ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Թե «Պապա Կառլոն» կոճղից մի Բուրատինո էր քանդակել, Աննան արդեն 30-ից ավել ունի քանդակած

Պանդեմիայի շրջանում գյումրեցիների հետ փողոցում հաճախ հետաքրքիր անակնկալներ են պատահել: Դեռ մարտյան օրերին էր, երբ Տիգրան Մեծ փողոցում քաղաքացիները հետաքրքիր ու տարօրինակ փայտե արձանիկներ նկատեցին մայթերին: Շատերն այն լուսանկարեցին և հրապարակեցին սոցիալական կայքերում, դրանից էլ հասկանալի դարձավ, որ այդ փայտե մարդուկները մեծ հետաքրքրություն են շարժել: Մարդիկ հետաքրքրվում էին՝ թե ո՞վ է հեղինակը: Ծանոթացեք՝ փայտե մարդուկների հեղինակը ԱՆՆԱ ԱԹՈՅԱՆՆ է:

Աննա, սա հոբբի՞ է, աշխատա՞նք, թե՞

– Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, սակայն զբաղվում եմ բիզնեսով՝ սննդի արտադրությամբ: Ես սա հոբբի չէի ասի, ուղղակի իմ ձեռքից նման բաներ գալիս են, ես տանն ամեն ինչ իմ ձեռքով եմ անում, վարպետ չեմ կանչում: Երբ Տիգրան Մեծ փողոցը, որն իմ թաղն է, վերջապես սկսեցին վերանորոգել, ու լայն մայթեր սարքել, ես մտադրվել էի, որ այդ դատարկությունը պետք է լցնեմ, իսկ թե ինչպե՞ս, դա արդեն մտահղացել էի: Երբ մեր փողոցը ջրագծերի համար փորել էին, ես մոտակա խճաքարերը հավաքել էի, մտքիս բան էի դրել՝ ծառաբների շուրջը գունավոր խճաքարերով շարել, որ մի քիչ զվարթ պատկեր ստացվեր: Երբ արդեն գաղափարս իրագործել էի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի ու՝ անցնելով Տիգրան Մեծով, նկատեց այն, ասաց՝ տեսեք, մանրունք է, բայց որքան տրամադրություն է փոխել: Ես հասել էի իմ նպատակին. փողոցը, որն իր սև ու խաս քարերով, սև մայթեր-փողոցներով թվում էր գորշ, մի փոքր գունավորումով էլ կարող է ոգևորվել ու տրամադրություն փոխել: Հետո Կայարանամերձ հրապարակում մի կիսաայրված ծառ էի նկատել… Երբ իմ գաղափարով կիսվեցի ընկերներիս հետ, զարմացան, թե արդյո՞ք կստացվի: Հենց տեղում առաջին փայտե մարդուկը սարքեցի: Մարդիկ շատ տպավորվեցին: Զգացի, որ արձագանք է ստանում, բնակչությունը սիրեց: Ու այն մտավախությունը, թե կարող է մարդիկ կոտրեն, տանեն՝ վառելու, և այլն, ինձ չհիասթափեցրեց, որոշել էի, որ կշարունակեմ անել… Եթե պոկեն, կոտրեն, ոչինչ, նորից կսարքեմ, մինչև սովորեն, որ պետք չէ այդպես վարվել:

Միայնա՞կ ես այդ ամենն անում:

– Միայնակ եմ արել, քրոջս տղան է օգնել՝ ծանր փայտը տեղափոխել, հետո իմ կողքին են կանգնել բարեկամներս, մեր թաղեցիները, ընկերներս, թաղի երեխաները, որոնց ոգևորությունն ինչ ասես արժի. գալիս են, ասում. «Աննա քուրիկ, ինչո՞վ կարող ենք օգնել»: Ու ամեն մեկը մի գործի է լծվում. մեկը խոտն է պոկում, մյուսը փայտն է կտրում, մեկ ուրիշը ներկում է… Նույնիսկ ծնողներն են եկել, շնորհակալություն հայտնել, որ երեխաներին կտրել եմ ինտերնետից ու զբաղմունք տվել:

Փայտե մարդուկները մեր հայկական բուրատինոներն ենԱնուններ դնո՞ւմ եք:

