ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երգող թղթերի սիմֆոնիան

Թվում է, թե կյանքում հրաշքներ չեն լինում, սակայն թող չափազանցություն չթվա, ես ականատես եղա հրաշքի կամ, Ժյուլ Վեռնի մոտիվներով ժամանակակից իրողության: Գյումրիում 2 ամիս է, գործում է մինի թանգարան, որտեղ ցուցադրվում են ծնունդով պեմզաշենցի Վալեր Նազարեթյանի ձեռքի աշխատանքները. թղթից պատրաստված երաժշտական. լարային, հարվածային, ստեղնաշարային գործիքների մանրակերտերը: Կհարցնեք, թե դրա ի՞նչն է հրաշք, կասեմ. այդ մանրակերտերը աչքիդ առաջ կենդանանում են՝ նվագում… Այո, այո, նվագում են: Եթե ճապոնական օրիգամները (թղթերից պատրաստված մարմիններ) հիացնում են իրենց անզուգականությամբ, եթե թղթերից հնարավոր է արձաններ ու ինչ-որ մարմիններ պատրաստել (օրինակ, Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի թղթից պատրաստված արձանները), ապա այս դեպքում մենք հանդիպում ենք մեկ այլ արվեստի ճյուղի. թղթե մանրակերտ, որը գործարկվում է. ժամացույցը չխկչխկում է, ձայնարկիչը (մագնիտոֆոնը) ձայներիզն (կաստ) է աշխատեցնում, նվագարկիչը (ադապտերը) սկավառակն է պտտեցնում, ակորդեոնը, կիթառը, հարվածային գործիքները նվագում են…

Այս հրաշքների հեղինակը` 30-ամյա Վալերը, մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռ փոքր հասակից սիրել է արարել: Նրան երբեք դուր չեն եկել այն խաղալիքները, որոնք անկենդան են, և ինքը փորձել է ուղղել այդ սխալը. «Երբեմն նույնիսկ մի քանի խաղալիքներ միավորելով, ստացել եմ մեկը, որին շարժունություն եմ հաղորդել»: Հարցնում եմ. «Ինչպես «պուլտով» մեքենանե՞րը»: «Մոտավորապես, և ավելին. եթե «պուլտով ավտոն» ընդամենը շարժվում է, աջ-ձախ պտտվում, ես ամենին ավելացնում էի առավել շարժունություն, բնականին մոտ: Եղել է, որ խաղալիքները հաղորդալարերով միացրել եմ, որ շարժվեն»:

Վալերի հավաքածուում տեղ են գտել «Յամահա» հարվածային գործիքները, «Roland» սինթեզատորը, հայկական դուդուկը, 80 բասանոց «Վելտմեյստեր» ակորդեոնը, ռոյալը, իսպանական «Բարսելոնա» կիթառը:

«Մեր ընտանիքը երաժշտությանը մոտ կանգնած է, և երևի հենց դա է խթան հանդիսացել, որ ես փորձեի երաժշտական գործիքների շարք ստեղծել: Թե չէ, նաև «Մերսեդես» մեքենայի մանրակերտն էի ստեղծել, որի ողջ մեխանիկական պրոցեսն աշխատում էր,- բացատրում է Վալերը,- առաջինը սկսել եմ պատրաստել հարվածային գործիքները, քանի որ այն բազմադետալ ու բարդ է, փորձել եմ օրիգինալին մոտ ձայնային հատկանիշ ստանալ, իհարկե, մեծն իր ձայնային ռեզոնանսն ունի, փոքրը մի քիչ այլ է, բայց մոտ է, նման է»: Բացի թղթից Վալերն օգտագործել է նաև թիթեղներ, որոնք ծնծղաների «դերում» են: Եվ բոլոր գործիքներն ունեն իրենց ֆուտլյարները:

Ամբողջ հավաքածուն ունենալու համար նա ծախսել է  մոտ 5 տարի:

Ամեն մի աշխատանքն առանձին ուսումնասիրելիս, կնկատեք, թե որքան իրականին կատարյալ նմանություն է աշխատել հաղորդել: Օրինակ, 70-ական թվականների ձայնասկավառակի նվագարկիչը (ադապտերը) պատրաստելիս, նրան օգնության է հասել մայրիկի հիշողությունները. այդ ժամանակշրջանին բնորոշ կենցաղավարությունն ինչպիսի՞ն էր… բոլորի տներում համարյա նույն աթոռներն էին, նույն սեղանները, անգամ բնակարանի «ռեմոնտը» նույնն էր, իսկ սենյակի մի անկյունում դրված էր ադապտերը՝ կողքին թիկնակով փայտյա աթոռը, պատից կախված մեծ ժամացույցը:

Վալերի հետ մոտենում ենք մյուս ցուցանմուշին, որում ամփոփված է 80-90-ականները. «Վեսնա» մագնիտոֆոն, որը հաղորդալարերով միացված է ավտոմեքենայի մարտկոցին… Սա բնորոշ էր մանավանդ հետերկրաշարժյան շրջանին, երբ լույս չկար, և ժամանցի համար ստիպված նման քայլերի էին գնում մարդիկ, որ երաժշտություն լսեին:

Հարցնում եմ՝ արդյո՞ք հետաքրքրվել է՝ իր արվեստի նման այլոք ստեղծագործո՞ւմ են: «Ես տեսել եմ, որ թղթերից պատրաստողներ շատ կան, բայց ես մանրակերտեր եմ պատրաստում ու դրանց կենդանություն հաղորդում»: Ասում է՝ իր կարծիքով, սա  փոքրուց իրեն տրված Աստվածատուր շնորհ է, ու դրա համար մինչև հիմա չի դադարել ստեղծագործելը:

Գյումրու մինի թանգարանը ղեկավարում է Վալերի եղբայրը՝ Արթուրը: Եղբայրները հումրով ասում են, թե թանգարան հիմնելու գաղափարն առաջացել է նախ Երևանում եղած միկրո թանգարանից ոգևորված, «Ընչի Գյումրին էլ չունենա Մինի թանգարան»:

Վերջերս թափ առած զբոսաշրջության զարգացումը Վալերին գաղափար է հաղորդել. հիմնելով նման թանգարան, այն հանրայնացնել՝ գրավելով զբոսաշրջիկների, ինչն իր մոտ ստացվել է շատ կարճ ժամանակահատվածում: Ասում է՝ օտարերկրացի տուրիստները զարմանքով ու հիացմունքով են մոտենում իր աշխատանքներին, երկար իրենց հյուրընկալվում, մանրամասներից հետաքրքրվում:

«Ես անհանգիստ բնավորություն ունեմ, եղածով սահմանափակվողը չեմ, մուսան հենց եկավ, մեկ այլ շարքի վրա կսկսեմ աշխատել, ասենք, Գյումրու վերաբերյալ՝ արվեստն ու արհեստը պատմող թղթե մանրակերտ կպատրաստեմ»,- հրաժեշտ տալիս, ասաց Վալերը:

 

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