ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատախազը խոստացավ, որ բռնարարը կստանա ամենախիստ պատիժը

Մարտի 5-ին Գյումրիում 42-ամյա կնոջն ու վերջինիս 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկած անձը՝ 28-ամյա, նախկինում չորս անգամ դատապարտված (2 անգամ՝ հափշտակության, մեկը՝ սպանության սպառնալիքի, մյուսն էլ՝ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար) տղամարդը ձերբակալության ժամանակ ընդունել էր իր մեղադրանքը և նախնական ցուցմունք էր տվել, սակայն հետագայում հրաժարվել է ցուցմունքից, ինչպես նաև չի համաձայնել փորձաքննության համար արյուն տալ: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերի հատկանիշներով:

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց լրագրողների հետ: Նշեց, որ շատերի կողմից տարըմբռնումների տեղիք է տվել առաջադրված մեղադրանքի 14-րդ կետը, այն է՝ անզգուշությամբ մահ առաջացնելը. «Այս տարըմբռնումը փարատելու համար կուզենամ հետևյալ մեկնաբանությունը տալ. ՀՀ ՔՕ 112 հոդվածի սուբյեկտիվ կողմը բնութագրում է  ուղղակի միայն դիտավորությամբ: Նշված հանցանքը կատարվում է միայն դիտավորությամբ, անձին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ հանցանքը կատարելու, իսկ 2-րդ մասի 14-րդ կետը, քանի որ ունի մի շարք ծանրացնող հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել, որ առաջացրել է անզգուշությամբ մահը։ Այդ ձևակերպումը տրվել է՝ ելնելով ՔՕ դիսպոզիցիայի բնութագրից, բայց դա չի նշանակում, որ մեղադրանք է առաջադրվել անզգույշ հանցագործություն կատարելու համար։ Նորից եմ նշում, ՔՕ 112 հոդվածը բնութագրում է մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, և նշված հոդվածի 2-րդ մասն ունի մի շարք ծանրացնող հանգամանքներ, այդ թվում նաև 14-րդ կետը»:

Դատախազն ասաց, որ այս պահին ենթադրյալ հանցանք կատարած անձին մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածի հատկանիշներով և, երբ կստանան դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ինչպես նաև երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքները, կունենան վնասվածքների տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը, կդիտարկվեն, թե հասցված վնասվածքները որքանով են կյանքի հետ անհամատեղելի, որքանով են վնասվել կենսական նշանակություն ունեցող օրգանները, ապա միգուցե իրավական անհրաժեշտություն առաջանա հոդվածը փոխելու։




Ըստ դատախազի, չնայած անձը չի ընդունել իր մեղադրանքը, սակայն իրենք ունեն բավարար ապացույցներ, ունեն մի քանի անձի ցուցմունքներ, որոնք և հիմք են հանդիսացել տվյալ անձին մեղադրանք առաջադրելու: Հարցաքննվել են հանցանքը կատարողի հայրն ու մայրը, ովքեր էլ տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ նշված անձը դիտավորյալ մարմնական վնասվածք է պատճառել տուժողներին։ Ըստ դատախազի, դեպքից անմիջապես հետո հանցանքը կատարողը զանգել է իր մայրիկին, մայրը գնացել է, և այդ պահին ինքը մոր ներկայությամբ խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը։ «Նա կնոջը ծեծի է ենթարկել գիշերվա ժամերին՝ 02:00-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է ժամը 14:30 սահմաններում, դրա համար մենք մեղադրանք ենք առաջադրել ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը,- ասաց դատախազը,- ըստ գործում առկա նախնական տվյալների, ծեծի է ենթարկվել մայրը, պատճառը՝ խանդի հողի վրա, երեխան է միջամտել, որպեսզի թույլ չտա մորը ծեծվել, այդ պահին նաև նա է բռունցքներով հարվածներ ստացել»: Դատախազն հավելեց նաև, որ դեպքի վայրում այլ առարկաներ չեն հայտնաբերվել, իբր որի միջոցով է ծեծի ենթարկել տուժողներին:

Լրագրողի հարցին, թե մի տեսանյությում տուժողի հարազատները նշում են, որ մի անգամ ոստիկանություն են դիմած եղել, դատախազը պատասխանեց. «Մենք հանել ենք նշված անձի վերաբերյալ արտադատվածության տեղեկանքը, որով պարզվել է, որ այս անձը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Իսկ 2016-ին այս անձը տուժողներին միջին ծանրության մարմնական վնասվածքներ է պատճառած եղել: Բայց քանի որ տուժողը բողոք չի ներկայացրել, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին, հաշտության պայմաններում վարույթն էլ չի շարունակվել»: Նա ասաց, որ իր կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ պարզելու, թե նախկինում նշված անձի կողմից տուժողների նկատմամբ բռնության դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Հանձնարարվել է՝ օպերատիվ հետախուզական միջոցներով, տուժողների բնակության վայրի հարակից, հարևանների, հարազատների, երեխայի ուսումնական հաստատությունում, դասընկերների շրջանակում անցկացնել օպերատիվ հարցումներ, պարզել, թե տուժողները պարբերաբար բռնության ենթարկվե՞լ են, և եթե անգամ չի արձանագրվել, հանցանքը կատարողին մեղադրանք կառաջադրվի նաև խոշտանգման հատկանիշներով։

Հարց հնչեց, թե ըստ խոսակցությունների, ոստիկանությունն անգործություն է դրսևորել, ինչին դատախազն արձագանքեց, որ թե՛ այդ տեսանյութերը, թե՛ այլ տեղեկություններ իր կողմից ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն, որպեսզի համատեղ քննություն կատարվի և, եթե պարզվի, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել, ապա քրեաիրավական գնահատական կտրվի նաև ոստիկանների արարքին։

Հարցին, թե արդյո՞ք սթափ վիճակում է եղել, և ինչո՞ւ է հրաժարվում արյան քննություն հանձնել, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց, որ իրենք որոշում են կայացրել տվյալ անձից նմուշներ ստանալու համար, սակայն նա հրաժարվել է տալ։ «Օրենքն էլ, ասում է, որ ինքը պարտավոր է նմուշներ տալ, սակայն չտալու դեպքում չունենք մեխանիզմ դրանք ստանալու. ո՞նց եք պատկերացնում, եթե իր կամքին հակառակ արյան նմուշ վերցնենք, դուրս կգա՝ խոշտանգում ենք իրեն։ Նրա խմածության աստիճանը կորոշվի՝ ըստ անձանց ցուցմունքների։ Եթե մենք ունենանք անձանց ցուցմունքներ, որոնցով կհաստատվեն, որ տվյալ անձը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, մենք նրա մեղադրանքում կավելացնենք, որ ալկոհոլի ազդեցության տակ է կատարել նշված հանցանքը: Բացի այս, նշված անձը հաշվառման մեջ է գտնվում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նախկինում կատարած հանցանքների գործերի շրջանակներում նշանակվել են դատահոգեբուժական փորձաքննություններ, փորձագետների կողմից փաստվել է, որ մեղսունակ է։

Նա նարկոդիսպանսերում հաշվառված չէ, հաշվառված է հոգեբուժական կաբինետում»։

Իսկ թե ինչպես է ստացվել, որ տվյալ անձն ամեն անգամ համաներման կիրառմամբ դուրս է եկել, Կարեն Գաբրիելյանը պարզաբանեց, որ մեկ անգամ համաներման ակտի հանգամանքներով է դուրս եկել, մեկ անգամ պատժի լրիվ կրմամբ է դուրս եկել, մի անգամ պայմանական վաղաժամկետ է ազատվել… Դատախազը խոստացավ, որ անկախ ամեն ինչից, թե ինչ հանցավոր արարքի համար է վերջնական մեղադրանք առաջադրվելու, ինքն ամենախիստ պատիժն է ստանալու:

print
756