ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարանտինի հոգեբանական ազդեցությունը

Հարցազրույց հոգեբան ԱՐՄԻՆԵ ԳՄՅՈՒՐԻ հետ:

Տիկին Գմյուր, գյումրեցիներս աղետ տեսած ժողովուրդ ենք, սակայն մի բան է, երբ մի քանի ակնթարթում աչքիդ առաջ է տեղի ունենում այն, ինչ եղավ երկրաշարժի ժամանակ, այլ է, երբ չգիտես ինչ է, չգիտես որտեղից, ումից է քեզ կպնելու, չգիտես՝ կա՞, թե՞ չկաՀոգեբանության տեսանկյունից՝ կարանտինն ինչպիսի՞ ազդեցություն գործեց մարդկանց վրա: Ունե՞ք ուսումնասիրություն:

– Այո, սա անսպասելի և անծանոթ երևույթ էր: Ճիշտ է, լայնամասշտաբ ուսումնասիրություն չունեմ, բայց ինձ դիմող մարդկանց շրջանակում, և իմ մասնագիտական զրույցների շրջանակում պարզ է, որ այն մարդիկ, ովքեր վախեր ունեին, այդ վախերը սաստկացել են, ովքեր տագնապներ ունեին, այդ տագնապները սաստկացել են: Կոնկրետ պանդեմիայի պարագայում, արտակարգ դրության պայմաններում, ընդհանրապես, բոլոր մարդկանց մոտ բարձրացել է և՛ վախի շեմը, և՛ տագնապի շեմը:

Ասել է թե՝ նաև սթրես, ընկճախտ:

– Ես կոնկրետ ասում եմ՝ վախ, տագնապ: Վախի ու տագնապի երկարատև ապրումների արդյունքում լինում է նաև ընկճախտ, դեպրեսիվ վիճակներ: Այո, չեմ բացառում, որովհետև այդպիսի ախտանշաններ ևս հայտնվել են մարդկանց մոտ, մանավանդ, երբ երկրորդ արտակարգ դրությունը շարունակելու և հատկապես, իրականության մեջ մտնելուց հետո: Որովհետև սկզբնական շրջանում մերժումը շատ մեծ էր: «Մեզ հեչ բան էլ չի լինի»՝ սա պաշտպանական մեխանիզմ էր, և իրականության մեջ մտնելով՝ տեսան, որ այն կա, ամբողջ աշխարհն է դրա հետ կռվում, այն վտանգ է ներկայացնում՝ և՛ վախերը, և՛ տագնապները սրվեցին, արդեն դեպրեսիվ վիճակներ առաջացան: Հոգեբանության լեզվով ասած, դու ռեալության մեջ անընդհատ չես կարող «շիզոիկ» ֆազայում գտնվել, այսինքն՝ անընդհատ հրճվանքի պահանջմունքները բավարարելու վիճակում: Շատերն են դիմել հոգեբանների, կոլեգաներս էլ են այս մասին փաստում, բազմաթիվ զանգեր եմ ստանում, նաև հակահամաճարակային կանոնները պահպանած՝ հանդիպումներ են լինում: Կրկնեմ, որ սա անսպասելի ու անծանոթ իրավիճակ էր, որը պաշտպանական բնազդով՝ փորձվեց մերժել, ժխտել, բայց իրականություն վերադառնալով, մարդկանց վրա շատ ծանր նստեց:

Հատկապես երեխաների, պատանիների, ասել է, թե՝ ջահել ավյունով, կենսախինդ մարդկանց վրա ի՞նչ հետևանքներ կթողնի:

– Այ, հենց Ձեր ասած՝ ընկճախտը, այսինքն՝ դեպրեսիվ վիճակներն հենց նկատելի էին երիտասարդների մոտ, որովհետև սոցիալական շփումները նվազեցին, իրենց պլանները փոխվեցին, վերանայելու անհրաժեշտություն առաջացավ: Եթե տարիքավորներն արդեն աղետներ տեսած էին, բազմաթիվ փոփոխությունների ենթարկված էին, համեմամատաբար ավելի հանգիստ վերաբերվեցին: Իսկ դեռահասների մոտ դեպրեսիվ վիճակներն ավելի շատ էր:

– Ֆիզիկական դեակտիվությնն ուղղակի կապ ունի՞ անձի հոգեբանական նկարագրի հետ:

– Միանշանակ: Չի կարող չունենալ, որովհետև միտքը, հոգին, մարմինը՝ որպես մեկ ամբողջություն, մարդը, որպես ամբողջական համակարգ է՝ մտավոր և հոգեկան գործունեության մեխանիզմ և, եթե որևէ մեկը տուժում է, ապա մնացածը չի կարող նորմալ աշխատել: Այսինքն՝ ֆիզիկական ակտիվության նվազումն ազդեցություն ունեցավ և՛ հոգեկանի, և՛ մտավորի վրա: Քարոզն աշխարհով մեկ շատ մեծ է եղել՝ և՛ քայլելու, և՛ ֆիզիկական վարժություններ անելու, և՛ պարելու, կամ յոգայով զբաղվելու… Ամբողջ համացանցը լցված է թվարկածների տեսահոլովակներով, առաջարկներով, որը պատահական չէ: Մարդը ֆիզիկական ակտիվության խնդիր ունեցավ, ինչին հակառակ՝ ուտելու ցանկությունն էր բարձր, և լսած կլինեք, որ շատերը բողոքեցին ախորժակի «կատաղությունից», քաշի ավելացումից:

Իսկ ի՞նչ կարծիքի եք, ստիպված մշտական գործունեություն չծավալել մարդկանց մոտ ալարկոտության աստիճանը բարձրացրե՞ց:

– Ալարկոտությունն ունի թակարդներ, և մարդն այդ թակարդի մեջ մեկ-մեկ ընկնում է. հաճույքի սկզբունքը սկսեց լավ աշխատել, իսկ մեր հոգեկանում, անգիտակցականի մակարդակում կա հաճույքի սկզբունք՝ լավ զգալ, հանգիստ զգալ, ջանք չթափել: Եվ այդ ընթացքում, որ մենք առանձնապես ջանք չպիտի թափեինք. առավոտյան չպիտի շուտ արթնանայինք, որ դասի, աշխատանքի շտապեինք, մեր առօրյա պարտավորությունները չկային: Դրա համար, երբ ես հանդիպումներ էի ունենում իմ պացիենտների հետ, հորդորներիցս է եղել. «Ծնողներ, Ձեր երեխաների համար օրվա ռեժիմ սահմանեք, հսկեք, որ երեխաները դրան հետևեն, հակառակ դեպքում ոչինչ չանելը նրանց մոտ սովորություն կդառնա, իսկ այն վակուում կստեղծի, ինչը կտանի ալարկոտության, ծուլության, շատակերության: Եթե երեխան գիտի, որ պիտի արթնանա, հետո սա անի, հետո նա, հետո հանգստանա, հետո նորից սա անի, նա, կամ ուղղակի ծնող-երեխա զրույց, զբաղմունք պետք է լինի, ապա այն երեխային ակտիվ կպահի, ինչպես նաև այն ծնողին նույնպես կօգնի՝ անտրամադիր, տխուր կամ ալարկոտ ու դեպրեսիվ վիճակի մեջ չընկնելու:

Ի՞նչ խորհուրդ կտաք:

– Խորհուրդ կտամ, ինչպես վերևում նշեցի, ծնողները լցնեն երեխայի օրը, արանքում թողնեն այն լուսանցքները, որոնք երեխան ըստ իր նախասիրության կլցնի: Ֆիզիկականը՝ բոլոր տարիքների համար, պարտադիր է: Մանավանդ ծերերը պետք է քայլեն, կարող են իրենց բնակավայրի տարածքում առանձին հատված գտնել ու մաքուր օդ դուրս գալ՝ մեկուսացման հիմունքները պահպանելով, քայլել, եթե հնարավոր է՝ վազել, շարժում ապահովել, յոգայով զբաղվել: Գիտնականները խոսում են, որ մեր այս վիճակը դեռ մեկ տարի ու ավել կտևի: Ու դեռ անհասկանալի է, թե ինչն ինչպես է լինելու: Ու լավ կլինի, որ մենք գտնենք հնարքներ՝ ինքնազբաղվելու, ֆիզիկական ակտիվությունը պահպանելու, ինքնազարգանալու: Փառք Աստծո, հիմա արդեն «լոքդաունի»՝ տանը մնալու պարտադրանքը չկա:

Ոմանց հետ կարանտինի մասին զրուցելիս, պարզվում է, որ այն ունի նաև դրական կողմեր

– Այո, կարանտինի մեջ լինելով, մարդը ստիպված իր համար զբաղմունք հորիներց… Ես գիտեմ մարդկանց, որոնք օտար լեզու սովորեցին, ընթերցանությունը նախընտրեցին՝ պարապ ժամանակ մեռցնելու փոխարեն:

Եվ վերջին հարցս. մի անգամ նախարար Արսեն Թորոսյանը փիլիսոփայական հարց էր գրառել «Ֆեյսբուքում». «…ի՞նչ կլինի մեզ հետ, եթե…»: Եվ ես մեկնաբանություն թողեցի, որ մենք կդառնանք կասկածամիտ, զգուշավոր, չշփվողԲայց իմը զգայական հենքի վրա էր, իսկ մասնագիտական տեսանկյունի՞ց:

– Սոցիալական շփման պակասն, ինչ խոսք, մարդու բնավորության ու վարքի մեջ փոփոխություններ կմտցնի, բայց չափազանցված այն չի լինի, մանավանդ, մեր ազգային հատկանիշների դեպքում: Թե յուրաքանչյուր մարդ՝ իր դաստիարակությամբ, կրթությամբ, արտաքին ազդեցությամբ, ինչպիսի բնավորության փոփոխություններ կկրի, դա արդեն անձի անհատականությունից է կախված, կլինի որոշակի զգուշավորություն, ինքնապաշպանական բնազդի սրացում:

print
691