ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»

Հայ գրականության նոր ծրագրերի և չափորոշիչների կապակցությամբ հիշեցի Խաչատուր Աբովյանի խոսքերը: Այժմ, երբ Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ են հնչում, երբ տղաներ են զոհվում սահմանին, էլ ավելի է ցավը խորանում: Ի՞նչ է նշանակում գրականությունից հանել Մովսես Խորենացուն, ով մեզ տվեց մեր ինքնության վկայականը և ընծայեց Գողթան երգերը: Իսկ Նախիջևանը հենց Գողթն գավառն է: Այսինքն՝ այդտեղից է սկսվում մեր պատմությունը, մեր ազգային բանաստեղծությունը և գրականությունը:

2006թ., երբ ադրբեջանական վանդալները ոչնչացրեցին Ջուղայի հայոց եզակի խաչքարադաշտը, ինչպիսի՜ ցավով ընդունեցինք մեր պատմության և հայի հետքի վերացումը այդ բնակավայրից: Իսկ հիմա… Հիմա նույն վայրից արդեն հայն է ջնջում ազգային հիշողությունը, որ էլ չիմանա, թե որտեղ է Գողթնը: Ցավ է, որ ներկայացված նոր չափորոշիչներով փորձում են վերացնել նաև մեր ազգային նկարագիրը՝  մեզ բաժին հասած ու փոքրացա՜ծ, փոքրացա՜ծ, մի բուռ դարձած հողակտորից: Բոլորիս է հայտնի, որ մեր ազգային ինքնագիտակցությունը տվել է Մովսես Խորենացին՝ մեզ մատուցելով մեր ծննդյան վկայականը՝ հայ, գիտակցեցինք, թե ո՛վ ենք մենք, որտեղի՛ց ենք գալիս և ո՛ւր ենք գնում: Հիմա ջնջում են մեր ազգային հիշողությունը՝ ընդհանրապես հանելով հայ բառը, ուստիև հայրենիքն ու Հայաստանը (նույն վանդալիզմն է կիրառվում նաև հայոց պատմության դասագրքերի նկատմամբ):

Ավագ դպրոցի դասագիրքը կոչվում է ոչ թե «Հայ գրականություն», այլ «Գրականություն», քանի որ մեզ փորձում են դարձնել աշխարհաքաղաքացի: Կամ ավագ դպրոցում գրականությունը սկսելով մեր ազգային էպոսով, ինքնաբերաբար ուրանում եք մեր մշակութային հինգհազարամյա պատմությունը և հայի կենսաբանական ծնունդը հասցնում 16-րդ դար, այսինքն՝ չորս դար ուշ ենք եկել Հայաստան, քան մեր բարբարոս և պատմական հայրենիքը զավթած հարևանները, ուստիև օգնում ենք նրանց պատմության փաստերի աղավաղման և կեղծման քաղաքականության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը մեկ հայրենիք է գիտակցվում ամբողջ Սփյուռքում, իսկ դպրոցական ծրագրերից սփյուռքահայ հեղինակներին հանելով, արևմտահայ հեղինակներից մեկ-երկու փոքրիկ կտորների ծանոթացումով՝ երեխան չի իմանա ընդհանրապես Արևմտյան Հայաստանի մասին: Համաշխարհային ճանաչման հասած սփյուռքահայ հեղինակներ ունենք: Դպրոցական ծրագրերից հանված են Կոստան Զարյանը, որ բերում է արարատյան մարդու՝ հայ մարդու հպարտ կերպարը՝ աշխարհում ստեղծած իր ինքնատիպ մշակույթով: Կամ եթե հանել են Շահան Շահնուրի «Նահանջն առանց երգի» վեպը, աշակերտը չի իմանա, թե ի՛նչ է նշանակում նահանջ ազգայինից, չի մտածի իր հողի վրա ամրանալու մասին: Դպրոցական ծրագրերից հանված են ցեղասպանության թեմային նվիրված լավագույն ստեղծագործությունները՝ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը, Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը», Հովհաննես Շիրազի հայրենասիրական գրեթե ամբողջ քնարերգությունը, Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ»-ը: Ի՞նչ է նշանակում չանցնել Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքը, ինչի պատճառով վերջինս հատուցեց կյանքով, որովհետև խոսում էր կորսված հայրենիքի՝ էրգրի մասին:

Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով եք փոխում դպրոցական ծրագրերը և դուրս թողնում մեր գրականության և պատմության կարևորագույն ժամանակաշրջան, մոռանում ենք հայ գրականության Ոսկեդարը, միջնադարյան գրականությունը, մոռանում և ուրանում մեր մշակույթն ու պատմությունը, ազգային ցանկացած գաղափար, ուրեմն՝ ազգ ու հայրենիք պահպանող բնագավառները կործանում: Այս կերպ արդյո՞ք ավելորդ չեք համարում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, գուցե՞ պայթեցնեք հայ հին և միջնադարյան գրականության մասնագետների հետ միասին:

Ձեռքի թեթև հարվածով փակվեց Կրթության ազգային ինստիտուտը, համալսարաններում ազգային լեզուն անցնելը դարձավ կամընտրական, հինգ ամիս է չի զարգանում մշակույթը, փակ են մշակութային բոլոր հիմնարկները, բայց գործուն են ապամշակութային կառույցները, և ձեռք են բարձրացնում դպրոցական ծրագրերի վրա:

Ասում են՝ հարյուր տարին մեկ կրկնվում է պատմությունը: Խորհրդային կարգերի հաստատման հարյուրամյակն է, երբ ազգայինի մասին խոսք անգամ լինել չէր կարող, և մեր մտավորականները իրենց սթափ մտածողության պատճառով կա՛մ աքսորվեցին, կա՛մ գնդակահարվեցին, կա՛մ մատնվեցին երկարատև լռության: Հիմա էլ ազգային արժեքները կարևորողները, ազգային հիշողությունից զրկելու դեմ դժգոհողները որակվում են «ակադեմիական այրեր», «որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերը այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով և թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար /ուսուցչի ուղղորդումով/ ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել և սովորել սիրել գիրքը և ընթերցանությունը» (Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրերի մասին):

Աշակերտը անգիր սովորելով թութակ չի՛ դառնում, այդ դեպքում նաև հեռակա կարգով թութակ եք անվանում մեր վաստակաշատ ասմունքողներին: Ասենք նաև, որ հատկապես անգիր հանձնարավող նյութի հիման վրա են հայտնաբերվում ասմունքող երեխաները: Դերասանը ևս անգիր է անում տեսքստը: Հենց անգիրը քիչ պարտադրելն է, որ այժմ հավաքույթների ժամանակ ասմունքողների չենք տեսնում, բացառությամբ թամադայությամբ զբաղվողների, որոոնք ևս սակավ դեպքերում ճոխ և ճաշակավոր ընտրանի ունեն: Իսկ ժամանակին հարսանիքների և հավաքույթների մասնակիցները ասմունքում էին դասականների լավագույն ստեղծագործությունները:

Իմ գիտակցական կյանքում չի հանդիպել ավագ դպրոցի գրականության որևէ դասագիրք, որի մեջ խախտված լինի ժամանակագրական կարգը, աշակերտը իր մշակույթն ու պատմությունը չճանաչի սկզբից մինչև իր օրերը, և յուրաքանչյուր դասագիրք ուներ իր ինքնատիպությունը (չեմ ուզում խոսել որոշ թերությունների մասին, քանի որ դրանք ուղղելի են) և փաստ է, որ այդ դասագրքերը երկար տարիներ կրթել են սերունդների ազգային գիտակցությունը և հոգեկերտվածքը (մենթալիտետ):

Երբևէ չի եղել, որ դասագրքում հեղինակը չներկայացվի ամբողջական ստեղծագործական աշխարհով: Ինչ է նշանակում Թումանյանի «Անուշ»-ն անցնել 10-րդ դասարանում, քառյակները, պատմվածքները՝ 11-րդ դասարանում: Այս դեպքում խախտվում է ժամանակագրական կարգը, աշակերտը լիարժեքորեն չի ուսումնասիրում հեղինակին, չի ընկալում գրողին իր ապրած ժամանակաշրջանի մեջ, և գրականությանը համակարգված, ամբողջական տեսքով իմանալու փոխարեն՝ կցկտուր գիտելիքներով է ավարտելու դպրոցը: Ի՞նչ է նշանակում տալ ցանկ, որպեսզի ուսուցիչն ու աշակերտն ընտրեն հեղինակին: Գուցե նաև Եղիշե Չարենց չընտրեն: Սա կատարյալ անմտություն է: Կամ Նարեկացուն հանելով, նրա մարդկային և բարության դասերը մերժելով՝ ծրագիր մտցնել Մարկ Տվենի «Դժոխք թե՞ դրախտ» պատմվածքը, արդյո՞ք կասկած չեք առաջացնում քրիստոնեական ամբողջ բարոյականության և արժեհամակարգի նկատմամբ: «Եկեղեցու պատմություն» առարկան հանելով և Գուրգեն Խանջյանի «Առնետը» վեպը կամ Արմեն Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» ներմուծելով՝ սպանում եք հայ քրիստոնյայի հոգին, նրա մեջ սեռախտաբանական վարակը ներմուծում, պղծում հայկական ավանդական ընտանիքը: Եթե խոսում եք աշակերտի ինքնուրույնության մասին ասեմ, որ երբեք չեմ փորձել կանխել նրանց ինքնուրույնությունը: Ամփոփիչ բաց դաս եմ կազմակերպել «Վահան Տերյան» և «Միսաք Մեծարենց» թեմայով, և նրանք անգամ թույլ չեն տվել իրենց կազմած ծրագիրը նայել. հոյակապ նյութ էին հավաքել ու ներկայացրել: Իսկ ոգևորության պատճառը Միսաք Մեծարենցի «Երազ օրեր» բանաստեղծության հիման վրա ստեղծված երգի ունկնդրումն էր (երաժշտ. Ռոբերտ Ամիխանյան), դժբախտաբար, այդ չքնաղ բանաստեղծությունը ևս հանված է գրականության ծրագրից:

