ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ի պանծացումն վառ հիշատակի

«Գյումրու օր» տոնի հետ կապելով, Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը շտապում էր ավարտին հասցնել «Գյումրու ծննդատան» շենքի վերանորոգման աշխատանքները և հատկապես, ի պանծացումն Ֆելիքս Գրիգորյանի վառ հիշատակի՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը՝ «Գյումրու ծննդատունը» անվանակոչել հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, «Գյումրու երախտավոր», «Գյումրու պատվավոր քաղաքացի» Ֆելիքս Գրիգորյանի անունով ու նրա պատվին հուշատախտակ բացելը։

Նշենք, որ «Գյումրու ծննդատունը» վերջերս իրականացրել է ճաշակով ու ժամանակակից վերանորոգում. անճանաչելիորեն փոխվել է բուժհաստատության ճակատային հատվածը, հաստատությունը հագեցրել նոր բուժսարքավորումներով:

Միջոցառմանը մասնակցեցին Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երջանկահիշատակ բժշկի հարազատները, ընկերները, մտերիմները։

Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր-տնօրեն Արմեն Իսահակյանը բացման խոսքում ասաց. «Մարզի ծննդօգնության, գինեկոլոգիական առողջության հիմնադիրներից մեկի՝ Ֆելիքս Գրիգորյանի ներդրած ջանքերի շնորհիվ ամբողջ մարզը՝ սկսած Աղինից ու Աշոցքից, վերջացրած Ամասիա, Արթիկ, Մարալիկ և գյուղերում մենք ունեցել ենք ծննդօգնության հիմնարկներ, նրա պատրաստած կադրերն են աշխատել ծննդօգնության բոլոր հիմնարկներում։ Այստեղ չկա մեկը, որը կայացել է ինքնուրյուն՝ առանց Ֆելիքս Վրույրիչի օժանդակության: Ի պանծացումն վառ հիշատակի Ֆելիքս Գրիգորյանի, մենք որոշեցինք նրա անունով անվանել «Գյումրու ծննդատունը», ինչին մարզպետ Հովհաննես Հարությունյանը տվել է իր համաձայնությունը»:

Հուշատախտակի բացման պատիվը տրվեց Ռուբն Սանոյանին և Ֆելիքս Գրիգորյանի որդի՝ Վրույրին:

Այս առիթով իր սրտի խոսքն ասաց Ֆելիքս Գրիգորյանի մտերիմ ընկեր, մաեստրո Ռոբերտ Մլքեյանը. «Մարզը կորցրեց մի մարդու, որը երևի ծնվել էր հայի պատիվը մեծարելու, որը բացի բժշկությունից՝ իր կյանքը նվիրել էր բարեգործությանը: Երբ գալիս էի Գյումրի, Ֆելիքսի հետ շրջում էինք այս հիվանդանոցով: Եվ հիմա, ինձ թվաց, որ նա այստեղ է, մեր կողքին… Մենք երջանիկ մարդիկ ենք, որ նրա հետ շփվելու հնարավորություն ենք ունեցել»:

Հուզմունքն հազիվ զսպելով, խոսք ասաց Վրույրիչի մեկ այլ մտերիմ ընկեր՝ իրավագետ Մարտին Թադևոսյանը: Պատմեց իրենց ծանոթությունից, բժշկի հումորասիրությունից, արվեստի հանդեպ անսահման սիրուց: «Իր աշխատած տարիների ընթացքում 36 հազար ծնունդ է ընդունել, հարցրեցի, թե բա քո ծնունդն ո՞վ է ընդունել: Ասաց. «Ազատան գյուղի Աղսի անունով մի կին, որին ծնողներս տվել էին 20 ձու ու մի կճուճ յուղ»: Պարոն Թադևոսյանը հիշեց դեպքեր, երբ հանդիպել են հայտնիների հետ: «Մի անգամ Ֆրունզիկ Մկրտչյանն ասաց, թե սրտանց ուզում է տեսնել Անին: Վրույրիչը խոստացավ, որ նրան կտանի: Եկավ օրը, ես, Վրույրիչը, Ալբերտ Մկրտչյանն ու Մեծն Մհերը, իսկ վարորդը մեր հայտնի դերասան Սամվել Գրիգորյանն էր, ով այն ժամանակ տակավին երիտասարդ էր, ճանապարհ ընկանք՝ դեպի Անի: Երբ արդեն հասել էինք, Ֆրունզն ասաց. «Ինձ մենակ թողեք»: Մենք դուրս եկանք, ինքը մնաց: Երբ դուրս եկավ, ոչ մի բառ չէր խոսում: Ողջ ճանապարհին լուռ էր: Չդիմացա, հարցրեցի՝ ո՞նց էր: Նույն վայրկյանին աչքերից այնպես արցունքները հոսեցին… Արտասվեց մի բոլ, ապա արցունքները սրբելով, ասաց. «Տղեք, չգիտեմ՝ ինչ տպավորության տակ եմ, բայց ինձ թվաց, երբ ետ էի գալիս, Անին մեր հետևից մատ թափ տվեց…»: Վրույրիչն իր խոսքի տերն էր, Ֆրունզը՝ հոգեպես բավարարված»:

1,222