ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը կալանավորվեց

aravot.am Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից․ «Քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործի քննության ընթացքում Շիրակի մարզի դատախազության ակտիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում պարզվել է Կարինե Ավդալյանի կողմից բազմաթիվ անձանցից խաբեությամբ գումարներ հափշտակելու նոր և քննությանն անհայտ դրվագներ, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Սա էլ առիթ է հանդիսացել 20․09․2019 թվականին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու որոշման կայացմանը, այն է՝ նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար։ Նույն օրը նաև որոշում է կայացվել նրա նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին վերացնել։

Այնուհետև Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ վարույթն իրականացնող քննիչի և տվյալ քրեական գործի նկատմամբ հսկող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Կարինե Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչն էլ դատարանի՝ 27․09․2019 թվականի որոշմամբ բավարարվել է»։

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներին կապվել իրենց հետ․ կան մոտ 100-ից ավելի տուժածներ, որոնք դեռևս հաղորդում չեն ներկայացրել։ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն էլ, Կարինե Ավդալյանը մեղադրվում է Գյումրու քաղաքապետարանի ու ՀՀ մշակույթի նախարարության կողմից նվիրաբերված գումարներից խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումարը հափշտակելու, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ։

Հիշեցնենք, որ «Վերածնունդ» փառատոնի համանախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն էր՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://www.aravot.am/2019/09/27/1068695/?fbclid=IwAR0bLkhs5X8aXZPpPfIZ62N70T_XrDYRLE3o8z7Bn7yv9GfXPoU9QWs0mv0

print
454