ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թեւաթափ լինելու իրավունք չունենք. մենք պետք է ու պարտավոր ենք օգնել մեր Հայրենիքին»

Արմատներով վանաձորցի, Գերմանիայում ծնված Տավրոս Ասլանյանը, որը բնակվում է Հոլանդիայի Ամստելվին քաղաքում, իր և ընկերների՝  Հոլանդիայում բնակվող գյումրեցի Սամվել Սուքիասյանի, թուրքահայ Վիգեն Տոքերի նախաձեռնությամբ բարեգործական առաքելությամբ են ժամանել Գյումրի: Բարեգործները 6 մեծ կոնտեյներներով դպրոցական գույք (նստարաններ, ուսուցչական գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, պահարաններ, մարզադահլիճի համար նախատեսված գույք), ինչպես նաև համակարգիչներ են բերել Հայաստան: Նպատակը՝ ամբողջ գույքը նվիրաբերել Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի առավել կարիքի մեջ գտնվող շուրջ 20 դպրոցի:

Տավրոս Ասլանյանը, աչքերի երջանիկ փայլով նայում է ձեռքի ցուցակներին և ասում, որ մեկ ամսից ավել տևած գործընթացը վերջապես հասել է իր տրամաբանական ավարտին. դպրոցների ներկայացուցիչները պիտի մոտենան, որպեսզի ստանան իրենց համար նախատեսված գույքաբաժինը:

Տավրոսը մեր հետ զրուցում պատմեց, որ դեռ փետրվարին են բեռնատարները հասել Հայաստան և կայանել Գյումրիու մաքսային կետում, որտեղ շուրջ 10 օր թղթաբանական քաոսն անցնելով, վերջապես բեռնատարները հասել են բեռնաթափման կետ. «Բայց այնպես չէ, որ միայն Հայաստանում ենք նման թղթատարություն անցել. Հոլանդիայում էլ մեկամսյա բյուրոկրատական քաշքշուկներ ենք անցել,- ասում է Տավրոսը:

Հարցին, թե ինչպե՞ս ծագեց բարեգործական ծրագիր ձեռնարկելու միտքը, պատասխանեց.

– Իմացա, որ Հոլանդիայի Ամստելվին քաղաքի քոլեջներից մեկը՝ «Հերման Վեսելինկը»,  պատրաստվում է թարմացնել իր գույքը: Հանդիպեցի տնօրինության հետ, խնդրեցի թարմացման ենթակա գույքը, որը բավական լավ վիճակում է, նվիրաբերել Հայաստանին, որի կարիքն այստեղ ավելի շատ է: Սիրով համաձայնեցին: Քանի որ ես միայնակ չէի կարողանա իրագործել այս ամենը, տեղեկություն տարածեցի, որ նման նախաձեռնություն ունեմ: Շատ արագ տեղի հայ համայնքից արձագանքեցին: Պիտի ուրախությամբ նկարագրեմ, թե ինչպիսի ջանասիրությամբ էին հայկական համայնքը լծվել գործին… Հարակից քաղաքներից, անգամ Բելգիայից, հայերը զանգում էին, օգնություն առաջարկում: Ջահել-ահել գալիս էին, մինչև գիշեր օգնում գույքը դպրոցից հանել, բեռնել մեքենաները: Շատ սրտանց, համախմբված աշխատեցինք, ես շատ լավ մարդկանց հետ ծանոթացա: Հոլանդիայի հայ համայնքը ֆինանսապես աջակցեց: Այստեղ պահեստի հարցում զարմանալի էր, որ ո՛չ մարզային, ո՛չ քաղաքային իշխանությունները չօգնեցին, մեզ օգնության ձեռք մեկնեց պարոն Սուքիաս Ավետիսյանը, որը շատ արագ կազմակերպեց պահեստների խնդիրը: Ես հատկապես իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր այս լավ նպատակի համար ներդրել են իրենց հնարավորությունները, բայց նախևառաջ շնորհակալություն ենք հայտնում «Հերման Վեսելինկ» քոլեջին՝ գույքի նվիրաբերման համար, հայ համայնքին՝ գումարներ հավաքագրելու, աշխատաուժով օգնելու համար, դեսպան Տիգրան Բալայանին, հյուպատոս Դավիթ Միրզախանյանին, «Նիդերլանդական օրագիր» կայքին, որ մեր նախաձեռնության մասին բարձրաձայնեց, Հայաստանում «Ֆուլ Լայֆ» ՀԿ-ին, որ բեռնատարներին ընդունել է, մինչև մենք կգայինք, տնօրեն Սուրեն Մաղաքյանին, փոխտնօրեն Հայկ Մկրտչյանին, «Մարինա Տրանսպորտ»  ընկերությանը, որ բեռնափոխադրման հարցերով է օգնել՝ տնօրեն Հարություն Հարությունյան, Սփյուռքի գրասենյակին, Գյումրիի Մաքսային կառույցի տնօրեն Նարեկ Գևորգյանին, որը ևս շատ օգնեց մեզ և իհարկե, պարոն Սուքիաս Ավետիսյանին՝ պահեստի, այստեղի հարցերում օգնելու համար:

Անկեղծ ասած, չէի ուզենա, որ լրատվությամբ այս մասին ներկայացվեր, թե տեսեք, բարեգործություն ենք անում և այլն, բայց մյուս կողմից, թող սա լինի օրինակելի, վարակիչ, որպեսզի Սփյուռքում ոգևորվեն, չթևաթափվեն, որ շարունակեն ամեն կերպ, ամեն ձև Հայրենիքին օգնել, որովհետև իմ տեսած սահմանամերձ գյուղերի դպրոցների վիճակը, կարիքի մեջ գտնվող դպրոցների վիճակը, մարդկանց ապրելակերպն ու կենցաղը… Ցավալի է, տխուր է, լացելու է: Ինչպե՞ս կարող է մեկը շքեղ մեքենա վարել, այդքան գումար վառելիքի վրա ծախսել, իսկ այստեղ, այսպես ասած, չ՛պայմաններում երեխաներ են ապրում, դպրոց հաճախում… Կամ ինչպե՞ս կարող են նման պալատներում ապրել, ու կողքի աղքատիկ տնակում ապրողին չտեսնել… Մենք պետք է ու պարտավոր ենք մեր Հայրենիքին օգնել: Ես չեմ ուզում, որ մարդիկ այստեղից հեռանան այլ երկրներ, ինչ է թե ապրելու միջոց չկա: Մենք՝ հայերս որ չանենք, բա ո՞վ պիտի անի, ո՞վ պիտի ծաղկեցնի մեր Հայաստանը: Ես հիմա իմ ամեն գործը նկարահանում եմ, որպեսզի տանեմ, ներկայացնեմ համայնքին:

Մոսկվայի «Զվարթնոց» մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը, որը նույնպես ներկա էր մեր զրույցին, պատմեց, որ իմանալով Տավրոսի նախաձեռնության մասին, սիրով միացել է և Մոսկվայից եկել Գյումրի, որպեսզի իր աշխատանքով ևս նպաստի այս մարդասիրական նախաձեռնությանը: Ասում է՝ հպարտ է, որ Տավրոսի, Վիգենի նման երիտասարդներ ունենք, Սամվել Սուքիասյանի նման հայրենիքին նվիրյալներ ունենք, որ իրենց ժամանակը, հնարավորությունները ծառայեցնում են բարի գործի համար:

print
630