ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու կրեատիվ «գունավոր դուռը»

Գյումրու Աբովյան փողոցի 252 հասցեում գտնվող տարածքը, որն անշունչ ու անտերության մատնված աղբանոցի էր վերածվել, վաղուց արդեն կյանք է առել՝ ինչպես սև-սպիտակ կինոն՝ գունավոր դառնալով. մաքրվել, կարգավորվել և… արվեստանոցի է վերածվել` ինչպես հարիր է Գյումրի քաղաքի կոլորիտին։ Շիրակի թեմին պատկանող այս տարածքը հիմք հանդիսացավ մի խումբ գյումրեցի շնորհալի երիտասարդների գաղափարների ու նախաձեռնությունների իրագործմանը, իսկ արվեստի նկուղի տնօրեն Նարեկ Սարգսյանն էլ այն Փոքրիկ Իշխանի մոլորակի անունով՝ B612 արվեստի նկուղ է կոչել, որտեղ ներկայացված են Գյումրեցի տաղանդավոր երիտասարդների աշխատանքները:

Ինչպես հավաստիացնում է Նարեկ Սարգսյանը, իրենք մշտապես նորանոր գաղափարներով ու նախաձեռնություններով են ներկայանալու. «Մշակույթի հետ կապված շատ մտահղացումներ կան, որոնք կյանքի կոչելով՝ լրացնելու են քաղաքի կոլորիտը: Մյուս կողմից, զբոսաշրջության յուրօրինակ կենտրոններ ստեղծելով, ցուցադրելու ենք քաղաքի մշակույթը»։

Այս պահին գործում է արվեստանոցի մի մասը, որն իրենից վաճառասրահ է ենթադրում։ Այստեղ ցուցադրված են գյումրեցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները. այստեղ կգտնեք նկարիչներ՝ Մամիկոն և Կառլեն Վարդերեսյանների «Արվեստանոց» ապրանքանիշը, Արսեն Վարդանյանի և Գագիկ Մխիթարյանի՝ «Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» ապրանքանիշերը, նկարչուհի Ռիմա Գյոդակյանի «Dandelion», նկարիչ Արթուր Մուրադյանի «Artmood», նկարչուհի Գոհար Պետրոսյանի «Gohar» ապրանքանիշերը, կավագործներ՝ Լևոն Հովհաննիսյանի «Leo ceramics» և Վազգեն Գևորգյանի ու Վաղարշակ Ասատրյանի ձեռքի աշխատանքները, նկարիչ քանդակագործներ՝ Արտյոմ Սարգսյանի «ART design» և Աշոտ ու Մամիկոն Միքայելյաններ «Jevo» ապրանքանիշերը:

Տարածքի մի մասն էլ դառնալու է ցուցասրահ, որի նմանը, ըստ մեր զրուցակցի, քաղաքում չունենք. «Շեշտը դնելու ենք գրաֆիկայի և լուսանկարչական արվեստի վրա: Ֆոտոյի և գրաֆիկայի անընդհատ գործող ցուցասրահ չունենք։ Երիտասարդ նկարիչներին դրա բացակայությունը շատ է խանգարում։ Գործեր շատ կան, սակայն մշտական ցուցադրության տարածք չկա։ Բացի դրանից, նախատեսում ենք, որ սենյակներից մեկը լինի խաչքարագործության սենյակ, որտեղ տեղում վարպետն աշխատելու է, ինչն էլ կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից»։





 

Սրահում գտնվող կտավների մեծ մասը քաղաքում բավականին հայտնի երիտասարդ նկարիչներ Մամիկոն և Կառլեն Վարդերեսյաններին պատկանող գործերն են։ Նարեկի խոսքով, սրահում է գտնվում նաև հայկական նկարչության ամենաթանկ գնահատված կտավի կրկնօրինակը։ Խոսքը Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավի մասին է, որի կրկնօրինակի հեղինակը նույնպես Մամիկոն Վարդերեսյանն է: Հայաստանի ազգային պատկերասրահից միայն կրկնօրինակի թույլտվություն ստանալու համար վճարում են 300.000 դրամ:

«Այստեղ բոլոր գործերը գյումրեցի վարպետների աշխատանքներն են՝ ձեռագործ շեշտադրմամբ: Դրսից եկած հյուրերն հիմնականում հավանում ու մեզանից գնում են մեր վարպետների կավե կենցաղային իրերը, ինչպես նաև կերամիկայից, հայկական զարդանախշերով ափսեները։ Ունենք բնական քարերից պատրաստված զարդեր, պղնձե վզնոցներ, թևնոցներ, որոնք իրենցից բավականին մեծ հետաքրքրություն են ներկայացնում արտերկրից ժամանած հյուրերի համար: Մոտավորապես ութսուն վարպետի հետ արդեն համագործակցում ենք: Առաջիկայում մեզ մոտ արվեստի այլ գործեր էլ կարելի է տեսնել»,- ներկայացնում է Նարեկը։

Բացի նրանից, որ սրահը յուրօրինակ արվեստի կենտրոն է, այստեղ շատ հին, բայց լավ պահպանված իրեր կան: Արվեստի ինքնատիպ սրահում նկատեցինք նաև հարյուր տարի առաջ պատրաստված մի աստիճան, որը նկուղում ներկայացված է յուրօրինակ ձևով։ Նարեկի խոսքով՝ այն չեն պատրաստվում քանդել կամ փոխարինել, այլ ցուցադրելու են հենց իր պատմությամբ։

Չնայած նրան, որ արվեստների այս նկուղը դեռ մի քանի ամիս է, ինչ բացվել է, այն հասցրել է զբոսաշրջության աչքի ընկնող կենտրոններից դառնալ։ Քաղաքի այս հատվածում միանգամից աչքի է ընկնում նկուղի գունավոր դուռը, որից էլ կարելի է ենթադրել, որ տեղում հետաքրքիր արվեստանոց է գործում։

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇՊՀ, Լրագրության բաժին, 4-րդ կուրս

print
3,208