ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երազելը մոտիվացնում է, առաջ մղում

Ներկայացնում ենք գյումրեցի երիտասարդ ՌԱՖԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ով 44-օրյա պատերազմի մասնակից է: Նրա հետ զրույցը ոչ միայն պատերազմական օրերին է վերաբերում, այլ խոսել ենք այլ տեսանկունից… նա ստեղծագործում է, ունի բանաստեղծությունների մեծ պահուստ, սակայն դեռ չունի հնարավորություն՝ գիրք տպագրելու և հանրությանը ներկայացնելու իր հոգու խոսքը: Ռաֆիկը (Ռաֆայելը) սովորում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Կառավարում բաժնում՝ 1-ին կուրսում:

Ռաֆայել, դու ստեղծագործելու ձիրք ունես, նաև մշակույթի հետ անմիջական կապ ունես, քեզ նաև հոգով ես այս ոլորտում զգում ուտնտեսագիտականում՝ բիզնեսի կառավարում

— Բիզնեսի կառավարումն ընտրել եմ որպես երկրորդ մասնագիտություն: Դպրոցական տարիներին ավելի ուժեղ եմ եղել բնագիտական առարկաներից, դրա համար էլ առաջնային որոշեցի տնտեսագիտականում մասնագիտություն ստանալ, որպեսզի գիտլիքներս այսպես ասած՝ ետ չնստեին: Ավելի շատ ինձ տեսնում եմ շոու-բիզնեսում, պրոդյուսերական գործում, մշակույթում: Ես համերգային ծրագրերի եմ մասնակցում՝ որպես հաղորդավար, ասմունքի երեկոների, ֆիլմերի նկարահանումների… Մշակույթին վերաբերմունքս այլ է, այն ավելի շուտ ապրելակերպ է:

Ասացիր ֆիլմերի նկարահանումների: Որքան գիտեմ՝ Գյումրիում ֆիլմեր չեն նկարահնվում գոնե այս պահին, երևի երևանյան, հա՞:

— Որպես ադմինիստրատիվ խումբ, ոչ որպես դերասան: Ավելի շատ կազմակերպչական գործով եմ զբաղվում՝ պրոդյուսերություն, ինչն իմ մոտ լավ է ստացվում: Իսկ տնտեսագիտականում առաջին կուրսում անցնում ենք մշակութաբանություն, ինչն ինձ, իրոք, հոգեհարազատ է, մանավանդ մեզ դասավանդում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Կառավարումը, կարելի է ասել, փոխկապակցվում է կազմակերպչական աշխատանքների կառավարման հետ: Վերևում կտրուկ ասացիր՝ ոչ որպես դերասան, իմ կարծիքով, արտաքին տվյալներով կհամապատասխանեիր:

— Դեռ ինձ չեմ փորձել այդ ասպարեզում, բայց շատ կուզենայի:

Հարցին, թե՝ «Ինչ ես երազում դառնալ», դու ի՞նչ ես պատասխանել:

-Ասել եմ՝ երազում եմ հասնել Հոլիվուդ, այնտեղ գործունեություն ծավալել այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար իդեալ են: Երազելը մոտիվացնում է, էներգիա է տալիս, առաջ մղում:

Ովքե՞ր են նրանք:

— Ես անչափ շատ եմ սիրել Շարլ Ազնավուրին, ափսոս, էլ մեզ հետ չի: Ադրիանո Չելենտանոն ինձ համար լրիվ ուրիշ է՝ պաշտում եմ նրան: Դերասաններից շատ եմ սիրում Ալեն Դելոնին, Բրեդ Փիթին: Իսկ Ֆրունզը… Նա մի այլ աշխարհ է, իր մեջ ընդհանրացրած Գյումրին ու հայի կերպարը:

Որպես ժամանակակից երիտասարդության ներկայացուցիչ, ի՞նչ կարծիքի ես, Ազնավուրներ, Չելենտանոներ կա՞ն ներկայիս շոուի աշխարհում:

— Կասկածում եմ՝ որ կան: Ինձ թվում է, նախկին տաղանդավորներին, լեգենդներին փոխարինող սերունդը դեռ շատ հետո պիտի ծնվի:

Ինչի՞ մասին են բանաստեղծություններոդ, կամ ի՞նչ արտաքին ազդակներն են քեզ մոտ բերում Մուսային: Բանաստեղծություն գրելու համար քեզ պե՞տք է հուզական վիճակ:

— Գրելու մուսա… Բնավորությամբ այնպիսին եմ՝ ներամփոփ, որ իմ զգացողությունները քիչ եմ արտահայտում, կամ չեմ կարողանում արտահայտվել մարդկանց մոտ, կիսվել, երևի դա է ազդեցություն թողնում, որպեսզի ես իմ զգացմունքները գրելով արտահայտեմ:

Գրվածքներդ փորձե՞լ ես պրոֆեսիոնալների ցույց տալ:

— Այո, երբ ծառայության մեջ էի, ուղարկել եմ հանրապետության գրողների միության նախագահ Աբգար Ափինյանին: Նա արձագանքեց, որ ստացվել է, ուղղակի աշխատելու տեղ կա: Մեր վաստակավոր  արտիստներին եմ ցույց տվել, որպես ավագ ընկերների, ինձ հետաքրքիր էր նրանց խորհուրդը: Նրանց դուր է եկել, իրենք էլ նշել են, որ գրականագետի դիտարկումների կարիք կա: Ես հետամուտ եմ եղել նրանց կարծիքներին: Եվ երազանքներիցս մեկն է իմ չափածո բանաստեղծությունների ժողովածու տպագրվի:

Ինչպե՞ս կվերնագրես:

