ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու ծննդատան տվյալներով՝ ծնունդների թիվն աճել է

Գյումրու ծննդատունը շուրջ 6 ամիս է, ինչ օպտիմալացման սկզբունքով՝ միավորվել է Գյումրու բժշկական կենտրոնին: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել, արդյո՞ք դրական տեղաշարժ կա. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Գյումրու ծննդատան տնօրեն ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

Բժիշկ, ի՞նչ տվեց օպտիմալացումը:

— Օպտիմալացման հաջողված և ստացված փորձ էր: Բացի այդ, Գյումրու ծննդատունը պահպանեց իր շենքային մասը: Տարիներով կուտակված աշխատավարձի և հարկային պարտքերը կարողացավ փակել: Վերանորոգման անհրաժեշտությունը, ժամանակակից սարքավորումներով հագեցման խնդիրները ստեղծել էին մի արատավոր օղակ, որ կարծես ոչ մի կերպ հնարավոր չէր ընդհատել, բայց ահա, օպտիմալացման արդյունքում հնարավոր դարձավ շքեղ վերանորոգում իրականացնել՝ ոչ միայն միջանցքներն ու ֆասադային հատվածը բարեկարգվեց, այլև պալատները՝ յուրաքանչյուրն ունի իր ոճը, գույնը, ժամանակակից դիզայնն ու սանհանգույցը: Կարևորներից է՝ ձեռք ենք բերել գերժամանակակից էխո սարք, որը երկրում եզակիներից է: Այն մեզ լայն հնարավորություն է տալիս ոչ միայն հղիության հսկողության, այլև գինեկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ հայտնաբերման համար: Շիրակի մարզի, տարածաշրջանի հղիներն ու գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք այլևս կարիք չունեն մայրաքաղաք գնալ՝ հետազոտվելու:

 

Գիտեինք, որ օպտիմալացումը չէր ենթադրում կրճատում, բայց՝ միգուցե կա՞ն փոփոխություններ:

— Կրճատում, որպես այդպիսին, չի եղել, միայն թոշակի տարիքի աշխատակիցներն են կրճատվել, կազմն է ավելի երիտասարդացել: Ինչպես գիտեք, Երևանի Շենգավիթ ԲԿ-ի հետ ենք սերտ համագործակցում: Քանի որ օնկոլոգիական բաժանմունքը ևս օպտիմալացվելով, միավորվել էր Գյումրու ԲԿ-ին, դա հնարավորություն է ընձեռնել, որպեսզի մենք տեղում իրականացնենք օնկոլոգիական բարդ վիրահատություններ, որը մարզում չէր կատարվում: Հիմա մասնագետը գալիս է, տեղում, ավելի մատչելի, կատարում է վիրահատություն:

Բժիշկ, հղիների հիվանդանոց այցերը բնական է, իսկ կանանց առողջության պահպանման հաճախելության բարձրացում նկատվո՞ւմ է:

— Քանի որ այդ խնդիրն առաջնային օղակի վրա է դրված՝ գուցե դժվարանամ ճշգրիտ պատասխանել, բայց, լսել եմ, որ համեմատաբար ավելի ուշադիր են դարձել առողջության նկատմամբ: Բայց այն չէ, ինչը բավարար կլիներ: Բոլոր դեպքերում, մեր կանայք գցում են ականջի հետև, մինչև որ հետազոտվելու կարիքը խիստ է զգացվում: Մտածելակերպ է պետք փոխել, և այն պետք է դպրոցից սկսել, երբ մարդու կառուցվածք, սեռական օրգանների ուսումնասիրություն են անցնում: Այո, այսօր սոցցանցերով շատ տեղեկություններ կան, բայց սխալ տեղեկությունն էլ է շատ, և դա կարող է թյուրիմացությունների տեղիք տալ:

Լավ կլիներ պետության կողմից ազգային ծրագրերի ընդլայնված ու ինչոր տեղ՝ պարտադրված հայեցակարգ մտցվեր, որպեսզի ազգային առողջապահությունը, դեմոգրաֆիկական պատկերը պահպանվեր:

— Ելնելով մեր ազգի մենթալիտետից, նաև կովկասյան առանձնահատկություններից, թերևս ձեր ասածի պես՝ ստիպողաբարը լայն առումով կծառայեր նպատակին:

Ծնունդների թվով կարո՞ղ եք ուրախացնել:

— Օպտիմիզացիայի դրական արդյունքներից ամենակարևորը՝ ծնունդների թվի աճն է. այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, 100 ծնունդով ավել է, դա այն դեպքում, երբ հանրապետությունում նվազման դինամիկա է գրանցվում:

Մի շատ կարևոր թեմայից կուզենամ խոսենք. պատերազմում զավակ կորցրած մայրեր ունե՞նք, որ հոգեբանկան վիճակը հաղթահարելով, երեխայի են սպասում:

— Մենք մեզ մոտ ունենք 40-նն անց կին, որը հաղթահարելով թե՛ հոգեբնական, թե՛ ֆիզիկական դժվարությունները, այսօր հղիություն է տանում: Եթե չեմ սխալվում, 5-6 կին կա… Միայն կոնկրետ մայրը չէ, կան ասենք, եղբոր կին, քույր, որ նահատակված հերոսի կորուստն ուզում են լրացնել նոր կյանքով:

Փոխվե՞լ է արդյոք պատկերը. մեկերկու երեխայով սահմանափակվելը:

— Դեռ հանրապետությունում նույնն է պատկերը: Դրան ավելացնենք այն, որ պատերազմում զոհված մոտ 4500 տղամարդ պետք է նույնքան ընտանիք կազմեին, ու զավակներ պարգևեին… Մոտակա տարիներին մենք նման ճգնաժամ կունենանք, ավելացրած՝ հաշմանդամ դարձած զինծառայողները, որոնցից թե քանիսը կամուսնանա, անհայտ է: Արտագաղթի մասին էլ չենք խոսում:

Մեր զրույցի ընթացքում Դուք մի հանգամանք նշեցիք. երեխաների ծնունդները ևս սեզոնային ենԻ՞նչ նկատի ունեք:

— Տեսեք, մարզերում, դեռ հնում, ընտանիքի պլանավորումն այնպես են արել, որ ձմռանը երեխա չունենան. հատկապես գյուղական համայնքներում, կարող է քաղաք տանող ճանապարհները փակ լինեն, խիստ ձմեռ լինի և այլն: Եվ դրա համար երեխայի բեղմնավորման շրջանն համընկել է ձմռան շրջանին, իսկ ծնունդը՝ ամառվանից սկսած… Մյուս հանգամանքը պայմանավորված է արտագաղթով. գիտեք, որ խոպանից ձմեռային արձակուրդներին են վերադառնում… Հետո կա զուտ կրոնական օրացույցով պայմանավորված. Մեծ պասի շրջան, կամ մայիս ամսին հարսանիք, ամուսնություն չանելու հետ և այլն: Եվ այս ամենը թողնում է իր ազդեցությունը, որպեսզի փաստենք, թե ծնունդներն էլ են սեզոնային:

1,758