…Երբ կարանտինային խցի դուռը շրխկոցով փակվեց իր ետևից, Լյովան հասկացավ, որ այս անգամ ազատազրկման վայրում ինքը կանցկացնի իր կյանքի վերջին ամիսները։ Դեռ չէր հաշտվում կատարվածի հետ։ Կալանավայրից ազատվելուց հետո ընդամենը մեկ շաբաթ էր մնացել «դրսում»։ 3 տարի առաջ, երկրորդ կնոջ հետ ամուսնալուծվելուց հետո, մնացել էր մենակ։ Այլևս ոչ-ոք չէր հիշում իր գոյության մասին…
…Առաջին ընտանիքը` կնոջը, անչափահաս տղային, աղջկան ու մորը կորցրել էր 1988թ-ի աղետալի երկրաշարժի ժամանակ։ 11 տարի անընդմեջ նախկին ԽՍՀՄ-ի ազատազրկման վայրերում անցկացրած «Կարդինալը» երկու շաբաթով հայրենի քաղաք մեկնելու թույլտվություն էր ստացել։ Ճանապարհին դեռ չէր գիտակցում, որ երկրաշարժը կարող էր իրենից խլած լինել ամեն ինչ։ Դեռ հույսեր էր փայփայում, որ այն կարող է «շրջանցած լինի» իր ընտանիքը։ Հույսերը չարդարացան։ Ազատազրկման վայր վերադառնալուց հետո ևս 7 տարի ստիպված էր անցկացնել այնտեղ: Սպանություն կատարած, ապա նաև` ազատազրկման վայրում կրկնակի սպանության համար դատապարտվածը պայմանական վաղաժամկետ ազատման չի ներկայացվում։ Սակայն վերոհիշյալ հանգամանքը «չկոտրեց» իրեն։
Ազատվելուց հետո նոր ընտանիք կազմեց, հաստատ որոշել էր «հրաժեշտ տալ» իր անցյալին։ 18 տարին բավականաչափ ժամանակ էր ամեն ինչ ծանրութեթև անելու համար։ Բայց երկրորդ կնոջ հետ ամուսնական կյանքը չստացվեց։ Երեխա չէին ունենում, որ կապող ինչ-որ օղակ լիներ իրենց միջև, իսկ համատեղ կյանքի վերջին տարիներին կինը հարել էր մի աղանդավորական կազմակերպության, և հոգին ու մարմինը «ծախել» նրանց։ Իր անվերջ հորդորները` հրաժարվել այդ աղանդից, անցնում էին ապարդյուն: Տանը անդադար վեճ ու կռիվ էր, որի ժամանակ կնոջը միանում էր նաև զոքանչը։ Պարտադրում էին իրեն հեռանալ տանից, սպառնում էին, թե «բռնել կտան»։ Ու մի օր էլ սպառնալիքը իրագործվեց…
…Մոտ 6 տարի ազատազրկման վայրում չէր եղել, բացի այդ, այնտեղ ինքն այլևս «հեղինակություն չէր», նոր երիտասարդներ էին հայտնվել, որոնք յուրովի էին մեկնաբանում «գողական հասկացություն» կոչվածը։ Մի կերպ քարշ տվեց ազատազրկման տարիները, անընդհատ սպասելով, որ կինը կհասկանա իր արածի էությունն ու կգա տեսակցության։ Թեկուզև առանց ներողություն խնդրելու ինքը պատրաստ էր ներել նրան, բայց կինը չեկավ։ Ազատազրկման վայրից ազատվելուց հետո ամուսնալուծվեցին ու կինը մեկնեց այլ երկիր` մշտական բնակության։ Մեկնելուց առաջ պայմանավորվեցին, որ բնակարանը վաճառելու և գումարը հավասար մասերով կիսելու են ու մինչ ինքը հարմար գնորդ էր որոնում, կատարվեց անկանխատեսելին։ Մի օր տուն վերադառնալով դուռը բաց գտավ։ Մտածեց, որ տանից դուրս գալուց մոռացել է փակել ու հնարավոր է` տունը գող մտած լինի։ Զգույշ անցավ առաջ, սակայն որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ հյուրասենյակում նստած տեսավ զոքանչին ու 3 ոստիկանների։ Բարևեց և անելիքը չիմանալով` հյուրի պես կանգնած մնաց։
— Ոնց տեսնում ենք, չես ուզում ազատության մեջ մնալ, Լյովա,- լռությունը խախտեց ոստիկաններից մեկը,- հիմա էլ թմրանյութ ու սառը զենք ես պահում։
Լյովան անակնկալի եկավ։ Թմրանյութ ինքը երբեք չէր օգտագործում, նույնիսկ երբ հանցագործ աշխարհում հեղինակություն էր համարվում, քամհարանքով էր վերաբերվում թմրամոլներին։ Բայց լեզուն կարծես անակնկալից կապ էր ընկել ու ոչ մի խոսք չկարողացավ արտաբերել։ Տեսնելով, որ Լյովան ոչ մի բան չի խոսում, ոստիկաններից մեկը, որն երևի պաշտոնով բարձր էր մյուսներից, հրամայեց սկսել խուզարկությունը։
Քիչ անց պահարանի միջից հայտնաբերվեց ոստիկաններից մեկի հիշատակած թմրանյութն ու որսորդական դանակը։ Երբ իր և զոքանչի հայացքները հանդիպեցին, Լյովան հասկացավ, որ վերջինս իրենից ազատվելու և տանը տիրանալու յուրօրինակ ձև է ընտրել: Փորձեց բռունցքներն առաջ պարզած ու հայհոյելով հարձակվել նրա վրա, բայց աչալուրջ ոստիկանները կանխեցին նրա մտադրությունը։