— Ստեղծագործություններս տարբեր իմաստներով են՝ այնտեղ կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ հայրենիք, և՛ պատերազմ… Դեռ փնտրում եմ վերնագիրը:

— 44-օրյայից մի փոքր կպատմե՞ս:

— Ամիսուկիս ծառայող էի, որ սկսվեց պատերազմը: Ես Կուբաթլուի շրջանի Քաշաթաղում էի: Այս տարվա օգոստոսին եմ զորացրվել…

— …ընկերներ կորցրե՞լ ես:

— Այո… Ամենամոտ ընկերոջս այս սեպտեմբերի 13-ին… Սերյոժա Գրիգորյանը՝ «Անի» թաղամասից: Ես կես տարվա ծառայող էի, երբ նա եկավ: Ես ծանր եմ տանում իր, ինչու ոչ՝ բոլորի կորուստը՝ լինեն ինձ ծանոթ, թե անծանոթ, չէ՞ որ այնտեղ ես հասկանում կյանքի իմաստը, ապրելու քաղցրությունը, Հայրենիքին պաշտպանելու մեծ պարտավորությունն ու պարտականությունը:

Պատերազմը փոխո՞ւմ է մարդուն:

— Կարծում եմ՝ այո: Ինձ մոտ ինչպե՞ս է փոխվել: Մինչ պատերազմը շրջապատի մարդկանց հանդեպ այնքան էլ վստահություն չունեի: Պատերազմի մեջ բոլորն ասես մի մարդ են. կապ չունի՝ ինչ ընտանիքի տղա է, ով է, ինչ է: Բոլորս իրար վստահում էինք: Ցավն ուրիշ տեղ է: Երբ մենք՝ հայերս լուրջ խնդիրների մեջ չենք, ինչպես պատերազմը, իրար հետ վիճում ենք, իրար չենք վստահում, բայց լավն էլ այն է, որ վշտի, ցավի մեջ գոնե միասնական ենք դառնում, իրար նկատմամբ վերաբերմունք փոխում:

Հետաքրքիր է, չէ՞, քրիստոնեությունը հանդուրժողականություն է քարոզում, սեր՝ զ՛միմյանց: Բայց առաջին քրիստոնյա ազգ լինելով՝ խաղաղության ժամանակ խաղաղ չենք:

— Մեր ազգային գենետիկ հատկանիշները ժամանակի ընթացքում նաև ձևափոխման են ենթարկվել, կամ նաև տարածաշրջանի հետ ուղղակի փոխկապակցված է: Մենք լեռնային ժողովուրդ ենք, դարերի ընթացքում ունեցել ենք գոյատևելու խնդիր, պայքարել ենք, մինչև հիմա էլ նույնն է, ուղղակի հիմա մեր ուժը ոնց որ թե էլ մեր բազկի մեջ չէ, այլ ժամանակակից տեխնիկայի: Իսկ մեր կյանք ներխուժած համացանցը մարդկանց մի այլ կերպ փոխեց՝ դարձրեց ինքնամփոփ, ագրեսիվ, վիրտուալ… Եթե հնում կերակրի համար էին պայքարում, էս վիրտուալում… լայքերի (ծիծաղում ենք): Ավելի շատ վիրտուալ հարթակում ենք շփվում, քան իրականում, ու դրա համար էլ ասես հետաճ է ապրում մեր ձեռքբերովի հատկանիշները, իրականության մեջ սկսում ենք իրար չհասկանալ, վիճել, ագրեսիվ տրամադրվել:

Փաստորեն, ապագայում մենք ավելի լուրջ խնդիրների կհանգենք, քանզի վիրտուալ աշխարհը, համաշխարհային սարդոստայնը մեզ ավելի կուլ կտա:

— Այո, և դա է պատճառը, որ իմ հասակակիցները, գալիք սերունդները հեռացել են գրքից, ընթերցանությունից, իսկ ինձ համար գիրքը հաճույք է, հանգիստ է: Տեսեք, հեռախոսային խաղերը ագրեսիա են պարունակում՝ այնտեղ սպանություն է, արյուն, ի՞նչ է վերցնում երեխան դրանից… Իմ կարծիքով, այս ամենը ստեղծվել է մարդկանց ռոբոտացնլու, չմտածող մարդու վերածելու, քանզի նմաններին ավելի հեշտ է կառավարելը: Եվ գերտերություններին դա ձեռնտու է:

Ի՞նչ ժանրի գրքեր ես նախընտրում:

— Ձեռքս ընկած ամեն ինչ կարդում եմ: Ինձ հետաքրքիր է գրքերի աշխարհը:

Վերադառնալով շոուին. որքա՞ն հեռուն ես ուզում գնալ:

— Ես եթե ինչ-որ տեղ պիտի մտնեմ, ինչ-որ բնագավառում պիտի լինեմ, ուրեմն ձգտելու եմ առաջիններից մեկը լինել:

 

ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Իմ պատնությունը երգն է դարերի
Պայքարի շունչն է մեր նախնիների
Մեր մշակույթն է խոսվող դարեդար
Խաչս ու աղոթքս է հավատքի տաճար։

Իմ պատմությունը վերջակետ չունի
Քանի որ ազգն իմ դեռ պիտի ապրի
Քանի որ հայի անկոտրում ոգին
Դեռ չի հանձնվել որևէ մեկին։

Բազում ոսոխներ եկան ու անցան
Սակայն հայերը ստրուկ չդարձան
Տասնհինգ թվին մեզ կոտորեցին
Բայց հայերն էլի ոտքի կանգնեցին։

Գլուխ չկախեց երբեք հայ ազգը
Եվ կանգուն մնաց Մայր Հայաստանը
Պատմությունը մեր գրվել է դարեր
Եվ պիտի գրվեն դեռ բազում տողեր։

1,591