ՄՇԱԿՈՒՅԹ

Երեք առաջնախաղով նոր թատերաշրջանը կամ՝ «Մաուգլի»-ն ջունգլիների նոր օրենքներով

156-րդ թատերաշրջանին ընդառաջ՝ «Շրջապատը» զրուցել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Հարությունյան, երբ գալիս է սեպտեմբերը, գյումրեցի թատերասեր հասարակությունն անհամբեր սպասում է թատերաշրջնի բացմանը, որովհետև գիտի, որ Գյումրու թատրոնը ներկայանում է անակնկալներով: Չնայած գիտեմ, որ մի քիչ շուտ է, բայց առաջ ընկնելով, բացում եմ թատերաշրջանի մասին հարցազրույցների շրջանը… Միայն թե հարցերով Ձեզ չեմ ընդհատելու…

– Երբ գալիս է սեպտեմբերը, գալիս է նաև նոր թատերաշրջանը… մի տեսակ բառախաղային է, բայց կարծես այդպես է: Թատերաշրջանն հիմնականում բացվում է սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ, նայած, թե երբ է թատրոնն արձակուրդ գնացել: Շատ կարճ փորձեմ ամփոփել անցնող թատերաշրջանը: Համավարակը թոթափելով, անցնող 6-7 ամիսներին թատրոնն ունեցել է երկու նոր ներկայացում՝ զուգահեռ բեմադրելով ընթացիկ ներկայացումները, հյուրախաղերով ներկայացել ենք Հայաստանի տարբեր մարզերում: Մենք նաև իրականացրեցինք ԿԳՄՍ նախարարության ծրագիրը՝ դպրոցական աբոնեմենտներով Հայաստանի տարբեր մարզերից ընդունել ենք 9000-ից ավել հանդիսատես: 50-ից ավել ներկայացում ենք խաղացել մինչ արձակուրդը:

156-րդ թատերաշրջանը մեզ համար կարևոր է. պատրաստվում ենք 3 նոր առաջնախաղի: Մեկը լրիվ պատրաստ է, որը խաղալու ենք Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում: Բեմադրվելու է երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի նոր պիեսը՝ «Քայլեր» (ի դեպ, սա դրամատուրգի երկրորդ գործն է, առաջինն եղել է «Քեյսը»): Վերնագիրը թող չշփոթեցնի, այն ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի: «Քայլեր» ներկայացման բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, ընդգրկված են մեր թատրոնի դերասանները: Առաջնախաղը նախատեսված է հոկտեմբերի վերջ: Հոկտեմբերի սկզբին, մեր խնդրանքով, Նիկոլայ Ծատուրյանը բեմադրություն կներկայացնի Վիլյամ Սարոյանի՝ «Փրկության կղզի» պիեսի հիման վրա: Իսկ նոյեմբերի վերջ կներկայացվի մեր այս տարվա այցեքարտը՝ «Մաուգլի» ներկայացումը, որի բեմականացումը ինքս եմ հանձնառել: Ինձ օգնում է ասիստենտ Ռաֆայել Ասատրյանը:

Իհարկե, մեր թատրոնը տարիների ընթացքում տարբեր մասշտաբի ներկայացումներով է հանդես եկել՝ սկսած «Լիր Արքայից», վերջացրած «Հարսանիք թիկունքում»-ով, բայց ձևաչափով, բեմադրաոճով, ներկայացման դերասանական քանակով՝ «Մաուգլին» գերազանցում է բոլոր ներկայացումները: Մոտ 20 տարի առաջ եղել է նույնանուն ներկայացում, սակայն մեր «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ և՛ բեմադրության, և՛ ֆինանսական առումներով, և՛ նկարչական ձևավորմամբ վերջին 10 տարվա ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ իրենք էլ կարող են դիտել, բայց երեկոյան ներկայացումների շարքում է: Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, նրա հրավերով, մեզ է օգնում դիզայներ, նկարիչ, քանդակագործ, մոսկվաբնակ Մելսը: Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինն է, մեզ միացել է դիզայներ Քնքուշը: Ներկայացման համար հատուկ հրավիրել ենք բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Ալիկ Ասատուրյանին, և Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ՝ թվով 70-ից ավել կերպարներ են ներկայացված: Նմանատիպ մեծամասշտաբ ներկայացման համար աջակցություն էր պետք և ԿԳՄՍ մշակույթի նախարարությունը մասամբ կարողացել է այն ցուցաբերել, հատկապես զգեստների համար, որովհետև ամբողջությամբ նոր զգեստավորում է նախատեսվել:

Մեզ համար հաջորդ կարևոր հարցն այն էր, որ, բնականաբար, թատրոնը միայն ներկայացում չի բեմադրում ու համարում աշխատանքն ավարտված, այլ ապրող օրգանիզմ է, և Մհեր Մկրտչյանի փոքր դահլիճում հանդիսատեսը կտեսնի բոլորովին այլ դահլիճ, նոր նստատեղեր, նոր գորգածածկ, որոնց գնման համար օգնել են Գյումրու քաղաքապետարանը և «Կարիտաս» ԲԸ-ն: Նոր լուսային ձևավորում ենք գնել, հագուստ, վերանորոգման այլ աշխատանքներ էլ ենք կատարել, մի խոսքով, հանդիսատեսի համար նոր, թարմ, գեղեցիկ ու հարմարավետ դահլիճ ենք պատրաստել:

Այսպիսով, թատրոնը կունենա 3 նոր ներկայացում, որից յուրաքանչյուրը խորիմաստ ու կարևոր խնդիրներ է վեր հանում: «Քայլերը» խոսում է ապրելու իրավունքի մասին, սեռից կախված երեխայի ծնվել-չծնվելու մասին… գլոբալ թեմա է: Գլխավոր դերում Սամվել Գրիգորյանն է:

«Փրկության կղզին» բարության, հավատարմության մասին է, մենք ընտրել ենք թեմաներ, որոնք այսօր մեզ շատ է անհրաժեշտ. համերաշխություն, միահամուռ լինել, միասնականություն, և Նիկոլայ Ծատուրյանի կողմից բեմականացումը գալիս է ապացուցելու, որ մեզ պետք է սեր, հավատարմություն և հոգատարություն: Երբ հարցնում են, թե այս կամ այն ներկայացումն ունի՞ քաղաքական ենթաշերտ… Այո, թատրոնը, մշակույթը միշտ պետք է ունենա իր վերաբերմունքը, իր դիրքորոշումը, իր ասելիքը երկրում կատարվող երևույթներին:

«Մաուգլին» և՛ դրամատուրգիայի, և՛ բեմադրաոճի առումով, և՛ մարմնի խաղով հանդես է գալիս նորովի, այն ունի ենթաշերտեր, մարդու և կենդանիների հարաբերությունների, ջունգլիների օրենքների մասին, և արծարծվում են այն խնդիրները, որոնք արդիական են: Դերասանները 4 ամիս է՝ պարապում են այս ներկայացման մեջ: Մանրամասներ չբացահայտելով, միայն ասեմ, որ մենք կունենանք երեք Մաուգլի՝ տարբեր տարիքներում: Գլխավոր դերակատարը Արսեն Միքայելյանն է: Սակայն ամենակարևորներից մեկն այն է, որ սա արդեն 2-3 ներկայացումն է, որ մանուկների մուտքն է թատրոն: Մենք նոր դերասանական խումբ ունենք, որտեղ ընդգրկված են 8-10 տարեկան երեխաները, և նրանցից երկուսն արդեն ընտրվել են «Մաուգլի» ներկայացման մեջ որպես դերակատարներ: Շնորհակալություն Գեղագիտական կենտրոնին, «Մտորումների թատրոնին», «Հայորդաց տանը». որ ստեղծել են թատերական խմբեր, որտեղ բացահայտվում են երեխաների թատերական տաղանդը:

1,496