ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ես երջանիկ տնօրեն եմ, քանզի ամենաշատ աշակերտական համակազմն ունենք»

2019-20թթ. ուսումնական տարին սկսված է: Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզում ամենաշատ 1-ին դասարան ձևավորվել է Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում՝ 183 երեխա առաջին անգամ ոտք է դրել թիվ 7 դպրոց: Բացի այս, Շիրակի մարզում ամենաշատ աշակերտների թվով դարձյալ թիվ 7 դպրոցն է:

Հարցազրույց Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրեն ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, որպես ամենամեծ դպրոցի ղեկավար, կկիսվե՞ք՝ ո՞րն է Ձեր դպրոցի հաջողության գաղտնիքը:

— Ոչ միայն ամենամեծ դպրոցի, այլև՝ ամենաերջանիկ տնօրենն եմ, քանզի ունենալ 1185 աշակերտ և նախակրթարանի 80 սան՝ սա արդեն երջանկություն է: Պատկերացնո՞ւմ եք, 6 առաջին դասարան է ձևավորվել. 183 առաջինցի ունենալ՝ սա շշմեցուցիչ է: Նույնիսկ մայրաքաղաքային էլիտար դպրոցները կերազեն նման թվակազմով առաջին դասարան ձևավորելու մասին: Հաջողության գաղտնիքը մեկնաբանելն ինձ համար և՛ հեշտ է, և՛ դժվար… Մեղմ ասած՝ 40 տարվա փորձով է հաստատվել, և ոչ թե հրաշքով կամ կախարդանքով:

Ամռանը դպրոցում դարձյալ ինչոր շինարարական աշխատանքներ էիք իրականացնում. դա շատ աշակերտ ունենալու հե՞տ էր պայմանավորված:

— Դպրոցն անընդմեջ աճում է, և մենք տարբեր ծրագրերի մեջ ենք ընդգրկված: Կոնկրետ մեկ դասասենյակ ձևավորեցինք, որպեսզի ռոբոտաշինության ծրագրին տրամադրեինք, մեկը՝ լոգոպետի, մյուսը՝ հոգեբանի, սրանք ներառական համակարգում ընդգրկված երեխաների համար է արվել: Նաև ստեղծել ենք խմբային թերապիայի դասասենյակ, և ամեն ինչ անում ենք, որ դպրոցն օր օրի զարգանա: Այսինքն՝ լինելով ավանդական, ազգային դպրոց, փորձում ենք ժամանակակից խնդիրներից ետ չմնալ:

Ենթադրելի է, որ մանկավարժների թվաքանակը ևս մեծ է:

— Այո, մանկավարժական հանրույթով ևս մեծաթիվ ենք, ինչպես նաև որակյալ մանկավարժներով ենք աչքի ընկնում: Մենք ունենք 3 գիտությունների թեկնածու, ևս երկուսը գիտական թեզի վրա են աշխատում, 10-ից ավելի առաջին տարակարգ ունեցող մանկավարժներ ունենք: Ընդհանուր՝ 140 մանկավարժ:

Խոսակցություններ էին շրջանառվում, թե երկրում մանկավարժների հավելում ունենք, որոնց, մեղմ ասած, ստիպված են պահում, որպեսզի գործազուրկների բանակը չավելանա, ինչի պատճառով էլ դպրոցներում երբեմն անառողջ մթնոլորտ էր ստեղծվում՝ կապված դասաժամերի բաշխման, դրույքաչափերի հետ: Հիմա, կարծես այն այլ ձևաչափ է ստացել, դպրոցներում սկսել է գործել ուսուցչի օգնականների ինստիտուտը. սա ա՞յն լուծումն է, որը զերծ կպահի կրճատումներից:

— Ինչպես գիտեք, մայրաքաղաքում և երկու մարզերում այս ուսումնական տարին մեկնարկեց համընդհանուր ներառականության սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ մեր մարզում այլևս բոլոր դպրոցներում է գործում ներառական համակարգը: Համընդհանուր ներառականության սկզբուքններից մեկն էլ ուսուցչի օգնականի ինստիտուտի ստեղծել է: Կոնկրետ մեր դպրոցի համակազմին 8 ուսուցչի օգնական է նախատեսված: Ես շատ եմ կարևորում ուսուցչի օգնականի դերակատարումը: Տարիներ առաջ, երբ Մոսկվա էի հրավիրվել՝ գիտաժողովի, եղա նաև մոսկովյան լավագույն դպրոցներից մեկում, որտեղ արդեն իսկ  գործում էր ուսուցչի օգնականի հաստիքը, և շատ էր կարևորվում այն: Ուսուցիչն օրվա կտրվածքով ունենալով շատ դասաժամեր ու դասապրոցեսն անցկացնելով մեծ թվով աշակերտների հետ, անչափ հոգնում էր և, որպեսզի թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր  հոգնածության պատճառով չտուժեր դասապրոցեսը, ուսուցչի օգնականի ինստիտուտն էր հասնում օգնության: Միասին աշխատելով՝ որակյալ կրթությունն ապահոված է, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձր է: Գիտեք, որ մեկ դասարանի ձևավորման սահմանային թիվը մինչև 30-ն է: Մենք այդպիսի շատ դասարաններ ունենք: Եվ պատկերացրեք, 30 համակազմով դասարանում ուսուցիչն որքան դժվարություններ կունենա: Էլ չեմ ասում՝ կան աշակերտներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, և այդ երեխաներն ուսուցչի ուշադրության կարիքն ունեն:

Պարոն Կարապետյան, Դուք մշտապես հետաքրքիր գաղափարներով, մոտեցումներով եք հանդես գալիս, անգամ դպրոցի շենքի թե՛ ներսում, թե՛ դրսում յուրահատուկ դիզայն է տրվում. ի՞նչ նորությամբ դիմավորեցիք այս ուստարին:

— Շնորհակալություն՝ մեր աշխատանքը նկատելու և գնահատելու համար: Ամեն տարի, երբ ընդունում եմ առաջին դասարանցիներին, երբ ելույթ եմ ունենում, իմ խոսքում չեմ ասում, թե՝ ողջունում եմ նրանց մուտքը թիվ 7 դպրոց, այլ ասում եմ՝ «Ողջունում եմ Ձեր մուտքը 7-րդ դպրոցի հեքիաթի աշխարհ»: Եվ այս ուստարին էլ, նախորդների պես, աչքի ընկավ բարձր տրամադրություն ու տոնականություն ապահովելով. հրավիրվել էին դերասաններ, պարային խմբեր, իսկ հաջորդ օրն էլ բացեցինք մեր բակը, որը լրիվ նոր խաղահրապարակով ու խաղերով է հագեցած: Բացի այդ, երեխան, հանձինս ինձ ոչ թե պիտի տեսնի տնօրենի, պաշտոնյայի, այլ պետք է տեսնի որպես բարի հեքիաթի հերոսի, որը նրանց ժպիտ է պարգևում: Օրենքի ուժով աշխատելուց բացի, ես դպրոցում սիրո ուժով եմ աշխատում: Իսկ երեխաների հետ հարաբերվելիս նորին մեծություն Սիրուն եմ դիմում, որի շնորհիվ կարելի է  երեխաներին ավելի լավ հասկանալ ու հարաբերվել:

Անշուշտ, մեկ քաղցր խոսքը, մեկ բարի ժպիտն ավելի շատ փակ դռներ կբացի, և ավելի շատ ժպիտներ կպարգևի, քան ձգված, խիստ ու սառը, երբեմն ձանձրալի հարաբերությունները:

— Ես խորհրդային դպրոցն եմ ավարտել: Եթե հիշում եք, այն զորանոցային տպավորություն էր թողնում: Եվ լավագույն դպրոց էր համարվում այն դպրոցը, որի տնօրենը հայտնի էր իր խիստ բնավորությամբ, ասում էին. «Այ, սա շատ լավ դպրոց է, տնօրենն այնքան խիստ է, որ անգամ մանկավարժներն են նրանից վախենում»: Այն ժամանակվանից նպատակ դրեցի, որ, եթե դպրոցի տնօրեն դառնամ, ես պետք է լինեմ այնպիսին, որ երեխաներն ինձ սիրեն, ոչ թե վախենան:

Որպես այս դպրոցի ծնող, պիտի խստովանեմՆկատել եմ, որ շատ աշակերտներ Ձեզ բարևելիս՝ ողջագուրվում են:

— Դա մեծ նվեր է, ես կասեի, Ճակատագրի նվերն է, որ երեխաներն ինձ սեր ու ժպիտ են պարգևում: Բացի դրանից, սա այն հարաբերությունն է, երբ աշակերտն առանց քաշվելու, կարող է տնօրենի հետ կիսվել իրեն հուզող խնդիրներով: Սա նաև վստահություն է: Ես չեմ ուզում, որ իմ մեջ տեսնեն տնօրենի, ես ծառայում եմ երեխաներին:

Հաստատված կարծիք կա, որ մարդիկ օգտվում են մարդկանց բարությունից

— Բնության մեջ փիղն ամենախոշոր ու ամենաբարի կենդանին է: Մեր մեջ կա այն մտայնությունը, թե բարությունը թուլության նշան է: Ես հակառակն եմ պնդում. բարությունն ուժի նշան է, չարությունն է թուլության նշան:

Կառավարությունը մարզադահլիճով ապահոված դպրոցներին մարզագույք էր տրամադրելու

— Մենք ինքնուրույն ենք ձեռք բերել, թարմացրել ենք մարզագույքը: Քանի որ աշակերտների համակազմը մեծ թիվ է կազմում, ապա, բնականաբար, մարզագույքը շուտ է մաշվում ու շարքից դուրս գալիս: Ինչպես գիտեք, մեր սպորտ դահլիճը կոչել ենք Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվամբ, որը մեր դպրոցի սան է եղել: Մեր դպրոցը հայտնի է նաև՝ որպես շատ հայտնի մարդկանց կրթօջախ և, ի երախտագիտություն նրանց, մենք կամ նրանց անունով դասասենյակ ենք անվանակոչել կամ կրթաթոշակ ենք նշանակել՝ ի պատիվ նրանց, և գիտե՞ք, սա ևս խթանիչ հանգամանք է հանդիսանում մյուս աշակերտների համար, որ լավ սովորեն ու լավ մարդ դառնան: Ես երեխաներին հաճախ եմ ասում. «Ձեր գերխնդիրը պետք է լինի այն, որ Ձեր պատվին հնչի Հայաստանի Հանրապետության հիմնը և բարձրացվի ՀՀ դրոշը»: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանին փառքը շատ շուտ այցելեց, բայց նա չվարակվեց աստղային հիվանդությամբ, ինչը ևս օրինակելի է, և աշակերտներին որպես ցուցիչ եմ օրինակ բերում՝ ասելով. «Աստղային հիվանդությունը փառակալում է փառքը»:

Դպրոցական սնունդ ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում:

— Այն շատ կարևոր ծրագիր է: Նախակրթարանի, տարրականի և ներառականի շուրջ 709 երեխա սնվում է դպրոցում: Եվ բացի այն, որ երեխաները սնվում են, առավելությունն այն է, որ ոչ մի երեխա առավել կամ պակաս չէ, բոլորը հավասարապես են սնվում, ստանում են անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, որակի վերահսկողությունն էլ ծնողների վրա է դրված: Ավելին, այս ծրագրով, 8 ծնող աշխատանք է գտել, որոնք աշխատում են դպրոցական ճաշարանում, սեփական ձեռքերով սնունդ են պատրաստում երեխաների համար:

Եթե չեմ սխալվում, Ձեր մյուս երազանքն էլ ավագ դպրոց ունենալն է:

— Այո, չեք սխալվում: Պատկերացրեք, որքան երջանիկ կլիներ այն դպրոցի տնօրենը, որը ընդունում է կյանքի նոր էտապ մտնող երեխաներին ու ճանապարհում կյանքի հաջորդական էտապ: Ես 1986 թվականից ավարտական դասարան եմ ճանապարհ դրել, ու եկավ մի օր, որ դպրոցում չէր հնչելու «Վերջին զանգը»:

Ի՞նչ կարծիքի եք, 12-ամյա կրթակարգի մասին. այն իրեն արդարացնո՞ւմ է: Օրինակ, ծնողները կարծես չեն համակերպվում սրա հետ, ասում են, թե 12-րդ դասարանն համարյա պարապուրդի տարի է: Ասում են, որ զինվորագրվելու համար է արվել, որ տղաների ապագան ընդհատվում է, հետո քչերին է հաջողվում շարունակել, և այլն: Բացի այս, նոր նախարարը սկզբում կարծես ասաց, որ դեմ է 12-ամյա կրթակարգին, հետո մտափոխվեց

— Սակայն նկատենք, որ եթե նախկինում 7 տարեկանից էին դպրոց հաճախում, 12-ամյայի պարագայում՝ 6 տարեկանից է: Գիտե՞ք ինչպես, մենք Բոլոնյան կրթական համաձայնագրով ենք կազմակերպում կրթական ողջ գործընթացը, որի պահանջն է 12-ամյա կրթակարգը: Եթե լավ կազմակերպվի, իմ կարծիքով ավագ դպրոցներն հզորանալու շատ տեղ ունեն: Նախարարն էլ ամեն ինչ անում է, որպեսզի հզորացնի ավագ դպրոցը: Անգամ, եթե ամերիկյան սիստեմով մինչև քոլեջի մակարդակ հասցնեն, շատ լավ կլինի: Եկեք խոստովանենք, որ նախկին կրթակարգը վաղուց սպառել էր իրեն, և այն հասարակարգային փոփոխություններն, որոնք եղան վերջին 30 տարվա ընթացքում, ահագին բան փոխել էր: Շատերը նոստալգիկ ապրումներ ունեն, բայց պատմությունը փոխվել է:

Իսկ ի՞նչ կարծիքի եք դպրոցական համազգեստի մասին:

— Ես դեմ եմ, որ երեխաները միանման հագնվեն, կարծում եմ, դա մարդու «ես»-ի խաթարում է: Ես սովետական կարգերի ժամանակ էլ դեմ էի, այսպես ասած, զորանոցային հագնվելուն, այն ժամանակ պահանջներն այլ էին: Ինձ թվում է, ամեն երեխայի պետք է հնարավորություն տալ իր ինդիվիդուալությունը ցուցաբերելու: Սակայն դպրոցի տնօրինությունը նրբանկատորեն պետք է հասցնի երեխաներին, որ պետք է հագնվել նրբաճաշակ ու համեստ: Դպրոցն ինքը հասարակության պատկերն է, և անջատ պահել դպրոցից դուրս կյանքից՝ չի լինի:

Եվ վերջին հարցս. դպրոցը խնդիրներ չունի՞:

— Խնդիրներ շատ կան: Ես այն մարդկանցից չեմ, որ ինքնաբավ լինեմ, որքան էլ թերություններ ունենամ՝ որպես մարդ, ես բնույթով իմ հանդեպ պահանջկոտ եմ: Սա նաև վերաբերում է ոչ միայն իմ անձին, այլ իմ ղեկավարած հաստատությանը: Ես ամեն օր մտածում եմ՝ ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել: Բայց այսօր թիվ մեկ ու լուրջ խնդիրը՝ մեր դպրոցի համար նոր, ընդարձակ տարածք ունենալն է. հասարակության պահանջը դպրոցի նկատմամբ մեծանում է, իսկ մեր հնարավորությունն այն է, ինչ ունենք, որը բավարար չէ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
10,403