«Դատավորը ոչ թե վախից չպիտի վերցնի, այլ իր ներքին բարոյական կոդեքսից» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Դատավորը ոչ թե վախից չպիտի վերցնի, այլ իր ներքին բարոյական կոդեքսից»

Զրույց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հետ:

Աստված օգնական, Սրբազան հայր: Չնայած այն բանին, որ Դուք մեկ տարուց ավել ակտիվ մասնակցություն չեք ցուցաբերում, այսպես ասած, աշխարհիկ կյանքում, սակայն համոզված ենք, որ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Այսօր ամենաքննարկվող թեման Անցումային արդարադատությունն է, վեթինգ, կարճ ասած՝ դատավորների հարցն է քննվում:

— Դատական համակարգն, այո, վերափոխվելու մեծ կարիք ունի, ոչ թե բարեփոխվելու: Բայց այստեղ անձերի փոփոխությամբ, արտաքին փոփոխությամբ արդյունքի հասնել չի լինի: Այլ անձերի ներքին փոփոխությամբ է այն հնարավոր: Ի՞նչ նկատի ունեմ. այսօր կարող ես վեթինգի ենթարկել ու արատավոր դատավորին հեռացնել համակարգից, բայց արդյո՞ք հաջորդն ավելի լավն է լինելու: Ես մի հարց տամ. երիտասարդը, որ ընդունվում է իրավաբանական բուհ, իր երազներն ինչպիսի՞ն են՝ դատավոր դառնալու դեպքում…

Դեռ սովտական շրջանից հայտնի էր, որ իրավաբանական բաժին ընդունվելու համար մեծ գումար էին «մաղարիչ» անում, որ հետո փող աշխատեին

— Ինքը դատավոր է դառնում, որ արդար դատավճիռ արձակի, որ արդարություն հաստատի, որ ապրի իր աշխատավարձո՞վ… Թե՞ ինքն արդեն ուսանողական տարիներից հյուսում է իր երազը, թե յուրաքանչյուր հայցվորից ինչքան է ունենալու: Բոլորին մեկ գծի վրա չդնելով անգամ, թող լինեն բացառիկներ, բայց այո, Դուք ճիշտ մեջբերեցիք, դեռ սովետական ժամանակներից կար այդ արատավոր երևույթը: Իմ ասածն էլ հենց դա է, որ ոչ թե անձերի փոփոխությամբ է պայմանավորված, այլ ներքին փոփոխությամբ: Դատավորը պետք է ներքին փոփոխություն ունենա, վերափոխվի: Ասում ենք. «Դատավորների աշխատավարձերը պետք է բարձր լինի, որ կաշառք չվերցնեն»:

Այսինքն, թող ներեն ինձ արդարները, «գող թաթիկը սովոր է»…

— Դա նշանակո՞ւմ է, որ նրանք, ովքեր բարձր աշխատավարձ չեն ստանում, պիտի գողանան: Այսինքն, նման իրավունք ես տալիս նրանց, ովքեր բարձր աշխատավարձ չե՞ն ստանում: Եթե մի մասի աշխատավարձը բարձրացնում ես, որ չգողանան, ուրեմն թույլ ես տալիս այն մասին, որը ցածր աշխատավարձ է ստանում՝ գողանալո՞ւ: Այնինչ, գողությունն ամեն դեպքում մեղք է, ու կապ չունի աղքատն է դա անում, թե հարուստը: Եթե մարդու ցանկությունների սահմանը ընդարձակ է, իսկ դրանք բավարարելու համար աշխատավարձը չի բավականացնում, ուրեմն նա կմտածի «գողանալու» մասին: Եթե այդ մարդու ամբիցիաները շատ ավելին են, քան իրեն սպասվող հնարավորությունները, եթե իր ցանկություններն ավելին են, կամ իր կնոջ, իր զավակների պահանջներն ավելին են, կամ՝ սիրուհու պահանջներն ավելին են, ո՞նց պիտի հասցնի:

Եվ, վերադառնալով թեմայինմ արտաքին փոփոխությունները, վեթինգը լուրջ բան չեն փոխի, և առավել ևս, եթե դատավորը պիտի վախից չվերցնի, այլ ոչ թե իր ներքին համոզումից, իր ներքին բարոյական կոդեքսից, ապա դա հարցի լուծում չէ: Ես այստեղ տեսնում եմ խորը քրիստոնեական բարոյականության ընկալման խնդիր: Եթե մարդը չունի սա, ես չեմ ասում հավատացյալ, եկեղեցի կառուցող, կնունք, ծիսակարգերին հետևող, եկեղեցի հաճախող, ես դա չեմ ասում, բոլոր դատավորներն էլ, մյուսներն էլ դա կարող են անել և անում են, բայց եթե մարդը չունենա քրիստոնեական բարոյական լրջագույն և խորագույն ընկալում, ինքը չի կարող լինել անբիծ ու արդար դատավոր:

