ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու քաղաքապետ. «Մարդիկ ինչ-ինչ ամբիցիաներով փորձում են դիվիդենտներ շահել»

Հարցազրույց Գյումրու համայնքապետ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

— Պարոն քաղաքապետ, Գյումրիում այսօր ի՞նչ ծրագրեր են ընթացքում. նկատի ունեմ՝ թե՛ սուբվենցիոն, թե՛ վարկային, թե՛ համայնքային բյուջեով:

— Սուբվենցիոն ծրագրերից 29 փողոցի հայտն է ընդունվել, շինարարի մրցույթներն հայտարարվել են, փողոցների մեծ մասում արդեն սկսել են աշխատանքը: Շրջայցերի ենք գնում, ամեն մի փողոցում արդեն 2-ական անգամ այցելել եմ, հետևել եմ աշխատանքներին, թե ինչ ինտենսիվությամբ է ընթանում, որ փուլում են, և այլն: Ինչպես գիտեք, այդ 29 փողոցներն այնպես են ընտրվել, որպեսզի քաղաքի տարբեր հատվածների երկրորդական՝ 400-500 մետրից մինչև մեկ կիլոմետր  երկարությամբ փողոցներն ընդգրկվեն՝ Երևանյան խճուղի, Նորավան, Սևյան, Բուլվարային, Կ.Դեմիրճյան: 10 մանկապարտեզի ներքին՝ կոսմետիկ հարդարման աշխատանքներն են սկսվել: Ամբողջ քաղաքի լուսացույցերի փոփոխում պետք է իրականացվի, նաև 3 հատ հետիոտնային լուսացույց ենք տեղադրելու Գայի, Ռիժկովի, Շահումյանի փողոցների ամենամարդաշատ հետիոտնային անցուղիների մոտ, որպեսզի մարդը չգա երկար սպասի, այլ զգուշացման կոճակով անցնի:

— Ես նկատել և բարձրաձայնել էի Հաղթանակի պողոտայի թիվ 9-րդ դպրոցից հետիոտնային անցման վրա էլեկտրոնային լուսացույցի անհրաժեշտության մասին, քանի որ հնարավոր չէ տեսնել լուսացույցը, ըստ որի էլ տեղաշարժվել:

— Այնպես ենք նախատեսել, որ լուսացույցն առաջ բերենք, որպեսզի հետիոտնին պարզ երևա: Ծրագրերին վերադառնալով. նստարանների մրցույթն է հայտարարվել՝ 50 հատ երկաթյա, 50 հատ թուջից բերել ենք, մի որոշ մասը կպահենք, որ երբ թվով 4 պուրակներում և այգիներում վերանորոգման աշխատանքներն ավարտեն՝ տեղադրենք, նաև 100 հատ նոր աղբաման կտեղադրվեն: Բազմաֆունկցիոնալ տեխնիկայի հայտն է հաստատված. աղբատար մեկ մեքենա, մանիպուլյատոր՝ ամբարձիչ-վերհանիչով, 2 խոտհնձիչ, մեկ հատ հողագործական սարք: Նկատած կլինեք, որ անցած տարիներին խոտը հնձած էր, իսկ այս տարի աշխատողի պակաս ունենք: Անգամ փորձել ենք գյուղերից մարդ ընդգրկել, բայց  չեն գալիս: Մտածում ենք, եթե աշխատավարձն է ցածր, խրախուսումով փորձենք մարդկանց բավարարել, բայց կրկնվեմ՝ չեն ուզում աշխատել:

— Ի դեպ, պուրակներում՝ Իսահակյան փողոցի, Բուլվարայինի՝ Կուրսկի պուրակում, անգամ Հաղթանակի պուրակում խոտը մարդաբոյ աճել է, անխնամ տեսքի են:

— Այո, չեմ բացառում, բայց կոմունալ ծառայությունն աշխատում է, ուղղակի աշխատուժի պակաս ունենք: Տեղումներն էլ շատ են, մի տեղ հնձում են, մինչև մյուս տեղն են հնձում, արդեն առաջինում աճում է: Իմ մոտ կնշեմ, որպեսզի Ձեր նշած հատվածներում կրկին այց կազմակերպեն: Ես էլ այդ հարցով աշխատակազմին նախատել եմ, բայց խնդիրը աշխատուժի պակասի մեջ է:

— Իսկ հնարավոր չէ՞ Աշխատանքի և սոցիալական հարցերի գրասենյակի հետ պայմանավորվել, որպեսզի նպաստառու, աշխատունակ մարդկանց ուղղորդեն: 

