ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական եկեղեցիների գծաշխարհը

«Ճարտարապետությունը երկար ու ձիգ դարեր եղել է հայ մշակույթի կարևորագույն բնագավառը: Սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից, երբ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ ընդգրկվեց մշակութային մեկ ընդհանրության մեջ, աստիճանաբար սկսեցին կազմավորվել կառուցողական զորեղ ավանդույթներ: Հայկական ճարտարապետության ազգային կերպարը, սակայն, ձևավորվեց վաղ միջնադարում, երբ 301թ. Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ըստ հայ հնագույն պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը, ավերելով հեթանոսական տաճարները, նրանց մեծ մասի տեղում կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցիները՝ դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ: Արդեն 4-5-րդ դդ. Հայաստանում ձևավորվեցին և 7-րդ դարում լայն տարածում ստացան կենտրոնագմբեթ եկեղեցիների բազմաթիվ տիպեր: Այդ դարն, իրավամբ, համարվում է հայ ճարտարապետության Ոսկե դարը, երբ ստեղծվեցին Մաստարայի, Պտղնիի, Արուճի, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիները, Բագավանի ու Թալինի տաճարները, Հառիճավանքը և, իհարկե, հայկական ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց տաճարը…»,- այս ծանոթագրությունը մեջբերված է Լևոն Լաճիկյանի հերթական՝ գծանկարային բացիկաշարքում ներկայացված Հայաստանի և երկրի սահմաններից դուրս գտնվող 24 եկեղեցիները ներկայացնող նկարագրականում:

Հարցազրույց արվեստաբան, նկարիչ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ հետ

–  Պարոն Լաճիկյան, հերթական հաճելի նորությունն ենք տեսնում, որն, ինչպես Դուք ներկայացրեցիք, տաքտաք, տպագրատնից եք բերել մեր խմբագրությանը նվեր. շնորհակալություն: Նման մեկ գծանկարային բացիկաշարք ունեիք նվիրված Գյումրուն: Այս մեկը ևս շարք է՝ իր մեջ զետեղելով հայկական թվով 24 եկեղեցիները

– Այո, ներկայացված է և՛ Հայաստանի, և՛ պատմական Հայաստանի, Սփյուռքի, և՛ Ֆրանսիայի, և՛ Լիբանանաի, և՛ Իրանի հայկական եկեղեցիները:

Հովհաննավանք

Նախքան հարցազրույցը մի զարմանալի թիվ ասացիք, ինչը մեր երկրի իրական մշակութային գանձարանն է ներկայացնում

– Այո, վերահաստատում եմ, դա օդից իջեցված թիվ չէ, այլ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և այլ մասնագետների հաշվառած թիվն է՝ սկսած այն փոքրիկ խաչքարից, մատուռից և վերջացրած հայտնի համալիրները՝ Հայաստանում հաշվառվում է շուրջ 25 հազար պատմական հուշարձան: Եվ այսքանից մի քանիսը կարելի է նշել, որոնք ընդգրկված են որպես զբոսաշրջային երթուղի՝ Գառնի-Գեղարդ, Հաղպատ-Սանահին, Գոշավանք-Հառիճ, Սևան, Կեչառիս… Փաստորեն, մնացածի համար իրազեկված չենք:

Ասել է, թե մենք մեր երկրի հարստությանն անծանոթ ենք, մեզանից բացառիկները գիտեն այդ ամենի մասին, մինչդեռ ինչպիսի՜ զբոսավայրդրախտավայրի կարելի էր մեր երկիրը վերածել:

– Դա դեռ մեր հանրապետությունում, իսկ եթե ամբողջ պատմական Հայաստանը վերցնենք, ապա տասնապատիկ անգամ ավել է:

Եվ ցավով պիտի նկատենք, թե որքանն է ավիրված:

– Անշուշտ, բայց դա միայն պատմական Հայաստանին չի վերաբերում, այլ նաև մեր երկրում բազմաթիվ պատմական հատվածներ ավիրակ կամ կիսավիրակ վիճակում են գտնվում: Թե ինչու ես այս գործը ձեռնարկեցի. այն գծանկարները, որոնք ներկայացրել եմ, անձամբ եմ տեսել, սկզբում ես սովորական էի ընդունում՝ որպես հայկական ճարտարապետության շինություններ: Բայց երբ մի քիչ խորանում ես, պատմությանն ես ծանոթանում, կամ ես, որպես արվեստաբան, մտածեցի, որ Հայ ժողովրդի պատմությունը կարելի է գրել ոչ միայն ճակատամարտերի և քաղաքական վերադասավորումների մասով, կամ չորուցամաք տարեթվերով, այլ մշակույթի միջոցով տալ Հայ ժողովրդի պատմությունը, որովհետև դա կլինի մեր հոգու պատմությունը: Ընդհանրապես, արվեստի պատմությունը ես չեմ դիտարկում լոկ որպես հուշարձանի ստեղծման պատմություն, այլ որպես հոգևոր մշակույթ: Որովհետև մենք՝ մեր ստեղծարար (կրեատիվ) միտքն արտահայտել, արտացոլել ենք մեր ստեղծագործություններում:

Հառիճավանք

Դուք մի լուծում եք առաջարկել բացիկների այս շարքում. բացիկի դարձերեսում զետեղված է երկլեզու հակիրճ նկարագրություն, թե որ եկեղեցին է, և ինչ ճանաչողական նշանակություն ունի:

