ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Կարանտինը եւ արվեստը

Հարցազրույց Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Տիկին Մարգարյան, կարանտինը մարդկանց մեծամասնությանը նստեցրեց տանը: Դուք՝ որպես դասախոս, որպես արվեստաբան, որպես ակտիվ գործունեություն ծավալող անհատ, Ձեր խառնվածքին բնորոշ, հանգիստ չնստեցիք տանը, այլ հեռավար՝ տարբեր ուղղությունենով գործունեություն ծավալեցիք

– Իհարկե, բազմոցին նստել ու ինչ-որ բանի սպասելը՝ դա մեզ համար չէ: Առաջին հերթին կազմակերպեցինք հեռավար դասապրոցես՝ ակադեմիայի արվեստաբանության և հումանիտար առարկաների բաժնի ուսանողների հետ: Ընդ որում, դա տեղի է ունեցել բաց հարթակում և, ի ուրախություն, պետք է փաստեմ, որ այդ բաց դասերին մասնակցում էին ոչ միայն մեր ուսանողները, նաև համացանցից կային մեզ միացողներ: Արվեստաբանությունն ինքնին շատ գրավիչ է, մեծ հետաքրքրություն ու մասնակցելու ցանկություն էր առաջացրել այլոց մոտ: Մենք նախապես անոնս էինք տեղադրում՝ հերթական թեմայի մասին և, եթե 25 ուսանող պիտի միանար, մասնակցում էին 35-40 հոգի: Մի քիչ անսովոր էր, ուսանողներն էլ մի փոքր դժվարություններ էին ունենում, սակայն հընթացս ադապտացվեցին, ինչում իրենց մեծ դերակատարությունն ունեին նաև մեր ամբիոնի դասախոսները: Սակայն ուզում եմ նշել, որ կենդանի շփումն ուսանողի հետ, դա մի այլ վիճակ է. դու տալիս ես էներգիա և ստանում, իսկ օնլայն դասապրոցեսին միայն դու ես մի 2 ժամ էներգիա տալիս, լինում է պահ՝ սպառվում ես, իսկ տեխնիկական միջոցները դեռ անկարող են հոգեբանական էներգիան փոխակերպելը: Այնուամենայնիվ, մեծ աշխատանք կատարվեց:

Ասել է թե՝ միջոցներն (այս դեպքում՝ հեռավար) արդարացրեցին իրենց:

– Հարյուր տոկոսի մասին չեմ կարող խոսել, բայց գոնե նախատեսված մինիմումը կարողացանք ապահովել:

Դուք համադրությամբ նաև «Ռեալ Արտ» նախագծի հեղինակն եք, որը հիմնվել է 2012թ.: Եվ Դուք համախմբել եք ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներին, որոնց համար իրենց արվեստը ցուցադրելու, տեսանելիություն ապահովելու համար հարթակ էր անհրաժեշտ:

– Համախմբել եմ լավագույն երիտասարդ արվեստագետներին, որոնք անցել են փայլուն դպրոց և ունեն փայլուն տեխնիկա, սակայն ինքնադրսևորվելու, իրենց ստեղծագործությունը ցուցադրելու և նույնիսկ դիսկուրս ծավալելու համար հարթակի անհրաժեշտություն կար: Որքան էլ փաստում ենք, թե Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է, սակայն իրականում նման հարթակ չկա, և շատերը արվեստի ակադեմիան ավարտելուց հետո խոր հիասթափության մեջ էին հայտնվում և դադարում էին ստեղծագործելը: Դե, դա հասկանալի է՝ նկարչին պետք է մոտիվացիա, ստիմուլ, և համավարակի շրջափուլը ես ի նպաստ օգտագործեցի, որպեսզի հարթակ ստեղծեմ և ոչ թե տարին մեկ անգամ ցուցահանդես ունենալու, այլև մշտական ցուցադրության տարածք: Հենց կարանտինի օրերին ես առաջարկություն ստացա Գյումրու «Արաքս» հյուրանոցային համալիրից, որն ամբողջությամբ վերափոխվել, վերազինվել է և ցանկություն ուներ, այսպես ասած, որպես արվեստի հարթակ ներկայանալ: Շուտով բացումը կլինի և քաղաքը, նաև երկիրն ու սահմաններից դուրս կիրազեկվի, որ Գյումրիում կա ևս մեկ մշակութային տարածք, որն ունի «Արտ-հոլլ», որտեղ այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու երիտասարդ ու տաղանդավոր նկարիչների աշխատանքներին, և «մյուզիք-հոլլ», որը ճաշակով երաժշտություն կապահովի: Փորձելու ենք համադրել օգտակարը գեղեցիկի հետ… բացի նրանից, որ հնարավորություն է ստեղծվել ցուցադրելու գործերը, դրանք հնարավոր կլինի նաև գնել՝ հատուկ գնացանկ կտրամադրվի հյուրերին:

