների սակավաթվությամբ:

Տարեսկզբին Գյումրու քաղաքապետը հանդիպեց մարզական ենթակառուցվածքների ղեկավարների հետ, յուրաքանչյուրին անհատական լսեց, ինչոր գումարներ հատկացվեցին մարզադպրոցներին: Նկատեցի, որ դեռ բավական խնդրաշատ են մեր մարզադպրոցները:

– Ներկայիս գերխնդիրը քաղաքապետարանի ենթակայությամբ՝ «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի դպրոցն» է, որը սկզբում գտնվում էր ուրիշի սեփականություն հանդիսացող տարածքում: Սակայն մարզադպրոցը որոշվեց կառուցել (28մլն դրամ է կազմել ծախսը)` Նորավան խիտ բնակեցված թաղամասում, և հունիսի 1-ին, կարծում եմ, բացում կանենք: Եվ շատ լավ է, որ քաղաքի ծայրամասային հատվածներում է մարզադպրոցները կառուցվում, այն աշխուժություն կմտցնի այդ թաղերում: Ես ինքս եմ ներկա եղել, երբ դեռ շինարարությունն էր ընթանում, ծնողը երեխայի ձեռքը բռնած, եկել, հետաքրքրվում էր, թե երբ այն կավարտեն: Եվրոպական ստանդարտներին համապատասխան, ամեն ինչով ապահոված նորմալ մարզադպրոց կունենանք: Ծանրամարտի առանձնացված մարզադպրոց քաղաքում երկուսը կլինի՝ «Յուրի Վարդանյանի անվան» և «Իսրայել Միլիտոսյանի անվան», թեպետ վերջինը նախարարության ենթակառույց է:

Գերխնդիր է հանդիսանում նաև «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը», որը նույնպես ուրիշի սեփականություն հանդիսացող տարածքում է գործում՝ վարձավճարով: Կուզենանք ունենալ մեր սեփականը, նաև պետությունն է նման առաջարկ իջեցրել, որ կարելի է հետ գնել տարածքը, սակայն սա նախագիծ է: Թե երբ իրական կլինի, դեռ պարզ չէ: Կարևորն այն է, որ մեր հրաձգարանի սաներն արդյունքներ են արձանագրել, Եվրոպայի արծաթե մեդալակիր տվել, երեխաներն էլ մեծ հաճույքով հաճախում են: Նախարարն իմանալով, որ նման պայմաններում է գործում, հրաձգարանի հարցը մտցրեցին պետբյուջեի ռազմավարական ծրագրի մեջ:

Իսկ «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրո՞ցը»… Այն բավական մարզվողներ ունի և, քանի որ մոդուլային շենքում է գործում, մշտապես խնդիրներ է ունենում:

– Ինչ հնարավոր է՝ արվում է. ապակիները փոխվեցին, խորեոգրաֆիայի նոր դահլիճ կառուցվեց. 2013-ից լուրջ գումարներ են ծախսվում, որ բավարար պայմաններ ստեղծվեն. ջերմամեկուսացում իրականացվեց, կոյուղի վերանորոգվեց, այնտեղ կտուրի խնդիր կա:




Որքան գիտեմ, նման խնդիրներով մարզադպրոցները շատ են:

– Նման երեք դահլիճներ ունենք. «Ա. Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան  մարզադպրոցը», «Համալիր մանկապատանեկան մարզադպրոցը» և «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցը»: Տաքացնելը ամենաբարդ խնդիրն է, այն լուրջ գումարներ է կազմում: Ես Ձեզ ասեմ, մենք ավելի լուրջ խնդիր ունենք նաև գույքի հետ կապված, քանզի մեր ունեցածը բարոյապես մաշված է: Գույքի ձեռքբերելը քաղաքային բյուջեից հնարավոր չէ. մասնագիտական գույքը շատ թանկ է, իսկ ներդրող էլ չկա: Հրաձգարանի հետ կապված. այդ թանկ արժեցող հրացանները ո՞վ պիտի ներկրի: Շնորհակալություն ֆեդերացիային, որ տրամադրում են մեզ հրացաններ, թեկուզ մի քիչ հին: Մեր երեք մարզիկներ ընդգրկվել են ՀՀ հավաքականի կազմ, ներկայում Լեհաստանում են՝ հավաքների, որպեսզի մասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Ինչպե՞ս կգնահատեք ձմեռային սպորտաձևերի զարգացումը Գյումրիում:

– Մենք նման ենթակառույց չունենք, մեկը կա, որը նախարարության ենթակայությամբ է գործում: Ասեմ, որ բավական թվով մարզիկներ են մարզվում, լավ աշխատանքներ են տարվում: Էլի պետք է նշեմ, գիտեք, որ դահուկները թանկ արժեն, լավ է, համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է լինում դահուկներ ձեռք բերել: Ճիշտ է, բարձր արդյունք չենք ապահովում, միայն մեկ՝ դահուկավազքով ենք ձմեռային հասկացությունը եզրափակում: Մենք չունենք ձմեռային մարզաձևերի համար հատուկ պայմաններ, նաև տեխնիկական հարմարություններ:

Աշոցքում կարծես թե դահուկային սպորտաձևերի զարգացման համար պայմաններ կանԸնդհանրապես, ասում ենք, թե ամեն ինչ կենտրոնացված է՝ մայրաքաղաքում, մարզկենտրոններում, իսկ գյուղական համայնքի երեխաները կարծես զերծ են մնում:

– Իհարկե, համամիտ եմ Ձեզ հետ: Բայց մեր աշխարհագրական ռելիեֆն էլ այնպիսին է, որ դժվարություններ շատ է ստեղծում: Տեսեք, Աշոցքում, որ օրինակ բերեցիք, հնարավոր եղավ հիմնել դահուկավազքի մարզադպրոց ու բավականին լուրջ արդյունքներ ունեցան, նաև կա ըմբշամարտի խմբակ… Մենք լուրջ համագործակցում ենք, օրինակ, ես առավել քան տեղյակ եմ բռնցքամարտից, գիտեմ, որ Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներից մարզվողներ կան, հրավիրում ենք նաև մրցաշարերին: Ազատանում, Արթիկում, Ախուրյանում ունենք բռնցքամարտի դպրոցներ, Ախուրյանից Եվրոպայի մրցանակակիր ունենք, որը պատրաստվում է Օլիմպիական վարկանիշի համար պայքարին: Եղել են առաջարկներ՝ ցանկություն չի եղել, եղել է ցանկություն՝ հնարավորություն չի եղել… Նույնն էլ մնացած մարզաձևերի մասով:

Մենք մեծ թենիսից էլ կարծես հաջողություններ ունեցանք:

– 2013թ-ից հետո քաղաքապետի հանձնարարականով վերանորոգվեցին թենիսի կորտերը: Հանրապետության մակարդակով չեմպիոններ ունենք, իսկ առաջ գնալու համար, միայն համայնքի բյուջեով, մենք չենք կարող շատ առաջ գնալ, քանզի այս սպորտաձևը նույնպես թանկ է, լուրջ գումարներ է պահանջում: Էլի համագործակցում ենք ֆեդերացիայի հետ, որոշակի մարզագույք ստանում ենք: Այստեղ փորձեցինք հանրապետական և միջազգային, վետերանների և երիտասարդների մրցաշարեր կազմակերպել: Գիտե՞ք, որ այստեղ են գալիս մրցումների, մասնակիցները հաճույքով մնում են: Շատ գոհ էին մնացել:

Քաղաքում զարգանում է նաև լողը, սակայն ընդամենը մեկ լողավազան ունենք, որտեղ սիրողական մակարդակով լողացողներ ևս կան, և շատ դեպքերում ասեղ գցելու տեղ չի լինում:

– Համաձայն եմ, նման սպորտային ավանդույթներ ունեցող քաղաքը՝ մինիմում 5 լողավազան պիտի ունենա: Գնացել բողոք էին գրել, թե քաղաքի սպորտի պատասխանատուն չի ուզում, որ քաղաքի սպորտասեր հասարակությունն իր առողջ ապրելակերպը կազմակերպի… Ախր դա մարզադպրոց է, առանց այն էլ մեր մարզիկներին նեղություն ենք տալիս, որ լողալ ցանկացողներին նույնպես հնարավորություն տրվի, աջակցենք, բայց այս է մեր հնարավորությունը:

Իսկ նման պահանջարկ տեսնելով, մի՞թե ներդրողների կողմից հետաքրքրություն չկա:

– Ոչ, 2012-ից սպորտի բաժնի ղեկավար եմ, որևէ մեկը չի եղել: Տեսեք, նման երկու լողավազան կա կառուցած՝ մեկը Գյումրիում, մյուսը՝ Վանաձորում: Վանաձորինը հոկտեմբերից փակում են, էլի շնորհակալ ենք մեր մարզիչներին, որ ամեն գնով փորձում են ձմեռային մարզումներ անցկացնել: Փորձ արվեց համագործակցել ջրագնդակի ֆեդերացիայի հետ, վետերանների հրավիրեցինք, շատ լավ միջոցառում կազմակերպվեց, սակայն խնդիրն այն է, որ մեր լողավազանը ջրագնդակի համար ցածր է, մինչև 12 տարեկանները կկարողանան մարզվել, բա հետո՞ ինչ ասենք… Մարզիչ էլ Երևանից հրավիրեցինք, բայց հասկացանք, որ ապագայի համար իմաստը կորում է: Բայց լողից ունենք սպորտի վարպետներ: Կարող ենք առավել հաջողություններ ունենալ, եթե վերևում ասված պայմանները ապահովվեն:

Ստացվում է, որ մեր քաղաքը մեծ ավանդույթներ ունի ըմբշամարտում, ծանրամարտում և բռնցքամարտո՞ւմ:

– Ո՞նց է Ձեզ համար, որ մենք բադմինտոնի սեկցիա բացեցինք, և հանրապետության հաղթողներ ունենք: Գյումրիում այն զարգացնելը դժվար է, արիստոկրատ մարզաձևերը կարծես մերոնց դուր չի գալիս, բայց ինչի մեջ մտան, անպայման արդյունք տալիս են:

Այդուամենայնիվ, Դուք լավատեղյակ լինելով մարզվողների թվաքանակից, կհաստատեք, որ ամենաշատն իմ նշած մարզաձևերում են մարզվողները:

– Եթե թենիսիստ Արթուր Ալեքսանյան ունենայինք, ապա միանշանակ, թենիսի մարզադպրոցում էլ տեղ ու հնար չէր լինի: Երբ նախարարն այցելել էր Արթուրենց մարզադպրոց, զարմանքից կարկամել էր. ոտք դնելու տեղ չկար: Մյուս կարևոր թեման էլ այն է, որ ես երբևիցե չէի տեսել, որ կանայք գան մարզադահլիճներ: Իսկ հիմա բոլոր մարզադպրոցներում մայր-ծնողները պարտադիր ներկա են, երեխաների ձեռքը բռնած, բերում են: Մեկ-մեկ էլ այնպիսի զավեշտալի դեպքեր են լինում. ասենք երեխայի քթից արյուն է գալիս, մինչև բուժքույրը հասնում է, մայրն արդեն երեխայի կողքը կանգնած է… Շատ գովելի է, որ ծնողները հետևողական են: Եվ ասելս այն է, որ երեխաները որ մարզաձևում կուռք ունեցան, կփորձեն նրան հետևել: Եվ այդքան մարզվել ցանկացողների կողքին մենք չունենք բավարար մարզադահլիճներ:

Պարոն Ղազարյան, չենք կարող չանդրադառնալ մարզիկների հաջողությունների մեջ մեծ դեր ունեցող մարզիչներին, որոնց կատարած աշխատանքը ու ստացած աշխատավարձը հավասարազոր է նվիրվածության:

– Մի դիտարկում անեմ. նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների մարզիչների աշխատավարձը շատ ավելի բարձր է … Մարզիչները մեր մարզադպրոցներից են գնացել այնտեղ, իսկ մեր մարզիչների վիճակին մենք շատ լավ ծանոթ ենք, սոցիալական վիճակն էլ բոլորի մոտ համարյա նույնն է, մարդիկ ստիպված, երբ մյուս կառույցներից առաջարկ են ստանում, գնում են, որովհետև աշխատավարձը բարձր է, բայց չգրված նախապայման էլ կա. կգաս, մարզվողներիդ էլ հետդ կբերես… Իսկ ինչո՞ւ պիտի այդպես լինի. իրար կողք-կողքի դպրոցներ են, մեկը 50 հազար է ստանում, մյուսը՝ 150 հազար… Բայց արված աշխատանքը, տանջանքը նույնն է: Պետք է համահարթեցում լինի: Դոտացիա չեն տալիս, գցում են համայնքի վրա, բայց համայնքն էլ չունի այդ հնարավորությունը:

print
2,667