— Հոդվածներիդ վրա խուլիգանությունն էլ ավելացավ,- քմծիծաղ տվեց ոստիկաններից մեկը,- ա՛յ մարդ, հանգիստ պահիր քեզ, էլի, ոնց որ առաջին անգամն է։
Արդեն կալանավայրում Լյովան փորձեց բողոքներով ապացուցել իր անմեղությունը, բայց ամեն անգամ դեմ էր առնում անանցանելի պատնեշի, երբ խոսք էր գնում իր տանը հայտնաբերված ապացույցների մասին։ Դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Այդ տարիներն անցան կրկնակի, եռակի, տասնապատիկ ավելի ծանրությամբ։ Որոշել էր ազատվելուց հետո վրեժխնդիր լինել, սակայն, երբ եկավ այդ ժամանակը, հրաժարվեց նաև այդ մտքից։ «50 տարեկանում էլ դեռ ուշ չէ ամեն ինչ նորից սկսելը,- մխիթարում էր ինքն իրեն Լյովան,- կարևորն այն է, որ հաջողվի վերականգնել իմ իրավունքները՝ տանս սեփականության նկատմամբ»։ Այդ մտքով էլ ազատազրկման վայրից դուրս գալուց հետո շտապեց տուն։ Բայց այս անգամ էլ հույսերն ի չիք եղան։ Տանն այժմ նոր բնակիչներ էին ապրում, որոնք պնդում էին, որ այս տունը վերցվել է նախկին տանտիրոջից` խոշոր պարտքի դիմաց։ Կյանքում առաջին անգամ ստիպված էր գիշերել դրսում, հետո «տեղավորվեց» երկաթգծի կայարանի սպասասրահում։
Այն մեկ շաբաթվա ընթացքում, որ ինքն անցկացրեց կալանավայրից դուրս գալուց հետո, ծեծեց համարյա բոլոր պաշտոնատար անձանց դռները, բայց տան սեփականության նկատմամբ իր իրավունքները վերականգնել չկարողացավ։ Բավական է, որ պաշտոնյաները իմանում էին իր անցյալի և կալանավայրից ազատվելու մասին` առաջին րոպեների վստահությունն անմիջապես կորում էր։ Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ ազատազրկման վայրերում մոտ 25 տարի անցկացրած մարդը կարող է նաև ճշմարտացի լինել, կարող է ունենալ այն իրավունքները, որ ունենում են սովորական մահկանացուները և դրանք նույնպես կարող են խախտվել…
…Երկուշաբթի օր էր։ Հանգստյան օրերից հետո երկաթգծի կայարանի սպասասրահը նորից լիքն էր։ «Կարդինալն» արդեն սովորել էր առավոտ շուտ սկսվող եռուզեռին։ Դես ու դեն շտապող ուղևորները նույնիսկ չէին նկատում նստարաններից մեկի վրա պառկած Լյովային։ Վերջինս կարծես անհաղորդ իր շուրջը կատարվող եռուզեռին, բարակ բաճկոնը վերմակի փոխարեն վրան քաշած, հայացքը հառել էր սպասասրահի բարձր առաստաղին ու մտորում էր, թե ո՞ր պաշտոնյայի դուռն է թակելու` իր տան «բազմաչարչար» հարցը լուծելու համար։ Չիմացավ նույնիսկ, թե ինչպես երկու ոստիկան կանգնեցին գլխավերևում։
— Վեր կա՛ց, գնանք մեզ հետ,- դիմեց ոստիկաններից մեկը։
Լյովան սթափվեց մտքերից, շտկվեց տեղում ու նայեց ոստիկաններին։
— Ես ոչինչ չեմ արել,- արտաբերեց Լյովան,- տունս խլել են ձեռքիցս, գնալու տեղ չունեմ։
— Գնանք բաժին, այնտեղ կպարզենք,- ոստիկաններն անզիջում էին։
Լյովան դանդաղ վեր կացավ, հագավ բաճկոնը և հետևեց նրանց։ Արդեն միևնույն էր, թե ինչ կկատարվի իր հետ, միայն թե որևէ կերպ ելք գտնվեր ստեղծված վիճակից։ Ոստիկանության բաժնում նրան այլևս ոչ-ոք ոչինչ չհարցրեց։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն լրացված էին։
— Խուզարկության ժամանակ քո մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի կանաչավուն զանգված և այս դանակը,- հատ-հատ արտաբերելով բառերը, ասաց սեղանի մոտ նստած ոստիկաններից մեկը,- ստորագրիր այստեղ, որ ծանոթացել ես քեզ առաջադրված մեղադրանքին և բողոքներ չունես։
«Կարդինալը» չփորձեց անգամ բողոքել։ Նա դանդաղ մոտեցավ սեղանին և առանց կարդալու, թե ինչ է գրված թղթի վրա, ստորագրեց։ Երեկոյան Լյովան նորից ազատազրկման վայրի կարանտինային խցում էր։ Այս անգամ արդեն, հաստատ, վերջին անգամ։ Թոքախտը 20 տարուց ավել է, ինչ կրծում էր նրա կյանքի օրերը…
ԳՈՒՐԵՆ