ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեյլի Ասլանյան . «Թեպետ աճ կա, բայց կայուն կառավարելի վիճակ է»

«Շրջապատը» Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ԼԵՅԼԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց մարզի համաճարակային վիճակով: Վերջինիս խոսքով՝ մարզում կայուն կառավարելի վիճակ է: «Մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք, թեպետ ունենք աճ, բայց ընդհանուր իրավիճակը կառավարելի է: Այժմ մարզում ստացիոնար բուժում ստացողները 152-ն են: Այս պահին ամբողջ մարզում հաստատված և հսկողության տակ գտնվող կորոնավիրուսային վարակակիրները 532-ն են»: Ըստ Լեյլի Ասլանյանի՝ վերջին եռամսյակին Շիրակի մարզում կորոնավիրուսի մահվան դեպքերը 32 են։

Տիկին Ասլանյանից նաև հետաքրքրվեցինք, թե միջազգային առողջապահական կենտրնոնները հայտարարել են, թե COVID-19-ի 3-րդ փուլում վիրուսակիրների երիտասարդացում է նկատվել, արդյո՞ք մեզ մոտ էլ է նույն պատկերը:

— Այո, 3-րդ փուլի ժամանակ մասնագետները նշում են, որ երիտասարդացում կա:

Իսկ երեխաների շրջանո՞ւմ ինչպիսին է վիճակը:

— 0-18 տարեկանների մոտ էլ ունենք ֆիքսված դեպքեր: Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում ունենք 27 դեպք:

Բրիտանական շտամ արձանագրվե՞լ է մարզում:

— Քանի որ Հայաստանում համապատասխան հետազոտություն չի իրականացվում, ապա տարբերակված մենք չենք կարող ասել:

Շիրակի պետական համալսարանը երկշաբաթյա օնլայն դասապատրաստման անցավ: Որոշ դպրոցներ, մանավանդ գյուղական համայնքներում՝ ևս: Գյումրիի դպրոցներում ինչպիսի՞ն է համաճարակաբանական վիճակը:

— Համաձայն ընդունված նորմի, եթե դասարանում կամ կուրսում, ընդհանրապես՝ կրթական համակարգում, ինչպես նաև այլ ոլորտներում կա սահմանված նորմատիվներ, թե ինչ նորմեր պետք է պահպանվեն և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն: Իսկ կրթական ոլորտի մանրամասներին տեղեկացեք Կրթության վարչությունից: Սակայն փակ դպրոցներ, որպես այդպիսիք, մենք չունենք, բացառությամբ մի քանի դասարանների: Այսինքն, եթե մի դասարանում ասենք կորոնավիրուսի դեպք է արձանագրվել, ըստ նորմատիվների, պարտադիր չէ, որ ամբողջ դպրոցն անցնի հեռավար ուսուցման կարգի:

Եթե վիրուսակիրների աճի տենդենցը շարունակվի, ապա մարզային իշխանությունն իրավունք ունի՞ խստացումներ հայտարարել, սահմանափակումներ կիրառել:

— Մարզային իշխանությունը չի կարող, դա լինելու է հանրապետական մակարդակով, ինչ-որ վերահսկողության կարգի հայտարարմամբ:

Անձնական ուսումնասիրությամբ կարող եմ փաստել, որ երթուղայիններում, խանութներում բացարձակապես չի պահպանվում որևէ կանոնակարգ: Օրինակ՝ երթուղայինում միայն ես ու վարորդն էինք դիմակ կրում

— Վերը նշածս նորմատիվները բոլոր ոլորտներին է վերաբերում, և սանիտարահիգիենիկ նորմերը պարտադիր կատարման ենթակա է: Հակառակ դեպքում, պետք է վերահսկողական մեխանիզմները աշխատեն և հսկեն, իսկ նման գործառույթի իրավունք տրված է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին: Իրենք պետք է ստուգումներ, վերահսկումներ անցկացնեն տրանսպորտում, խանութներում, օբյեկտներում և այլն: Հսկողության իրավասություն ունեցող մարմնի կողմից եթե տեսչական ստուգումներ իրականացվեն և հայտնաբերվեն խախտումներ, ապա ըստ ընդունված նորմերի, վարչական տուգանքներ են կիրառվում:

Իսկ ՏԻՄին որևէ իրավունք վերապահվա՞ծ է:

— Հակահամաճարակային բոլոր նորմերը, որոնք ընդունվել են, բոլոր ոլորտների վերաբերյալ է, իսկ վերջիններս պարտավոր են կատարել և պատասխանատու են եղած հրամանի ի կատար ածման: Հիմա, եթե տրնասպորտում չի պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները, ուրեմն ուղղակի պատասխանատվություն է կրում ղեկավարությունը, թե ում ենթակայությամբ է գործում տվյալ ոլորտը: Հասարակական տրանսպորտի համար էլ կա նորմ, որից տեղյակ է սեփականատերը, գծատերը, ապա վարորդները, իսկ վերջիններս իրավունք ունեն պահանջել ուղևորներից: Այսինքն՝ ոլորտների պատասխանատուները պարտավոր են հետևել նորմերին, իսկ վերահսկողական մարմինն էլ, իր հերթին, պարտավոր է տեսչական ստուգումներ իրականացնել, և խախտումներ արձանագրելու դեպքում՝ համապատասխան պատժամիջոց կիրառել:

273