ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դպրոցներում անբավարար է տեխնիկայի հագեցվածությունը

Հարցազրույց Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, ըստ Առողջապահության վարչության, մարզում գրանցվել է COVID-19-ի աճ, սակայն այն վերահսկելի է: Մարզում կային դպրոցներ, որտեղ վիրուսային դեպք էր արձանագրվել, և ստիպված՝ դասապրոցեսը  տեղափոխվել էր հեռավար հարթակ: Ներկայում ինչպիսի՞ն է վիճակը:

– Այո, Քովիդով պայմանավորված, եղավ մի պահ՝ մարզի 4 դպրոցներ փակվեցին՝ անցնելով երկշաբաթյա հեռավար ուսուցման: Բայց այս պահին գյուղական համայնքներից երեքում ունենք քովիդային վիճակ, որոնք ևս երկշաբաթյա հեռավար ուսուցման են անցել: Կան նաև դպրոցներ, որտեղ դասարանում արձանագրված դեպք է եղել, և ամբողջ դասարանն անցել է հեռավար ուսուցման, սակայն՝ ոչ ամբողջ դպրոցը: Մենք ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, և եթե օջախ է հայտնաբերվում, ապա արագ արձագանքում ենք, համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Մյուս կողմից, դպրոցներում ընդհանուր բացակայությունների տոկոսային պատկերը կազմում է 15-20 տոկոս, որը նորմայի մեջ է, և որն հիմնականում ավելի շուտ պայմանավորված է ծնողների զգուշավորությամբ ու վախով:

Իսկ ծնողների, ուսուցիչների կողմից կա՞ն դժգոհություններ՝ կապված օրը մեջ դասապրոցեսի պատճառով դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածության հետ:

– Ինչ խոսք, այն պլանը, որին մենք սովոր էինք՝ շաբաթվա կտրվածքով 5-6 օրում պիտի անցնեին, հիմա անցնում են 3 օրում: Որոշակի խնդիրներ կան, բայց դրա համար նախարարության կողմից մշակվեց ուսումնական ծրագիր: Ուսումնական տարվա ավարտը հունիսի 4-ին է: Հունիսի 20-ից չորրորդ դասարանցիների մոտ՝ գիտելիքների ստուգման, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների մոտ՝ ավարտական քննություններ են սկսվում: Այս տարի վերականգնվում է 9-րդ դասարանցիների կենտրոնացված ավարտական քննությունները:

Որքա՞ն են շրջանավարտները:

– Վերջին տարիներին թիվը համարյա նույնն է. 12-րդ դասարան ավարտողները մոտ 1640: Իսկ այս տարի ունեցել ենք 3090 առաջին դասարանցիներ:

Աաջին դասարանցիների օնլայն գրանցումը խնդիրներ չի՞ առաջացրել:

– Որոշակի խնդիրներ ծագեցին՝ կապված դպրոցների սահմանային տեղերի հետ: Ներկայում շտկումներ են կատարվում՝ դպրոցներում սահմանային տեղերը կարգավորելու ուղղությամբ: Այնպես էր ստացվել, որ տվյալ թաղամասի երեխան չէր կարող գրանցվել թաղային դպրոցում: Նաև որոշակի խնդիրներ ունեցանք Արցախից ժամանած երեխաների հետ, քանի որ նրանց առանց հրամանագրման նախնական դպրոց ընդունեցինք, բայց հետագայում այն ընտանիքները, որոնք որոշում են մնալ Գյումրիում՝ արդեն փաստաթղթային ձևակերպումներ կանցնեն:

Արցախից եկած երեխաների թիվը որքա՞ն է:

– Այդ թիվը փոփոխական է. անընդհատ շարժ կա:

Որպես մարզային կրթության համակարգի պատասխանատու, առաջնային ո՞ր խնդիրը կընդգծեիք:

– Լուրջ խնդիր է համակարգչային տեխնիկայի պակաս հագեցվածությունը, կամ ընդհանրապես՝ տեխնիկական հագեցվածությունը: Չնայած որոշակի մեղմվեց պետական ծրագրերով, նաև բարերարների միջոցով, բայց անհրաժեշտություն դեռևս զգացվում է: Հեռավար դասանցկացման համար ուսումնական պլանները հարմարեցված չէին, նոր երևույթ էր, որը լիարժեք ուսումնասիրելու, քննարկելու թեմա է: Մենք քայլեր ձեռնարկեցինք՝ մեղմելու իրավիճակը, սակայն, Աստված ոչ անի՝ հետագայում եթե նման խնդիրներ լինեն, մենք պետք է հարմարեցված ծրագրեր ունենանք:

Չենք կարող մատնացույց չանել նաև երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը, որը տուժեց COVID-19-ի պատճառով, և հիմա էլ դեռ շարունակվում է:

– Այո, ֆիզկուլտուրա առարկան լուրջ խնդիր է. երբ դպրոցները հեռավար էին դասապատրաստում անցնում, երբ հիմա էլ օրըմեջ սկզբունքով են դասեր անում, էլ չենք ասում, երեխաներն անգամ դրսում՝ բակային խաղերին մասամբ մասնակից եղան: Բայց սա դեռ խնդրի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ, օրինակ, Շիրակի մարզի 60 դպրոց չունի ֆիզկուլտուրայի դահլիճ: Հարցը կարգավորելու համար դիմել ենք տարբեր ծրագրերի: Կուտակված հարցեր կան, բայց հուսանք, որ քայլ առ քայլ լուծում կգտնեն:

Եվ, «Վերջին զանգը»…

– Դեռ որևէ որոշում չկա, բայց կարծում եմ՝ սահմանափակումներ կլինեն:

print
312