ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես զարգացնել տուրիզմը COVID-ից ու պատերազմից հետո

«Յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով պետք է զարգացնենք տուրիզմը քովիդից ու պատերազմից հետո…»,- արտահայտությունը ONE WAY TOUR ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանինն է, ով նախաձեռնել է Tourism Restart Conference 2021 անվճար կոնֆերանսների շարք մարզերում: Կոնֆերանսների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց փորձով  և կօգնեն մարզերի տուրիստական բիզնեսներին ճգնաժամային տարվանից հետո նոր զարգացնել իրենց բիզնեսները:

Մարտի 13-ին «Տիրամայր Հայաստան» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Tourism Restart Conference 2021-ի երկրորդ կոնֆերանսը: Բանախոսեցին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, տուրիզմի ոլորտում հաջողության պատմություն գրանցած ընկերության ղեկավարները:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը ներկայացրեց, որ, եթե քաղաքում չկա տուրիզմի տեղեկատվական կենտրոն, ապա իրենք այդ գործն էլ են ստանձնել, և աջակցություն կամ խորհրդատվություն են ցուցաբերում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Սակայն իրենց աշխատանքի բուն իմաստը կայանում է զբոսաշրջության ոլորտում մարզի պոտենցիալի բացահայտումը, ներդրումներ, դրամաշնորհներ բերելը, մարքեթինգային, մենեջմենթային հարցերում կազմակերպություններին աջակցելը:

Օգտվելով առիթից, մի քանի հարց ուղղեցինք  ONE WAY TOUR ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին: Վերջինս նշեց, որ քովիդից ու պատերազմից հետո կար մեծ վտանգ, որ տուրիզմը դեռ երկար ժամանակ ուշքի չի գա, որ դեռ պատրաստ չեն, թևաթափ են եղել. «Հյուրանոցատերերը, տուրիստական ընկերությունները՝ բոլորը համարյա այս մտքերն էին արտահայտում: Եվ հասկացանք, որ պետք է մի բան անել՝ նորից, նոր թափով սկսել: Հանդիպեցինք ոլորտի մասնագետների հետ, ծրագիր մշակեցինք և որոշեցինք շրջել մարզերով, ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում դեռ լինելու է տուրիզմի զարգացում, որ տուրիստներ դեռ գալու են, պետք է ուղղակի վերանայել, լավ պատրաստվել: Մենք ունեինք տեսլական՝ 2019-ը, որի ընթացքում ձեռք բերած ցուցանիշներին հասնելու համար շատ աշխատանք է պետք: Առաջին կոնֆերանսը Լոռու մարզում ենք անցկացրել և հիմա Գյումրիում ենք: Փորձագետները կկիսվեն իրենց հաջողություններով, կոգևորեն մյուսներին: Եթե ոչ այս տարի, ապա 2022-ի համար պետք է բարձր մակարդակով պատրաստված լինենք:

Ըստ Ձեզ, որո՞նք են տուրիզմի զարգացման կարևորագույն կամ առաջնահերթ կոմպոնենտները:

– Այս պահին մենք բավականին մեծ պոտենցիալ ունենք և կարող ենք մեծ թվով տուրիստներ ընդունել ու սպասարկել: Եթե անգամ համեմատություն տանենք Վրաստանի հետ, պիտի փաստեմ, որ մենք բավականին կայացած ենք ու բարձր սպասարկում ունենք: Մեզ ավելի շուտ մասշտաբային գործողություններ են պակասում: Օրինակ՝ պետության կողմից, ասենք, մեծ ակցիաներ, փիառներ արտերկրում, որպեսզի Հայաստանը թիրախավորեն, ներկայացնեն որպես անվտանգ երկիր, փորձեն տարբեր գովազդների միջոցով ներգրավել տուրիստներ: Կրկնվեմ՝ մեր տուրիզմի ոլորտը պատրաստ է:

Գուցե ունենք բարձրակարգ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, փառք Աստծո, ցույց տալու բան էլ ունենք, բայց ճանապարհների քարուքանդ վիճակը

– Իհարկե, այս հարցը կարևոր է հավասարապես, բայց, եթե համեմատական տանենք նախորդ 2-5 տարիների հետ, ապա բավականին փոփոխություններ դեպի լավը եղել են: Սակայն շատ գործեր դեռ կան անելու: Այո, նույնիսկ մի մարզը մյուսին միացնող ճանապարհ չունենք, ու մեծ աշխատանքներ են պետք, որպեսզի ասֆալտապատվեն, սանհանգույցներ անցկացվեն: Սա ժամանակի հարց է… Տեսեք, երբ 2019-ը պետական մակարդակով հայտարարվեց տուրիզմի զարգացման տարի, ապա բավականաչափ ճանապարհներ ասֆալտապատվեցին, բարեկարգվեցին: Կարծում եմ, սա պետք է շարունակել, և 2-3 տարուց մենք այլ՝ բարձր մակարդակի հասած կլինենք:

Տուրիզմի կարևոր կոմպոնենտներից է նաև անվտանգության հարցը: Հեռպատերազմյան վիճակում գտնվող երկիրն արդյո՞ք գրավիչ է օտարերկրյա տուրիստի համար:

– Իրականում բարդ հարց է: Մենք որքան էլ փորձենք ներկայացնել, որ Հայաստանում անվտանգ է, միևնույն է, այս հարցի առաջ տանելը պետք է պետությունը ստանձնի, պետության դերն է կարևոր:

print
142