ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Գյումրին ճանաչելի դարձնելու դեռ շատ անելիք կա»

Հարցազրույց «Գիդ Գյումրիում», «Համով-հոտով» բլոգների հեղինակ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ հետ:

Հովհաննես, շուրջ երկու տարի զբոսաշրջության ոլորտում ակտիվ շրջանառվում է քո անունը: Գյումրեցիները քաղաքի տարբեր հատվածներում նկատում են քեզ՝ հայկական տարազի ատրիբուտգլխարկով ուղեկցում ես այլազգիների և ներկայացնում մեր քաղաքը: Բավական ակտիվ ես նաև սոցիալական ցանցերում, ուր ներկայացնում ես ոչ միայն քո գործունեությանն առնչվող նյութեր, այլև զուգահեռ բարձրաձայնում քաղաքի խնդիրները: Կպատմե՞ս, թե ինչից սկսվեց:

— 2019թ-ի ամռան վերջ, երբ զբոսաշրջությունը Գյումրիում կենդանություն առավ, բում էր, Գյումրին վերջապես, այսպես ասած՝ բացվեց աշխարհի առաջ, ընկերներիցս, ովքեր զբաղվում էին տուրերով, ինձ համոզեցին, որ ես կարող եմ ներգրավված լինել զբոսաշրջության ոլորտում, մանավանդ, ռուսերենին հիանալիորեն տիրապետում եմ, իսկ ռուսախոս զբոսավարների կարիքը շատ էր զգացվում: 40 տարի ապրելով Գյումրիում, ես մեր քաղաքին ծանոթացել եմ մանրամասնորեն, մեր Գյումրու հանդեպ մեծ սերը, և այն ցանկությունը, որ այն գեղեցիկ, իրական ներկայացնելը շատ կարևոր է, ես համոզվեցի, որ պետք է զբաղվեմ այդ աշխատանքով՝ մասնագիտորեն, որ դա ապագա ունեցող զբաղմունք է: Դեռ նոր էի սկսել ձնագնդի էֆեկտով թափ հավաքել, երբ պատուհասեց 2020 թվականը. համավարակ, 44-օրյա պատերազմ… Սակայն շուրջ վեց ամիս արդեն ակտիվ գործունեություն ծավալել էի. 21-րդ դարում ենք ապրում, եթե դու չկաս համացանցում, ուրեմն չկաս ոչ մի տեղ: Ակտիվ մարկետինգը հաջողության գրավականն է, դրան ավելացրած օտար լեզվի լիարժեք իմացությունն ինձ համար խթան հանդիսացան, որպեսզի ես սոցցանցերում նշանակետային ուղություններով ճիշտ թիրախների խփեմ: «Ինստագրամում» ամենահարմարն էր, որ նկարներով, տեքստերով, տեսահոլովակներով, ուղիղ կապով ներկայանայի, ապա «Յութուբով», որտեղ մեր քաղաքի մասին իմ նկարած հոլովակները տեղադրեմ, ապա «Ֆեյսբուք», «Տիկ-Տոկ», «Թելեգրամ»… Փորձ չունեի՝ ձեռք բերեցի, սեփական սխալների վրա սովորեցի թերություններն ուղղել, որակ ստանալ:

Անհատ զբոսաշրջիկնե՞րը, թե՞ տուրօպերատորներն են քեզ հետ կապ հաստատում:

— Զբոսաշրիկներ Հայաստան, Գյումրի բերելու համար կան բազմաթիվ տարբերակներ ու ճանապարհներ: Կան ծառայություններ, որտեղ դու տեղադրում ես քո հայտարարությունը, քո էքսկուրսիաների նկարագրությունները, և մարդիկ, ովքեր պատրաստվում են շրջագայության, ակտիվ կամ պասիվ հանգստի, կարող են տեղեկանալ: Բացի այդ, սոցցանցերում մարքետինգային ակտիվությունը բերում է նրան, որ «Գուգլ» կամ «Յանդեքս» որոնողական համակարգում բավական է մեկ բառ գրես և արդեն քեզ համար անգամ չփնտրածդ տեղեկությունը կհայտնվի. այս դեպքում, եթե «Գյումրի», «Տուրիզմ Հայաստանում», «Գիդ Գյումրիում» բառերն էին հավաքել, ապա կարողացել էին ինձ գտնել:

Հովհաննես, հետաքրքիր է, հետխորհրդային երկրների ո՞ր մասի ռուսախոսներն են ցանկություն հայտնել Գյումրի այցելել:

