ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատական գործերն այնքան են ձգձգվում, որ արդեն Եվրոդատարանի ենք նմանվում

Շիրակի մարզի մի խումբ փաստաբաններ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել: Նրանք դժգոհում էին, որ դատական նիստերը ձգձգվում են, ինչն անդրադառնում է իրենց գործունեության, հեղինակության վրա: «Ձևական պատճառներով գործերը հետ են վերադարձվում, վճիռները, որոշումները ժամանակին չեն տրամադրվում, ինչի պատճառով քաղաքացիները կասկածում են մեր պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասում է փաստաբան Թամարա Յայլոյանը:

«Խնդիրը կայանում է նրանում, որ թե միջազգային նորմերով, թե ներպետական նորմերով հստակ սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ողջամիտ ժամկետներում ստանալ իրեն հուզող և արդարադատության բնագավառին առնչվող խնդրի լուծումը,- ասում է փաստաբան Աննա Դավթյանը:– Քաղաքացին երբ դիմում է փաստաբանին՝ որևէ հայց կազմելու, հատկապես, եթե այն վերաբերում է երեխաների տեսակցությանը, շահերին, ալիմենտին, բնակության վայրի հետ կապված, մենք սպասում էինք, որ Քաղաքացիական դատավարության նոր օրենսդրությամբ այդ խնդիրը վերջնական լուծում կստանա: Բայց ժամկետների առումով, ընդամենը աշխատանքային վեճերի մասով Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ հստակ սահմանվում է՝ եռամսյա ժամկետում դատարանը պարտավոր է աշխատանքային վեճին լուծում տալ: Իսկ մնացած քաղաքացիական գործերի հետ կապված կոնկրետ ժամկետներ չկան սահմանված: Օրենսդրությունը բացեր ունի: Մենք հասկանում ենք, որ դատարանները ծանրաբեռնված են, կան օբյեկտիվ պատճառներ. յուրաքանչյուր դատավորի մոտ կա 2500-3000 գործ, բնականաբար, սա ինչ-որ տեղ օբյեկտիվ պատճառ է դառնում ձգձգումների: Բայց ինչ-որ լուծում պետք է գտնել: Ի վերջո, քաղաքացին վստահում է իքս փաստաբանին, դիմել է, որովհետև ուզում է լուծում տալ խնդրին, փաստաբանն էլ պարտաճանաչորեն ու բարեխղճորեն իր աշխատանքը կատարում է, 1-2 օրում գործը դատարան է ներկայացվում, ու դրանից հետո անորոշ է մնում այդ գործի ճակատագիրը»:

Փաստաբանները գտնում են, որ կամ պետք է դատավորների թիվն ավելացնել կամ առանձնացնեն բանկային գործերը, որոնք մեծ թիվ են կազմում, ստեղծեն, ասենք, արբիտրաժային դատարան, որտեղ տեղափոխելով բանկային գործերով վեճերը, մյուս դատարանները կբեռնաթափվեն:

Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը համամիտ լինելով գործընկերների հետ, հավելում է, որ ժամկետների ձգձգմամբ քաղաքացիների մոտ անվստահություն է առաջանում դատարանների նկատմամբ, նաև փաստաբանների հանդեպ վստահությունն է երերում, քաղաքացիների շահերն են ոտնահարվում: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվը՝ դատարանների ծանրաբեռնվածությունն է, օրենքի բաց կա, մանավանդ 2018թ. փոփոխություններից հետո այս վիճակն ավելի բարդացավ՝ ժամկետների առումով: Մի այնպիսի խայտառակ իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած որոշման համար դատարանին որոշակի ժամկետ է սահմանվում, ինչը միավորվելով, կարող է տարի դառնալ: Ավելացել է փաստաթղթային քաշքշոցը: Պատկերացրեք, անցած տարվա հուլիս ամսվանից ալիմենտի պահանջի հաստատման համար գործը կազմել, տվել եմ հայցը… մինչ օրս անգամ առաջին լսումը չի եղել: Ի՞նչ պիտի անի, ինչպե՞ս պիտի ապրի այն երեխան, որի համար ալիմենտի դատական վեճ է կազմվել: Մինչդեռ, պետք է մեկ ամսվա ընթացքում դատարանը որոշում կայացներ: Յուրաքանչյուր գործ, որ առաջ ենք տալիս, վախվորած սպասում ենք, թե քանի ամիս է տևելու… Հավատացեք, երբեմն գործերում լինում են վճիռներ, որ արդեն հետաքրքիր չեն, արդեն ժամկետանց են, արդեն… դիմորդը մահացել է… Իսկ սուբյեկտիվ պատճառն էլ այն է, որ ասում է ողջամիտ ժամկետում գործը քննել… Ողջամիտ ժամկետը դա անսահմանափա՞կ ժամկետն է»:

Փաստաբանները պնդում են, որ Հայաստանի բոլոր փաստաբանների մոտ նույն խնդիրն է, անգամ Մարդու իրավունքների պաշտպանն է խոսել այս մասին և նշել, որ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռք առնել՝ այս հարցը լուծելու համար, անկախ այն բանից՝ բյուջեում գումար կա հատկացված, թե ոչ:

«Դատարանը պետք է լինի մատչելի, և ողջամիտ ժամկետներում գործերը քննվեն: Հակառակ դեպքում այն առաջացնում է Կոնվենցիայի 6 հոդվածի խախտում: Օրենքն իրենով մատչելի չէ. երբ օրենք է ընդունվում, նրա հետ ինչո՞ւ չկցել մեկնաբանություն, որ տարակարծություններից ու խճճումներից զերծ մնանք: Մի հանգամանք էլ նշեմ. գործերի հետվերադարձումն էլ շատ անհեթեթություններով է պայմանավորված, մանավանդ, որոնք ձևական բնույթ են կրում. օրինակ, գործին կցում ենք անձնագրի պատճեն, նշում ենք անձնագրի տվյալները… դատարանները գործը հետ են վերադարձնում անհեթեթ պատճառաբանությամբ»,- ասում է Թամարա Յայլոյանը:

Փաստաբանները օրինակներով բացատրում են, թե որքան խրթին է աշխատում օրենքը, և այդ խրթինությունը դատավորներին, սուբյեկտիվ տեսանկյունով, հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես իրենք կուզեն: Սուսաննա Մխիթարյանը մերօրյա դատարանների երկարաձգվող գործերը համեմատության մեջ դնելով, որակեց՝ «Եվրոդատարանի ենք նմանվել»: Օրինակ են բերում, թե ինչպես է, որ մի դատավոր կարող է արագ աշխատել, իսկ մյուսի մոտ նույն գործը տարի է տևում:

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է, թե մի այլ տեսակի ուրախություն են ապրում, երբ գործն ընկնում է արագ աշխատող դատավորի մոտ: Օդում կախված հարցադրում են անում, թե ի՞նչ անուն տալ նրան, որ երբ հայց է ներկայացվում, մինչև վճիռ կամ որոշում է տրվում, հայցվորն արդեն մահացած է լինում, անգամ դեպք են ունեցել, որ իրավահաջորդն է մահացել…

Փաստաբաններն իրենց բողոքը բարձրաձայնել են մինչև ՀՀ վարչապետ, ԱԺ, Արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, բայց լուծում դեռևս չկա:

print
700