Անտրամաբանական է, երբ հայոց լեզվի դասաժամին առաջարկվում է օտար լեզուներով գրականության ընթերցում և թարգմանություն, ապա տեքստի բառային և ոճական համեմատություն: Հարց է առաջանում, թե հայոց լեզվի մասնագետի համար իր առարկայի լավ իմացությունը և բանասիրական բաժանմունքը ավարտած լինելը պարտադիր է, թե՞ օտար լեզուների իմացությունը: Թե՞ ինչ-որ Ջեյմս Ռասել եք որոշել ուղարկել որպես մասնագետ, որ իր անբարո, տրանսգենդերական ծրագրերը մեզ մատուցի:

Ինչպե՞ս է աշակերտը յուրացնելու բախտինյան տարածության և ժամանակի ըմբռնումը կամ ինչ մեղք ունի նա, որ Գրիգը 2016 թ. Գրականության ազգային ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ժամանակ կարդացել է «Տեքստի տեսողական ներգործությունը Աղասի Այվազյանի «Քուրան» պատմվածքում» զեկուցումը (և բավականին հաջողված, տպագրվել է 2017 թ. «Կանթեղ»-ում, N4, էջ 45-51) կա՛մ պաշտպանում է նարատալոգիայի թեմայով ատենախոսություն: Առանց այն էլ երեխան մեծ դժվարությամբ է յուրացնում գրականագիտական հասկացությունները, իսկ գրականագիտական ժամանակակից ըմբռնումներն ու ընկալումներն անգամ մասնագետների կողմից դեռևս խորությամբ չեն ընկալվել, ուր մնաց հնարավոր լինի հասցնել աշակերտին:

Ուստի՝

  1. Ոչ մի դեպքում թույլ չտալ այդ մասնագիտական խմբին կազմելու հայոց լեզվի և գրականության առարկայական չափորոշիչները:
  2. Ավագ դպրոցներում թողնել «Հայ գրականություն» առարկան:
  3. Փոխել 5-6-րդ դասարանների «Մայրենի» առարկայի անվանումը և դարձնել առանձին առարկաներ «Հայոց լեզու», «Գրականություն», որով կշտկվեն աշակերտների և ուսուցիչների մոտ առաջացած դժվարությունները նյութի կտրուկ անցման պատճառով:
  4. 7-9-րդ դասարանների դասագրքի հեղինակը մնա վաստակաշատ գրականագետը, սակայն ուղղի ժամանակագրական կարգը՝ գրականության դասընթացը սկսելով մեր ծագումնաբանությանը վերաբերող փաստական և գրական նյութից, Մեսրոպ Մաշտոցից և գրերի գյուտին հաջորդող մշակութային կարևորագույն շրջանից՝ Ոսկեդարից,
  5. Չխախտել երեխայի սահմանադրական իրավունքը, քանի որ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է»:
  6. Ավագ դպրոցի «Հայ գրականության» դասագրքերը կազմվեն լավագույն գրականագետների կողմից, ովքեր ունեն վաստակ և փորձ, մասնագիտական խմբի մեջ էլ ներառվեն սրտացավ ուսուցիչներ և մեթոդիստներ:
  7. Ավելացնել հայոց լեզվի և գրականության դասաժամերը, նաև հայոց պատմության դասաժամերը:
  8. Արդի հեղինակներից գրականության ցանկում ընդգրկել լավագույններին, որոնց ստեղծագործությունների իմացությունը կնպաստի նրանց ազգային հոգեկերտվածքի, արժանապատվության, հայրենասիրական դաստիարակությանը և կձևավորի մարդկային լավագույն արժեքներ:

ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Գյումրի, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

print
180