ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եթե խոչընդոտներ չլինեն՝ Բարեկամության այգին հաջորդ տարի կբացի իր դռները

Հարցազրույց  Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագրի համակարգող ԷՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

— Գյումրու Բարեկամության այգու լիարժեք գործունեությանըգյումրեցիներս անհամբերությամբ ենք սպասում: Տարին փոխվեց, եղանակային պայմանները թեպետ մի քիչ անբարենպաստ են, բայց, այդուամենայնիվ, ընթացքի մեջ են. ո՞ր փուլում են:

— Վերակառուցման ծրագիրն ընթացքի մեջ է: Մենք ավարտել ենք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների առաջին փուլը: Եթե այս ամիս եղանակային պայմանները թույլ տան կամ հաջորդ ամսից մեկնարկում է արդեն երկրորդ փուլը, որն ենթադրում է առանձին օբյեկտների, առանձին հատվածների վերակառուցման փուլ:  Երկրորդ փուլում այն աշխատանքներն են, որոնք արդեն նպատակային ուղղվածությամբ են. կարուսելների խաղահրապարակների կառուցում, գրունտային, բետոնային հիմքերի և նման այլ աշխատանքներ, որոնց վրա ամրացվելու են կարուսելները, կամ մնացած օբյեկտները:

— Իսկ քանի՞ փուլ է նախատեսված:

— Գլոբալ առումով՝ երկու փուլ է: Նախնականում մաքրման, հողային շերտերի հարթեցման, կոմունիկացիաների անցկացման և նմանատիպ այլ աշխատանքներ: Այն մասնագիտական է, գուցե ես չկարողանամ առավել մանրամասնել, այլ ծրագրային աշխատանքներից կխոսեմ: Ներքին կոմունիկացիաների աշխատանքներն արդեն ավարտել ենք, իսկ հիմա սկսելու ենք զոնաների ձևավորման և հիմնական օբյեկտների ստեղծման աշխատանքները:

— Ի՞նչ ֆունկցիոնալություն կունենա այգին, ինչ հատվածներ կունենա: 

— Կունենանք մի քանի զոնաներ. խաղային, ժամանցային, կանաչապատման, առևտրային, հանգստի… Այսինքն, այն հատվածները, որոնք հարակից են բնակելի, հիվանդանոցային տարածքներին, կլինեն առավել խաղաղ զոնաներ, կանաչապատված, իսկ ակտիվ զոնան բնակելի հատվածից մի փոքր հեռու է, կամ, այսպես ասած՝ այգու հեռավոր հատվածում է, որտեղ տեղակայված են լինելու կարուսելները, սպորտային հրապարակը՝ «սքեյթ-պարկ», թենիսի կորտ, ավելի ակտիվ խաղեր: Հարակից լինելու է նոր բեմահարթակը։ Կառուցվող նոր բաց բեմը սրճարանի հետ միասին կկազմի կենտրոնական հրապարակի յուրահատուկ կոմպոզիցիայի մի մասը: Բեմի տարածքը կազմված կլինի երեք մակարդակից, առաջին մակարդակին բաց բեմն է, այն հարմարեցված է այնպես, որ նմանվում է նաև հանգստյան գոտու հրապարակի։

Երկրորդ մակարդակը վերաբերում է բնությանը. բեմը շրջապատված կլինի կանաչապատ տարածքով, ինչպես նաև կերևա բեմի հետևում գտնվող բլրի շարունակությունը։ Այսպիսով, անկախ նրանից, թե այդ ժամանակ որևէ միջոցառում կլինի, թե ոչ, բեմի շրջակայքում միշտ կլինի բնության գեղեցիկ տեսարան, որի դիզայնը կփոխվի՝ կախված տարվա եղանակից։

Երրորդ մակարդակը վերաբերում է տանիքին։ Այն բեմից անկախ, թեթև հովանոցային կառույց է, որը միտումնավոր առանձնացված է բեմի կառուցվածքը չծանրանաբեռնելու և ներկայացումների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Բեմի չափերը թույլ են տալիս, որ այնտեղ ելույթներով ներկայանան անգամ խոշոր ստեղծագործական խմբեր: Բեմի մոտ նաև նախատեսված է կառուցել դիմահարդարման սենյակ և գործիքները պահելու համար առանձին տարածք։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում պատմական ժառանգությունը պահպանելու որոշումը։ Այգու ներկայիս տարածքում կան որոշ կառույցներ, որոնք պահպանվել են անգամ 1988 թվականի երկրաշարժից հետո։

Այգու վերակառուցման կոնցեպտը ենթադրում է այդ տարածքների և շինությունների պահպանումն ու վերականգնումը՝ վերաիմաստավորելով դրանց գործառույթներն ու տալով դրանց նոր սիմվոլիկա։ Կառույցները կօժտվեն այգու համար անհրաժեշտ նոր գործառույթներով՝ ներկայանալով որպես արվեստի օբյեկտներ։ Դրանք կդառնան անցյալի ընդունման և, անկախ դժվարություններից, առաջ նայելու սիմվոլներ։