Կարո՞ղ ենք ասել՝ քրիստոնեական բարոյական ընկալումը դա հենց խիղճն է:

— Կամքը Ձերն է, բայց մյուս դեպքն էլ կա. մարդ կա, իր խիղճը թելադրում է՝ ազատել հանցագործին, մանավանդ, եթե վերջինս լավ է լացում:

Այսինքն, մարդը տրվում է էմոցիային, ու խիղճը ենթակա է ազդեցության:

— Այո: Եվ ես այդ ուղղությամբ քայլեր չեմ տեսնում, այլ ուղղակի պատժիչ մեխանիզմներ են գործի դրվում. վերցրեցիր՝ կպատվես, վերցրել ես՝ պատժվելու ես: Բայց դա իրական լուծում չէ: Եթե մարդու մոտ վերցնելու ցանկությունը մնալու է, ապա դրա անբավարարությունից վերջիվերջո պոռթկալու է: Դատավորը պիտի հասկանա, որ ինքը դատավոր է, և պարտավոր է արդար լինել, արդարություն հաստատել: Երկու կողմը վիճում են, երկուսն էլ համոզված են իրենց արդարացիության մեջ: Ո՞վ է, որ պիտի այդ վեճը լուծի…անաչառ և արդար, օրենքը պահող դատավորը: Եվ այն երիտասարդը, որն ընտրում է իրավագիտությունը, նա ոչ թե վերն ասածի պես՝ երազի 5-10 տարի հետո որքան գումար կվաստակի, այլ՝ որքան արդարություն է տիրելու, որքան ճիշտ դատավարություններ են լինելու, որքան անմեղներ արդարանալու են, իսկ մեղավորներն արժանի պատիժ ստանալու: Այս իդեալով պիտի մտնեն իրավական, դատական և այլ մնացած ասպարեզներ:




Բացի այս, կա նաև հասարակության մտածելակերպ, որը շատ է նյութականացած: Մարդկանց մոտ երջանկությունը կապվում է նյութականի հետ: Կա նաև մենթալիտետի խնդիր:  Նույնն էլ հանցագործի ու իր ընտանիքին է վերաբերում. նրանք ոչ թե մտածում են արժանի պատիժ կրելու մասին, այլ՝ ոնց անեն, որ խուսափեն պատժից: Եվ ազգականներն ամեն ինչ անում են, որպեսզի պատժից ազատեն: Սա էլ է անբարոյականություն: Դրա համար, երբ մենք խոսում ենք քրիստոնեական բարոյականության մասին, մենք ոչ թե ասում ենք տերտերականություն, ոչ թե պիտի ասածների մեջ տերտերների իշխանություն փնտրել, այլ հասարակության քրիստոնեականություն նկատի ունենք: Քրիստոնեությունն ազատության կրոն է, ազատում է մեղքից և լիարժեք ազատություն է տալիս: Մեղքից ազատ մարդը չի կարող որևիցե մարդուց կախվածության մեջ լինել: Հետևաբար հասարակությունը եթե հասկանա՝ ոչ թե զուտ կրոնական իմաստով քրիստոնեություն, այլ քրիստոնեության բարոյական կոդեքսներն ընկալի, ես վստահ եմ, որ այս բոլոր խնդիրները կլուծվեն: Բայց քանի դեռ բարձր տեղում նյութական ապահովվածությունն է, որը շատ առաձգական է. մեկն իր մեկ երեխային հաց հասցնելու մասին է մտածում, մյուսն իր որդիներին՝ ամեն մեկին «Համմեր» մեքենա հասցնելու: Ինչ-որ մի տեղ հայ ժողովուրդը կորցրել է հոգևոր արժեքների նկատմամբ կապվածությունը և կառչել է նյութական արժեքներից: Տեսեք, անգամ Հայրենիքը չի ընկալվում որպես հոգևոր արժեք, այլ այն նյութական հարթության վրա է դիտարկվում, Հայրենիքը միայն տարածություն չէ, այն բարձր արժեք է, իսկ որքան հեշտությամբ ենք մենք լքում մեր հոգևոր արժեքը՝ Հայրենիքը: Թե չէ՝ վեթինգ-մեթինգ… Հները գնացին, նորերը կգան, մի քիչ մեղմ տեսակ կլինի:

Որոշ շրջանակներում ասում են, թե իբր մեր դատավորների 50-70 տոկոսը վախենում է վերցնել: Կարելի է մտածել, որ պատժիչ գործիքն աշխատել է:

— Լավ, ենթադրենք, չեն վերցնում, բայց արդար դատո՞ւմ են:

Եթե չեն վերցնում, պիտի որ

— Բա մեր մենթալիտետի մեջ խնամի-բարեկամ-ծանոթ հարաբերություննե՞րը: Սրա մասին մոռացե՞լ եք: Չի վերցնում, որովհետև վախենում է, բայց խնամին նեղն է, պիտի նրան պաշտպանի: Հիմա, երբ կանխում ես վերևների միջամտությունը դատական գործերին. այլևս վարչապետը չի զանգում, ուրեմն նախարարները չեն զանգում, բա խնամինե՞րը, ծանոթնե՞րը, եղբայրնե՞րը: Դու վերացնում ես պետության վերահսկողությունը, միջամտությունը, բայց արձակում ես խնամի-բարեկամ-ծանոթ ների ձեռքերը:

Սրբազան Հայր, քանի որ խոսեցինք կյանքում ամեն ինչ նյութականացնելուց, ապա հավատքն էլ դարձրել են նյութական արժեք. այսօր աղանդավորական շարժումները նյութականով հոգեորսությամբ են զբաղվում, գովազդում են, լայն մասշտաբներով քարոզ են անումՈ՞րն է սրա դեմ պայքար

— Եթե մեկը նյութական արժեքները գերադասում է քրիստոնեականից, դա անբարոյականություն է: Չենք ողջունում, բայց… Ամեն մարդ իր բարոյական չափանիշն ընտրում է ինքը: Որքան էլ քարոզ տանես, ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ: Եթե մեկն իր կյանքի անցած մեծ հատվածը պատրաստ է ոտնակոխելու, Աստված իր հետ:

Երբեմն զրույցների ընթացքում նկատում ենք, թե այլ հավատքի ներկայացուցիչներն ավելի հավատացյալ են, քան մենք:

— Մոլեռանդությունը հավատացյալ լինելու լավ հատկանիշ չէ, կամ լավ հավատացյալ լինելու չափանիշ չէ: Դա կրոնից չի գալիս, դա մարդուց է գալիս: Այնպես չի, որ իսլամի հետևորդներն ինքնաբերաբար հենց իսլամ ընդունեցին, դառնում են մոլեռանդ հավատացյալ: Իրենք իրենց մարդկային որակներով, ազգային մենթալիտետներով այդպիսին են: Կրոնն էլ առավել քաջալերում է նրանց այդ մոտեցումները: Ո՞վ է խանգարում քրիստոնյային՝ լինել առավել ջերմեռանդ: Մանավանդ, որ քրիստոնյայի համար ավելի ջերմեռանդ լինելն ավելի հեշտ է, քան մահմեդականի համար: Տեսեք, մահմեդական կին լինելն ավելի դժվար է, քան լինել քրիստոնյա կին: Քրիստոնյա կնոջ սահմանափակումները շատ ավելի քիչ են, քան մահմեդականինը: Բա ինչպե՞ս է, որ մահմեդական կինն ավելի նվիրված է լինում մահմեդականությանը:

Ազատությունի՞ց

— Այո, ազատությունից է: Քրիստոնեությունը ազատության կրոն լինելով, մարդուն տալիս է ազատություն, և մարդը գայթակղության մեջ է ընկնում այդ ազատությունը չարաշահելու: Մահմեդականությունն այդ ազատությունը չի տալիս: Ի՞նչ, առաջարկում եք քրիստոնեությունը մարդուն զրկի ազատությունի՞ց: Կդադարի քրիստոնեություն լինելուց: Ես կանանց վրա եմ բերում օրինակը, որովհետև այն ավելի ցայտուն է: Եթե կին արարածը մահմեդականության մեջ այդքան լինելով սահմանափակումների մեջ, հլու, նվիրումով, ջերմեռանդությամբ կրում է իր կրոնի կողմից պարտադրված զրկանքները, ապա ի՞նչն է խանգարում քրիստոնյա կնոջը, ավելի ազատության պայմաններում կրել ավելի նվազ սահմանափակումներ: Մեզ պետք չեն հավատացյալներ, որոնք ստիպողաբար պիտի գան եկեղեցի, մեզ պետք են հավատքով լի հավատացյալներ:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Ձեզ մոտ ինչպիսի՞ ակնկալիքների, սպասումների հետ է ասոցացվում:

— Ի՞նչ փոփոխություն, իշխանափոխությունն այդքան մեծ փոփոխություն չէ, «իքսը» «իգրեկով» փոխելը մեծ փոփոխություն չէ: Շատ բան չի փոխվել: Որովհետև բարոյական ընկալումները, ըմբռնումները չեն փոխվել: Նախկիններն էլ փորձեցին Հայաստան ստեղծել առանց հոգևոր ակունքների ու սկզբունքների, այսօրվաններն էլ շարունակում են փորձել ստեղծել Հայաստան՝ առանց հոգևոր սկզբուքնների և ակունքների: Այդ իմաստով ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ինձ համար այդքան էական չէ դատաիրավական համակարգի փոփոխությունները, կոռուպցիայի չգոյությունը, եթե այդ ամենը հիմնված կլինի վախի վրա, այլ ոչ թե բարոյականության:

Միանգամից դժվար կլինի մեծ փոփոխություններ ակնկալել:

— Մենք 30 տարի չփորձեցինք հոգևոր Հայաստան ստեղծել, դարձյալ շեշտեմ, որ տերտերական Հայաստանի մասին չէ, տերտերները ղեկավարելու ոչ մի ամբիցիա ու ցանկություն չունեն: Հոգևոր բառը ճիշտ ընկալեք: Հոգևոր Հայաստան ասածս հոգևոր արժեքներով ապրող, դրա համար զոհվելու պատրաստ, Հայրենիքը որպես նյութական արժեք չընդունող, այլ հոգևոր արժեք ընդունող… Այս տարիների ընթացքում իշխանությունները չունեցան հոգևոր Հայաստան ստեղծելու ցանկություն, իդեալ, տեսլական, նույնն էլ այսօրվա: Այսօրվանն ուզում է ստեղծել արդար, կոռուպցիայից զերծ, բարեկեցիկ երկիր:

Բայց ազնվությունը, արդարությունը, մեղքազատությունը հոգևոր արժեքներ չե՞ն:

— Առանց Աստծո չես կարող արդարություն ստեղծել: Առանց Աստծո օգնության չի կարող լինել: 70 տարի կար մի համակարգ, որը արդարություն էր քարոզում, հավասարություն էր քարոզում, բայց առանց Աստծո: Հոգևորից զուրկ հոգևորությո՞ւն: Չի կարող մշակույթը հոգևորից զուրկ լինել: Որևիցե ստեղծագործություն նյութական արժեք լինելուց առաջ հոգևոր արժեք է: Արժեքը չի կարելի չափել ոսկու քաշով, ադամանդի կշռով, այլ հոգևորով: Առանց Աստծո՝ ստեղծել արդար, բարեկեցիկ հասարակարգ…

Ասել կուզի՝ առանց հոգու մարմին:

— Այո, առողջ մարմին, առանց հոգու ընկալման: Այսօրվա կոռուպցիոն համակարգը 20-ական թվականների առաջին հեղափոխականների ստեղծածն է: Որքան մոլեռանդ էին, հետո ի՞նչ եղավ, իրենց ստեղծածի ուրվականն է: Առանց Աստծո՞: Ես այս տպավորությունն ունեմ նաև այսօրվա իշխանությունների մասին, եթե սխալվում եմ, իսկ տա Աստված, որ սխալվեմ… վտանգվում է վերստին Հայաստանը: Սա ոչ թե իմ մտահայեցողությունն է, նորություն չի, դա ճշմարտությունն է՝ Հայ Առաքելական եկեղեցին դա հայ ժողովրդի մշակույթի, հոգևոր կյանքի, ինքնության, ազգապահպանության ողնաշարն է: Երբ կանգնում ասում ես՝ սա աշխարհիկ պետություն է, կարծես աշխարհիկ պետություն հասկացությունը ամենաբարձր իդեալական վիճակն է որևիցե հասարակության: Ո՞վ ասաց, ո՞վ որոշեց: Ո՞ր չափանիշով է աշխարհիկ պետությունն ավելի ընդունելի հոգևոր պետությունից: Դարձյալ կրկնեմ, խոսքը տերտերների ղեկավարությունը չի: Տեսեք, Իրանը հոգևոր պետություն է, բայց մոլաները չեն ղեկավարում, նրանք լուրջ ասելիք ու դերակատարում ունեն, հսկում են կոդեքսը, բայց չեն ղեկավարում: Աշխարհիկ պետություն ասվածը չի ասում բացառել և բացասել բոլոր կրոնական արժեքները, այլ նշանակում է՝ չի կարելի ստորադասել որևէ մեկի կրոնական համոզմունքն այս երկրում, չի կարելի ճնշել, բայց նաև չի նշանակում, որ մեծամասնության կրոնական հաստատությունը՝ Հայ Առաքելական եկեղեցին պետք է հավասարվի երեկ չէ, առաջին օրը ստեղծված մի կրոնական կազմակերպության հետ: Այս Հայաստանի հանրապետությունը ստեղծված է Հայ Առաքելական եկեղեցվո շնորհիվ: Սա ով ուզում է ընդունել՝ կընդունի, ով չի ուզում հասկանալ՝ թող չհասկանա, բայց իրականությունը սրանից չի փոխվում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
5,243