ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«ՀՀ օրենքի ողջ ուժով՝ այդ տարածքի սեփականության իրավունքն իմն է»

«Շրջապատի»` «Անավարտ շինություններ, կիսակառույցներ կամ՝ կառուցապատող կա, տարածք չկա՞» վերտառությամբ հարցազրույցի մեջ խոսք էր գնացել Տիգրան Մեծ պողոտայի մայթի վրա գտնվող երկաթյա տաղավարի մասին. հարցադրում էր եղել քաղաքապետարանի պատասխանատու աշխատակից Հենրիկ Գասպարյանին, վերջինս ասել էր. «Մեկ տարի է՝ մենք դատական քաշքշուկների մեջ ենք: Մայթը հանրային է, իսկ վրայինը՝ սեփական: Այստեղ տեսեք ինչ բացթողում կա: Հիմա ի՞նչ անի ՏԻՄ-ը… Ասում ենք՝ սեփականաշնորհե՞լ ես, այ մարդ, վերցրա երկաթյա տաղավարը, տար ձեր տուն, քանի որ սեփական է, կամ, վերջիվերջո, վաճառի, միայն թե հողն ազատի: Իսկ սեփականատերը ոչինչ չի ուզում անել ու վերջ: Մինչդեռ այդ մետաղակույտը թե՛ քաղաքաշինական նորմերի խախտում է, թե՛ պատմամշակութային արձանի դիմացն է դրված, թե՛ այլոց իրավունքներն է խախտում՝ բնակիչների պատուհանների դիմաց է… Դատարանն էլ, զարմանալիորեն, մեկ անգամ ի օգուտ իրեն է որոշում կայացրել: Մեզ մնում է ըստ օրենքի ու կարգի, հերթով դատական ատյաններով գնալ: Որքանո՞վ արդարացի է մյուսների հանդեպ. բոլորին բացատրեցինք, հանեցին իրենց կրպակները, անգամ թույլտվություն ունեցողները, իսկ այս մեկը չի ուզում ու չի նահանջում»:

Խմբագրություն էր այցելել այդ մետաղյա տաղավարի սեփականատեր Արամ Մանուկյանը, և մանրամասն ներկայացրեց իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև պատմեց եղելությունը.

— Ես այդ սեփականությունը գնել եմ 1995 թվականի հոկտեմբերին. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմակերպել էր անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Այդ տաղավարը կառուցված է եղել Սովետական Հայաստանի ժամանակ՝ որպես մթերային խանութ: Հետո ՀՀ կառավարությունն այն ընդունել է որպես իրավահաջորդ: Սովետական Հայաստանի ժամանակ անօրինական շենքեր չեն կառուցվել, եթե անգամ կառուցվել է, ու քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում, ապա իրավահաջորդը, եթե գտներ, որ ինչ-ինչ նորմերի խախտմամբ է կառուցված, ապա կքանդեր: Բայց ոչ միայն չի քանդել, այլ հանել է  աճուրդ-վաճառքի: Իսկ դա նշանակում է, որ այդ շենքը, իր զբաղեցրած հողակտորը ոչ մի այլ պարտականությունով ծանրաբեռնված չէ:

ՀՀ «Հողային օրենսգրքի» 87-րդ հոդվածով, եթե սեփականատերն օտարում է իրեն պատկանող շենքը կամ շինությունը, ուրեմն դրա հետ օտարվում է նաև տակի հողը, ինչպես նաև կից տարածք, որպեսզի նոր սեփականատերը կարողանա սպասարկել, մոտենալ և այլն: Շենքը վաճառվել է Լենինի պողոտա 24 «ա» հասցեով: Առքուվաճառքի վկայական ունեմ, որը փաստում է իմ օրինական գնորդ հանդիսանալս: Ես հասցեով, կոնկրետ տեղով ամրացված տարածք եմ գնել, 87-րդ հոդվածն էլ ասում է, որ շենքը վաճառքի ենթակա չէ, եթե տակի հողակտորն էլ չի օտարվում նոր գնորդին: Այսինքն՝ շենքն իմն է, տակի հողն էլ է իմը: Ավելին, երբ փողոցների անունները փոխվեցին, Լենինի պողոտան վերանվանվեց Տիգրան Մեծ փողոց, դրա համար փողոցի վրա գտնվող բոլոր շենք-շինությունները պիտի նորից համարակալվեին: 2018թ. փետրվարին Գյումրու քաղաքապետը վերահաստատել է իմ տարածքը Տիգրան Մեծ փողոց 24/1: Եթե իմ շենքը Գասպարյան Հենդոյի ասածով՝ սխալ է, անօրինական է, հողը հանրային է և այլն, նման վերահասցեավորում կլինե՞ր, իսկ ավելի վաղ, ՀՀ կառավարությունը նման առք ու վաճառք կանցկացնե՞ր: Չէր անի:

Հայաստանի Հանրապետության սեփականության օրենքի ողջ ուժով այդ շենքը, տարածքի հանդեպ սեփականությունը պատկանում է ինձ: Եվ ինչո՞ւ է Գասպարյանը զարմանում, որ դատարանը բավարարել է իմ հայցը: Իսկ նույն Հենրիկ Գասպարյանը Ձեզ որևէ փաստաթուղթ ցույց տվե՞լ է, որը իմ խոսքերի հակառակը կպնդեր:  Ոչ, որովհետև նա պարզապես չունի նման փաստաթուղթ:

Ինչո՞ւ ես մինչև հիմա կառուցապատում չեմ արել: Դրա մեղավորը Գյումրու քաղաքապետարանն է: Երբ նոր սեփականության իրավունքի փաստաթղթերի ձևերը փոխվում էին, ես նույնպես դիմեցի: Ինձանից ուզեցին հողի կարգավիճակի մասին տեղեկանք: Հողի կարգավիճակի մասին տեղեկանքը պետք է քաղաքապետարանը տար, իսկ վերջինս էլ չի տվել, պատճառաբանելով «Հողային օրենսգրքի» 60 հոդվածը, իբր ընդհանուր օգտագործման հատուկ նշանակության հող է և այն չի կարող սեփական հող հանդիսանալ: Ցանկացած հող էլ ունի նպատակային և գործառնական նշանակություն: Եթե իրենք ուզենային խաղահրապարակ կառուցել, ապա հետնամասում մեծ տարածք կա՝ կանեին: Բայց այստեղ իրենք թաքցնում են իրենց իրական նպատակները, և խիղճ են շարժում, օգտագործելով երեխաների անունը: Ես ոչ թաղի բնակիչների հետ խնդիր ունեմ, ոչ էլ որևէ մեկի հետ: Իրենք են թաղի բնակիչներին ոտքի հանել, որովհետև դատարանում իրենք «մերկ» են, փաստաթուղթ չունեն, ու ինձ հակընդդեմ բան չունեն ներկայացնելու: Բայց արի ու տես, որ իրենք 2000թ-ից ինձ նոր ձևի սեփականության վկայականը չեն տալիս, որ ես կարողանամ որպես սեփականատեր՝ կառուցապատում իրականացնեմ: Արդեն շուրջ 20 տարի է այս կառույցն իմ՝ սեփականատերիս հանդեպ նման վերաբերմունք է դրսևորել: Իսկ պատճառն այն է, որ այդ տարածքը «քաղցր ու թանկ պատառ է»: Այսինքն, Գյումրու Ավտոկայանը պիտի տեղափոխվի Երկաթգծի կայարանի տարածք, ու այս փողոցը դառնում է տնտեսապես շահութաբեր փողոց:

Իմ խոսքերի ապացույցն էլ այն է, որ իմ կառույցին հարակից, կիպ կպած 60քմ տարածքը, հողակտորով հանդերձ, 2012թ-ին սեփականացվել է քաղաքապետարանի անունով: Հարց. եթե այս տարածքը իրենց մեջբերած 60-րդ հոդվածով էր, ընդհանուր օգտագործման հատուկ նշանակության հող էր, ապա ինչպե՞ս են իրենք սեփականաշնորհել: Ես քանի որ դատական պրոցես եմ անցել, իմ իրավաբանն այդ փաստաթղթերին տիրապետել է: Իրավաբանական հարցում է արվել կադաստրից, և պատճեն մեզ տրվել է: Եթե խոսք է գնում սեփականաշնորհման մասին, ապա և իրավաբանական անձը, և ֆիզիակական անձը սեփականաշնորհման գործընթացում հավասար իրավունքներ ունենք:

 

print
336