ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Երկու տարուց՝ խոտի հոկեյի դաշտերի կառուցումից հետո, կվայելեք արդյունքները»

Հարցազրույց Հայաստանում խոտի հոկեյի հիմնադիր, վաստակավոր մարզիչ ՄԱՍԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Արզումանյան, կներկայացնե՞ք, ինչպես է ձևավորվել խոտի հոկեյը մեր երկրում:

– 1969թ. ԽՍՀՄ-ի ֆիզկուլտուրայի և սպորտի ղեկավարությունը որոշեց, որ երկրում պետք է զարկ տալ գնդակով հոկեյի զարգացմանը: Բանն այն էր, որ տափօղակով հոկեյի մարզիկները ամառային շրջանում պարապ էին մնում, իսկ Եվրոպայում զարգացած էր բենդին (գնդակով հոկեյ,- հեղ.): Եվ, որպեսզի Ռուսաստանի բենդիի թիմերն ամռան ամիսներին պարապ չմնան, որոշեցին խոտի հոկեյ խաղալ: Մենք այդ թվերին  Ֆիզկուլտուրայի ինստիտուտում թիմ կազմավորեցինք՝ ՖՍԱ (ֆիզկուլտուրայի և սպորտի ակումբ): Սովորեցինք խաղի կանոնները, և մաքուր խոտի հոկեյի հիմնադիրներ դարձանք: Արդեն 1971թ. ինձ՝ որպես Սովետական Միության լավագույն հարձակվող, Վլադիմիր Տերյանին՝ որպես լավագույն դարպասապահ, ընդգրկեցին ԽՍՀՄ հավաքական: Հիանալի արդյունքներ գրանցեցինք: Տղամարդկանց թիմը բավականին զարգացած խաղ էր ցուցաբերում:

Իմ երազանքն էր՝ հիմնել աղջիկների թիմ: Բայց մեր ավանդապաշտ երկրում, որ կանայք կարճ շրջազգեստներով թիմային խաղով հանդես գային, դա չլսված բան էր: Երբ իմ երազանքի մասին բարձրաձայնեցի, կոմիտեի նախագահը, մյուսները ծիծաղում էին, թե՝ «էս ինչ ես խոսում. աղջիկը կարճ յուբկա հագնի, փետը ձեռը վերցնի…»: Ասացի. «Ոչինչ, երկու տարի տվեք, դրանից հետո միկրոֆոնը ձեռքից ձեռք եք խլելու, որ քթներդ վեր ցցած՝ պարծենաք»: Ու սկսվեց փնտրտուքների շրջանը. բուհերում, դպրոցներում, թաղերում աղջիկներին բացատրում էինք մեր ծրագրերը: Մոտ տարբեր տարիքի 30 աղջիկ հաջողվեց համախմբել: Թիմ կազմավորվեց: Հաջորդ տարի ԽՍՀՄ ընտրական խաղերում հաղթեցինք ու մտանք առաջին լիգա: Իսկ երկու տարի հետո արդեն բարձրագույն լիգայում էինք:

Իմ հիշողություններում ամենահաճելի օրն է, երբ ուկրաինական չորս թիմերի հաղթեցինք… Կիևից եկանք Երևան, հաշվետվությունները պատրաստել էի, տարա սպորտկոմիտե: Երբ վերադառնում էի, թերթի կրպակի մոտ հերթ էր: Դուք չեք հիշի, բայց թերթի համար կրպակների դեմ հերթեր էին գոյանում, մանավանդ «Ֆիզկուլտուրնիկի» համար, երբ «Արարատը» խաղ էր ունեցել: Մոտեցա, հարցրեցի, թե ի՞նչ բան է, որովհետև «Արարատը» խաղ չէր ունեցել: Ասացին.  «Ախպեր, «Մայակը» (աղջիկների խոտի հոկեյի թիմը,-հեղ.) դուրսը տաշել է»: Արդեն մեծ համբավ էր վայելում մեր աղջիկների թիմը, ճանաչում էին նրանց. Աղաջանյան քույրեր, Դեմիրճյան քույրեր…

Իսկ հիշո՞ւմ եք, Լենինականում ինչպե՞ս ձևավորվեց աղջիկների թիմը ու ի՞նչ հաջողություններ ունեցավ:

– Իհարկե, հիշում եմ: Հրանտ ու Հրաչ զույգ եղբայրները (խոսքը՝ Հրաչ և Հրանտ Պետրոսյան եղբայրների մասին է) մեր պատանիների հավաքականից էին: Նրանց մի քանի անգամ մրցույթների տարել էի: Նրանք, որպես մարդ-անհատ, մեր բոլորի սիրելիներն էին: Եկան, ասին, թե ուզում են Լենինականում թիմ ձևավորեն: Շատ ուրախացա, ասի. «Ի՞նչ գույք պետք է, տալիս եմ»: Ու տվեցի, ամեն ինչով օգնեցի: Եվ տղերքն այնպիսի էնտուզիազմով սկսեցին, որ… Չնայած այն բանին, որ ինձ արդեն «հակառակորդ» էին, բայց իրանց նվիրվածությունը, հավաքականի կազմում ընդգրկվելու համար ամեն երեխու համար կռիվ տալը, շատ գովելի էր: Հզոր աշխատանք տարան: Ափսոս երկրաշարժ եղավ: Դրանից հետո թիմի կազմին Ծաղկաձորի պանսիոնատում տեղավորեցինք, տեր կանգնեցինք:

Մասիս Արզումանյան (ձախից) և Հրանտ Պետրոսյան

 

Ներկայում, Հրանտ Պետրոսյանը նույն էնտուզիազմով հանձն է առել կանանց թիմային սպորտաձևերի զարգացմանը: Վերջապես, իր երազանքն էլ է մարմին ու հոգի առել. տարածքը հատկացված է, որը գարնանը մեծ շինհրապարակի է վերածվելու:

– Արդեն 12 տարի է, որ Հրանտի կողքին եմ եղել, ու սիրտս միշտ ցավացել է, որ թողած ընտանիքներս, նվիրվել էինք սպորտին, ու ուզում էինք առավելագույնին հասնել: Հրանտն էլ աղետից հետո այսքան տարի Ռուսաստանում բիզնեսներ էր հիմնել, երբ ձեռքը մեծ գումար էր ընկնում, ասում էր, որ պիտի խաղադաշտեր կառուցի: Գիտեմ, որ «Սպորտ սիթիի» գաղափարն էր ծնել, բայց նախկին ղեկավարության հետ դոշ տալ չստացվեց, թողեց ետ գնաց: Հիմա, երբ հեղափոխություն եղավ, հույսը վերածնվեց: Հրանտը ծախեց իր դրսի բիզնեսը, տունը, ու վերադարձավ, որ հարազատ քաղաքի հողի վրա նորից շունչ տա իր երազանքին: Ճիշտ է, այն մեծ հողակտորը, որ խոստացել էին, չեղավ, բայց այս մի մասը, ներկա քաղաքապետը հավատաց Հրանտին, ու տվեց: Ես համոզված եմ, որ աշխարհի տարբեր կողմերում ունեցած մեր կապերը մեզ պետք կգան, ամենքն արդեն գիտեն, որ Հրանտը նման ծրագիր է ձեռնարկել: Արհեստական խոտածածկը արդեն բերել ենք, մնում է գարնանը կոմունիկացիաները քաշեն, ու կառուցեն: Բայց, ինչպես տեսնում եք, կոմունիկացիոն ծառայություններն իրենց հերթին են խնդիրներ առաջացնում, մաքսային ծառայություններն՝ իրենց: Կաբինետներում նստած, բյուրոկրատները սպասում են, որ վճարներ քաղեն, էլ չեն ասում, որ թողնենք՝ մարդը զարգացնի, շունչ տա, հետո արդեն հարկ ու տուրքերը գանձենք, թող մի հատ օգնեն, որ զարգանա, հետո մտածեն շահույթի մասին: Հրանտը՝ որպես անհատ, այդքան գումարը ներդրել է, չի սպասում, որ շահույթ ունենա, իսկ իրենք միայն քյարի մասին են մտմտում:

Երբ արդեն խաղադաշտերը լիեն, ամեն ինչ լավ լինի, ըստ Ձեզ, ե՞րբ կարող ենք հաջողություն ունենալ:

– Կարծում եմ, երկու տարի հետո մենք արդեն կարող ենք մասնակցել առաջնության՝ հագցրած-կապցրած, մարզված, պատանիների աղջիկների թիմը ցույց կտա իր ողջ թափը Հրանտի գլխավորությամբ:

print
2,377