— Հիմնականում ռուսական խոշոր քաղաքներից, հասկանալի էր, որ տնտեսապես ակտիվ տարածքներից միջին խավի մարդիկ են: Մանավանդ անցած տարի շատ ակտիվ տուրեր եմ ունեցել Ուկրաինայից: Մի քանի տուր կազմակերպիչներ էին եկել Հայաստան՝ շուկան ուսումնասիրելու, նրանց հետ ծանոթացա, և մի քանի խմբային տուրեր հենց այդ միջոցով են այցելել Գյումրի: Տեսեք, հարուստ խավի պահանջներն այլ են, և իրենց շրջագայության ուղղություններն այլ, միջինից ցածր խավի ներկայացուցիչները հազիվ մի քանի տարին մեկ մի տեղ կարողանան ճամփորդել, բնականաբար, կընտրեն այնպիսի վայրեր, որտեղից ստացած տպավորությունները տարիներ կբավականացնեն: Իսկ միջին խավի ճամփորդները եվրոպաներից, եգիպտոսներից ու թուրքիաներից հետո նոր ուղղություն կփնտրեն, քանզի իրենք տեղում հանգիստ նստողը չեն, ակտիվ, արկածային հանգստի սիրահարներ են, ու կընտրեն ինչու չէ՝ Հայաստանը: Իսկ մեր օդանավակայանի բացումն ու շարժն էլ ավելի հարմար, էժան ու հեշտ է տալիս այդ հնարավորությունը:

Նկատեցի, որ քո հրապարակումների տակ բավական շատ դրական արձագանքներ կան գրառված, նաև դու ես տարածում քո էջերով՝ քեզ հյուրընկալված զբոսաշրջիկների նամակները:

— Այո, իմ էջերի տակ բաց է գրառումներ թողնելու տարածքը, լավ, թե վատ, մարդիկ իրենց տպավորությունները թողնում են, կիսվում ուրիշների հետ: Փառք Աստծո, Գյումրիից դեռ վատ տպավորություն արտահայտող չկա: Այստեղ է, որ շատ կարևոր է, որ մենք յուրաքանչյուր զբոսաշրջիկի մոտ կարողանանք այնպիսի տպավորություն թողնել, որը նրան կամ նրա միջոցով մեզ էլի հյուրեր կբերի. ի վերջո, Գյումրին Փարիզը չէ, բայց պակաս Փարիզ էլ չէ: Շատերն անձնական նամակ են գրում, ես իրենց թույլտվությամբ դրանք էլ եմ հրապարակում, որպեսզի այդ տպավորությունները ուրիշներին էլ շահագրգռի:

Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին էիր կարողացել բերել Գյումրի:

— Նա «միլիոննիկ» բլոգեր է, մուլտիպլատֆորմներում նա միլիոնավոր հետևորդներ ունի: Իր անցած ճամփորդական ուղղությամբ իր հետևորդներից շատերը փորձում են անցնել: Հետխորհրդային երկրների մասին շարք էր պատրաստում, այդ թվում Հայաստանի 30-ամյա անկախության, և Հայաստանի մասին պատմող հոլովակը մոտ 1,5 մլն դիտում ունի «Յութուբում»: Ես իմացա, որ նա գալու է Հայաստան, նրան կոչ արեցի այցելել նաև Գյումրի՝ վկայակոչելով, թե որքան կարևոր է Հայաստանի մասին պատմող հոլովակում ներառել մի քաղաք, որը մեծահամբավ է եղել, ավերակների վերածվել և ավերակներից է վերհառնել: Ֆիլմի նկարահանումներին ես էլ մասնակցեցի, շատ հաջողված ֆիլմ էր ստացվել:

Այսինքն, հայտնի բլոգերների կողմից շատ կարևոր է, երբ ներկայացվում է երկիրը, քաղաքը: Այս դեպքում, հաջողված էր, որ Գյումրու մասին միլիոնավորներն իմացան: Չնայած, կարծեմ մի երևույթ մթագնել էր մեր քաղաքը. խոսքը օդանավակայանի զուգարանի մասին է:

— Ոչ, ֆիլմում այդ մասին չկա: Այդ մասին և իրավացիորեն նա գրառել էր իր անձնական էջում: Եվ իրոք, հունիսին իր տարածած ֆիլմից հետո, հուլիսից Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք սկսվեց: «Ինստագրամում» կա «Վառլամովի հետքերով» հեշթեգ, և այդ ֆիլմից հետո շատ-շատերը եկան նաև Գյումրի: Սա արդեն Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն էր:

Զբոսաշրջիկները Գյումրիում ունե՞ն նախընտրելի վայրեր:

— Այստեղ միանշանակ ոչինչ չկա. մեկը հետաքրքրությամբ ուզում է տեսնել խորհրդային շրջանից մնացած վարսավիրանոցը, մյուսը տպավորվում է Թումոյի շենքով, երրորդի համար հին քաղաքի միջավայրն է գրավիչ: Նրանց համար Գյումրին նորություն է, ու զբոսավարի ճիշտ աշխատանքից է կախված, թե ինչ տպավորություններ կստանա ու իր հետ կտանի տուրիստը: Մենք պետք է կարողանանք ամեն ինչ ցույց տալ, բայց գրագետ ու գրավիչ ներկայացնել: Տեսեք, երիտասարդ հյուրեր ունեի, որոնք չգիտեին Ֆրունզին, բայց քանի որ իրենք ՏՏ ոլորտից էին, իրենց հետաքրքրող էր Թումոյի շենքը, ուրախացան, որ երեխաներն այստեղ սովորելով ապագա կունենան: Չորրորդ տեսակ էլ կա, որ միայն իր քիմքին անծանոթ խոհանոցի սիրահար է:

Հենց դա էլ ուզում էի հարցնել. զբոսաշջիկները մեր խոհանոցից նախընտրություն ունե՞ն:

— Քանի որ իմ հյուրերը հիմնականում նախկին սովետական երկրների քաղաքացիներ են, իրենց համար մեր խոհանոցը շատ անծանոթ չէ. տոլմա, խորոված և այլն, չափավոր էքստրեմալ է: Մի քանի ունիկալ ուտելիք կա, որ առանձնանում է. խաշ, քյալլա, պանրխաշ: Ես իմ «Համով-հոտով» բլոգում նկարագրում եմ այդ սննդատեսակները, մարդուն նախապես ծանոթացնում եմ, թե ինչն՝ ինչ է իրենից ներկայացնում, որ առաջին անգամ տեսնելով կենդանու գլուխը սեղանին՝ սարսափ չապրի… Բայց բոլորի կողմից մեր թեյերի տեսականին շատ գրավիչ է. խոտաբույսերով, ծաղիկներով, հատապտուղներով փնջեր, համային համադրություններ, որը իրենց համար շատ գրավիչ է:

Իսկ, ինչպես մեր Ֆրունզն էր ասում «Միմինո» ֆիլմում. «Մենք ջուր ունենք, որ աշխարհում երկրորդ տեղն է»… Սառնորակ ու համեղ ջուր ուղղակի աղբյուրից խմե՞լը:

— Դա գրավիչ է, զարմացնում է, տպավորվում են, գովում են, շատ հետաքրքիր է ու ապշեցնող մուշուրբայով ջուր խմելը, սա իրենց համար հիշելու ու տանելու տպավորություն է: Իսկ հուշանվերների առումով, ամեն մեկն իր նախասիրությամբ՝ գնում են, տանում են:

Հովհաննես, ասում են, թե զբոսաշրջությունը Գյումրիում մեկ օր է:

— Ոչ, դա միգուցե առաջ էր այդպես, հիմա կարելի է հանգիստ 3-4 օր մարդուն պահել քաղաքում: Ուսումնասիրում ես մարդուն, իմանում նախասիրությունները, հաշվի ես առնում տարիքն ու կյանքի փորձը, և արդեն զբոսանքը կազմակերպում ըստ այդմ: Ապա համադրում ես քաղաքից դուրս զբոսանքի հետ, քաղաքից դուրս արշավներ ես առաջարկում, որպեսզի էն սարերը, որ ինքնաթիռի պատուհանից է տեսել, կարողանա մոտիկից տեսնել ու շոշափել:

Ի՞նչ կասես ենթակառուցվածքներից, սպասարկման ու ծառայությունների մատուցած որակից:

— Եվ կա, և չկա: Օրինակ, միակ բանը, որ շատ են հարցրել, թե ի՞նչ միջազգային ցանցի հյուրանոց ունենք: Նկատի ունեն՝ անփոփոխ որակ, ծառայություն, սպասարկում, ինչը չունենք: Իսկ դա որակ է թելադրում: Մեծ խնդիր է մեր բնակչության կողմից մեր քաղաքի հանդեպ անփույթ վերաբերմունքը, ինչ-որ տեղ, ինչ-որ չափով ներքին մշակույթի պակասը… Քաղաքում տուրիզմի զարգացման գործում մեծ դերակատարություն ունի ոստիկանությունը: Քաղաքային կյանքի կանոնակարգման մասին է խոսքս:

Ռուսուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, ճամփորդության սիրահարներին զգուշացնում են, որ տուրերը դադարեցվում ենԻ՞նչ կարծիքի ես, սա կարո՞ղ է աշխատել ի նպաստ մեր երկրի:

— Անկանխատեսելի է: Սակայն իմ դիտարկմամբ, առաջին հերթին Ռուսաստանը սահմանափակելով իր շփումներն արտաքին աշխարհի հետ, կկենտրոնացնի ներքին սպառման վրա: Այս պետությունը տեղի ու տարածքի խնդիր չունի: Երկրորդը՝ ռուբլու կուրսի տատանումները ևս ի օգուտ չես գրանցի: Եվ ռուսական ավիաընկերություններից լիզինգային ընկերություններին զրկելն ավելի կսպանի Հայաստանի զբոսաշրջային ոլորտը: Պատերազմը կբերի տնտեսական անկման, փոխարժեքի անկման, գների թանկացման:

Մենք ասում ենք՝ Գյումրին սպորտի քաղաք է, Գյումրին հումորի քաղաք է, արվեստի ու մշակույթի քաղաք է: Զբոսաշրջիկը դրանք գիտենալո՞վ է այցելում, թե՞ տեղում է ծանոթանում:

— Մեր քաղաքը մենք չկարողացանք լուրջ բրենդավորել, ոչ մի բանով էլ ծանոթ չէ, մենք չկարողացանք այն մեխը գտնել, որը մեզ առավելություն կտար: Զբոսաշջրիկը գալիս է անհայտություն, կախված տուր-օպերատորից, գիդից, կամ տպավորված կվերադառնա՝ կրկին հետ գալու մտադրությամբ, կամ…

525