ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Հինգ սուբվենցիոն ծրագրերից այս տարի կիրականացվի չորսը

Այս տավա փետրվարին Գյումրու քաղաքապետարանը կառավարությանն էր ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագիր, որոնք զգալի փոփոխություններ կմտցնեին քաղաքում: Ծրագրերի նախնական ընդհանուր արժեքը կազմում էր 1մլրդ 423 մլն դրամ: Այս գումարն արտահայտում էր պետության, համայնքի և մասնավորի կողմից նախանշված 5 սուբվենցիոն ծրագրերում ներդրումային չափը, որից միայն 753 մլն դրամը 17 փողոցի վերականգնմանն էր ուղղվելու՝ 50/50 տոկոս համահարթեցմամբ:

Գյումրու համայնքապետի գլխավոր խորհրդական ԿԱՐԱՊԵՏ ՄԽՉՅԱՆԻՑ դեռ մեկ ամիս առաջ էինք հետաքրքրվել, թե արդյո՞ք պանդեմիայի պատճառով այդ ծրագրերը դեռ կյանքի կկոչվեն: Նա խնդրել էր մի քիչ էլ սպասել, մինչև կառավարությունից պատասխան կստանան: «Իհարկե, կազմակերպությունները պանդեմիայի պատճառով ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքները: Վերսկսվելուց անմիջապես հետո շարունակվեցին նախագծա-նախահաշվային աշխատանքները: Կար, որ մրցույթներ հայտարարված էին, կար՝ դեռ ոչ: Սակայն այսօր արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը հաստատել է 3 ծրագրերը: Ասեմ, որ փողոցաշինական ծրագիրն ամբողջությամբ հաստատվել է՝ որոշ գնային փոփոխությամբ»:

Կառավարությունը հաստատել է «Նստարանների, մետաղական կոնտեյներների, խաղահրապարակների գույքի ու աղբամանների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագիրը, ըստ որի ձեռք է բերվելու.

– 100 մետաղական կոնտեյներ՝ նախատեսված կենցաղային աղբի համար:

– 200 փայտից ու թուջե ձուլվածքով պատրաստված նստարան:

– 200 փայտից ու մետաղից պատրաստված նստարան

– 100 փայտից ու մետաղից պատրաստված նստարան (լուսավորությամբ ու անձրևանոցի տեսք ունեցող մետաղական ծածկով):

– 400 փոքր մետաղական աղբաման:

– 22 խաղահրապարակի գույք:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 71.520.000 ՀՀ դրամ, որից Գյումրու համայնքապետարանի մասնաբաժինը՝ 35.760.000 ՀՀ դրամ (50%):

Ծրագրի հայտը լրամշակվել է, որտեղ խոսք էր գնում հասարակական զուգարանների, Վարդանանց հրապարակի ձայնա-լուսային շատրվանների արդիականացման մասին, քանի որ երկու անգամ մրցույթ հայտարարվել էր, 1-ի ժամանակ մասնակից չէր եղել, իսկ 2-րդ անգամ շատ բարձր գին էր առաջարկվել և պայմանագրեր չեն կնքվել: Ըստ Կ.Մխչյանի, հնարավոր է, այն տեղափոխվի հաջորդ տարի:

Հաջորդը՝ «Սանմաքրման տեխնիկասարքավորումների ու ավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագիրն է, ըստ որի ձեռք է բերվելու.

– 3 փոքր ուղևորատարության ավտոբուս:

– 2 փայտկտրիչ:

– 3 ձողով թուփ կտրող սարք:

– 7 փոշեկուլ/օդամղիչ:

– 2 բարձր ճնշման մաքրման սարքավորում:

– 7 ավլող մեքենա:

– 2 թուփ կտրող սարք:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 62.059.944 ՀՀ դրամ, որից Գյումրու համայնքապետարանի մասնաբաժինը՝ 31.029.972 ՀՀ դրամ (50%):

Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում ծրագիրը (նախնական բյուջեն 240 մլն 670 հազար դրամ), ըստ Կ.Մխչյանի, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ նույնպես կհաստատվի՝ որոշակի լրամշակումից հետո:

Ծրագրերից մեկով նախատեսվում էր Գյումրու Տնտեսագիտական համալսարանի հարակից տարածքում հիմնել նախադեպը չունեցող «Սմարթ» («խելացի») հանրային երիտասարդական զբոսայգի (նախնական բյուջեն 100 մլն դրամ), սակայն փաստաթղթային ծավալուն աշխատանքի, տարածքի սեփականության իրավունքի հետ կապված այն կհետաձգվի հաջորդ տարի։

Ծրագրից դուրս. Եսայան փողոցում Գյումրու կոմունալ ծառայության կողմից կառուցվում է մինի ֆուտբոլի դաշտ: Մինչ այդ հարևանությամբ տնկվել են 53 մրգատու ծառ, որոնք ամենօրյա խնամքի տակ են:

print
1,682