Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ 2-ամսյա ժամկետում պետք է բարեկարգվեն և կանաչապատվեն «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի և Երևան տանող ճանապարհահատվածները, Գյումրու հրապարակի հարակից տարածքը: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ընթացքում է: Մեզ պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
– Այս աշխատանքները պետք է իրականացվեն համայնքայի՞ն բյուջեով, թե՞ կառավարության աջակցությամբ:
– Աշխատանքներն իրականացվելու են «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ:
– Որքա՞ն գումար կպահանջվի այս հանձնարարականի իրականացման համար:
– Այս պահին պահանջվելիք գումարների մասին որևէ բան ասել չենք կարող, ներկայում իրականացվում են գումարների հաշվարկման աշխատանքներ:
– Եթե կանաչապատում, ապա ի՞նչն էր խանգարում, որպեսզի մինչ այժմ տարվեին այդ աշխատանքները, ոչ թե սպասեին վարչապետի հանձնարարականին: Մեզ հետ զրույցում, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը որպես լուրջ խնդիր մատնանշել էր ոռոգման ցանց չունենալը, որի պատճառով կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքները ջուրն էին լցվում:
– Ոռոգման ցանցի խնդիր այս պահին ևս առկա է, բայց փորձում ենք դրա լուծման տարբերակներ գտնել: Կանաչ տարածքները քաղաքում հիմնականում ջրվում են ջրցան մեքենաներով:
– Ինչպիսի՞ բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում:
– Նախատեսվում է ծառերի, թփերի, ծաղկասածիլների տնկում:
– Կա՞ն նախնական էսքիզներ:
– Նախնական էսքիզներն արվել են «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի կողմից:
– Արդյո՞ք երկամսյա ժամկետում ավարտին կհասցվեն աշխատանքները:
– Պարտավոր ենք տեղավորվել նշված ժամկետներում և հնարավոր ամեն բան արվում է աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտելու համար:
– Կանաչապատման էսքիզներից բացի այլևս ի՞նչ դետալներ կամ դեկորներ են ավելացվելու, եթե ավելացվելու են, խնդրում եմ մանրամասնեք:
– Վերը նշված դետալներից զատ այլ դետալներ չեն լինելու:
324