ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք իշխանությունների ուշադրությունը

Եթե տնակների խնդիրը բացահայտ է ու հասկանալի (ի վերջո, դրանք ժամանակավոր կացարաններ էին, բայց ոչ 30 տարվա համար), ապա վթարային շենքերի խնդիրն առավել քան բարդ է:

Նման շենքերի թվում կարելի է դասել Սայաթ-Նովա փողոցի թիվ 2 շենքը, որը 1950-ականներին է հանձնվել շահագործման: Այս շենքի վերջնամուտքի 4-րդ հարկում, երկրաշարժի հետևանքով ճաք էր առաջացել: Ժամանակի և եղանակային պայմանների ազդեցությամբ՝ ճաքերը մեծացել են՝ վերածվել ճեղքերի, որ բնակիչները սարսափով են օգտվում բնակարանի այդ հատվածից: Միայն հուլիսի 13-ի հորդառատ անձրևի ժամանակ, անձրևաջրերն ու կարկուտը այդ ճեղքերով լցվել են բնակարան, հոսելով՝ իջել ներքևի հարևանների տները:

Թիվ 24 բնակարանի բնակիչներ Գևորգյանների պատմելով, դեռ 1960-ական թվականներին շենքի հիմնական հատվածին ավելացվել է պատշգամբային հատված, իսկ 1984թ., երբ Դոնարա Հարությունյանն է բնակվել այս շենքում, ավելացված հատվածն առաջ է բերվել: Դեռևս խորհրդային տարիներին խոսակցություններ են եղել, որ ուզեցել են շենքը ամրացնել:  Երկրաշարժից հետո Գեոֆիզիկայի և սեյսմոլոգիայի ինստիտուտից շենքը համարել են 3-րդ կարգի վթարային: Նույնիսկ բնակիչներից չի գանձվել բնակվարձեր, սակայն, երբ սեփականաշնորհման հնարավորություն են նախաձեռնել, վթարայնության մասին խոսակցությունները դադարել են… Խոսակցություններն են դադարել, բայց հո՛ տեղումների ներհոսքն ու շենքի ճաքերի խորանալը չի՞ դադարել: Այսօր, անզեն աչքով տեսանելի է, որ հիմնական շենքից պատշգամբային հատվածն ասես անջատվում է, իսկ առաստաղը՝ կաթոցների, գուցե շինարարական թերացումների պատճառով, գոգավոր կախ է ընկել՝ ճկելով բետոնային առաստաղի ամրանները: Գեոֆիզիկայի և սեյսմոլոգիայի ինստիտուտից խորհուրդ են տվել՝ չօգտագործել բնակարանի այդ հատվածը, մինչդեռ այդ հատվածում է գտնվում խոհանոցը և համապատասխան կոմունիկացիաները:

Երբ բողոքի հետքով այցելեցի բնակարան, խորացված ճեղքի, պատի ծակից թափանցող լույսը երևի դեմքիս վրա ցայտուն արտահայտել էր վտանգավորության վախը, որ տանտիրուհի Ելենա Գևորգյանը նկատելով, հուսադրեց. «Սա ի՞նչ է, բա որ տեղումների ժամանակ ներկա լինես…»: Մի նկատառում ևս. որքան հաճելի է, երբ կողքիդ տեսնում ես ոչ թե ուղղակի բնակչի, այլ՝ մարդու, քաղաքացու, որն ապրում է երկրի հոգսով ու դարդով: Երբ տան սեփականատեր Գագիկ Գևորգյանին խորհուրդ տվեցի՝ դիմել իշխանություններին, ասաց. «Ախր հիմա սահմանում շատ անհանգիստ է, ես ինչ խղճով դիմեմ, թե օգնեք»…

Բայց օգնել, այն էլ պետական մակարդակով միջամտել՝ պետք է: Ես մասնագետ չեմ, բայց շատ դեպքեր են եղել, որ խնդիրը նախօրորք տեսել ենք, սակայն մասնագետների ու պատասխանատուների ուշացման հետևանքով փորձանքներ են եղել: Այս դեպքում ուզում եմ պետական այրերն ուշադրություն դարձնեն, քանզի շենքի գոնե այդ հատվածը ամրացման լուրջ անհրաժեշտություն ունի, ինչը բնակչի ուժերից վեր է: Խնդիրը վտանգ է ներկայացնում Սայաթ-Նովա 2 շենքի ողջ աջակողմյան բլոկի համար: Բնակիչները դիմում են գրել, ստորագրելով հաստատել իրենց համերաշխությունն ու համակարծությունը:

Հարգելի մարզպետարան, քաղաքապետարան, կառավարություն, տարածքային կառավարման նախարարություն, խնդրում ենք աչքաթող չանել, և հնարավորության սահմաններում, շատ արագ խնդրին լուծում տալ:

print
501