ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրեցի «Զբոսաշրջության թագուհի 2019»-ը

«Շրջապատ»-ի համարներից մեկում պատմել էինք, որ մեր համաքաղաքացի, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող, «Սթեյշըն տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Նաիրա Գրիգորյանը հրավեր էր ստացել «Միսս Սուպերտաղանդ 2019» ամենամյա մրցույթի կազմակերպիչներից: Հոկտեմբերի կեսերից սկիզբ առնող այս մրցույթը ներառելու էր շուրջ 33 եվրոպական քաղաքներ շրջագայություն, հայտնի պոդիումներում ցուցադրություն՝ հայտնի դիզայներների հգուստներով: Եվ ահա, մրցույթն ավարտվել է, և մեր մոդելը վերադարձել է հայրենի քաղաք՝ «Սուպեր զբոսաշրջային թագուհի 2019» մրցանակով:

– Նաիրա, նախ շնորհավորորմ եմ: Եվ շատ հետաքրքիր է՝ կպատմե՞ս ինչը, ոնց, ինչպես…

– 20 օրում եղանք երեք երկրների (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա ) շուրջ 42 քաղաքներում ու հարակից կղզիներում: Չնայած մրցույթից դուրս եղա նաև Հունաստանում և Թուրքիայում: Ինչպես գիտեք, մրցույթի կազմակերպիչները կորեական կողմն էր, իսկ մնացած ողջ կազմակերպչական գործառույթներն իրականացրեցին եվրոպացիները: 55 երկրներից մասնակից կար: Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլը զբոսաշրջայինն էր. այսինքն, թե մենք մեզ ինչպես կդրսևորենք, ինչպես կշփվենք օտարների հետ, ֆոտոսեսիաներ, նկարահանումներ, ֆեյշըն ցուցադրություններ… Եվ ահա, երբ հայտարարեցին 4-րդ մրցանակակրին, ապա 3-րդին, հետո 2-րդին, ու… «Միսս սուպերտաղանդ – զբոսաշրջության թագուհի 2019» մրցանակին է արժանանում… և տվեցին իմ անունը… Ես անչափ հուզվեցի… Իրոք, չէի սպասում: Եվս երկու մրցանակ էր լինելու՝ տաղանդի ու ցուցադրության համար՝ որպես մոդել: Առաջինը ստացավ ազգությամբ կորեացի աղջիկը, որն օպերային երգչուհի էր, իսկ երկրորդը տրվեց Ֆրանսիայի ներկայացուցչին: Ժյուրիի կազմում իտալացիներ էին, կորեացիներ և նախորդ մրցույթի մրցանակակիրը:

– Նախորդ հարցազրույցի ժամանակ դու, այսպես ասած, «բացահայտեցիր քո տաղանդը», թե ինչ ես պատրաստել ցուցադրության համար. հայկական տարազով փոքր բեմականացում էիր պատրաստել, նաև կիթառ պիտի նվագեիր…

– Ցավոք, ժամանակի սղության պատճառով տաղանդի ցուցադրության փուլ չեղավ: Ուղղակի, հայտերում արդեն իսկ նշված էր, թե ով ինչ է անելու, ինչ կարողություններ ունի, և այդպես օպերային երգչուհին ստացավ իր մրցանակը: Մասնակիցները, ովքեր երգել գիտեին, հնարավորություն էին ունենում ցուցադրել իրենց տաղանդը: Ես էլ խնդրել էի, որ ինձ կիթառ տային, բայց քանի որ բուն տաղանդի ցուցադրություն չկայացավ, հնարավորություն չունեցա կիթառահարի տաղանդս ցուցադրել: Ես ինձ հետ նաև նկարչական պարագաներ էի տարել… Չզարմանաք, բայց նկարելու տաղանդ էլ ունեմ: Քանի որ տաղանդի մրցույթը չկայացավ, իսկ մենք նոր էինք Վենետիկից Հռոմ վերադարձել, ես մի գիշերում Վան Գոգի «Աստղազարդ երկինք»-ը նկարեցի ու նվիրեցի կազմակերպիչներին: Նրանք հաճելիորեն զարմացած էին, քանի որ, նախ ես պայմանագրում չէի նշել, որ նկարել գիտեմ և հետո, իմացան, որ այն նկարել եմ մեկ գիշերվա ընթացքում:

– Ֆեյսբուքում մի զավեշտալի դեպք էիր պատմել, որ ամենուրեք հայեր էին քեզ գտնում

– Բոլոր երկրների, բոլոր քաղաքներում հայեր կային: Չեք պատկերացնի, թե որքան էր մյուս ազգերի ներկայացուցիչների զարմանքը… Ախր մերոնք ջիգյարով ու աղմկելով են դիմավորում մեկմեկու: Եվ ամենուրեք ծանոթ ու անծանոթ հայերը գալիս էին ինձ, երկրպագելու, մեր դրոշը բարձրացնում, գոռում էին «Արմենիա»: Նույնիսկ կազմակերպիչները շփոթմունքի մեջ էին ընկել: Ինքներդ պատկերացրեք՝ 54 երկրների ներկյացուցիչներ կային, բայց արի ու տես, որ հայաստանցին ամենուրեք ջերմ ընդունելության է արժանանում: Ու պատկերացրեք, լուրջ դեմքով, ձգված, ինչպես պահանջվում է՝ քայլում եմ պոդիումով, ու մեկ էլ որտեղից որտեղ, հարյուրավոր ներակների միջից մեկը գոռում է՝ «Արմենիա՜»… Հազիվ էի կարողանում զսպել ժպիտս ու ուրախությունս: Իսկ այդ օրը Պոմպեյում էինք: Ես մի քիչ հետ էի ընկել խմբից: Մեկ էլ, լսում եմ գեղեցիկ հայերենով երկուսի խոսակցություն: Շրջվեցի նրանց կողմ ու ասացի՝ «Բարև ձեզ»: Երբ արդեն հավասարվել էի խմբին, տեսնեմ, երկուսը դարձել են 4՝ երկու տղամարդ ու երկու կին: Հարցրեցին ով եմ, որտեղից եմ: Պատմեցի, որ մրցույթի մասնակից եմ: Ու մի զույգը ինձ ներկայացրեց մյուս զույգին՝ «Նաիրա ջան, շատ հաճելի է, որ դու Հայաստանից ես եկել, մրցույթի ես մասնակցում, ծանոթացիր՝ Հայաստանի դեսպանն է Վատիկանում ու իր կինը»: Այ, դա, իրոք, հաճելի պահ էր: Դեսպանի կինն անմիջապես ինձ գտավ «Ֆեյսբուքում», պայմանավորվեցինք, որ կգան եզրափակչում իմ ելույթին հետևելու:

– Դե ինչ, Նաիրա ջան, շնորհակալություն՝ զրույցի համար, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ու մաղթում համաշխարհային բրենդների ցուցադրություններ ու նոր պոդիումներ

print
5,141