ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ապագան մշուշոտ է

«Հայկական ֆուտբոլը քաղաքականությունից դուրս» թեմայով քննարկում էր կազմակերպվել «Երկխոսությունների մեդիա կենտրոնում»:  Ընդհանրապես, ֆուտբոլային թեմայի, մանավանդ ազգային հավաքականի մասին խոսելը մշտապես արդիական է: Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներն, մեղմ ասած, անփառունակ ելույթներ են ցուցադրում, ինչը փաստում է, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորը ճգնաժամի մեջ:

Արդյո՞ք ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարումն ու դեկտեմբերի 23-ին՝ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություննները, հավաքականի նոր մարզիչը կարող են խնդիրներին լուծումներ տալ:

Ինչպիսի՞ն է իրավաիճակը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ունե՞նք մանկապատանեկան ֆուտբոլ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, և արդյո՞ք մեզ մոտ մասսայական է «միլիոնների խաղը»: Այս և այլ հարցերի շուրջ իրենց կարծիքներն ու մտահոգություններն արտահայտեցին Սուքիաս Ավետիսյանը (ՀՖՖ գործկոմի նախկին անդամ), Աշոտ Գոմցյանը («Արամազդ» ինտելեկտուալ ակումբի նախագահ, ֆուտբոլի պատմության մասին պատմող գրքի հեղինակ, լրագրող-վերլուծաբան), վերլուծաբան Արմեն Ներսիսյանը,ՀՖՖ նախկին աշխատակից, ֆուտբոլի սկաուտինգի մասնագետ Արսեն Մարգարյանը, «Ռեդ Իգլզ» ֆան-ակումբի հիմնադիր Դենիս Սարգսյանը:

Իտալիայի հավաքականի հետ խաղում մեր ազգային հավաքականի՝ 9:1 խայտառակ պարտությունն առաջացրել է ֆուտբոլասերների վրդովմունքը: Արդյո՞ք բանաձևվել է պարտության պատճառները և ինչ ակնկալիքներ ունենալ ապագայից:

«Ճիշտն ասած, շատ բարդ խնդրի առաջ ենք կանգնած,- ասաց Սուքիաս Ավետիսյանը,- սակայն ի տարբերություն շատերի, ես տարբեր տարիների խաղերի հետ համեմատելով, տղաների այդ օրվա խաղից գոհ եմ. նվիրվածություն կար: Բայց պետք է փաստենք, որ հայկական ֆուտբոլը դեռևս չունի այն որակական հատկանիշները, որ մենք Իտալիայի հետ խաղում չկրեինք նման հաշվով պարտություն: Չնայած, մենք Իտալիայի հավաքականի հետ անցյալում խաղ ունեցել ենք, նման մեծ հաշիվ չի գրանցվել: Պիտի փաստեմ, որ այն ժամանակ մենք մեկ ընդհանուր ընտանիքի նման էինք: Սակայն նույնը ներկայի մասի չեմ կարող ասել, որովհետև, երբ Աբրահամ Խաշմանյանին նշանակեցին գլխավոր մարզիչ, գործկոմի անդամները և այլք, մեկը մյուսից անտեղյակ հայտարարություններով հանդես եկան: Մի կողմից ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է անում, մյուս կողմից՝ գործոկմի անդամները հայտարարում են, թե կանոնադրության խախտմամբ է և այլն: Արդեն իսկ պարզ է, որ ինչ-որ բան այն չէ»:

Աշոտ Գոմցյանը թեմային մոտեցավ ռազմավարական տեսանկյունից, և ոչ թե մեկ խաղի արդյունքով, այլ հայկական ֆուտբոլի պատմությունը վերլուծելով, եզրակացրել է, որ 70 տարվա ընթացքում, Հայաստանում ծնված ոչ մի մարզիչ լավ արդյունք չի գրանցել: «Նախ պետք է սկսել մարզչի գործոնից, զուտ ֆուտբոլային առումով, թե ինչ է կատարվում գործկոմում, թողնենք մի կողմ: Մենք չգիտենք, թե ինչ չափանիշներով է մարզիչ նշանակվել: Առաջնայինը մարզչի հարցն է, երկրորդը՝ ֆուտբոլի կառուցվածքային խնդիրն է՝ մանկապատանեկան, պատանեկան, երիտասարդական էստաֆետը ես չեմ տեսնում: Տպավորություն է, որ գլխավոր թիմը չի սնուցվում երիտասարդականից: Ինչ հաշվով էլ խաղն ավարտվեր, պարտությունը մնում է պարտություն: Մենք պետք է ունենանք կորով ու ներուժ, բռունցք ունեցող մարզիչ: Խաղից հետո մարզչի արտահայտած մտքերը, նրա կերպարն այդ և այլ դրվագներով երևակվում է: Իսկ ամենակարևորը, ինձ համար հասկանալի չէ, թե երկու խաղի համար ինչո՞ւ է Խաշմանյանը համաձայնել»: Նա կարծիք հայտնեց, որ եթե բարձրակարգ մարզիչ ունենալու համար մեծ գումար է անհրաժեշտ, որը բացակայում է, կարելի է հեռուստամարաթոն կազմակերպել, գումար հավաքել:

Արսեն Մարգարյանն էլ ասաց, որ այնքանով քաղաքականությունը չէ մեղավոր ֆուտբոլում, որքանով գործկոմում ֆուտբոլի թեմային ոչ կոմպետենտ անդամներ ունենալը: Եվ այո, ներկա պահին գործկոմի հրաժարականը փաստում է, որ իրենք դա հասկացել են: «Ես ոչ մի իշխանության կողմը չեմ, այլ ասում եմ այն, ինչ կա. մարդիկ աթոռներից չկառչեցին, հրաժարական տվեցին: Պետք է խոստովանենք, որ 9:1 պարտությունը այսօրվա պարտությունը չէ, այլ սա տարիներով եկած, տարիների ընթացքում կուտակվածն էր. մեկը մեկին ժպտալով, ռևերանս անելով, ասելով, թե մեր ֆուտբոլը լավն է, փայլուն ապագա ունի, և այլն, դրա համար էլ եկել, հասել է այս վիճակին: Մեր ֆուտբոլը հիվանդ է, ունի միայն սիրտ, այն է՝ երկրպագուն: Դեղատոմս եթե անգամ գտնվի, սակայն մեկ ընդունումով հիվանդը չի բուժվի: Տարիներ են պետք, հիմքից լուծում է պետք: Իսկ մարզչկան խնդրին անդրադառնալով էլ, պետք է ասենք, որ մեծ սխալ էր պատասխանատու խաղից առաջ մարզիչ փոխելը»:

Ամենահետաքրքիրը «Ռեդ Իգլզ» ֆանակումբի հիմնադիր Դենիս Սարգսյանի բացահայտումներն էին, որոնք էլ ասես լույս սփռեցին ֆուտբոլի ֆեդերացիայում կատարվող խմորումների վրա: Բանն այն է, որ գործկոմի կազմը քաղաքականացված է, մարդիկ են զբաղվում, ովքեր ֆուտբոլից հեռու են. «Մենք մինչ գործկոմ ընտրելը, ֆեդերացիայի ձևավորման, հիմքային փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Տարիներ շարունակ ֆեդերացիայի կազմում եղել են «ֆեյք» կազմակերպություններ, որոնք ձայն ապահովելով, ապականել են ֆուտբոլը: Ֆեդերացիայի 34 անդամները, «Հանրապետական» մարզադաշտը, «ֆեյք» կազմակերպությունները մարդիկ են ներկայացնում, որոնք ֆուտբոլից գաղափար չունեն ու ոչնչով չեն զբաղվում: Եվ դեկտեմբերի 23-ին նույն այս կազմով ընտրության գնալով՝ նույն արդյունքը կունենանք, և ոչ մի փոփոխություն չենք ունենա, լեգիտիմ չի լինի: Իմ կարծիքով, նախ պետք է մաքրվել ֆեյքերից, նոր կազմ ընտրել, ապա նոր միայն ընտրություններ կազմակերպել»:

Բանախոսները համաձայնեցին այն մտքի հետ, որ նախ պետք է ֆեդերացիան մաքրել նման ֆեյք կազմակերպություններից, ժողովին պետք է մասնակցի մանդատի իրավունք ունեցող ֆուտբոլային կազմակերպությունները, հետո՝ մեկ ամսից, ընտրել գործկոմի կազմ: Բոլորս պետք է հասկանանք, որ ֆուտբոլը քաղաքականությունից դուրս պիտի լինի:

Խոսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնություններից, ակադեմիաներից, մանկապատանեկան ֆուտբոլի լուրջ բացերից, խորքային թերություններից, կառուցվածքից, լեգեոներներից, հավաքականին տեղական ակումբներից կադրերով ապահովելուց, բուրգը ներքևից սկսելուց:

«Շրջապատը» ի հավելումն ամենի, բարձրաձայնեց, որ քանի տարի է, «Շիրակ» ակումբից ազգային հավաքական խաղացող չի ընդգրկվում, մինչդեռ տարիներ շարունակ միայն «Փյունիկ» ակումբից են հավաքական խաղացողներ ներգրավել: Սա արդյո՞ք ֆուտբոլով մարզվողների մոտ հիասթափություն չի առաջացնի, մեր ակադեմիայում մարզվող հարյուրավոր երեխաների համար ի՞նչը պետք է խթան հանդիսանա, չէ՞ որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի սահմանային երազանքը՝ ազգային հավաքական հասնելն է: «Ստացվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ապագան մշուշոտ է»:

print
357