Ինչ վերաբերում է կամարներին, ապա այգու վերակառուցման ծրագրի գլխավոր առաջադրանքն է պահպանել այգու մուտքային սյուների արտաքին տեսքի գերակայությունը։ Տարածքի կանաչապատումն ու սալիկների սիմետրիկ դասավորությունը թույլ կտա պահպանել սյուների առաջատար դերը։ Կամարների արտաքին և ներքին մակերեսների վրա կլինեն բետոնային տարբեր կառուցվածքներ։ Դրսից կօգտագործվի նույն երանգի փայլեցված բետոն, իսկ ներսից՝ տարբեր երանգների հյուսվածքային բետոն։ Յուրքանչյուր կամարի ներսի հատվածում գտնվող զանգերի փոխարեն կլինեն արվեստի տարբեր ինստալյացիաների համար նախատեսված տարածքներ, որտեղ տեղաբնակ արվեստագետները կցուցադրեն իրենց ուրույն աշխատանքները։

— Դրամահավաք էր հայտարարվել հին բեմի շինարարության համար:

— Այո, մենք այնպես էինք նախատեսել, որ յուրաքանչյուր գյումրեցի ունենար իր մասնակցությունը, հավաքվել էր գումարի մի մասը, սակայն մենք վերակառուցման աշխատանքները սկսել ենք:

— Իսկ սահադա՞շտը. ամառային շրջանում ի՞նչ է լինելու:

— Քանի որ այն հանրապետությունում եզակիներից է, հավաքովի, սառցարանով աշխատող, դրա ֆունկցիոնալությունը կարողացանք պահպանել մինչև պլյուս 15 աստիճան պայմաններում: Գյումրեցիները դեռ պատրաստ չեն գարնանային սահումների, ժամանակի հարց է, այնպես որ սահադաշտը հավաքվել է, պահեստավորվել է՝ հաջորդ տարի նոր լուծումներով տարածքում ներկայանալու:

— Վճարովի, անվճար, հասարակական… Ինչպե՞ս է մշակված այգու գործառույթները:

— Ի սկզբանե այգին եղել է և մնալու է սոցիալական ծրագիր: Այն անվճար է՝ որպես հանգստավայր, սակայն բնական է, որ այն օբյեկտները, որոնք ծառայություն են մատուցելու՝ սահադաշտ, կարուսել, և այլն, ինչպես և աշխարհի բոլոր նման կառույցները, վճարովի կլինեն, քանզի այգին ունենալու է ադմինիստրացիա, սպասարկող անձնակազմ, տեխնիկական սպասարկման կազմ, մաքրման, անվտանգության և այլ աշխատանքներ՝ աշխատավարձեր են գոյանալու, ծախսերն են ծածկելու…

— Ակտիվ զվարճանքի տարածքը դա սքեյթ-պա՞րկը, սպորտային զոնա՞ն նկատի ունեիք:

— Ոչ միայն: Մանկական հրապարակ, խաղահրապարակ: Այգու մուտքից քիչ հեռու 4-12 տարեկան երեխաների համար նախատեսված է մանկական խաղահրապարակը, մանկական կարուսելները, որի օբյեկտների, խաղասարքերի նախագծումները գյումրեցի ուսանողների ստեղծագործություններից են, իրենք ճարտարապետի հետ անցել են դրանց նախագծման փուլերով, և հպարտանալի կլինի հենց ուսանողների համար, երբ իրենց նախագծած աշխատանքները կվիզուալիզացվեն: Կունենանք 12 կարուսել, արհեստական լիճ, այգեգործական դպրոց, որը եզակի է, և տարածաշրջանում նմանը չկա: Այն ոչ միայն դպրոցահասակ աշակերտների համար է նախատեսված, այլ տարեց մարդկանց համար էլ է, քանզի նրանք հնարավորություն կունենան ջերմոցային աշխտանքներ իրականացնել, տնկիներ աճեցնել, հողի հետ զբաղվել, իսկ հետագայում հարակից ջերմոց կստեղծվի, որպեսզի այնտեղ աճեցնեն էկզոտիկ բույսեր, և ոչ միայն:

— Կանաչապատման տեսակետից, բնականաբար, փոփոխություններ լինելու են, մանավանդ ծառատեսակներ այնքան էլ չէին պահպանվել:

— Կանաչապատումը, բնական լանդշաֆտի պահպանումը դա մեր առաջնային խնդիրներից մեկն էր, չնայած այն բարդացրել էր շինարարական աշխատանքների ընթացքը: Պահել ենք բնականը, եղածը, սակայն բիոլոգների հետ միասին իրականացնելու ենք կանաչապատման առաջին փուլը՝ նոր ծառատեսակների, թփերի, էկզոտիկ ծաղիկների տեսակների աճեցում: Կունենանք երկու մեծ ծաղկանոց՝ եզակի, էնդեմիկ ծաղկատեսակներով: Այգու 70 տոկոսը, ինչպես և պլանավորած էր, լինելու է կանաչապատ:

751