ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մաննիկ Խաչիկյանը՝ «Միսիս Բուլղարիա-2022»

2022թ. նոյեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Միսիս Բուլղարիա-2022» գեղեցկության մրցույթում բուլղարահայ ՄԱՆՆԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆԸ (Մանիտա Վարդան) արժանացել է «Միսիս ինթերնեյշընըլ» կոչմանը: «Շրջապատը» զրուցել է Մանիտա Վարդանի հետ:

— Մանիտա, նախ շնորհավորում ենք Ձեզ՝ հաղթանակի կապակցությամբ:

— Շնորհակալություն, դա ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանեն ինձ հետ Դուք կապ հաստատեցիք և ես առիթ ունեմ խոսել հայրենիքիս հետ:

— Կպատմե՞ք Ձեր մասին:

— Ես 33 տարեկան եմ, ծնողներս հայ են՝ այստեղից են: Հայրս՝ Վարդան Խաչիկյան, մայրս՝ Էլիզաբեթ: Իմ պապիկներն ու տատիկները Բուլղարիայում են հայտնվել՝ փրկվելով Մեծ եղեռնից: Ապրում եմ ընտանիքիս հետ Պլովդիվ քաղաքում: Ունեմ դուստր՝ 6-ամյա Էլիզաբեթ Համբարձումյանը:

— Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Միսիս Բուլղարիա» մրցույթին: Մինչ այդ, գեղեցկության մրցույթի մասնակցե՞լ էիք:

— Ես ավելի երիտասարդ տարիքում՝ 20 տարեկանում եղել եմ մոդել: Եվ հիմա, երբ ամուսնացած եմ, որոշեցի մասնակցել «Միսիս Բուլղարիա» մրցույթին, որովհետև իմ այս քայլով ուզում եմ բոլոր կանանց ցույց տալ, որ եթե ամուսնացած են, ունեն երեխա, ապա դա բնավ չի խանգարում հետևել կազմվածքին, գեղեցիկ մարմին ունենալ, սոցիալ կյանք ունենալ, և ինչու ոչ՝ մասնակցել գեղեցկության մրցույթների: Բայց ամենակարևոր նպատակս էր հաղթել մրցույթում և իմ կոչով դիմել բոլոր ազգերին՝ միավորվելու, որպեսզի ձայնս հասներ Արցախի համար:

— Մինչ, այսպես ասած՝ գալա մրցույթը, ինչպիսի՞ փորձաշրջան եք անցել:

— Գեղեցկության այս մրցույթին մասնակցում էին 300 կին: Օն-լայն հայտեր են ներկայացրել: Ժյուրին ընտրել է նրանցից 15-ին: Սոֆիայում երեք ելույթ ունեինք նախատեսած՝ սպորտային հագուստով, ազգային տարազով և երեկոյան զգեստներով: Երեք փուլը հաղթահարելով՝ մնացինք երեք մասնակից: Եվ ժյուրին երեքից ընտրեց ինձ: Թող այստեղ՝ Բուլղարիայում, և նաև հետո, երբ գնամ աշխարհի մրցույթին մասնակցելու՝ բոլորը գիտենան, որ ես բուլղարահայ եմ, և հայ կանայք  ամենագեղեցիկներն են:

— Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու «Միսիս Աշխարհը»:

— Նախնական ասել են, որ երկու ամսից՝ կա՛մ Կոլումբիայում, կա՛մ Դուբայում է այն անցկացվելու: Այս պահին դեռ չգիտենք ճիշտ ամիսն ու օրը:

— Դժվա՞ր էր արդյոք մրցույթի փուլերը հաղթահարելը: Տարածված մոտեցումներ կան, որ մրցակցության ժամանակ, իբր բացի ընդունված չափորոշիչներից, երբեմն կուլիսների հետևում լինում են ինտրիգներ…

— Հայտնի է, որ բուլղարուհիները գեղեցիկ են և այո, կար մեծ մրցակցություն… Բայց չնայած այդ ամենին, ժյուրին միաձայն ընտրեց բուլղարահային: Ես ամենուրեք, ուր որ գնում եմ, ասում եմ, որ հայ եմ: Գիտե՞ք՝ Բուլղարիայի լրատվամիջոցները երբեմն ինձ ինչպես են անվանում… ասում են, ես բուլղարական Քիմ Քարդաշյանն եմ:

— Մանիտա, բոլոր կանանց համար էլ կարևոր է պահպանել կազմվածքը, մանավանդ երեխա ունենալուց հետո: Ձեզ ինչպե՞ս է դա հաջողվել:

— Ես մասնավոր մարզչի հետ եմ մարզվում, ֆիթնեսի եմ հաճախում, և հատուկ դիետա եմ պահպանում: Բայց նաև ասեմ, որ իմ ամենասիրելի ուտեստը խորովածն է՝ բանջարեղենով հագեցած… Այն իրենով պրոտեին է:

— Խոհանոցային հետաքրքրություններ ունե՞ք: Հայկական ուտեստներ կարո՞ղ եք պատրաստել:

— Այո, շատ եմ սիրում զբաղվել խոհանոցում: Եվ սկեսուր-մայրիկս ինձ սովորեցրել է հայկական ուտեստներ պատրաստել. գաթա, փախլավա, լահմաջո, տոլմա… Այս Ամանորյա տոնական սեղանն ինքս եմ պատրաստել, և բուլղարական մեդիաները նկարահանեցին, ցուցադրեցին, հատկապես հունվարի 6-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնակատարության առիթով շատ ռեպորտաժներ պատրաստեցին տեղի ԶԼՄ-ները:

— Ի՞նչ մասնագիտություն ունեք:

— Երկու բարձրագույն եմ ավարտել՝ Պլովդիվի համալսարանում ստացել եմ բուլղարերենի բանասիրական մասնագիտություն, նաև ունեմ հոգեբանության մագիստրոսի կոչում: Գիտեմ 6 լեզու՝ հայերեն, ռուսերեն, բուլղարերեն, թուրքերեն, անգլերեն և իսպաներեն: Պլովդիվի հայկական դպրոցում բուլղարենի ուսուցչուհի եմ աշխատել, սակայն երբ դուստրս՝ Էլիզաբեթը, երգի ասպարեզում մեծ հաջողություններ ունեցավ (5 տարեկանում ունի արդեն 20 ոսկի մեդալ), որոշեցի թողնել աշխատանքս, որպեսզի զբաղվեմ դստրովս, նրան երգի դասերի տանել-բերելով, ուղեկցելով երկրե-երկիր մրցույթների և այլն: Բացի այդ, Միսիս կոչման հետ կապված, ես շատ աշխատանքներ ունեմ անելու, նաև զբաղվում եմ բարեգործական, կազմակերպչական աշխատանքներով:

— Ձեր դուստրն այդքան մեդալ ստացել է Բուլղարիայի՞ մանկական երգի մրցույթներում:

— Ոչ միայն: Ե՛վ Բուլղարիայում, և՛ Եվրոպական երգի փառատոներում, իսկ 2022-ին Գրան Պրի շահեց «Եվրոպական տաղանդ» երգի մրցույթում, որն անցկացվում էր Իտալիայի Նեապոլ քաղաքում:

— Ինչպես կբացականչեր եվրոպացին՝ վաո՜ւ… ստացվում է, մեր հայրենակիցները՝ մայր ու դուստր, տարբեր միջազգային ասպարեզներում «ջախջախելով» առաջ են գնում… Շա՜տ հաճելի է:

— (Ծիծաղում ենք)… այո, և ամենուրեք բարձրացնում ենք Հայաստանի դրոշը:

— Մրցույթին մասնակցելով ազգային տարազով, ճի՞շտ եմ նկատել, որ երկու տարազով եք:

— Այո, և՛ բուլղարական տարազով եմ ներկայացել, և՛ հայկական:

— Ինչպիսին է Ձեր ամուսնու տրամադրությունը. տանից երկու փխրուն սեռի էակներ հաղթանակներով են տուն վերադառնում:

— Նա շատ է հպարտանում մեզանով: Ամուսինս Հայաստանից է՝ այստեղ է եկել Երևանից:

— Դուք Հայաստանում եղե՞լ եք:

— Ոչ, դեռ Հայաստանում չեմ եղել, բայց անչափ շատ եմ ուզում գալ: Մտածում եմ, ընտանիքով ամռանը գալ Հայաստան, շրջել Հայաստանով մեկ:

— Սիրով հրավիրում եմ նաև Գյումրի՝ տեսնել մեր քաղաքում պահպանված պատմամշակութային գանձերը:

— Սիրով կգամ: Երբ գալու լինեմ, Ձեզ անպայման իմաց կտամ:

 

408