Թող վիրավորական չհնչի, բայց այս մտքի հեղինակը ես չեմ, այլ ժողովրդական խոսքով է փոխանցվել. «սոված արվեստագետը» դեռ ակտուա՞լ է:

– Ես մի երևույթի հետ եմ հաճախ առնչվել, երբ նկարիչը չի ուզում հրաժարվել իր ստեղծածից, այնքան հոգի են ներդրել, որ նախընտրում են սոված մնալ, բայց չվաճառել: Սա հետաքրքիր ֆենոմեն է: Այո, Ձեր ասածի պես, գտնում են, որ ավելի լավ է վատ պայմաններում գոյատևեն, քան բաժանվեն այն գործից, որի մեջ մեծ ջանք, եռանդ, էներգիա, վերաջապես՝ հոգի են դրել:

Մեկ այլ ժողովրդական խոսք էլ կա. ասում է՝ «արհեստավորը մինչև օրվա կեսն է սոված», իսկ արվեստի մարդը՞

– Արվեստագետները երջանիկ մարդիկ են… Ինչո՞ւ: Նախ որ իրենք հաճույք են ստանում իրենց ստեղծագործությունից, իսկ ստեղծագործման պրոցեսը ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել. նա ստանում է թևեր՝ ճախրում է, վերերկրային էմոցիաներ են իրեն պատում, կտրվում է իրականությունից: Ինչ խոսք, նրանք կարող են վաճառել իրենց գործերը, բայց նրանք առևտրականներ չեն: Իսկական արվեստագետը մամոնայի հետևից չի ընկնում, նա մուսայինն է: Դրա համար ճիշտը արտբիզնեսն է, որտեղ մենեջերը կկարողանա առևտուրը կազմակերպել, դրանով արվեստագետը զերծ կմնա մանր տվայտանքներից: Բացի այս, եթե խոսենք մեր հասարակության մասին, ապա եկեք խոստովանենք, որ նա պատրաստ չէ հոգևորին մեծ գումար վճարելու: Նա կարող է տան պատից կախել չինական, տիրաժավորված թեկուզ արվեստի գործ,  կամ թեկուզ բնապատկեր, գույնզգույն նկար, բայց իրական արվեստի վրա գումար չծախսել: Ճիշտ չեմ գտնում ժամանակակից դիզայներական ոճերով տարվելը, վերատպություններով ու կրկնօրինակներով, «մեռած» գործերով հետաքրքրվելը, այլ մարդն իրեն պիտի շրջապատի այնպիսի ստեղծագործություններով, որոնք իրեն իմպուլս են փոխանցում, քանի որ դրանք կենդանի մարդու հոգու ճիչով են արարված:

Արվեստագետի համար որևէ իրավիճակ, ճգնաժամ, ցնցում կարո՞ղ է մուսա ծառայել. պանդեմիան, այս շրջափուլը վրձնահարվե՞ց կտավներին:

– Արվեստագետն ի վերուստ հոգևոր իմպուլսներ է ստանում, ավելի շուտ է զգում ապագայի փոփոխությունները, կյանքի փոխակերպումները: Իհարկե, ցանկացած ճգնաժամ հետագայում ծնում է արվեստի բում: Դա եղել է բոլոր ժամանակներում, և արվեստագետները կարողանում են ժողովրդի, ազգի պաշտպանական, դիմադրողական ուժերը հավաքել և լավատեսությամբ, խորը փիլիսոփայական մտքերով կարողանում են ծածկել այդ ճգնաժամի առաջացրած բացը, և մարդկային հոռետեսությունը: Անշուշտ, ստեղծվեցին և դեռ կստեղծվեն ժամանակն արտահայտող գործեր, և մեր այս ցուցասրահում արդեն իսկ կան նկարներ, որոնք արտահայտում են կարանտինային հոգեվիճակը:

Այս ցուցասրահում բացառապես «Ռեալ Արտի» անդամների՞ ստեղծագործություններն են:

– Ոչ, մենք նկարներն ընտրում ենք որոշակի օրինաչափությամբ ու սկզբունքով: Օրինակ, այստեղ ներկայացված է գյումրեցի անվանի նկարիչ Սամվել Պողոսյանը, կլինեն նրանք, ովքեր կուզենան մեզ հետ համագործակցել: Ուղղակի տարածքը սահմանափակ է, և տեխնիկական պահանջներ են ներկայացված: Սկսնակ նկարիչները, եթե կհամապատասխանեն մեր նշաձողին, կարող են ներկայացված լինել:

Է՞լ ինչ միտք են արտահայտում մեր երիտասարդ ստեղծագործողները:

– Ես գերագույն հաճույքով պիտի նշեմ, որ շատերի գործերում շարք կա նվիրված Գյումրուն: Դիպլոմային պաշտպանության ժամանակ էլ տեսա, որ Գյումրին էր ներկայացված: Սա կարծես կարոտ է այն սովոր շփումների, մարդկային հարաբերությունների՝ արտահայտված նկարներում, որ կարծես ուզեցել են լրացնել իրենց ստեղծագործություններում: Այդպիսի գործեր են Արթուր Մուրադյանի «Կարանտին» կոչվող ջրաներկ ստեղծագործությունները, Ժակլին Սարգսյանի «Գյումրին» (պաստել, խառը տեխնիկա), որ ներկայացրել է քաղաքի տարբեր դիտարժան վայրերը, որը նույնպես կարոտի ու սիրո յուրօրինակ դրսևորում է:

Մի այսպիսի հարց. եթե անվանի օտար նկարիչների գործերը մեզ համար ընդունելի են, ապա մենք ունե՞նք նմանապես ներկայանալի գործեր:

– Աշխարհում շատ հետաքրքիր պրոցեսներ են. ավելի շատ պահանջարկ է վայելում այն, ինչը ժամանակակից արվեստի տակ է գնում՝ կոնցեպտուալ արվեստը, ինստալյացիաներ, պերֆորմանսներ, վիդեոարտ… Այսօր փողն ու ճանաչումը դրա մեջ է: Բայց ես գտնում եմ, որ պետք է ունենալ հակակշիռ: Քանի որ մեր քաղաքը ունի հրաշալի ավանդույթներ, այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Հակոբ Անանիկյան, Ռաֆայել Աթոյան, Շանթ Սարգսյան, նրանց շարունակությունը՝ Գարիկ Մանուկյան, Գագիկ Մանուկյան, Համբարձում Ղուկասյան, Գևորգ Սարգսյան, Ալբերտ Վարդանյան… բոլորը հետաքրքիր, վառ նկարիչներ են, սերնդափոխություն ունենք, որոնք պահպանում են այդ դպրոցի ավանդույթները, և չպիտի թույլ տանք, որ ինչքան էլ ժամանակակից արվեստը պահանջված լինի, վաղը, համոզված եմ, պահանջված կլինի ավանդականը, ազգայինը, պետք է պահպանենք: Լավ կլիներ, որ նման արվեստագետներին պետությունն իր հոգածության ներքո պահեր, ֆինանսապես շահագրգռեր, որ իրենք ուրիշ դաշտ չհեռանան:

Անկախ պահանջարկից՝ առաջարկ իջեցնեն

– Այո, կա ժամանակավոր, մոդայիկ, անցնող արժեքներ, և կա մնայուն, վերժամանակյա արվեստ, որը, եթե այսօր պահանջված չէ, բայց ժամանակային, պատմական, գլոբալ առումով, վաղը ներկայացնելու է մեզ:

print
559