ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ծառերն «հիվանդանում» են՝ սրճարանների ու օբյեկտների «խաթեր»

Վերջերս Գյումրիում նոր թափ է առել ծառահատումները. Ռիժկովի ճեմափողոց, Տիգրան Մեծ փողոց և այլն, ինչն առաջացրել է բազմաթիվ գյումրեցիների դժգոհությունները: Շատերը սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել՝ դժգոհությամբ լի գրառումներով: Իսկ քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ պատասխանում են, թե՝ խորը էտ են անում կամ, որ իբր ծառերը հիվանդ են եղել, դրա համար են կտրել: Էտում են, թե՝ ՓԵՏՈՒՄ, թե քաղաքը կանաչապատումից ԵԹՈՒՄ են թողնում, սրա ձենն հետո կելնի: Ուղղակի, չգիտես ինչու, «հիվանդ ծառերը» թարսի պես «բուսնել» էին հենց այն վայրերում, որոնց հարևանությամբ կամ սրճարան է գտնվում, կամ որևէ այլ օբյեկտ:

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Գյումրի քաղաքի ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում էր: Բանախոսները «Գեոֆոն» ՀԿ նախագահ Լևոն Մարտիրոսյանն էր, «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը: Քննարկմանը հրավիրված էր Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

«Կանաչապատումը միշտ եղել է մեր քաղաքի ամենացավոտ հարցերից մեկը, և ես մի բանի համար եմ վատ զգում, որ այդ պրոբլեմը երբեք չի ընթանում դեպի լուծումը,- ասաց Լևոն Մարտիրոսյանը։- Վերջերս «Եվրոնյուզը» մի փոքր հաղորդում տվեց, որտեղ ասվում էր քաղաքային բնակավայրերի օդային ավազանի աղտոտումից ավելի շատ մարդ է մահանում, քան ծխելուց։ Մեր մոտ օդային ավազանի վիճակն ուղղակի սարսափելի է։ Իսկ օդային ավազանի վիճակը կարելի է լավացնել երկու ճանապարհով՝ փոշու սկզբնաղբյուր հանդիսացող տարածքների վերացում և կանաչապատ տարածքների ավելացում»:

Հարցին, թե նշված ուղղությամբ հետընթա՞ց, թե՞ առաջընթաց է արձանագրվել, Լ.Մարտիրոսյանը պատասխանեց. «Հետընթաց: Թող ներկաներից ասեն մեր քաղաքի օդային վիճակի մասին: Եթե չափումներ իրականացնենք, փոշու զանգվածը 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանայինը: Այս ամենին ավելանում է նաև տնակային տնտեսությունը, դրանցից թողնված թունավոր նյութերը՝ ազբոշիֆեր, ստեկլովատ… սրանք խիստ վտանգավոր նյութեր են: Ինձ համար անհասկանալի է կանաչ տարածքների և ծառերի հետ տեղի ունեցողը: Մի փոքր բացատրեմ. ծառն ինքը չի կարող փոշին ներծծել: Փոշին նստում է սաղարթի վրա, և անձրևը լվանում է փոշին: Ինձ համար անհասկանալի է նաև ծառերն էտելու նպատակը։ Եթե պիտի անընդհատ էտենք, այսինքն, ծառերը միշտ առողջ ենք պահում՝ ըստ արդարացումների, բայց չի կարելի խորը էտել, քանի որ այդկերպ չենք ապահովում ծառերի վեգետացիան, և չենք ապահովում այն բնապահպանական ազդեցությունը, որը ծառերն ունեն քաղաքային օդային ավազանի վրա:

Գևորգ Պետրոսյանն էլ ասաց. «Գյումրի քաղաքի երկու հիմնական ոլորտները՝ քաղաքաշինության և բնապահպանության, կարելի է ասել բացարձակ չի կառավարվում կենտրոնացված, մտածված։ Այսինքն, այդ երկու ոլորտներն էլ տարերայնորեն են կառավարվում և կետային կառուցապատումները քաղաքում շարունակվել են, շարունակվում են և իշխանությունների փոխվելուց հետո էլ նույն տրամաբանությամբ շարունակվում է։ Ցավոք, դա միշտ արվում է կանաչ տարածքների հաշվին, որովհետև մնացած տարածքներն արդեն վաճառված են, և մենք հասկանում ենք, որ հիմնական տարածքները, որտեղ կարելի է սրճարանների բացօթյա հատվածներ սարքել, նոր սրճարաններ սարքել, շենքերին կցակառույցներ սարքել, այդ ամենը կատարվում է կանաչ տարածքների հաշվին։ Ու, ցավոք, մինչև օրս կանաչ տարածքները մեր քաղաքային իշխանությունների կողմից ընկալվում են որպես քաղաքի համար ավելորդ, քաղաքի համար խանգարող գործոն, ոչ թե քաղաքի միջավայրը կարգավորող ու նպաստավոր դարձնող գործոն։ Ու այդ ձեռագիրը շարունակվում է տարիներ շարունակ, այսինքն՝ ծառերի խորը էտը դրա դրսևորումներից մեկն է միայն։ Մյուս կարևոր հատվածն այն է, որ քաղաքի կենտրոնական հատվածում արդեն չունենք այսպես ասած՝ ճեմափողոց: Ճեմափողոց հասկացությունը մեզ մոտ խիստ հարաբերական է։ Արագած ճեմափողոցն ընդամենը չկարգավորված, չհայտարարված ավտոկայանատեղի է, իսկ մյուս ճեմափողոցն արդեն դառնում է ընդամենը սրճարանների ու իրենց բացօթյա հատվածներով մի երկար ուղի։ Այսինքն` ճեմելու, նստելու, հանգստանալու տեղ չկա։ Պետք է վճարես դրա համար, այսինքն` քիչ-քիչ հանրային տարածքները սեփականացվում են, ու դա համարվում է զարգացում տուրիզմի և այլնի»:

Գ.Պետրոսյանը նաև նշեց, որ քաղաքի գլխավոր հատակագիծն այնքան է խախտվել, որ նորի անհրաժեշտություն կա, մինչդեռ միլիոնավոր դրամներ է ծախսվել, որ ստեղծվի հատակագիծը: Ի հավելումն ասաց, որ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ ստեղծվել էր քաղաքաշինական խորհուրդ, մի քանի հանդիպումներ եղել են, բայց դրանից հետո այլևս ոչ մի լուր չկա: Այսօր Գյումրի քաղաքում ոչ մի նախագիծ չի անցնում կենսամիջավայրի փոփոխություններին նվիրված հանրային իրազեկմամբ ու մասնակցությամբ:

Ինչո՞ւ չի կարելի ծառերը խորը էտել: Լևոն Մարտիրոսյանը բացատրում է. «Քաղաքի ծառերի տեսակային կազմի մեջ թեղին բավական մեծ տոկոս է զբաղեցնում, ինքը չորադիմացկուն է, կտրուկ ջերմաստիճաններին դիմանում է: Եվ, երբ թեղին կտրում են, ինքը հոլանդական հիվանդությամբ է վարակվում։ Չի կարելի անընդհատ խորը էտ կատարել, այն կարող է լինել 5 կամ 8 տարին մեկ անգամ։ Որոշակի ծառատեսակներ կան, որ էտելով չի կարգավորում, օրինակ՝ սլացիկ բարդին, կանադականը, անտառայինը»։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը քննադատությունների հետ համամիտ չէր, ասաց. «ՀԿ-ները ոչ թե պահանջողի դերում պետք է իրենց պահեն, այլ լավ կլիներ, որ համագործակցեին մեզ հետ: Քաղաքապետարանի համար առաջնակարգը կանաչ գոտիների վերականգնումն ու նորերի ստեղծումն է։ Գյումրին երկրաշարժից հետո հայտնվել է շատ բարդ իրավիճակում. բոլոր կանաչ տարածքներում տնակներ տեղադրվեցին, որոնք հետագայում դարձան քարաշեն տներ, ընդարձակվեցին։ Այլևս անհնար էր որպես կանաչ գոտիներ  վերականգնելը։ Մենք գործ կունենայինք տները քանդելու հետ, բախում կառաջանար: Բախվում են իրար հետ քաղաքաշինությունն ու սոցիալական խնդիրը, այսինքն` եթե մայթերին ժամանակին տեղադրվել են տնակներ, կրպակներ և այլն, դա սոցիալական հարց լուծելու խնդիր է եղել, որը ժամանակավոր է, ժամանակի ընթացքում պիտի հեռացվեր, եթե կարգավորվեր սոցիալական իրավիճակը քաղաքում։ Կարող եմ ասել, որ 2012 թվականից, երբ Սամվել Բալասանյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, ոչ մի տնակի, ոչ մի կրպակի թույլտվություն չի տրվել և պարբերաբար սկսվել է կանաչ գոտիներն ազատելու քաղաքականություն մշակվել։ Առաջին փորձն արվել է Բագրատունյաց օղակում, որտեղ հսկայական աշխատանք կատարվեց, ինչը հիմա Երևանի Օպերայի հետ է արվում: Մենք այն ժամանակ սկսեցինք անելը, այնտեղ կային տարօրինակ շինություններ՝ «Ռոբինզոն» կոչվող, չգիտեմ ինչ-որ բաներ կային, այդտեղից դուրս եկավ: Ու շարունակեցինք: Հիմա էլ Բարեկամության այգին է վերականգնվում, տնակներն են հանվում, կանաչ գոտին վերականգնվելու է: Վերականգնվելու է նաև «Շիրակ» հյուրանոցի հետևում գտնվող կանաչ գոտին, որը նույնպես տնակներով լցված էր»։

Ինչ վերաբերում է քաղաքի գլխավոր հատակագծին, պարոն Գասպարյանն ասաց, որ 2005թ-ին այն այլ կերպ է նախագծվել, քանի որ քաղաքի զարգացման համար ուրիշ ընթացք էին նախատեսել, սակայն այդպես չեղավ: Եվ գլխավոր հատակագծի մեջ պարբերաբար փոփոխություններ են լինում:

Ներկաները ևս իրենց բողոքն արտահայտեցին, ինչից պաշտոնյան նեղսրտեց, ասելով, թե արված լավ գործերն էլ պետք է նշել: Սակայն «կանաչ տարածքների վերականգնում» ասվածը, մեղմ ասած, հանրության համար «անտեսանելի» է:

«Շրջապատի» դիտարկմանը, թե ծառերը հիվանդանում և հատվում են հատկապես այն հատվածներում, որտեղ օբյեկտներ կամ սրճարաններ են, պաշտոնյան չհամաձայնեց՝ պնդելով, որ դա այդպես չէ, այլ բնակչությունից դիմում-բողոքների հիման վրա է արվում:

Նաև արձանագրենք մեկ փաստ: Երբ Հենրիկ Գասպարյանն ասում էր, որ Ռիժկովի ճեմափողոցի հսկա բարդին կտրվել է, որովհետև արմատները քանդում էին գետինը՝ ձգվելով դեպի բնակելի շենք, իսկ ագռավներն էլ իրենց հերթին «կեղտոտություններ» էին անում, պետք է խոստովանենք, որ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ, իրոք, դա այդպես է:
print
840