– Եթե փորձենք առանձնացնել, թե որն է այս շարքի հայտանիշները, առաջինն այն է, որ սրանք լուսանկարներ չեն, այլ գծանկար է: Իսկ երբ գծանկարում ես, սկսում ես մի քիչ այլ կերպ հասկանալ գծերը, որը մի ուրիշ աշխարհ է, որն ես ընդհանրացրած ասում եմ գծաշխարհ: Սրանք ունեն գեղարվեստական, գեղագիտական արժեք, հենված մեր պատմական հուշարձանների վրա, որովհետև ես տեղանքներ կա, որ գծանկարում միջավայրը փոխել եմ: Երկրորդ քայլն այն է, որն, ի դեպ, «Էդիտ-պրինտ» տպագրատան հրատարակիչն առաջարկեց, որ եթե այս բացիկաշարքը շուկա է մտնում, ապա թող ասելիքով նոր լինի, այսինքն գեղարվեստականից զատ, նաև իմացական, ճանաչողական նշանակության լինի: Սկզբում մտածեցինք, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր առաջարկ կլինի, հետո, երբ ինքս հակիրճ համառոտագրեցի եկեղեցու նշանակության պատմությունը, որն, ի դեպ, շատ բարդ է, ափսոսում ես սեղմել, խտացնել, ապա այն ճանաչողական նշանակություն ունի լայն դիտահորիզոնով. ցանկացած հայի համար է, սփյուռքահայի համար է, օտարերկրացու համար է…

Դուք նաև նշեցիք, որ փորձել եք ոչ թե ուղղակի թարգմանություն ներկայացնել, այլ՝ հաշվի առնելով այլազգիի ազգային նրբերանգները, այլ մոտեցմամբ եք ներկայացրել:

– Այո, ասենք ֆրանսիացու, անգլիացու համար Սբ. Գայանե եկեղեցին հետաքրքիր է որպես ճարտարապետական առումով, որպես բազիլիկ կառույց, բայց իրենց չի հետաքրքրում, որ եկեղեցուն կից՝ գերեզմանոցում թաղված են Դանիել Բեկ-Փիրումովը, Լուսինե Զաքարյանը, Րաֆֆու՝ «Խենթ»-ի գլխավոր հերոսը: Դա մեզ համար է հետաքրքիր: Հաշվի եմ առել, թե հասցեատերերն ովքեր են:

Նորավանք

Պարոն Լաճիկյան, նկատեցի՝ եկեղեցիների շարքի մեջ կա մզկիթանմանը՝ խաչով: Սա արդյո՞ք նշանակում է, որ տարածաշրջանն ուղղակի ազդեցություն է թողել ճարտարապետության վրա, նկատի ունեմ՝ եկեղեցաշինությունը, մանավանդ, Դուք բազմաթիվ եկեղեցիներ եք տեսել և ուսումնասիրել:

– Ցանկացած արվեստ, հայկականը դրանից դուրս չէ, կրում է ազդեցություններ: Դուք բացիկաշարքի տուփում տեսաք 25-րդ բացիկը՝ տիտղոսաթերթը՝ Հայկական ճարտարապետության զարգացման վերաբերյալ: Եվ եկեղեցիներիս շարքը զուտ որևէ դարաշրջանի վերաբերյալ չէ, այլ տարբեր, մինչև մերօրյա: Ինձ համար շատ դժվար էր որևէ մեկի գծանկարն առանձնացնելը: Ներկայում հատուկ զբաղվում եմ նաև Թուրքիայի հայկական եկեղեցիներով, ոչ միայն Պոլիսինը, այլ նաև Դիարբեքիրինը, Կեսարիայինը… Այնքան հետաքրքիր է, նաև ուսումնասիրել եմ Սինգապուրի հայկական եկեղեցին: Ես գտնում եմ, որ սա լոկ ճարտարապետություն չէ, դա հայ ժողովրդի հոգու պատմությունն է, տվյալ տարածաշրջանում հայկականի հավաքական կերպարն է, ազգային թանձրացումը կա: Եվ որտեղ կա հայկական եկեղեցի, ապա շուրջը կա հայկական դպրոց, մշակութային տուն: Ինձ համար եկեղեցին ոգու տաճարն է, որտեղ պատարագվում է մեր երեկը, այսօրն ու ապագան:

Իսկ Ձեր հարցին… Ինչպես մեր ճարտարապետությունն է ազդեցություն թողել եվրոպական ճարտարապետության վրա՝ Թորոմանյանի ուսումնասիրմամբ, ավստրիացի գիտնական Յոզեվ Ստրիժիկովսկու գրքում էլ կա,  թե ինչպես է հայկական եկեղեցիների խաչվող կամարներն ազդել գոթական տաճարների վրա, և սա ապացուցված է: Եվ մյուս կողմից չենք կարող ասել, թե չենք կրել ազդեցություն այլոցից:

Ի՞նչ շարք է սպասվում ապագայում:

– Գյումրին՝ իր եկեղեցիներով, իր համայնապատկերով՝ լրիվ առանձնահատուկ է: Այս գծանկարային ձևաչափն օգտագործելով, ուզում եմ շարունակել Գյումրու ճարտարապետական գծանկարումը՝ հայտնի շենքերը, կառույցները, պատմությունները: Մենք չգիտակցված սիրով ենք սիրում մեր քաղաքը: Բայց լավ կլինի, որ բնազդայինից զուտ, իմանալով՝ խորը սիրենք: Եվ հերթում է Պոլիսի հայկական ճարտարապետության ներկայությունը:

print
657