ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեմ առ դեմ Փողի հետ /կեսկատակ – կեսլուրջ/

Ռաբիս երգերից կամ շաբլոն կենացներից մեկում մի վարկած է հնչում, իբր Աստված թողել է իր գահն ու Փողն է նստել նրա գահին: Ես, իհարկե, հիմքեր չունենալով այդ վարկածը պաշտպանելու, այնուհանդերձ, որոշեցի իրագործել վաղեմի փափագս՝ հանդիպել ու հարցազրույց ունենալ Փողի հետ: Նա, ինչպես և սպասում էի, այնքան էլ շփվող չէր և դժկամորեն համաձայնեց զրուցել հետս: Լրագրողական էթիկան թույլ չի տալիս նշել զրույցի վայրն ու զրուցակցիս որոշ խորհուրդներ, որոնք չհրապարակելու խոստում եմ տվել, բայց ստորև բերում եմ այդ զրույցի հակիրճ շարադրանքը:

Ի՞նչ եք սիրում:

– Ես խտրականություն չեմ դնում մսեղ ու բարակ մատների միջև, ինձ համար կարևորը դրանց տերերի գործնականությունն է: Ի դեպ, սա թող խորհելու առիթ տա նաև նրանց, ովքեր կարծում են, թե ես ինտելեկտուալիզմի կողմնակից չեմ՝ մի՞թե գործնականությունը ինտելեկտուալների վառ դրսևորումը չէ:

Ի՞նչ չեք սիրում:

– Չեմ սիրում անմեղությունը: Ինչպես հայտնի է, այն բարակ թաղանթ է, որը պատռող միշտ էլ կգտնվի: Իսկ վաղ, թե ուշ՝ դա հարցի անէական կողմն է: Ինչ վերաբերում է ձեզ և ձեր նմաններին, խորհուրդ կտայի լրջորեն խորհել ինձ ձեռք գցելու մասին, թե չէ՝ տեսեք, ինձ համար միևնույն է՝ դո՞ւք, թե՞ ուրիշները:

Ձեր վերաբերմունքը բարեգործությանը:

– Ես դեմ չեմ բարեգործությանը: Երբեմն: Թեկուզ և հազվադեպ, բայց նաև հուզական վատնումների դեպքում՝ պատասխանատվություն չեմ կիսում իմ տիրոջ հետ: Կարծում եմ, հասկանալի է, որ սա սկզբունքի հարց է:

Ձեր կարգավիճակը կարելի՞ է ծառայական համարել:

– Մասամբ՝ այո: Բայց ես այդչափ չէի նեղացնի իմ դերը:

Այստեղ զրուցակցիս դեմքին հեգնանք հայտնվեց: Ինձ համար պահի տակ անհասկանալիորեն այն կապվեց կանաչ ֆոնի վրա ամերիկյան ինչոր նախագահի դիմագծերի հետ:

Ձեր և աշխատավորի միջև ի՞նչ տեսակի հարաբերություններն են ընդունելի:

– Սա շատ տարողունակ հարց է, բայց ես կաշխատեմ կոնկրետացնել: Փորձագետի համոզվածությամբ կարող եմ ասել, որ փող վաստակելու հնարավորությունը ձեր երկրում կախված չէ աշխատանքի կարևորությունից ու մարդու բնատուր ունակությունից: Ձեզ մոտ բախտախնդրությունն ու հովանավորչությունն են որոշիչը: Դրանով ես կբացատրեի նաև համերկրացիներիդ առանձնակի մոլուցքը վիճակախաղերի նկատմամբ:

Գուցե պատճառն այն է, որ հիմա բանողի համար դժվարացել է անգամ հալալ քրտինքով մի փորհաց վաստակե՞լը:

– Չեմ սիրում քրտինքի հոտը, բայց և անբաններն էլ ինձ համար տանելի չեն: Պետք է որոնել ոսկե միջինը:

Վերջին տարիներին հասարակության մի զգալի մասի մոտ հաճախացել են ձեր նկատմամբ մուրազային բռնկումները:

– Ձեր հարցն ինչպե՞ս հասկանամ. հաճոյախոսությո՞ւն, թե՞ քծնանք… Ձեր լռությունն հուշում է՝ ընտրել առաջինը:

Ո՞րն է արվեստի մշակների նկատմամբ ձեր կողմից ցուցաբերվող անբարեխիղճ ու արհամարհական վերաբերմունքի պատճառը:

– Նրանց անլուրջ վերաբերմունքն իմ հանդեպ: Իսկ նրանք, ովքեր իմ նկատմամբ հարգանքի բռնկումներ են ունենում, համոզված եմ, որ լավ են ապրում: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց դուք ինձանից լավ գիտեք նրանց անունները:

Շատերն այն կարծիքին են, թե մարդկային դժբախտության պատճառը դուք եք:

– Չարաչար սխալվում եք: Ընդհակառակը, մեղքը բացարձակապես ձերն է՝ մարդկանցդ, իսկ ես պարզապես միջոց եմ ձեր ձեռքին: Դուք մի անհարմար համեմատություն էլ ունեք՝ նվիրված ինձ. ասում եք, թե ես «ձեռքի կեղտ եմ»: Այս առիթով կուզենայի հարցնել. բա ինչո՞ւ եք բոլորդ երազում մշտապես կեղտոտ ձեռքերով լինել, ու հաշտվել կեղտի նկատմամբ զիջողամտության հետ:

Ես շրջանցելով նրա հարցը, փորձեցի փոխել թեման.

Շատերն իրենց ստամոքսի սկլերոզին երանի տվող մարդիկ են, ապրում են հուշերի փշրանքներով ու պատճառը փողն է, ավելի շուտ՝ փողի բացակայությունը: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց:

– Թող դիմեն «Անթաղ մեռելների գործակալություն»,- ծիծաղելով ասաց զրուցակիցս ու շտապեց հրաժեշտ տալ, ասելով՝ «Ժամանակը փող է, պետք է գնամ»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
456