— Խոսել եմ, չի ստացվում, չեն ուզում աշխատել… Բակային խաղերի հայտ ունենք, մրցույթը շահող կա, ուղղակի այնտեղ մի թեթև խնդիր կա, առայժմ մի փոքր դանդաղում է:

— Կարծեմ պուրակների հայտ էլ էր ներկայացվել՝ հանրային քննարկմանը մանրամասն նկարագրել էիք:

— Այն, ինչ վերը թվարկեցի, դրանք այն հայտերն են, որոնք հաստատվել են և ընթացքում են: Մնացած հայտերը չնայած ևս հաստատվել են, բայց մեր ֆոնդային բյուջեում այս պահին ֆինանսական խնդիր ունենք, դրա համար մրցույթ չենք հայտարարել, սպասում ենք:

— Հուսամ, կառավարության հաստատած այդ գումարները հետ չեն վերադառնա… ինչը, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ Սայաթ-Նովա փողոցի 3-րդ շենքի քանդված վերին հարկի հետ կապված:

— Այդ գումարը չի կորում: Իսկ այդ շենքի հետ կապված հարցն այլ էր. այդտեղ ամբողջական շենքի ամրացման նախագիծ է եղել, որը մեծ գումար էր կազմում, իսկ մեկ հատվածի համար հայտարարված մրցույթին մասնակից չլինելու պատճառով ժամկետները լրացել էին և գումարը հետ վերադարձավ բյուջե: Հաջորդը էներգոարդյունավետության արդիականացումն է՝ Պարույր Սևակի 2 շենքում, որը դեռ 3-4 տարի առաջվանից կար նախագիծ, սա ևս ուժի մեջ է, լրամշակվել է, և կկարողանանք իրականացնել: 8 բազմաբնակարան շենքերի տանիքների ամբողջական վերանորոգում է նախատեսվում: Ինչպես նաև համայնքային 2 այգիների, մեկ պուրակի և մեկ նոր զբոսայգու կառուցման աշխատանքների հայտն է: Մեկը Մ.Խորենացու փողոցի քոտեջների դիմացի հատվածն է, որն ուզում ենք այգու վերածել, որպեսզի թաղի բնակիչների համար հաճելի միջավայր ստեղծվի: Նոր զբոսայգին Սովխոզ թաղամասում լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անվանումը պիտի կրի՝ դա է, Կուրսկի այգին է, և Իսահակյան փողոցի պուրակի մի մասն է: Գյումրու սպորտային մանկապատաներկան դպրոցը, որը գործում էր վարձով, ուզում ենք շենք կառուցվի: 23 մանկապարտեզի բակի, անհրաժեշտ գույքի ձեռքբերում ենք նախատեսել: Տրանսպորտային ցանցի համալրման համար 10 էլեկտրոավտոբուս և 10 «Գազել» մակնիշի ավտոբուսների հայտ ունենք: 200 մետր արգելապատնեշի հայտ ենք ներկայացրել: Այս ուղղությամբ բավականին ուսումնասիրել ենք, գտնում ենք, որ հատկապես մանկապարտեզների և դպրոցների հատվածներում, բանուկ փողոցների դիմաց պետք են արգելապատնեշները: Ինչպես նաև գետնանցումներին կից փողոցներում, որպեսզի մարդիկ որտեղից ուզեն՝ այնտեղից չանցնեն փողոցը: Այդ անցումները մաքրել ենք, լուսավորել ենք, որ հարմարավետ լինեն մարդկանց համար: Եվ կա արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը…

— … Որի մասին «քցել-բռնելոցի» սկսվեց վերջերս՝ ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ, ներկայում ԱԺ պատգամավորի հետ:

— Այո, մարդիկ ինչ-ինչ ամբիցիաներով փորձում են դիվիդենտներ շահել… Քաղաքն ունի հոսանքի մեծ պահանջարկ և պակաս: Մի քանի փաստ բերեմ. ամեն տարի մոտ 29 և ավել փողոցի գիշերային լուսավորության համար քաղաքը 132 միլիոն դրամ հոսանքի վարձ էր վճարում: Հիմա որ շատ ուզենանք ժամերը երկարացնել, գումարներն էլ կավելանան: Էլ չենք ասում, որ քաղաքում ուզում ենք գեղեցիկ շատրվանների թիվն ավելացնել, որը ևս հոսանքի շատ ծախս է: Հետո, մեր բոլոր ՀՈԱԿ-ում, որ ջեռուցումը հոսանքով էր, հոգեբանորեն, թե արևային կա, նորմայի մեջ տաքություն էին ապահովում: Հիմա հո չե՞նք կարող ասել, թե կոմֆորտ մի ստեղծեք, մի քիչ էլ մրսելով յոլա գնացեք, ինչպես առաջներում էր: Մի խոսքով, կառավարությունն այս ծրագիրը կընդունի, կհաստատի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Մենք հայտը ներկայացրել ենք, նկարագրել ենք իրավիճակը, կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ինչ արած: Թե ոմանց համար քաղաքի շահերից վեր են անձնական շահերը, դա թողնում եմ իրենց խղճին, Աստված իրենց հետ: Ահա այսքանն էր 2023 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը: Որից բացի, փողոցաշինություն է իրականցնում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության կողմից, պետական ծրագրով «Անի» թաղամասում 2 փողոց են վերականգնում, փորձում են 3-րդ և 11-րդ փողոցների ասֆալտապատումը իրականացնել:

— Քանի որ մեծամասամբ ասֆալտապատումից ենք խոսում, Ֆեյսբուքում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որտեղ պարզ երևում էր, որ Ավստրիական թաղամասում իրականացվող փոսալցված ասֆալտը՝ մեղմ ասած՝ հեչ ասֆալտ չէ:

— Ավստրիական թաղամասից ինձ զանգել, բողոքել էին, ես ուղարկել էի այդ փողոցներում փոսալցման աշխատանքներ իրականացնելու, և շրջայցի շրջանակներում, երբ այնտեղի մանկապարտեզում էինք, պատահականության սկզբունքով, թե զուգադիպությամբ էր, ես հենց այնտեղ եմ եղել, տեսել եմ, որ բիտումը լցված է, ասֆալտ էլ կա, ուղղակի փողոցը քայքայված է, մենք ժամանակավոր լուծում ենք փորձել տալ, և ոչ թե փողոցի նորացում: «Դարոժնիկ»-ին ասել եմ՝ գնան և ավստրիականի խրամուղները փակեն:

— «Անի» թաղամաս…

— Այն դարձել է մեր ամենօրյա խնդիրը… Ամեն օր որևէ նախարարի հետ խոսում եմ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ եմ խոսել, ՎԶԵԲ ծրագրի լոնդոնյան ներկայացուցչի հետ եմ խոսել, անընդհատ խնդրել, բացատրել, ասել եմ, որ բնակիչը վատ վիճակում է հայտնվել, օր առաջ հարցը պետք է կարգավորել: Անում են, բայց այն ինտեսնսիվությամբ չի գնում, որը մենք կուզենայինք. օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, «ճանկռելով» առաջ է գնում: Քիչ առաջ էլ ասացին, որ դիմացի շաբաթ նախարարի գրությունը կհասնի Անգլիայի բանկ: Ձգձգումները տեխնիկական ինչ-ինչ բնույթ են կրում:

— Հորդառատ անձրևներին փողոցներում ջրհեղեղ էր և, ընդհանրապես, ջրահեռացման համակարգերը՝ հեղեղատարներն ի՞նչ վիճակում են:

— Աշխարհի անգամ զարգացած երկրներում ու քաղաքներում դեռ չի հաջողվել բնության աղետների ու կապրիզների դեմն առնել, ու երբ վարար անձրևներ են տեղում, տեղումների չափը գերազանցում է նորմային, ապա հեղեղումները բնական են: Բայց անգամ այդ պարագայում մեր կոմունալ աշխատողներըը անձրևանոց-վերարկուներով գնացել, բացել, նայել են՝ հոսքը կա, խցանում չկա: Խնդիրը չափից ավել վարարման մեջ է: Օրինակ, Շիրակացի փողոցինը. այնտեղ Մայիսյանից անձրևաջրերը հոսում, վարարում էին մինչև մեր Գորկու այգի: Մենք 15 միլիոն ծախսեցինք Շիրակացի փողոցի նախագծի վրա… Դե արի ու մի ասա՝ էդ պատգամավորը, որը գյումրեցի է, ու շատ լավ տեղյակ է իրավիճակից, հեգնում է, թե. «1մլրդ ու կես գումար է…»… Նախ 1 միլիարդ ու 100 է, 2,4 կմ է, միջպետական փողոց է, որը կառավարության ներքո է: Բազմիցս ասել եմ, թե՝ հարգելիներս, 11 կմ համայնքով սպասարկել ենք միշտ, 2,4 կմ-ի եղածն ի՞նչ է, էս քյասիբ հալերիս 15 միլիոն ծախսել ենք, նախագծել ենք, էդքանն էլ դուք արեք, փողոցը դուրս գա՝ Դուդկո փողոցից մինչև «Պետուշոկ» ասված հատվածն ու դուրս: Շոուի համար ուշք ու մտքերն իրենցը չէ, մի օր չտեսանք, որ ասեն՝ էս քաղաքի համար էսքանն ի՞նչ է, եկեք տանք, անենք…

