ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թռիչքային տնտեսական աճը միֆ է, որովհետեւ դրա համար պետք են թռիչքային ռեֆորմներ

«Մանթաշով» գործարարների միություն հիմնադիր ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԻ հետ:

Պարոն Միրաքյան, այսօր Հայաստանում կան գործարարների, ձեռներեցների մի քանի միություններ, այդ թվում՝ «Մանթաշով» գործարարների միությունը: Ինչո՞վ է այն տարբերվում մյուսներից:

– Բոլոր միություններն էլ իրենց առանձնահատկությունները և ուղղություններն ունեն. ասենք, կան ՏՏ ոլորտի միություն, ռեստորանատերերի միություն, բայց մերն ընդհանուր է, այսինքն, մեր միությունում կան և՛ ռեստորանատերեր, և՛ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, և՛ մեր մոտ տարիքային միջին շեմն ամենացածրն է՝ 35-45 տարեկան, էներգիայով լեցուն անդամներ են հավաքված «Մանթաշով» միությունում:

Գիտենալով Ձեզ՝ որպես «Չոր Մարքեթինգ» բիզնեսդպրոցի հիմնադիր, հետաքրքիր է, միություն հիմնելու գաղափարն այստեղի՞ց ծնունդ առավ:

– Գաղափարը սկիզբ առավ նրանից, որ գործարարների հետ կապված մի շարք օրենսդրական խնդիրներ կան երկրում: Օրենսդրական դաշտում օրենքներ հիմնականում մշակում են ոչ թե գործարարների, այլ չինովնիկների կարծիքների կամ շահերին համապատասխան: Երբ անհատական ես խնդիրներդ բարձրաձայնում, լսելի չէ, իսկ երբ 50, 60, 100 գործարարի անունից ես խոսում, արդեն լսելի է դառնում. սա մեկ: 2-րդը՝ երկրում գործարարի իմիջի հետ կապված պատկերացումները թյուր են: Գործարար ասելիս, մարդիկ, նույնիսկ երկրի առաջին դեմքերը, պատկերացնում են օլիգարխի, և ինչպես վարչապետը գործարարների հետ հանդիպման ժամանակ մատնանշեց, թե գործարարները քաղաքում շրջում են մեքենաների շարասյուններով, այ, այսպիսին է գործարարի իմիջը: Մինչդեռ, օրինակ, մեր միությունում ընդգրկված գործարարներից և ոչ մեկն ինչ-որ շարասյունով չի շրջում, և պետք է նշեմ, որ այս պահին միության շուրջ 60 անդամների կեսը խոշոր հարկատու է: Այսինքն, մի քանի օլիգարխների բացասական կերպարի վրա հիմնված, երկրում թյուր հանրային կարծիք է ստեղծվել գործարարների կերպարի մասին: Սա կարևոր խնդիր է, որպեսզի երկրում նախ փոխվի մոտեցումները գործարարների հանդեպ: Մինչդեռ մեր գործարարներից շատերն այս ճգնաժամի շրջանում սեփականություն էին գրավ դնում, վարկեր էին վերցնում, որպեսզի աշխատատեղ չկրճատեին, աշխատավարձերը ժամանակին վճարեին: Մարդիկ են, որոնք ուրախանում են ամեն մի նոր աշխատատեղի ստեղծմամբ, ամեն մի նոր կետի բացմամբ, իրենց գործին ու երկրին նվիրված, քրտնաջան աշխատող մարդիկ են, որոնք նաև գումար են աշխատում, և սա բնական է: Այս ամենը չեն տեսնում, այլ տեսնում են մի ինչ-որ օլիգարխի, որն իր մարդկային կերպարով, գործարարի ոչ նորմալ պահվածքով ու համբավով ստվերում է մյուսների աշխատանքն ու իմիջը:

Այսինքն, նախ բարձր մակարդակներում պետք է այդ թյուր կարծիքը փոխվի

– Հանրային կարծիքն ու վերաբերմունքը պիտի փոխվի և այո՛, ամենաբարձր մակարդակում սխալ դիրքորոշում, սխալ կարծիք կա գործարարի մասին: Սակայն ոչ մեկը թող չմոռանա, որ երկիրը պահում են գործարարները, որ այդքան մարդ աշխատում, ընտանիք են պահում: Երբ գնում, պաշտոնավորին ասում են, թե աշխատատեղ տվեք, այդ աշխատատեղը ոչ թե չինովնիկը, պատգամավորն է տալիս, այլ նույն այս գործարարները: Չինովնիկը մաքսիմում, որ կարող է լավ բան անել, դա հարմար պայմաններ ստեղծելն է, որ գործարարն աշխատատեղ ստեղծի: Որ ասում են՝ հզոր տնտեսություն, մարդկանց լավ ապրուստ, բարձր թոշակ, բարձր աշխատավարձ և այլն, ապահովում են գործարարները, ինչպես նաև ապահովում են նույն այդ պաշտոնյաների աշխատավարձերը, ինքն է փող տալիս զինվորի համար, զենքի և այլնի, և այդ ամենի համար վճարում է գործարարը: Այս ընկալումը մեզ մոտ չկա, թվում է, թե պետությունն է անում, նախարարը կամ մարզպետն է անում… Դա բիզնեսն է անում, որն իր արածից տոկոս է հատկացնում իր երկրի համար՝ հարկերի տեսքով: Բայց արի ու տես, որ այդ պաշտոնյաների շարասյուներից չեն նեղվում, որ գործարարի հաշվին են պաշտոնավարում, աշխատավարձ ստանում ու շարասյունով պտտվում, այլ գործարարի, որն ինքն ինչո՞ւ չպիտի իրեն թույլ տա՝ շարասյունով շարժվելու: Բայց սա, իհարկե, պարտադիր պայման չէ, գոնե ես՝ իմ շրջապատում, նման մարդ չունեմ:

– «Մանթաշով» գործարարների միությանն անդամագրվելու համար կա՞ն նախապայմաններ:

– Մենք ունենք նախապայման, որ գործարարը նախկինում որևէ բարձր պաշտոն զբաղեցրած չպիտի լինի: Որովհետև, ինչպես գիտենք, նախկինում ո՞նց է եղել. կոռուպցիայի միջոցով գումար են հավաքել, հետ են գցել, հետո ինչ-որ նպատակով են ծախսել: Բոլորը զրոից աճած, իրենց ունեցածն ու կարողությունները ներդրած մարդիկ են, ստեղծել են իրենց կայսրությունը, ուրախանում են դրանով, և ուզում են այն ծառայեցնել մեր երկրին, մտադիր չեն լքելու, ուզում են մնալ, ուժեղացնել, հզորացնել տնտեսությունը, ուզում են շատ փող աշխատել: Մյուս նախապայմանն է, որ պետք է մինիմում 15 աշխատակից ունենա, պետք է 2 տարի բիզնեսի հիմնադիր լինի, և պետք է երաշխավորող ունենա միության անդամներից մեկի կողմից:

Ունե՞ք գրանցած հաջողություն, որ միությունն իր առջև դրել ու հասել է. ասենք, օրենսդրական դաշտում որևէ օրինագծի մշակման, կամ օրենսդիրի կողմից ձեր առաջարկի ընդունման:

– Օրենսդրական դաշտում շարժական ՀԴՄ-ի հետ կապված օրենք է վերջերս անցկացվել, որի մեծ մասը մեր առաջարկությունների հիման վրա էր. մենք ԱԺ տնտեսական հանձնաժողովի հետ ենք համագործակցում, մասնավորապես Գևորգ Պապոյանի, և նրա հետ միասին մշակել ենք օրենսդրական նախագիծը: Ճիշտ է ՊԵԿ-ի կամ այլ կառույցի կողմից որոշակի խմբագրումներ եղան, բայց հիմնական ձևակերպումները մեր առաջարկներով է: Եվ, քանի որ ժամանակակից կյանքում օնլայն առևտուրը մեծ դերակատարում է սկսում ձեռք բերել, շարժական ՀԴՄ-ն շատ կարևոր էր: Նաև ընթացքի մեջ են ևս մի քանի օրենսդրական առաջարկներ: Հանդիպել ենք Էկոնոմիկայի նախարարի հետ, դարձյալ առաջարկներ ենք արել, ասենք, տենդերների հետ կապված, որն ընդունվել է, կիրառվել է:

Կարելի՞ է ենթադրել, որ գործարարների միությունները նախկինում գործող արհմիություններին են եկել փոխարինելու: Նկատի ունեմ՝ գործարարների շահերի պաշտպանությունը:

– Ինչ-որ տեղ այո, կարելի է ասել, որ սա բիզնեսի արհմիություն է:

Վերջերս «Մանթաշով» գործարարների միության անդամներն Արցախ էին այցելել, և կոնկրետ ներդրումային ծրագրեր են նախատեսում:

– Այո, Արցախում տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ ենք հանդիպել, մենք մեր հմտություններով փորձում ենք որևէ ոլորտում օգտակար լինել, սերտ համագործակցություն ենք սկսել Արցախի գործարարների, իշխանության, կառավարության հետ: Մեր շատ գործարարներ այնտեղ տենդեր են շահել, տեղում իրենց բիզնեսն են ընդլայնել: Իսկ գլոբալ առումով՝ ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են, և առայժմ այդ մասին չէի ուզենա բարձրաձայնել:

Իսկ Հայաստանի մյուս մարզերո՞ւմ:

– Մտադրություն ունենք, որ ՀՀ մարզերից անդամներ ներգրավենք, ամեն անգամ որևէ մարզում կոնֆերանս կազմակերպենք, քննարկենք, թե որտեղ, ինչ կարելի է անել:

Անցած տարի Հայաստանում մեծ թափ առավ զբոսաշրջությունը, սակայն ճգնաժամը «սառեցրեց» զարգացման տեմպը, և եկավ ապացուցելու, որ տնտեսության զարգացման համար այլ ոլորտներ կամ ուղղություններ են անհրաժեշտ. Ձեր գնահատմամբ, ի՞նչ է պետք մեր երկրին:

– Բնականաբար ճգնաժամի մեջ ենք և այն դեռ խորանալու է: Թռիչքային տնտեսական աճը դա միֆ է, որովհետև դրա համար պետք են թռիչքային ռեֆորմներ, իսկ ներկա համակարգը դրան պատրաստ չէ: Օրինակ, ֆինանսական համակարգը, նախարարությունը. նրանց քայլերից ենթադրելի է, որ իրեք պատրաստ չեն թռիչքային ռեֆորմների, այլ պահպանողական մոտեցումների մեջ են: Տուրիզմը, իմ և շատերի կարծիքով, խրախուսում է էժան աշխատուժը, սպասարկումն է խրախուսում, բայց մեր երկիրը պետք է հենվի պրոֆեսիոնալ, ուժեղ, գրագետ աշխատուժի վրա. ռազմական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինտելեկտուալ արտադրանքի արտահանում:

Եվ վերջին հարցս. այսօր ո՞ր մասնագիտություններն են պահանջված:

– Ծրագրավորում, դիզայն, վաճառք, մարքեթինգ, թվային մարքեթինգ, սպասարկում: Սակայն մեր բուհերը կապ չունեն մեր տնտեսությունների հետ, իրենք իրենց կյանքով ապրում են, մինչդեռ այն ստեղծված պետք է լիներ տնտեսությանը սպասարկելու համար:

print
594