– Լիքը անեկդոտներ տարածվեցին, ստեղծված կերպարներին անուններ կպցրեցին, էսինչի հետ են ասոցացնում, էնինչի հետ: Բայց ես չէի ուզենա, որ որևէ մարդու հետ ասոցացնեն: Ավելի լավ է, թող կոչեն՝ «Գրքիկներ», «Նարդի քցողները», «Դհոլչիները» և այլն: Էլի տարբեր մարդուկներ ունեմ՝ շյուղ գործող տատիկը, նկարիչը, որն ուզում եմ Գեղագիտականի մոտ տեղադրել, մարիոնտեկա, որն ուզում եմ Հովհաննես Հովհաննիսյանի նորաբաց «Մտորումների թատրոնի» մոտ տեղադրենք: Մուշուրբայի մոտ ջուր ուզողին եմ տեղադրել: Մեր թաղում մի զինվոր է տուն վերադարձել, ինքն ադրբեջանական այս վերջին ագրեսիվ դրսևորման հետևանքով վիրավորվել է, իսկ ընկերներից զոհվել են, ի պատիվ իրենց՝ զինվոր եմ սարքել:

Իսկ քաղաքային իշխանության հետ աշխատանքն ինչպե՞ս սկիզբ առավ:

– Մարտի 1-ին, երբ առաջին մարդուկը տեղադրել էի, ու դեռ շատերն էի ուզում ստեղծել, մայրս հորդորեց պանդեմիայի պատճառով շատ դուրսուներս չանեմ, ծանր աշխատանքներ չանեմ, քանի որ ես առողջական խնդիրներ ունեմ: Ես չէի ընկրկում, ասում էի, որ պիտի մեր քաղաքի համար ձեռքիցս եկած լավ բանը անեմ: Ուզում եմ, որ բոլոր գյումրեցիներն այդպես մտածեն ու անեն, որ մեր քաղաքի նկատմամբ մեր սերն անպակաս լինի ու մեր ստեղծագործական միտքը մեր քաղաքի համար ծառայեցնենք:

Հունիս ամսին էր, ինձ զանգեցին, հրավիրեցին Գյումրու քաղաքապետարան, «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի» տնօրենի ժ/պ Վարդգես Սամսոնյանն էր հրավիրել: Ասաց, որ տեսել է, մեր տարածքի ավագանի Մխիթար Սահակյանն էլ էր ներկայացրել, հարցրեց, թե կարո՞ղ եմ ամբողջ քաղաքի համար պատրաստել նմանատիպ մարդուկներ: Այստեղ է, որ ասում են՝ ուրախությունից աչքերս փայլատակեցին… Դե, շատ ծախսեր ես էի արել, ու տանը բան չէի ասել, բայց պետք է նշեմ, որ մեր թաղեցիներից օգնել են՝ մեկը ներկով, մյուսը գործիքով, հիմա հնարավորություն է ստեղծվում քաղաքային իշխանության հետ համագործակցելու: Պարոն Սամսոնյանը հարցրեց, թե կարո՞ղ եմ պատասխանատվություն վերցնել: Ասացի, որ խնդիր չունեմ, ինչ կերպար ուզեն, կարող եմ ֆանտազիա զարգացնել: Ճիշտ է, ես քանդակագործ չեմ, պապիկս է եղել, բայց ինչպես և ասացի՝ ձեռքիցս գալիս է: Ասացի, որ ինձ մարդիկ են հարկավոր, հո՛ թաղի երեխաներին չէի՞ աշխատեցնելու, դա ճիշտ չէր ու իրավունք էլ չկա: Ասաց՝ մեկ շաբաթով փորձաշրջան անցնեմ: Բայց հենց հաջորդ օրը անձնագիրս ուզեցին ու հրամանագրեցին: Սամսոնյանն ասաց, որ ինձ ինչ պետք լինի, կապահովեն, միայն թե ես այս գաղափարն իրագործեմ: Ասեմ, որ շատ եմ հարգում Վարդգես Սամսոնյանի նման մարդկանց, որ պատրաստակամ են, արձագանքում են, ինչպես և Մխիթար Սահակյանի նման, որ լավ բան տեսնելով՝ ձեռք են մեկնում, օգնում են:

Քանի՞ մարդուկ արդեն ունես պատրաստած:

– Այս պահին շուրջ 30: Կարծում եմ, մինչև հոդվածը տպվելը՝ էլ ավելի շատ կլինեն: Միայն մարդուկ չէ, որ պատրաստում եմ, ոգևորությունս շատ էր, սկսել եմ պատրաստել այլ մոտիվներով ևս. ասենք, 58-ի եկեղեցու դիմաց փայտե ինքնատիպ նստարան է նախատեսվել, մի տեղ Չեբուռաշկան է, մյուս տեղը՝ վանդակում բու, ծաղիկներ, սրտիկներ և այլն:

print
3,926