ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հրաչ Քեշիշյան. «Շատ եմ տպավորված Գյումրու թատրոնի անձնակազմից»

Գյումրու դրամատիկական թատրոնում շարունակվում է «Ոչինչ չի մնա» հոգեբանական դրամայի փորձերը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյանի): Այն հանդիսատեսի դատին կհանձնվի նոյեմբերի 24 և 25-ին: Նշենք, որ «Ոչինչ չի մնա» բեմադրությունը ստեղծված է Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա: Ավելին, դեռևս 2007 թվին՝ Հրաչ Քեշիշյանի կողմից նկարահանվել է ֆիլմ, որը 2008-ին ներկայացվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» կարգում:

Հոգեբանական 2 գործողությամբ դրամայի հեղինակն ու բեմադրության ռեժիսորը, ինչպես արդեն նշեցինք, Հրաչ Քեշիշյանն է, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, երաժշտությունը՝ Հայկո Հակոբյանի: Դերերում՝ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններն են. Արսեն Միքայելյան, Մանե Մխոյան, Ջեմմա Ադամյան, Ներսես Ավետիսյան, Արկադի Ղարագուլյան:

Հարցազրույց բեմադրող ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ հետ:

Պարոն Քեշիշյան, պիեսը բավականին փոփոխված է. դրամատիկական գիծը պահպանվե՞լ է:

— Իհարկե, գիծը պահպանված է: Այն ադապտացվել է հայաստանյան իրականությանը համահունչ՝ փոխվել է ժամանակաշրջանը, գործողությունների վայրը:

Հիշում եմ, տարիներ առաջ, երբ մի լավ գիրք էինք կարդում, իսկ հետո այդ գրքի հիման վրա  ֆիլմ էր նկարահանվում, երևի բացառիկ դեպքեր են եղել, երբ ընթերցողը գոհ էր մնում ֆիլմից՝ համեմատության մեջ դնելով գրքի հետ: Այս դեպքում, պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, իսկ հիմա՝ ներկայացում. ինչպիսի՞ն կլինի սպասելիքները:

— Ես միշտ վստահում եմ հանդիսատեսին, ես միշտ ուզում եմ իմանալ հանդիսատեսի կարծիքը և, բնականաբար, հույս ունեմ, որ հանդիսատեսը տանելով զուգահեռներ, այնուամենայնիվ, այդ երկու գործողություններն առանձնացնելու է: Ֆիլմը դա առանձին պատմություն է, ներկայացումը՝ առանձին:

Այսինքն, հանդիսատեսի դատին եք թողնում ոչ միայն սյուժեի ավարտից հետո ինքնուրույն եզրահանգումներ անելը, այլ նաև հնարավորություն տալիս՝ համեմատություններ տանելու ֆիլմի ու ներկայացման միջև:

— Այո, անպայման, և դա շատ հետաքրքիր է:

Տեղյակ եմ, որ Դուք հանդիսատեսին նաև նորարական դետալներ եք մատուցելու

— Այդ նորարությունն արդեն նորություն չէ, և ես առաջինը չեմ, սակայն Գյումրիի թատրոնում առաջին անգամ է լինելու: Եթե գանք նրան, որ պիեսի ադապտացիան էլ արել եմ ես, ապա սա իմ մեկնաբանությունն է Ջոն Օսբորնի պիեսին: «Ետ նայիր զայրացածը» պիես է, և ոչ թե արձակ ստեղծագործություն, որ լայն ընթերցման համար լիներ: Պիեսի օրիգինալը շատ անգամ է բեմադրվել Հայաստանում, այս մեկնաբանությամբ սա կլինի առաջինն ու միակը, որը ես եմ բեմադրում:

Երաժշտական ձևավորումը կոմպոզիտոր Հայկոյինն է: Այն գրվել էր ֆիլմի համար, և՞ս ադապտացվել է՝ ներկայացման համար:

— Որոշակի դրվագների, տեսարանների, մուտքերի համար եղել են ավելացումներ, հեղինակի հետ աշխատեցինք, և որտեղ նկատվում էր պակաս, լրացումներ արվեց:

Դերասանական կազմն ինչպե՞ս եք ընտրել:

— Դերասանների ընտրությունն իմ մոտ շատ երկար պրոցես է. կարող է թվալ, թե ես արագ եկել, ասել եմ՝ «էս, էս մարդիկ պիտի խաղան՝ էս, էս դերերը»: Բայց դա այնքան էլ այդպես չէ, այլ մինչև պրոցեսը սկսելու պահը ես արդեն կամաց-կամաց հետևում եմ դերասանների աշխատանքին, նրանց դերախաղերին, ու նոր արդեն ընտրություն կատարում: 4 գլխավոր հերոսներ են. Արսենը Միքայելյան՝ Արսենի դերում է, Մանե Մխոյանը՝ Էլիզն է, Նարեկի դերում՝ Ներսես Ավետիսյանն է, Ջեմմա Ադամյանն էլ Էլենին է կերպարավորում: Հոր դերակատարը Արկադի Ղարագուլյանն է:

Ներկայացման նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ ընթացք ունեն:

— Ես պետք է ասեմ, որ շատ եմ տպավորված Գյումրու թատրոնից, տպավորված եմ աշխատակազմից, անձնակազմից: Իմ համար ավելի կոմֆորտ զոնա չի եղել, քան այս թատրոնը: Շատ հաճելի է այստեղ աշխատելը, բոլոր արտադրամասերը, բոլոր օղակներն աշխատում են հստակ, բանիմաց, գիտեն իրենց աշխատանքը, նույնիսկ այնպիսի բարձր մակարդակում է, որ ես երբեմն ավելի շատ կուզենայի, որ իրենք ինձ մտքեր առաջարկեին…

Դուք դերասաններին իմպրովիզների հնարավորություն տալի՞ս եք:

— Անպատճառ, ավելին, կողմնակից եմ, որպեսզի դերասանը կարողանա գտնել իր հոգեվիճակը: Այ, երբ որ նա կարողանա ինքնուրույն իր հոգեվիճակն ու կերպարը հաշտեցնի, իհարկե, երկար փորձերով, թեկուզ իմ ուղղորդությամբ, և գտնում է սեփական հոգեվիճակը տվյալ կերպարի մեջ, ապա դա արդեն գերազանց է:

Դուք կուզենայիք, որ դերասանն ի՞նքը ձուլվի կերպարին, թե՞ կերպարի մեջ ինքն իրենը դներ:

— Բարդ հարց եք տալիս… Ես ընդունում եմ, երբ դերասանը կարող է և՛ այն անել, և՛ այն:

Ներկայացումը ե՞րբ կշահի:

— Կշահի, երբ դերասանները լինեն անկեղծ իրենց գործում: Թե նրանք դրան ինչ ճանապարհով, ինչ սիստեմով կհասնեն՝ Ստանիսլավսկու, թե Չեխովի, իմ համար դա էական չէ, այլ ինձ պետք է արդյունք: Իսկ ես արդյունք ակնկալում եմ բեմում կամ կադրում մաքսիմալ ազնվություն ցուցադրելով:

Այսինքն, երբ հանդիսատեսը չի զգում դերասանական խաղ:

— Այո: Դա ազնվություն է, դա պրոֆեսիոնալիզմ է:

Ի՞նչ կուզենայիք ասել գյումրեցի հանդիսատեսին:

— Գյումրին իմ համար առանձնահատուկ քաղաք է: Այսօր, երբ անցնում էինք հին շուկայի կողքով, դերասաններին պատմեցի, որ 5 տարեկան ժամանակ տատիկիս հետ եղել եմ այդ շուկայում, որը հատուկ հիշողություն է թողել իմ մոտ, որպես յուրահատուկ կոլորիտ: Հանդիսատեսին ուզում եմ ասել, որ շատ կցանկանայի, որ ամենքն իր կարծիքը հայտնի, որ այս պատմությունը, որը պատմելու ենք, մի փոքր մտածելու տեղիք տա, փորձի մարդկանց օգնել՝ այլ աչքերով կյանքին նայել. մեր անցած կյանքի, մեր անցած ճանապարհի:

Ո՞ր տարիքային խմբի հանդիսատեսին է ուղղված:

— Բոլոր… ավելի երիտասարդները կիմանան, ինչպիսին է եղել կյանքը 10 տարի առաջ, ավագ սերունդը միգուցե կվերհիշի, թե ինչպիսին էին իրենք:

 

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