— Ի՞նչ կարծիքի եք, նման վարմունքը քաղաքակա՞ն դիրքորոշումներից են բխել:

— Ես չգիտեմ, բայց ոնց ասում են՝ հետևությունները թողնում եմ Ձեզ:

— Այսքան սուբվենցիոն ծրագրի հայտ եք տալիս, այսքան ծառ ու ծաղիկ եք քաղաքում տնկում, իսկ քաղաքը ոռոգման համակարգ չունի, ջրցաններով է փորձում տնկիները ջրել, հնարավոր չէ՞ հարցին լուծում տալ:

— Հնարավոր է: Մենք փորձում ենք քիչ-քիչ, հատվածաբար լուծում տալ, թեկուզ վերին ոռոգմամբ:

— Կառավարության կայքում լուր էր տեղադրված, թե Գյումրու զարգացման ռազմավարության մշակման համար կառավարական հանձնախումբ է կազմավորվել, որը գլխավորելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախարարներ էլ են կազմում… Խոսքը ինչի՞ մասին է: 

— Գյումրու ընդահանուր զարգացման մասին է, ուզում են քննարկումներ կազմակերպել, առաջարկներ անել, ռազմավարություն մշակեն, թե զբոսաշրջության ուղղությամբ ինչպես զարգացնեն, կամ այլ ուղղություններ մշակեն: Վատ գաղափար չէ, լավն է:

— Իսկ կոնկրետ տեղացի ընդգրկված կա՞ այդ հանձնախմբում. որքան գիտեմ, մարզպետն էլ է…

— Ես եմ և մեր տեղակալներից մեկը:

— Պարոն քաղաքապետ, վերջերս քաղաքապետարանի շուրջ բավականին բուռն էմոցիաներ են տեղի ունենում. խաբող-գցող, ապօրինի կառուցումներ, ծեծող-փախնող, էլ չգիտեմ ինչ… 

— Ձեր նշած դեպքերը մեկ առ մեկ եկեք չքննարկենք, միայն մի բան կասեմ՝ ո՞ւմ է ձեռնտու այդ ամենը… Քաղաքի հեղինակության հետ են խաղում: Տեսեք, այս խորհրդակցությանը ես շատ խիստ ասել եմ՝ թող ոչ մի չինովնիկ չփորձի իրեն քաղաքի մեկ բնակչից վեր դասել. լինի հոգեխախտ, լինի ջղային, ըմբոստ, լավ օրից չի, որ մարդն եկել, զայրացած բղավում է… Այստեղ նստածներից և ոչ մեկս չունենք երաշխիք, թե մեկ ժամ հետո ինչ կարգավիճակում կհայտնվենք՝ ինչ-ինչ պատճառներով՝ սկսած անձնականից և վերջացրած միջանձնային հարաբերություներ: Տարաբնույթ, տարբեր բնավորություններով մարդիկ ենք, բայց մենք այս շենքում ենք՝ ծառայելու ժողովրդին, ուրեմն պետք է այնքան դիմացկունություն ունենանք, որ քաղաքացին գա, իրեն այստեղ «հերանց տունը» զգա, սիրտը լցված է՝ դատարկվի, բորբոքված է, պատմի, հանդարտվի: Ես նկատողություն եմ տվել այն բաժնի ղեկավարին, որի հետ վերջին իրավիճակն էր տեղի ունեցել: Առանց այն էլ դժվար ժամանակներ են, խառն ենք, փոխանակ հանդարտվենք, մեկս մեկիս հանդուրժենք, մի բան ականջի ծայրով բաց թողնենք, իրար կողքի կանգնենք, միասնական, համախմբված լինենք… Ի՞նչ է՝ քի՞չ պրոբլեմ ունենք:

253