ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Դարբիններ Պապոյանների 6-րդ սերունդը

Պապոյաններ. պապ-հայր-որդի

Գարիկ Պապոյանը Գյումրիում հայտնի դարբիններ Պապոյանների («կալոսնիկենց») արհեստը շարունակող 6-րդ սերունդն է: Սլաբոդկա թաղամասում գտնվող դարբնոցը շուրջ 120 տարի նույն տեղում է, ուղղակի 88-ի երկրաշարժին խարխլվել էր, հետո վերականգնել են:

Գարիկ, ինչո՞ւ են ձերոնց «կալոսնիկենց» կոչելՉէ՞ որ միայն ականիվ չէ, որ սարքել են:

— Բանն այն է, որ պապերս այն ժամանակ ֆայտոնի կալոսներն են սարքել, ու էդպես իրենց անունը «կպել» է:

Ինչպե՞ս ես սովորել դարբնությունը, երբվանի՞ց ես սկսել:

— Սկսել եմ 4 տարեկանից…

Երևի պապի հետ եկել, այստեղ խաղացել ես

— Չէ՜, ցավոք, պապիկս շուտ է մահացել՝ 90 թվին: Ես հայրիկիս կողքին եմ սովորել արհեստը: Ցավոք, 2013-ին էլ հայրս մահացավ, 13 թվից մենակ եմ շարունակում:

Արհեստագործական ուսո՞ւմ ես ստացել:

— Չէ, մեր թաղի 6-րդ դպրոցն եմ ավարտել, ապա ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Իսկ արհեստը սովորել եմ փոքր ժամանակվանից, հայրիկին նայելով, ինչ-որ տեղ՝ խանգարելով, ոտի տակ ընկնելով, հետո տարեցտարի մի բան ավել սովորելով, իրեն օգնելով…. Դե, տեսնում էի հայրիկս երկաթ է կռում, ո՞նց կարող էի մուրճը չվերցնել ու մի հարված էլ չտալ:

 




Հետաքրքիր է, իսկ կերպարվեստի բաժնում սովորելը քեզ օգնե՞լ է, որպեսզի ստեղծագործական միտքդ հարստանա:

— Բաներ կան, որ այո, բայց նախքան ընդունվելն արդեն վարպետացել էի… Բայց դե, ողջ կյանքի ընթացքում էլ, ուր էլ լինես՝ մի բան ավել սովորում ես, թեկուզ լինես 80 տարեկան, եթե ցանկություն ունես, ապա սովորելու հնարավորություն միշտ էլ կա:

Ասում են՝ երկաթը տաքտաք են կոփումԿնկարագրե՞ս աշխատանքի պրոցեսը, բարդությունը:

— Երկաթը տաքացնում ես բարձր ջերմությամբ՝ հնոցի մեջ, ապա դազգահի վրա մեծ մուրճով հարվածներով կռում քո ուզած կամ նախատեսված ձևով, նախշով:

Գործիքները՝ պապական հավաքածու

 

Երևի մեծ ուժ է պետք դրա համարԵրկաթն ունի՞ բնավորություն:

— Իհարկե, ունի. սառը ժամանակ ինքն ուրիշ է, տաք ժամանակ՝ այլ: Ուժ էլ է պետք, բայց ավելի շուտ ուղեղ է պետք, որ շատ ուժ չծախսես. խելքով մոտենալ է պետք, երկաթին քեզ ենթարկելու հմտություն է պետք: Երբ հարցրեցիք, թե միգուցե ավարտել եմ, նոր եմ սկսել ստեղծագործել, ապա ասեմ, որ ինձ միշտ ասում էին, որ ես «քթի ծակով» եմ, «իզանով» եմ…

Դե, մեր մեջ ասած՝ իզանով իսանն ուրիշ էԻսկ մնացածը, երևի հայրիկի խրատներով ու հորդորներով ես սովորել:

— Դա էլ կա, բայց մեր գործում ասելով ու տեսնելով չէ, որ սովորում ես, դու պիտի անես, որ հասկանաս երկաթի լեզուն: Թե չէ, որ հերթով սկսեցին քեզ ուղի ցույց տալ. այս արա, հետո սա, ապա հետագայում ինքնուրույն էլ չես կարողանա շարժվել, պիտի քեզ անընդհատ ասեն, ինչը ոնց անես: Պետք է եղել, երբ հայրիկին հարցրել եմ, թե դա ոնց արեցիր, ասում էր. արի փորձի, թե չէ, որ ասեմ, չես հասկանա, խորքային իմաստը հասկանալու համար պիտի փորձես անել: Ես էլ փոքր ժամանակվանից երկաթը մտցնում էի վառարան, կարմրացնում, հանում, դնում էի դազգահի վրա, սկսում էի խփելով ինչ-որ բան ստանալ: Չի եղել, նորից եմ արել, չի ստացվել, էլի եմ փորձել…

Իսկ մայրդ չի՞ անհանգստացել՝ «Վայ, բալես, ձեռքդ կվառես, վայ, զգույշ, մատիդ կխփես…»…

— Իհարկե, ասել է, բայց մայրս էլ է այստեղ, հորս կողքին աշխատել…

Լո՞ւրջԿպատմե՞ս:

— Պատմելու բան առանձնապես չկա: Ասենք, երբ պետք է եղել, մեր ազգի կանայք՝ տատիկս էլ, մայրս էլ եկել, իրենց ամուսինների կողքին հավասար աշխատել են: Օրինակ, երբ դպրոցական էի, ու փախնում էի տղեքի հետո դուրսը խաղալու, եկել տեսել եմ, որ մայրս մուրճը ձեռքին՝ օգնել է հորս:

Ձեր շատ սերնդակիցներ պատճառաբանում են, թե այստեղ աշխատանք չկա ու մեկնում են արտագնա աշխատանքի: Ոմանք էլ պառկում են ու ասում՝ գործ չկա

— Աշխատող մարդու համար գործ կա: Չնայած մեր գործը դժվար է, բարդ է, կարող է երկար ժամանակ պատվեր չունենաս… Տեսեք, խոպան գնացողը կարող է մի սեզոն գնա, չլինի-չլինի՝ բանվորություն կանի, բայց մեր գործում այդպես չէ: Մեղադրելու չէ այն մարդկանց, ովքեր արհեստ չեն սովորել ու ստիպված, ընտանիք պահելու համար, խոպան են գնում: Բայց արհեստավորը…

Եվ այստեղ գալիս է թագավորեցնելու ժողովրդական խոսքը. «Արհեստավորը մինչև կեսօր է սոված»…

— Հըմ… Դա գլոբալ առումով է այդպես: Եղել է, որ մեկ-երկու տարի համարյա գործ չկար ձեռքերս, բայց պարապ չենք նստել, էլի ամեն օր եկել, մի բան սարքել ենք՝ թեկուզ տան համար… Չնայած, մեր տանն արդեն էնքան արվեստի գործեր ենք տարել. լուսամփոփ ու մոմակալ, սեղան ու աթոռ, մի խոսքով, ամեն ինչ: Ասելս այն է, որ իմ ու հայրիկի ձեռքից դարբնությունն է գալիս, մենք ոչ առևտուր անել գիտենք, ոչ էլ եսիմ ինչ… Առավոտ ելել, եկել ենք դարբնոց, աշխատանքային գոգնոցները կապել, կանգնել ենք դազգահի կողք, մի բան սարքել ենք…

Իսկ եղե՞լ են մարդիկ, որ եկել, ուզեցել են դարբնի արհեստ սովորել:

— Եղել է, որ եկել են, տարիքով տղեք են եկել, փորձել են սովորել, բայց անկեղծ ասած, ոչ բոլորի մոտ է ստացվում հընթացս դարբնագործություն սովորելը… Կարող է զոդում սովորես, բայց անշունչ երկաթին կյանք տալը, եկեք ճիշտը խոսենք, ամեն մարդու բան չէ: Նոր սովորողներինը այլ է, բայց որ պապական գործը շարունակողն ես՝ պատասխանատվությունը մի ուրիշ ձև է: Պատկերացրեք՝ բոլորը գիտեն, որ դու 6-րդ սերնդի դարբին ես, ու հանկարծ քեզ մեկ ուրիշ գործ անելով տեսնեն:

Գարիկ, ճի՞տ է, որ այլ երկրներում հարգի է արհեստվորի ձեռքի աշխատանքը, այն բարձր է գնահատվում:

— Այո, այդպես է: Օրինակ, հայրիկիս 93 թվին Ֆրանսիա էին հրավիրել: Այստեղ Ձիթողցոնց տունն ինչպե՞ս է, այնտեղ մի մեծահարուստ հայ՝ Ջրբաշյան ազգանունով, տուն էր գնել, ու հայրիկիս հրավիրեցին երկաթով նախշազարդումները կատարելու:

Իսկ այլ առիթներ եղե՞լ են, օրինակ՝ որևէ մրցույթի կամ ցուցահանդեսի մասնակցել:

— 2018 թվին հրավիրվել եմ ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Սմիթսոնյան փառատոնին: Այդ փառատոնը 51-րդն էր. ամեն անգամ մի քանի երկրի արհեստն է ներկայացվում: Այդ անգամ Հայաստանի հերթն էր, և կազմակերպիչն եկավ, լուսանկարեց ինձ ու մեր ազգից՝ պապիս քեռու տղու թոռանը՝ Հովհաննեսին: Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի մոտակա այգու մեջ ամեն ինչ նախապատրաստված էր: Էլեկտրական ոչինչ չկար, ամենը պետք է հին ձևով, հիմնականում ձեռքի աշխատանքով կատարեինք: Տարբեր բաներ պատրաստեցինք. սկսած զարդերից վերջացրած մոմակալներ, ծաղկամաններ: Տեղացի հայերն էին գալիս, այլազգիներն էին մեծ հետաքրքրությամբ մոտենում, մեր մասին թերթերում գրեցին, հեռուստահաղորդումներով ցույց տվեցին:

Հաճախորդներն հիմնականում ի՞նչ են պատվիրում:

— Ամեն ինչ. դուռ ու դարպաս, աստիճանաեզրեր, մոմակալներ, ջահեր: Մանավանդ, հիմա շատերը հնի ձև տված օբյեկտներ են սարքում, նման բաների պատվերները շատացել են, նաև՝ բուխարի, ձևավոր սեղաններ, աթոռներ… Ի դեպ, վերջերս մեզ մոտ ՅՈւՆԵՍԿՕ-ից էին այցելել, որպես հնագույն դարբնոց ուզում են գրանցել իրենց մոտ: Իրենց ներկայությամբ խնկաման պատրաստեցի:

Ի՞նչ գործեր և որտեղ ունեք:

— Շատ կան… Ամենափրկիչ եկեղեցու ջահերը, Ձիթողցոնց թանգարանինը, Շիրազի տուն-թանգարանի, Ասլամազյան քույրերի թանգարանի դարպասները, միջի երկաթյա նախշազարդ գործերը, «Անի» ռեստորանի կահավորանքի մեծ մասը, «Վիկտորիա» հյուրանոցի կամարով դարպասը մեր դարբնոցի աշխատանքներն են:

Գյումրիում դարբիններ շա՞տ կան:

— Մի քանիսն են, որ լուրջ են զբաղվում, որոնց արհեստը արվեստի է հավասարվում:

 

2,656

Պիտակներ՝