ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրին երախտապարտ է աշխարհին. բարերարները մեծ ներդրումներ են նախատեսում

Հոկտեմբերի 17-ին Գյումրին դարձյալ տոնական էր. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումների մեկ օրն անցկացվեց մեր քաղաքում: Բազմաթիվ հյուրեր էին ժամանել Գյումրի. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆյանը, «Ավրորայի» մրցանակի դափնեկիրներ, Շառլ Ազնավուրի որդին՝ ընտանիքի հետ, բարերարներ տարբեր երկրներից, Բարի կամքի դեսպաններ և այլն:

Վարդանանց հրապարակում շուրջ 500 դպրոցականներ՝ սպիտակ վերնազգեստներով, նաև Բարի կամքի դեսպանները, Ռուբեն Վարդանյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը և այլ պաշտոնյաներ ու հյուրեր՝ ձեռքերը վեր պարզած, «Thank You, World» («Շնորհակալություն՝ աշխարհ») երախտագիտության ֆլեշմոբ արեցին: Այն ուղերձ էր աշխարհին և, ինչպես իր խոսքում նշեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան. «Շնորհակալական խոսք ու երախտագիտություն  է այն  բոլոր երկրներին, որոնք շուրջ 100 տարի առաջ օգնել են 130 հազար որբի, մեկ միլիոն կյանք են փրկել»:

Հաջորդ կանգառը՝ Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Բարեկամություն» այգին էր, որի զարգացման ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակում: Դեռևս տարիներ առաջ նշվում էր, որ այն դառնալու է զվարճանքի ու ժամանցի վայր, սակայն միշտ ձգձգվում էր և, ըստ Ռուբեն Վարդանյանի՝ «Վերջապես գտանք ճիշտ ծրագիր, որն անչափ կարևոր է գյումրեցիների համար։ Այն կդառնա նաև զարգացման ծրագիր՝ խթանելով զբոսաշրջության զարգացմանը: Ուրախ ենք, որ  հատկապես գյումրեցիները կարևորեցին այս ծրագիրը: Այն համախմբեց շատերին, ու իսկապես սա ընկերության ու բարեկամության այգի է լինելու»:

Պուրակը գեղատեսիլ վայրի կվերածվի՝ հանգստյան գոտիով, սրճարաններով, ատրակցիոն խաղերով: Ծրագիրը կյանքի կկոչվի տարբեր բարերարների ֆինանսական աջակցությամբ և կմեկնարկի 2020թ.: Այգու զարգացման ծրագրի ճարտարապետն է ամերիկաբնակ հայտնի ճարտարապետ Սևակ Պետրոսյանը: Թե ընդհանուր որքան գումար է նվիրաբերվելու՝ ծրագրի իրագործման համար, Ռուբեն Վարդանյանը չցանկացավ նշել, միայն ասաց, որ 10  եզակի ատրակցիոն արդեն նվիրաբերվել է IDeA հիմնադրամին: Թե ինչ այլ ծրագրեր կիրականացնի Գյումրիում IDeA հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանն ասաց՝ «Եկեք անենք, նոր խոսենք, ոչ թե խոսենք ու չանենք»: Հյուրերը մասնակցեցին «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման նախագծին նվիրված հանդիսավոր մեկնարկին: Այգին մաքրվել էր, տնակները հանվել, իսկ տնակների բնակիչներին՝ իրենց իսկ ուզածով, բնակարաններ են նվիրաբերվել IDeA և «Ազնավուր» հիմնադրամների կողմից:

IDEA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն իր խոսքում նշեց. «Ուզում եմ նշել այգու զարգացման 4 հիմնական տարրերը. առաջին հերթին սա քաղաքային զարգացման ծրագիր է, որն իրար կմիացնի քաղաքի տարբեր թաղամասեր և կստեղծի հանրային զոնա: Երկրորդ հերթին՝ սա զբոսաշրջության զարգացման ծրագիր է, որով Գյումրին ավելի հետաքրքիր կդառնա զբոսաշրջիկների համար: Այգում նաև կլինեն հանրային, առևտրային, բարեգործական գոտիներ: Եվ վերջինը՝ սա հանրային գոտի է, որտեղ բնակիչները կգան երեխաների հետ և հանգիստը կանցկացնեն: Բարերարների, մասնակիցների և մեր աջակիցների ցանկը շատ երկար է, բայց առաջին հերթին հայտնում եմ երախտագիտություն Գյումրու քաղաքապետարանին՝ աջակցության համար, ինչպես նաև բոլորին՝ այս հրաշալի, պատմական քաղաքի վերաստեղծման ընթացքին մասնակցելու համար»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց. «Այսօր մենք Գյումրիում բացվող «Բարեկամություն» այգում սկիզբ ենք դնում վերակառուցման մի նոր ծրագրի, որն իսկապես մեծ խորհուրդ ունի։ Ինձ համար բարեկամությունը հենց մարդասիրությունն է՝ գործողության մեջ, նաև խիստ կարևորում ենք այն, որ այս ամենը տեղի է ունենում մեծ մարդասերի՝ Շառլ Ազնավուրի արձանի ներքո, իսկ այս միջոցառմանը ներկա է նաև նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Մեզ համար սա մեծ պատիվ է»:

Գյումրու քաղաքապետը գյումրեցիների անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին, ներկայացրեց, որ 7.5 հեկտար տարածքը մաքրվել է, իսկ տնակներում ապրողներին բնակարաններ նվիրաբերվել. «Զբոսայգու կառուցումը կենսական նշանակություն ունի քաղաքի և, մասնավորապես, այս տարածքի բնակիչների համար. այս հատվածում միշտ եղել է աշխուժություն»:

«Գյումրին մեր ընտանիքի սրտում առանձին տեղ ունի,- իր ելույթում նշեց Նիկոլա Ազնավուրը,- իմ հայրը մասնակցում էր բարեգործական ծրագրերի դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո: Շատ գործեր կան, որոնք մենք պիտի կատարենք, չնայած որ կա որոշակի առաջընթաց: Այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը ոչ մի վայրկյան չի կասկածել, երբ մենք միավորեցինք մեր ուժերը IDeA հիմնադրամի հետ: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի նշենք «Բարեկամություն» այգու վերանորոգման օրը: Շնորհակալություն մեր բարերարներին. այս տեղը շուտով կդառնա ժամանակակից, քաղաքային հարմարավետ զբոսաշրջության վայր և կբարելվի գյումրեցիների կյանքը»:

Պաշտոնական մասի ավարտից հետո երեխաները և հյուրերը ներկեցին այգու մակետը: Իսկ մի քանիսը չդիմանալով հոլի՝ ֆռիկի գայթակղությանը, վերհիշելով մանկությունը, խաղացին: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ 1986-88 թվականներին ծառայել է Գյումրիում, դրա համար էլ այս քաղաքը իր սրտին մոտ է, և ծանոթ է ֆռիկին: Իսկ պարոն Աֆյանն ու Նիկոլա Ազնավուրն առաջին անգամն էին հոլ պտտեցնում:

Այս ուրախ նոտայով էլ հյուրերը տեղափոխվեցին Վարդանանց հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ D՚Black Blues Orchestra՝ «Anthology of Blues. Part II», «Բամբիռ» համույթների համերգային ծրագիրը: Ի դեպ, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, և Գյումրին ու գյումրեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բարձրաճաշակ համերգները մեզ համար ընդունելի են ու սպասելի:

print
2,600