ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Հայաստան համահայկական հիմնադրամը» Գյումրիում շուրջ 100 բնակարան կկառուցի

Հարցազրույց Գյումրու գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Անցած տարի, այս ժամանակահատվածում, Գյումրու քաղաքապետարանի և շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին պատկանող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ Գյումրու Գործարանային փ., 2/4 հասցեում (Բուլվարային թաղամաս) գտնվող շինությունը՝ նախկին Ռադիոգործարանի հանրակացարանի զույգ շենքերից մեկը՝ տրամադրվելու է գործարարին, որպեսզի վերջինս այնտեղ արհեստագործական կենտրոն հիմնի: Մեկ տարի անց Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր գումարել և օրակարգ բերել այդ հասցեում գտնվող տարածքի վերաբերյալ իր կայացրած նախկին որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Գործարանային փ., 2/4 հասցեում գտնվող շինությունը՝ նախկին Ռադիոգործարանի հանրակացարանի զույգ շենքերից մեկը

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ մեկ տարի անց դեռ ոչ մի քայլ չէր արվել և, որ շենքը վերցվեց Սրմաքեշից:

– Երբ «Հայաստան համահայկական հիմնադրամը» հանդես եկավ բնակարանաշինական նախաձեռնությամբ, այդ երկու հանրակացարաններից մեկը, որը պետական սեփականություն էր, հանձնվել էր իրենց: Նախագահի այցի ժամանակ հարց բարձրացվեց, որ ավելի նպատակահարմար է զույգ հանրակացարանները տրամադրել Հիմնադրամին՝ ընդհանուր բնակելի համալիր կառուցելու համար, որի ներքևում սպասարկման օբյեկտներ կլինեն, ինչը նաև աշխատատեղ կհանդիսանա շենքի բնակիչների համար: Քաղաքապետը կապվեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հետ, համաձայնություն ձեռք բերվեց, որ ընկերությանը քաղաքում մեկ այլ տեղ կհատկացվի՝ իրենց ներդրումային ծրագրի համար: Վերջիններս ըմբռնումով մոտեցան, համաձայնեցին, իրենց տրամադրված շենքից հրաժարվեցին և խոստացան, որ այլ տարածքում իրենց ծրագիրը կիրագործեն:

Ըստ հաշվարկի, այդ զույգ հանրակացարանների տարածքում քանի՞ բնակարան կկառուցվի:

– Մոտավոր 80-100 սոցիալական բնակարան կկառուցվի, և կտրամադրվի անօթևան ընտանիքներին:

Իսկ շենքում ներկայում բնակվող բնակիչների հարցն ի՞նչ է լինելու. եթե չեմ սխալվում, շվեյցարահայ գործարարը նրանց համար բնակարանային հարց պետք է լուծեր, նոր սկսեր արհեստագործական կենտրոնի կառուցումը:

– Հանրակացարաններից մեկում 11 բնակիչ է, մյուսում՝ 2: Կարծում եմ, օրենքի սահմաններում նրանց հարցը կկարգավորվի. եթե փաստաթղթերով անօթևանի կարգավիճակում են՝ սոցիալական բնակարան կհատկացվի, եթե ոչ, ապա ես չեմ կարող ասել, թե ինչպես կլուծվի, դա հետագա քննարկման հարց է, քանզի հանրակացարանի մեկ շենքն, ինչպես ասացի, պետական սեփականություն էր, և հիմա արդեն, երբ երկուսն էլ տրամադրվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին», խոստացվել է, որ բնակիչներին կապահովեն բնակելի հատվածով: Կարծում եմ, Հիմնադրամը բարեգութ է, և ոչ մեկը չի պատրաստվում բնակչին հանել տեղից ու դուրսը թողնել: Իսկ թե ովքեր կհանդիսանան կառուցվելիք սոցիալական բնակարանների շահառուներ, նույնպես հետագայում կճշտվի, չնայած, ենթադրում եմ, որ այդուամենայնիվ, տնակներում բնակվող անօթևաններին կտրվի նախընտրությունը:

Ե՞րբ է մեկնարկը տրվելու:

– Մեկնարկն արդեն տրված է, դրա համար էլ մենք ավագանու արտահերթ նիստ գումարեցինք, որպեսզի նրանք կարողանան շարունակել աշխատանքները:

Արտաքին ճարտարապետական տեսքը պահպանվելո՞ւ է, քանի որ այդ շենքերն հետաքրքիր լուծումներով էին կառուցած:

– Կարծում եմ, այո:

Շենքը 3-րդ աստիճանի վթարայնություն ուներ, չէ՞:

– Այո, այդպես է: Բավական ամրացման աշխատանքներ կան կատարելու, բացի այս, կոմունիկացիա չկար, քանզի սրանք սովետական շրջանի հանրակացարանի մոդելով էր կառուցված եղել, կոմունալ պայմաններն համարյա բացակայում էին, ջեռուցում, ջրագծեր, մի խոսքով, բավական աշխատանք կա անելու: Իսկ նկուղային և առաջին հարկերը, ինչպես արդեն նշեցի, ծառայելու են որպես սպասարկման օբյեկտներ:

Պարոն Գասպարյան, երբ բնակչին հատկացվում է սոցիալական բնակարան, այն տրվում է մինչև կյանքի վե՞րջ, թե՞ կա ինչինչ նախապայմաններ:

– Նախապայման կամ կոնկրետ պայման դրված կլինի, եթե բնակիչն այլ բնակարան ձեռք բերի, ապա պետք է հրաժարվի սոցիալական բնակարանից: Կամ, մեկը Ռուսաստանից գա, տուն ստանա, վաճառի՝ գնա… Չի լինի նման բան, որովհետև մենք աշխատում ենք սոցիալապես անապահով պայմաններում գտնվող բնակիչներին բնակարանով ապահովել:

Քաղաքում կիսակառույց շատ շենքեր կան, դրանց հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Իհարկե, քաղաքում մեկ տասնյակից ավել կիսակառույցներ կան, ավաղ, որոշ մասը ժամանակի ընթացքում շարքից դուրս եկավ, սակայն մնացած մասն էլ, եթե որևէ բարեգործական ծրագիր լինի կամ ներդրումով հանդես եկող լինի, կառուցապատման նպատակով կտրվեն նրանց:

Պարոն Գասպարան, ՍայաթՆովա փ., 5-րդ շենքի 5-րդ հարկի ճակատային հատվածի բնակարանը կիսափլված է, և այն վտանգ է ներկայացնում ոչ միայն անցորդների, այլև ամբողջ շենքի համար: Ի վերջո, այս շենքի հարցը ե՞րբ է լուծվելու:

Սայաթ-Նովա փ., 5-րդ շենքի 5-րդ հարկի ճակատային հատվածի բնակարանը

– Այս հարցը շատ բարդ հարցերից է, որը համայնքի ուժերից վեր է: Պետք է պետական մոտեցում: Մենք ամեն տարի այդ հարցը բարձրացնում ենք և մարզպետարանում, և քաղաքաշինության կոմիտեում: Վերջերս էլ Քաղշին կոմիտեի նախագահ Վերմիշյանի մոտ այդ հարցը բարձրացրեցինք, առաջարկություն եղավ, որ այդ շենքերի հետ կապված մեր ձեռքի տակ ունեցած փաթեթները ներկայացնենք, որպեսզի ֆինանսական աղբյուրներ գտնվեն՝ շենքերի հարցերը կարգավորելու նպատակով: Առայժմ այսքանը կա:

Քաղաքապետարանը մեկ այլ նախաձեռնությամբ էր հանդես եկել, որ քաղաքի այն տարածքները, որոնք սեփականության իրավունքով տրվել էին սեփականատերերի և, եթե վերջիններս նշված ժամկետներում խախտել էին կառուցապատման աշխատանքների պայմանավորվածությունները, ապա պետք է նրանցից վերցվեր, և մեկ ուրիշի տրվեր: Որևէ առաջընթաց կա՞ այս հարցում:

– Հաշվարկը դեռ ընթացքի մեջ է, առայժմ թվեր չեմ կարող հրապարակել: Խոսքը ոչ միայն շենք-շինություններին է վերաբերում, այլ նաև հողամասերին: Ուղղակի օրենսդրական դաշտն այնքան ճկուն չէ, որպեսզի մենք այդ հարցը կարողնանք հեշտությամբ լուծել, պետք է յուրաքանչյուրին անհատական մոտեցում: Երբ օրենսդրական դաշտը պարզեցվի, մեզ լծակներ տրվի, կհստակեցվի, թե ինչպիսի լուծումներ կտրվեն:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
962