ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ծաղրածու Թութուշը

Գյումրի քաղաքի ծանոթ ու անծանոթ հերոսներին բացահայտելու երկար ճանապարհը սկսեցի։ Շատ կարևոր էր, որ առաջին հերոսը լիներ կենսուրախ, ժպիտ պարգևող անձնավորություն, որ նրանից ստանայի միայն դրական էներգիա, որ ֆոտոնախագծի ամբողջ ընթացքը լինի դրական։ Մեր քաղաքում քիչ չեն այդպիսի հերոսները, բայց ես գտա ամենապոզիտիվ ծանոթ հերոսին` Ծաղրածու Թութուշին։

Ծաղրածու Թութուշը հայտնվեց Գյումրիում 2012 թվականին ու առաջին իսկ օրվանից գրավեց ոչ միայն գյումրեցի փոքրիկների սրտերը, այլ նաև՝ մեծահասակների։

Թութուշը ծաղրածուի գունավոր կեղծամը վերցրեց իր ձեռքը գումար աշխատելու միտումով, բայց, ինչպես նշում է՝ շատ արագ սիրեց նոր մասնագիտությունը, որովհետև անմիջական շփում ունի երախաների հետ և նրանցից ավելի շատ բան է սովորում։

Անունն էլ պատահական չընտրվեց… Թութուշը ցանկանում էր, որ անգամ իր ամենափոքր հանդիսատեսը հեշտությամբ կարողանար արտաբերել իր անունը։ Դա էլ ստացվեց. նույնիսկ երկու տարեկան երեխան է կարողանում արտաբերել երկու վանկից, բայց բազում գույներից կազմված անունը։

Ծաղրածուի մասնագիտությունը հեշտ չէ և ունի շատ բարդություններ, բայց Թութուշի կարծիքով՝ իր գործում ամենաբարդը երեխաների հետ անկեղծ լինելն է, երեխային խաբել հնարավոր չէ, ամեն բառի, ամեն տառի տակ երեխան կարող է ինչ-որ բան գտնել։

Վստահաբար կարող ենք ասել, որ ծաղրածու Թութուշը սիրված է գյումրեցի բոլոր փոքրիկների կողմից, առանց նրա ներկայության Գյումրիում հազվադեպ է անցնում մանկական որևէ միջոցառում՝ ծնունդ, կնունք կամ ատամհատիկ։

Համոզված եմ՝ բոլորին է հետաքրքիր, թե ով է կերտում ծաղրածու Թութուշի կերպարը, մինչև այս նա շատերի համար անծանոթ հերոս է, բայց իմ այս ֆոտոնախագծի շրջանակներում հուսամ ավելի շատ մարդիկ կսկսեն ճանաչել նրան։

Դավիթը` 23 տարեկան է, սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնում։ Այս տարի ավարտել է ու արդեն սկսել է մասնկացել տարբեր ֆիլմերի համար անցկացվող քաստինգների: Եթե ամեն ինչ լավ ստացվի, հնարավոր է՝ Դավիթին տեսնենք նաև հեռուստաէկրաններին։

Դերասան Դավիթի մեջ այսօր ապրում է երկու մարդ` Թութուշն ու Դավիթը։ Թութուշն ամեն հարցին նայում է թեթև, իր համար կյանքը խաղ ու պար է, իսկ Դավիթը ավելի լուրջ է, ավելի դրամատիկ կերպար է, աննշան թվացող խոսքն անգամ կարող է սրտին շատ մոտ ընդունել։ Դավիթին այսօր ապրեցնում է Թութուշը։

Սսիրում է պոեզիա ու նրա ցանկություններից մեկն է՝ ունենալ պոեզիա ներկայացնող մի նախագիծ։ Դավիթի հետ զրույցի ժամանակ փորձում էի հասկանալ՝ կինոարվե՞ստն է շատ սիրում, թե՞ թատրոնը։ Արդեն իմ մեջ կարծիք էր ձևավորվում, որ նա հավասարաչափ է սիրում թե՛ կինոն, թե՛ թատրոնը, բայց նրա այս նախադասությունը եկավ հակառակն ասելու. «Իսկական դերասանի տունը թատրոնն է»:

Դավիթի հետ իմ անցկացրած օրը թերի կլիներ, եթե նրա հետ դուրս չգայի քաղաք զբոսնելու և նրան լուսանկարելու։

Խոսում էինք տարբեր թեմաներից, ու նրա մարդ տեսակն ավելի լիարժեք էր դառնում ինձ համար։

Ունի երազանք ու այդ երազանքին հասնելու ուժ և գիտելիք։ Աստվածասեր է, ծնողասեր, մարդասեր։

Երբ հերթական լուսանկարս էի ցույց տալիս Դավիթին, հանկարծ ընդահտեց ու ասաց.

– Մի րոպե, այս պապիկը դժվարությամբ է բարձրանում աստիճանները, օգնեմ ու գամ։

Հնարավոր է՝ գա մի օր, երբ գյումրեցիներն արթնան ու հասկանան, որ Թութուշը հեռացել է Գյումրիից… Չէ, հանկարծ չմտածեք, որ գնացել է Երևան կամ Մոսկվա, նա, ուղղակի, կհայտնվի հեքիաթի մեջ, երբ հասկանա, որ աշխարհի բոլոր երեխաների դեմքին կարողացել է անջնջելի ժպիտ նկարել, այդ պահին նա կփակի ծաղրածու Թութուշի կախարդական գիրքը… և այդ ժամանակ, վստահ եմ, կբացվի մի նոր, ավելի հետաքրքիր, ավելի հասուն ու դրամատիկ կերպարներով գիրք։

ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

print
1,241