ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ծննդօգնությունը պետք է պետության գերխնդիրը լինի

Աղետալի երկրաշարժից հետո Լեհաստանի կառավարության կողմից Գյումրու Կոշտոյան փողոցում կառուցվեց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի շենքը, որը երկար տարիներ է ծառայել թե քաղաքին, թե մարզին: Բացի այն, որ շենքը կառուցված է 12 բալայնությամբ, ունի նաև նկուղ, որը կարող է ծառայել որպես ապաստարան: Բավական երկար ժամանակ ծննդատունը ֆինանսական լճացման մեջ էր, և նույնիսկ խնդրի լուծումը նախկին իշխանությունները տեսնում էին հաստատության լուծարմամբ: Բայց…

Հարցազրույց «Գյումրու ծննդատան» տնօրեն ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

Պարոն Սուքիասյան, օրերս Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել՝ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸն միավորել Գյումրու բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի հետ: Այն  շարունակելու է գործել նույն վայրում: Ուրախ ենք, որ վերջապես որոշակիություն ունեցաք. չեք փակվում, ինչպես նաև, տեսանք՝ ծննդատանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

– Այո, վերջին 7 տարիներին, կարելի է ասել, «Գյումրու ծննդատան» ճակատագիրը չուներ պարզորոշություն, էլ չենք ասում, որ որոշակի շրջանակներում անընդհատ շրջանառվում էին լուրեր, թե ծննդատունը փակվում է: Ի նպաստ մեր մարզի, մեր ծննդկանների, մեր բուժաշխատողների, որոշում կայացվեց, որ «Գյումրու ծննդատուն»-ը միանում է Գյումրի ԲԿ-ին: Տեղի է ունենում կազմաիրավական ձևի փոփոխություն, իսկ շենքը մնում է որպես Գյումրու ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք՝ առանձնացված մասնաշենքում: Այսպիսով, եթե խոսվում էր լուծարումից, ապա աշխատակազմի՝ լավագույն դեպքում 50 տոկոսը, աշխատանքը չէր կորցնի, իսկ հիմա մարդիկ վերջապես թեթևացած շունչ քաշեցին, այլևս ամենօրյա կասկածանքով չեն գալիս աշխատանքի, թե կարող է այդ օրը նրանց վերջին աշխատանքային օրն է: Բացի այս, մարզը չի կորցնում իր մահճակալային ֆոնդը՝ 30 մահճակալով մնում է ծննդօգնության բազայում: Շենքն այնքանով է կարևոր նաև, որ նկուղային հարկը նախատեսված է որպես ապաստարան, օրինակ, պատերազմական օրերին, ինչպես մյուս բուժհաստատությունները, մենք ևս կազմ-պատրաստ էինք որպես հոսպիտալ:

Հետահայաց գցելով, ծննդատան խնդիրներն ինչի՞ց սկսվեցին:

– 2012-13թթ. օպտիմիզիացիայի սխալ քաղաքականության վարման արդյունք էր: Շիրակի մարզը միակն է, որ ծնունդների թվով ու մահճակալների քանակով անհամեմատելի է: Գործող ծննդատնից 500 մետրի վրա Ավստրիական կառավարության աջակցությամբ ծննդօգնության նոր բաժանմունք բացվեց՝ բազմապրոֆիլ հիվանդանոցում: Գյումրիին մոտ Ախուրյանի տարածաշրջանում ևս գործում է Մոր և մանկան կենտրոն՝ ամերիկյան ՀՕՖ-ի աջակցությամբ: Այսպիսով, ծնունդների թիվը տրոհվեց հաստատությունների միջև: Այստեղից էլ սկսվեցին խնդիրները, որը ձնագնդի նման աճեց, ինչը ազդեց «Գյումրու ծննդատան» բյուջեի վրա: Եթե ծնունդների թիվը կիսվել էր, բյուջեները կիսվել էին, բայց մեր կադրային բազան մնացել էր նույնը, ծախսերը մնացել էին նույնը, մենք ունեցանք աշխատավարձի պարտքեր, պահպանման դժվարություններ, նոր սարքավորումներով վերազինման հնարավորությունները ի չիք դարձան և այլն: Դրան էլ ավելացրած այդ ժամանակահատվածի իշխանությունների բացարձակ անտարբերությունը: Հիմա ինչպե՞ս շնորհակալություն չհայտնես ներկայիս ղեկավարությանը, նախարար Թորոսյանին, որ գտան օպտիմալ լուծման տարբերակ:

Կարծում եմ, ծննդօգնությունը երկրի համար գերխնդիր պետք է լինի, քանի որ այն դեմոգրաֆիական հարց է լուծում:

– Այո, որքան գրավիչ պայմաններ ստեղծես, պետական մակարդակով ճիշտ ռազմավարություն մշակվի, այնքան կնպաստես ծնունդների թվի աճին, սա այն հարցն է, որն առավելագույն ուշադրության կենտրոնում պետք է գտնվի: Սա նաև իր հետ զուգակցված հոգեբանական հարցի կողմն ունի: Տեսեք, երբ երկրաշարժի աղետին մարդիկ կորցրեցին զավակներ, ունեցանք մեծ թվով հաշմանդամություն ունեցողներ, չնայած այդ ժամանակ մենք պատրաստ չէինք հոգեբանական լուրջ, ճիշտ ծառայություններ մատուցելուն, սակայն շատերը կամքի ուժ ունեցան և նորից զավակներ ունեցան: Նույնը հիմա, երբ մի քանի հազար երիտասարդի կյանքի թել կտրվեց, ովքեր 2-3-4 անգամ պիտի ավելացնեին մեր ապագա սերնդի թիվը՝ դա կորցրեցինք… Պետք է այնպիսի ռազմավարություն տարվի, այնպիսի բարձր մակարդակի հոգեբանական աշխատանք տարվի, որպեսզի 18-20 տարեկան զավակ կորցրած, տակավին դեռ երիտասարդ մայրը նորից մայրանա՝ հանուն իր կորցրած զավակի, հանուն ապագայի, հանուն կյանքի, հաշմանդամություն ունեցողները երբևէ և ոչ մի պահի չպիտի իրենց մեկուսացված զգան, հակառակը, նրանք երիտասարդ են ու իրավունք ունեն, պարտավոր են սերունդներ տալու: Ծննդօգնությունը պետք է պետության գերխնդիրը լինի:

Գյումրու ԲԿին միավորվելով, ծննդատան հարցերը որքանո՞վ կարելի է լուծված համարել:

– Այնպես չէ, որ միավորումով մեր բոլոր հարցերը լուծված կլինեն: Բայց, եթե ֆինանսական և տեխնիկական մեծ հնարավորություններով հիմնարկի մաս ես կազմում, որը կարող է ինչ-որ չափով գործիքային վերազինում ապահովել, ապա… Տեսեք, մենք չունենք լապարասկոպիկ սարք, որի արժեքը մեր բյուջեից ավելին է կազմում, եթե նման վիրահատության անհրաժեշտություն լինի, ապա մեր հիվանդը չի գնա հասնի մայրաքաղաք, այլ կհասնի ԲԿ, մատուցվող ծառայությունների հնարավորություններն են ավելանում, հետազոտական ծառայությունների սպասարկումն է բարելավվում, թղթատարության ու ավելորդ քաշքշուկներ չեն առաջանա: Ծննդկանի մոտ հայտնաբերված օժանդակ հիվանդության դեպքում ևս բազմապրոֆիլ հիվանդանոցի ունեցած հնարավորություններն են ծառայելու:

Այսինքն, նաև փակ ցիկլով լիաբավ մանկաբարձագինեկոլոգիական հաստատության վերածվելու հնարավորությո՞ւն է ստեղծվում:

– 100 տոկոսով մայրերի օգնության՝ սկսած հղիության պլանավորումից, առաջին օրից հղիության հսկողություն, մայրության դպրոց, ծննդաբերություն, մանկաբարձություն և այլնի գոնե 80-90% հնարավորություն  կունենանք: Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիր չի լինի: Ցավոք, նեոնատար ծառայություն չենք կարող մատուցել (ծննդյան վաղ շրջանում խնդիրներ ունեցող երեխաներին բուժօգնություն), մարզում չունենք նման ծառայություն, և ստիպված ենք Երևան տեղափոխել: Խնդիրը նաև նեոնատոլոգների հետ է կապված: Ափսոս, մարզում չունենք նաև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիական հնարավորություն, բայց այն հնարավոր է ստեղծել: Բացի ամենից, պարբերաբար «Բաց դռների օրեր» կլինեն, կլինեն այցեր մարզի հեռավոր համայնքներ, բացատրական, խորհրդատվական զրույցներ կտարվեն, տեղեկատվական մեծ աշխատանքներ կտարվեն… Եվ ի հավելումն, ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել. Գյումրու ծննդատունը չի փակվում, հակառակը, զարգացման մեծ հնարավորություններով, նորովի իր ծառայությունները կմատուցի ծննդկաններին:

print
1,006